Նախաձեռնության ընդունումը պայմանավորված է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը եւ օտարումն ավելացված արժեքի հարկից ազատելու մասով գործող օրենսդրական նորմը եւս մեկ տարով երկարացնելու անհրաժեշտությամբ. ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը` նոյեմբերի 21-ի ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ հարկային օրենսգրքում առաջարկվող լրացումը:
Զեկուցողի խոսքով ներկայումս վերոնշյալ տրանսպորտային միջոցներն ազատված են ավելացված արժեքի հարկի վճարումից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը: «Նախագծով նախատեսվում է ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունը երկարաձգել եւս մեկ տարով` մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը»,- ընդգծել է Նարեկ Տերյանը:
Փոխնախարարի խոսքով 2022 թվականի մարտի 17-ին ԵԱՏՄ հանձնաժողովի որոշմամբ Հայաստանին հատկացվել է էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտա. 2022 թվականի համար նախատեսվել է հատկացնել 7000 հատ, 2023 թվականի համար` 8000 հատ չափաքանակներով, որի շրջանակում կիրառվում է ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ:
«ԱԱՀ-ի եւ մաքսատուրքի վճարումից ազատման արդյունքում աճել են էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների Հայաստան ներմուծման ծավալները: 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին երրորդ երկրներից քվոտայի շրջանակում ներմուծումը կազմել է մոտ 4496 միավոր, ինչը 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 2 անգամ»,- մանրամասնել է զեկուցողը:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` փոխնախարարը նշել է, որ Կառավարությունը քայլեր է ձեռնարկում նպաստելու էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ավելացմանը եւ համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը:
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է, թե արդյոք քայլեր ձեռնարկվում են լիցքավորման կայանների տեղադրման ստանդարտների ապահովման ուղղությամբ` ընդգծելով. «Այդ ենթակառուցվածքները նույնպես պետք է զարգանան, այլապես մեքենաների մասով արտոնությունները հետագայում կարող են նաեւ խնդիրներ առաջացնել»: Զեկուցողը նշել է, որ լիցքավորման կայանների տեղադրման հարցը թեեւ որոշում է համայնքային իշխանությունը, սակայն այն նաեւ ներառված է Կառավարության կողմից մշակվող համալիր ծրագրում:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը: Նրա խոսքով քննարկման փուլում է նաեւ էլեկտրական շարժիչով աշխատող ավտոբուսների, բեռնատարների եւ շինարարական տեխնիկայի ներմուծման հարկից ազատելու հարցը:
Պատգամավորները ողջունել են նախաձեռնությունը, խոսել ծառայողական մեքենաներն էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաներով փոխարինելու անհրաժեշտությունից: Զեկուցողը նշել է, որ արդեն կան մի շարք գերատեսչություններ, որոնք ձեռք են բերում նման մեքենաներ: