National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.5.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
19.05.2008
Ազգային ժողովը քննարկեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները


Մայիսի 19-ին սկսվեց Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորեց ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրված Սուքիաս Ավետիսյանին եւ «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակով ընտրված Իշխան Խաչատրյանին` պատգամավորական լիազորությունները ստանձնելու կապակցությամբ: Պարոն Թորոսյանը տեղեկացրեց, որ ՀՀԴ խմբակցության ղեկավար է ընտրվել Վահան Հովհաննիսյանը, ՕԵԿ խմբակցության ղեկավար` Հեղինե Բիշարյանը, քարտուղար` Խաչիկ Հարությունյանը:

Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց ԱԺ չորրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ԱԺ որոշման երկրորդ բաժնում ընդգրկված, ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հեղինակած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկելու մասին հարցը:

ԱԺ պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին, քառօրյա նիստերի օրակարգի մասին, մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին ԱԺ որոշումները, քվեարկությամբ ընդունվեցին նախորդ նիստում քննարկված 9 օրինագծեր եւ վավերացվեց մեկ միջազգային պայմանագիր:

Ազգային ժողովը քննարկեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը  ներկայացրեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը. «Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը շաբաթ օրը ստացվել է, կա նաեւ դրա հայերեն համառոտագիրը, եւ պատգամավորները կարող են ծանոթանալ: Շատ կարճ ներկայացնեմ նախագիծը: Առաջին հոդվածը առաջարկում է սահմանումների մեջ ավելացնել «ինքնաբուխ միջոցառում» հասկացության ձեւակերպումը, որը հետագայում մյուս առաջարկություններում արդեն որպես կոնկրետ նորմ ձեւակերպված է այս նախագծում: Երկրորդ հոդվածը բաղկացած է 2 մասից. առաջին մասում ավելի ճշգրտվում է այն միջոցառումների հետ կապված հավաստի տվյալներ ներկայացնելու շրջանակը, որոնք կարող են հիմք լինել, որ քաղաքապետարանը իրազեկումը եւ միջոցառման անցկացումը մերժի: Միաժամանակ խմբագրական առաջարկություն կա, չնայած կարծում եմ` այս «հիմնավորված» բառի ավելացումը ամրացնում է այն մոտեցումը, որ փոփոխություններով է իրականացված` այն է պետական մարմինների ներկայացրած եզրակացությանն առաջադրվող պահանջները, դա է հաստատագրվում եւս մեկ անգամ, այն պետք է պարունակի հիմնավոր փաստարկներ զանգվածային միջոցառումը չանցկացնելու հետ կապված:

Հաջորդը` այստեղ թեեւ օրենքի 13-րդ հոդվածում ընդհանուր դրույթի մոտեցում կա հրապարակային զանգվածային միջոցառումը արգելելու մասին դատարանում բողոքարկելու հետ կապված, սակայն տարբեր առաջարկություններ էին հնչել, որ այն այստեղ եւս մեկ անգամ արձանագրվի, եւ դա արված է 9-րդ հոդվածի 4-րդ մասի վերջում ավելացնելով  առաջարկվող ձեւակերպումը:

Հաջորդը` 9-րդ հոդվածի 6-րդ մասը առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել եւ ավելացնել նոր մաս ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառումների վերաբերյալ: Այս հոդվածի ավելացման հիմնավորումը հետեւյալն է. անշուշտ, հասարակությունը եւ նրա տարբեր հատվածներ պետք է հնարավորություն ունենան արտակարգ իրադարձությունների եւ երեւույթների հետ կապված հասարակությանը իրենց կարծիքը, մտահոգությունները կամ առաջարկությունները ներկայացնելու համար, սակայն միաժամանակ ակնհայտ է, որ այդ հրատապ կարծիքը ներկայացնելու համար սահմանափակ ժամանակը միանգամայն բավարար է, այսինքն` ակնհայտ է, որ չի կարող ինքնաբուխ զանգվածային, հրապարակային միջոցառումը դառնալ անժամկետ: Առավելեւս, որ մեր օրենքը արդեն իսկ անժամկետ միջոցառման անցկացում չի նախատեսում: Այդ առումով` միջազգային փորձագետների առաջարկով սահմանափակման համար ընտրվել է 6 ժամ: Երբ իրենց հետ քննարկվում էր իրենց նախորդ եզրակացության մեջ ներկայացված առաջարկությունների իրացման հնարավորությունը եւ մենք համաձայնության եկանք սկզբունքային մոտեցումների վերաբերյալ, որոնք այստեղ արձանագրված են, ինքնաբուխ զանգվածային հրապարակային միջոցառման հետ կապված, ապա իրենց առաջարկած 6 ժամը չենք էլ փորձել քննարկել կամ սակարկել, թեեւ իմ կարծիքով, ակնհայտ է, որ այն կարող էր լինել, օրինակ 4 ժամ, բայց ինչ առաջարկվել է տեւողության հետ կապված, այն էլ արձանագրվել է նախագծում:

Երկու-երեք զուտ խմբագրական առաջարկություններ են ներկայացված հոդված 3-ում, 4-ում, 5-ում: Սկզբունքորեն հեշտ է նկատել, որ միջազգային փորձագետների ներկայացրած եզրակացությունը անվերպահորեն դրական է այս նախագծի, նախագծի ցանկացած հոդվածի վերաբերյալ: Ճիշտ է, եզրակացությունում ասվում է նաեւ, որ շատ կարեւոր է, որ ոչ միայն օրենքը լինի բոլոր չափանիշներին բավարարող, այլ նաեւ դրա կիրառումը լիարժեք լինի: Այդ առումով կարծում եմ` եղած առաջարկությունները կարեւոր են, որովհետեւ եթե մինչեւ նախորդ փոփոխությունները օրենքում որեւէ կոնկրետություն չկար, թե ինչի հիման վրա պիտի քաղաքապետարանը մերժի այդ միջոցառման անցկացումը, ապա այսուհետեւ հստակորեն ամրագրված է, որ համապատասխան պետական մարմինները պետք է ներկայացնեն հիմնավոր եզրակացություն, այսինքն` ոչ թե ուղղակի կարծիք` պետք չէ թույլ տալ, կամ պետք է,  այլ հիմնավորված, փաստարկված կարծիք, ավելին` եւս մեկ անգամ ամրագրվում է, որ այդ եզրակացությունը կարելի է բողոքարկել դատարանում, այսինքն` եթե անգամ քաղաքապետարանը որոշում է իրազեկումը կամ միջոցառման անցկացումը մերժել, ապա սա դեռ չի նշանակում վերջնականորեն մերժում այդ միջոցառման անցկացմանը: Վերջնական որոշումը կայացնելու  է դատարանը: Երբ փորձագետների հետ ապրիլի 15-ին քննարկվում էր խնդիրը, արձանագրվեց չորս հարց: Դրանցից առաջինը վերաբերում էր 9-րդ հոդվածի 7-րդ մասին, երկրորդը`  ինքնաբուխ միջոցառումների անցկացման խնդրին, երրորդը` արգելվող միջոցառումների սահմանման ճշգրտմանը, չորրորդը` ժամկետներին: Ես բոլոր հարցերին անդրադարձա` բացառությամբ ժամկետների: Այն ժամանակ, երբ փորձագետներն այստեղ էին, ժամկետներին եւս անդրադարձել էինք, ժամկետների վերաբերյալ մոտեցումը հետեւյալն էր. երբ ընթացակարգը ճշտում ենք, ընթացակարգը իրականացնելու ցանկացած ժամկետը ընդունելի է: 5-օրյա ժամկետը, որը անհրաժեշտ է ոչ միայն իրազեկում ներկայացնելու, քաղաքապետարանում քննարկում իրականացնելու, դատարան դիմելու, այլ նաեւ համապատասխան մարմիններում եզրակացություն ձեւավորելու համար, ենթադրվում է եւս երկու օր: Կարծում եմ` ժամկետը միանգամայն ընդունելի է եւ իսկապես բավարարում է նվազագույն ժամկետների համար եվրոպական չափանիշներին: Կան ԵԽ անդամ զգալի թվով երկրներ, որտեղ նույնպես իրազեկման վերջնական լուծման համար 5 օր է անհրաժեշտ, այսինքն` պահանջվում է 5 օր առաջ ներկայացնել իրազեկումը զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու համար»:
    
  
Պարոն Թորոսյանը պատասխանեց նաեւ ԱԺ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին զանգվածային հրապարակային միջոցառումների անցկացումն արգելելու մասին որոշումը դատարանում բողոքարկվելու կարգին, օրենքի նախորդ փոփոխության նպատակահարմարությանը, սահմանումները հստակեցնելուն, առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը:

Օրինագծի վերաբերյալ ներկայացնելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը` հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երկու առաջարկ ներկայացրեց, որոնցից առաջինը վերաբերում էր  պատերազմ, կրոնական խտրականություն քարոզելու եւ այլ անընդունելի նպատակներով հանրահավաքների չարտոնմանը, իսկ մյուսը` ինքնաբուխ զանգվածային միջոցառումների բնույթին վերաբերող սահմանման հստակեցմանը:

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցան 5 պատգամավորներ:

ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կարծիքով` դատարաններին չի կարելի հնարավորություն տալ կամայականորեն մեկնաբանել իրավապահ մարմինների եզրակացությունը, ուստի  պետք է սահմանվի եզրակացությունը քննարկելու պարտադիր դրույթ:

Ստյոպա Սաֆարյանի գնահատմամբ` նման հապճեպ փոփոխությունները չեն լուծում վստահության խնդիրը. նախապես  այն պետք է քննարկվեր քաղաքական լայն շրջանակներում: Ըստ բանախոսի` պարզապես պետք էր գնալ մարտի 17-ի փոփոխությունները չեղյալ հայտարարելու ճանապարհով:

Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` օրինագիծը իրավիճակային լուծում է տալիս միայն, ուստի կիսատ-պռատ լուծումներից խուսափելու համար պետք է չեղյալ համարել նախորդ փոփոխությունը: Ըստ նրա` ինքնաբուխ զանգվածային միջոցառումների տեւողությունը չի կարելի սահմանափակել:

Հովհաննես Մարգարյանի կարծիքով` թեեւ որոշ դրույթներ հստակեցման կարիք ունեն, բայց ընդհանուր առմամբ օրինագծի ընդունումը շատ կարեւոր է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից:

Ըստ Լարիսա Ալավերդյանի` պետությունն է սահմանափակվում մարդու իրավունքներով եւ  ոչ թե պետությունն է սահմանափակում մարդու իրավունքները, ինչպես գրված ՀՀ Սահմանադրության մեջ:

Տիկին Ալավերդյանը ներկայացրեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության տեսակետը, ըստ որի` ներկայացված փոփոխությունները չեն տանում ճիշտ ճանապարհով. դրանք ընդամենը իրավիճակային լուծումներ են, ուստի  չեղյալ պետք է համարել մարտի 17-ի փոփոխությունները: Ուժային մեթոդներով  երկրում ժողովրդավարության հաստատման հարց չի կարող լուծվել. օրենքը պիտի բավարարի հասարակական պահանջները եւ ոչ թե եվրոպական կառույցներին. ամեն ինչ պետք է անել ներքին պահանջների մղումով:

Ներկայացնելով ՀՅԴ խմբակցության  տեսակետը` խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասաց, որ իրենք կողմ են քվեարկելու օրինագծին, քանի որ մարտի 17-ին մարդու իրավունքների պաշտպանության առումով տեղի ունեցած հետքայլը այս օրինագիծը մասամբ շտկում է, ինչը, սակայն, խմբակցության կարծիքով դեռեւս լավագույն լուծումը չէ եւ պետք է անընդհատ աշխատել օրենքը կատարելագործելու ուղղությամբ:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Սամվել Նիկոյանի, ըստ որի` մինչեւ մարտի 17-ը եղած օրենքը լավագույնը չէր գուցե` չափից դուրս ազատական լինելու պատճառով: Նախկին, ինչպես եւ առաջարկվող փոփոխությունները գիտակցված են կատարվում եւ ճիշտ ժամանակին, պետք չէ ամեն տեղ քաղաքական դրդապատճառներ որոնել եւ չտեսնել լավը: ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու այս օրինագծին եւ առաջարկում է մյուս քաղաքական ուժերին եւս միանալ իրենց:

Օրենքի նախագծի քննարկումները եզրափակիչ ելույթով ամփոփեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին բուռն քննարկման համար: Ուզում եմ նաեւ բարձր գնահատել մեր որոշ գործընկերների հմտությունը, որ կարող են 7 րոպե խոսել ու ոչ մի կոնկրետ բան չասել: Անցնեմ այն առաջարկություններին, որ մեր գործընկերները արեցին:
Ասում էին` օրինագիծը կապ չունի ճգնաժամի հաղթահարման, վստահության քվեի հետ: Իհարկե, կապ չունի եւ չպիտի ունենա: Կոնկրետ խնդրի լուծում է առաջարկվում: Առանց կոնկրետ խնդիրների լուծման ոչ երկխոսություն կլինի, ոչ ճգնաժամ կհաղթահարվի, ոչ էլ վստահության քվե կլինի: Եթե ոմանց թվում է, թե ինչ-որ վերացական վստահության քվեներ գոյություն ունեն, այդպես չէ: Ամեն մի խնդիր եւ իր լուծումները ձեւավորում են վստահություն կամ անվստահություն, ուրիշ ոչինչ: Առաջարկություն եղավ` դատարանին հնարավորություն տալ, որ գնահատի ոչ թե եզրակացությունը, այլ քաղաքապետարանի որոշումը: Լիովին համաձայն եմ եւ հարցերին պատասխանելիս էլ ասացի, բայց մեկ բան կա.  մինչեւ երկրորդ ընթերցում ստուգենք` եթե օրենսդրության մեջ որեւէ սողանցք կա, որը նման հնարավորություն կտա, եկեք գրենք, եթե ոչ, կարծում եմ` իմաստ չունի գրել: աղափարի հետ լիովին համաձայն եմ, հենց այդ պատճառով էլ փոփոխությունների մի մասն արվել է:

Խոսվում էր դահլիճում սակավաթիվ պատգամավորների մասին: Կարծում եմ` այս քննարկման ժամանակ ճիշտ հակառակն է` նման փոքրածավալ փոփոխությունների հետ կապված, թերեւս ամենամարդաշատներից է դահլիճը, եւ սա որեւէ օբյեկտիվ հիմք չունի:

Ասվում է` հապճեպ է քննարկվում: Ես արդեն ասացի` ապրիլի 25-ից այս նախագիծը շրջանառության մեջ է: Եթե որեւէ մեկը քննարկելու, որեւէ առաջարկություն անելու, իր մտահոգությունը հայտնելու խնդիր ուներ, 25 օրվա ընթացքում գոնե մի անգամ պիտի աներ: Ես չեմ կարծում, որ մեր գործընկերներին չի հետաքրքրել, ոչ, վստահ եմ, եւ մի շարք ելույթներ ցույց տվեցին, որ կան մարդիկ, որ լրջորեն ուսումնասիրել եւ առաջարկություններ են պատրաստել: Այնպես որ հապճեպության մասին, եթե 25 օր ժամանակ կար, խոսելը տարօրինակ է: Առաջարկվեց «խն‎դրի հետ կապված» բառակապակցությունը փոխարինել «նույն իրադարձության» կամ «երեւույթի», ինձ համար լրիվ ընդունելի է:

Երբեք ոչ մեկին չի առաջարկվում ելույթը չքաղաքականացնել: Իհարկե, ելույթը պիտի լինի քաղաքական, սա քաղաքական մարմին է: Բայց մի շարք անգամներ ասվել է` ելույթը պետք է լինի ըստ էության, քննարկվող հարցին վերաբերող, քաղաքական հարցերին կանդարադառնա, թե ոչ, պատգամավորի իրավունքն է: Բայց մեզ մի վերագրեք այնպիսի բաներ, որ մենք չենք արել: Գուցե  ավելի հեշտ է` վերագրել, հետո սկսել քննադատել: Նման բան ոչ մեկին չի առաջարկվել եւ չի էլ առաջարկվելու` չքաղաքականացնել ելույթները:

Ասվեց` անհասկանալի է` ինչն էր խանգարում, որ մի շարք պատգամավորներ ստորագրեին: Ընդամենը` մեկ բան: Շատերի հետ երկար տարիներ աշխատել ենք այստեղ, եւ բոլորը տեսել են, որ չունեմ նախագծերի տակ ստորագրելու մղում: Առիթ եղավ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարության հետ կապված ասելու` ինչու՞ է դա արված, որ հնարավորություն ունենանք արագ քննարկելու: Որովհետեւ միայն ԱԺ նախագահի ներկայացրած հայտարարության նախագիծն է, որ կարող է անմիջապես մտնել օրակարգ: Սա` մեկ: Այս հարցի հետ կապված` ասել եմ նաեւ պետական-իրավական հարցերի հանձնաժողովում քննարկման ժամանակ, ուղղակի նորից ժամանակային խնդիր էր: Ապրիլի 25-ին, վերջին ժամկետն էր, որ   նախագիծը պետք է  փորձաքննության ուղարկեինք: Ես չեմ համարում, որ որեւէ մեկը մեզ ճնշում է` Վենետիկի հանձնաժողով, ԵԽԽՎ, թե այլ կազմակերպություն:

Մենք կամավոր ստանձնել ենք պարտավորություններ` աշխատելու որոշակի սկզբունքների ու արժեքների շրջանակում, եւ պարտավոր ենք հարգել մեր ստանձնած պարտավորությունները: Եթե ոչ, այլ բան պիտի հայտարարենք` սա մեկ, եւ երկրորդ` մենք մեր խոսքը պիտի հարգենք. պարտավորվել էինք ապրիլի 25-ին ուղարկել, ուրեմն պիտի ուղարկեինք: 25-ին օրվա վերջին նոր նախագիծը պատրաստ էր, կամ պիտի սպասեինք երկուշաբթի եւ մեր մի շարք գործընկերներ ստորագրեին, համոզված եմ` ավելի շատ պատգամավորներ կստորագրեին օրինագծի տակ, քան անհրաժեշտ ձայներն են որոշում ընդունելու համար, բայց քանի որ պայմանական եւ փիլիսոփայորեն եմ վերաբերում նախագծի տակ ստորագրելուն, համարեցի, որ ավելի լավ է մեր խոսքը պահենք եւ ժամանակին ուղարկենք: Որեւէ խնդիր չկա, հենց հիմա էլ կարող ենք նախագծի տակ ստորագրել, իվերջո` օրենքը, եթե ընդունվում է, Աժ-ի ընդունած օրենքն է, եւ ոչ թե որեւէ մեկի սեփականությունը: 

Ինչու՞ է եզրակացությունը միայն տիկին Ֆլանագանը ներկայացրել: Եթե ուշադիր էիք, ես ասում էի` Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խոստացել էր, որ կուղարկի ժամանակին, բայց ուշացրել էր: Եզրակացությունը ստացվել է շաբաթ առավոտյան եւ անմիջապես տեղադրվել է մեր էջում:

Եզրակացության հետ կապված, իհարկե, համաձայն եմ Վահան Հովհաննիսյանի հետ, որ այստեղ 18-րդ կետում, որ վերաբերում է 14.1 հոդվածին կա այն, ինչ պարոն Հովհաննիսյանն ասաց: Ես առաջարկում եմ կարդալ այն, ինչ կա փոփոխության վերաբերյալ, որը 17-րդ հոդվածի վերջին նախադասությունն է: Եվ սա այն է, ինչ թարգմանության մեջ բերված է: Քանի որ իսկապես հնարավորություն եւ ժամանակ չկար ամբողջը թարգմանելու, փորձ է արվել ներկայացնել զուտ գնահատականները` առանց մեկնաբանությունները բերելու:

Ուզում եմ անդրադառնալ նաեւ 5-օրյա ժամկետին: Փորձագետներին դեռեւս ապրիլի 15-ին առաջարկվել է. եթե ընդունում ենք այն ընթացակարգը, որ այս նախագծով է ճշգրտվում, ապա ինձ չի հաջողվել 5 օրվանից ավելի քիչ ժամանակահատվածում տեղավորել այդ ամենը:  Իհարկե, եթե քաղաքապետարանը տեսնի, որ որեւէ խոչընդոտ չկա, կարող է նախապես տեղեկացնել իրազեկում ներկայացնողին եւ մարդը ավելի շուտ իմանա, որ հանգիստ խղճով կարող է գնալ իր միջոցառումն իրականացնել: Սա այս ընթացակարգով լիովին հնարավոր է: Մեծապես կախված է այն բանից, թե մասնագիտական եզրակացությունը, որ պիտի ստանան, ինչ է իր մեջ պարունակում: 

Ես ուզում եմ, որ մեզ համար պարզ լինի` ինչ է նշանակում դեմ քվեարկել այս նախագծին եւ նախագիծը չանցնի: Երկու բան` ուժի մեջ է մնում 9-րդ հոդվածի 6-րդ մասը եւ ինքնաբուխ զանգվածային միջոցառումներ մեր երկրում թույլ չեն տրվում իրականացնել: Ուզում եմ նաեւ հիշեցնել  նրանց, ովքեր մատնանշում են 2005 թ. օրենքը, այդ նախագիծն էլ եմ ես ներկայացրել»: 

Ազգային ժողովի պատգամավորները քննարկեցին նաեւ Ազգային ժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն  ԱԺ փոխնախագահի թափուր պաշտոնի համար առաջարկեց Հրայր Կարապետյանի թեկնածությունը` ներկայացնելով նրա մարդկային արժանիքները, քաղաքական փորձառությունն ու անցած ճանապարհը:

Միակ թեկնածուն` Հրայր Կարապետյանը, շնորհակալություն հայտնեց ՀՀԴ խմբակցությանը վստահության համար եւ հավաստիացրեց, որ ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում ինքն ամեն ինչ կանի իր ընտրողների ակնկալիքներն արդարացնելու, խորհրդարան-հասարակություն կապն ավելի գործուն ու այդ համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար:

ՀՅԴ խմբակցության անունից  Արմեն Ռուստամյանը, ՀՀԿ խմբակցության անունից Սամվել Նիկոյանը համոզմունք հայտնեցին, որ Հրայր Կարապետյան մարդու եւ քաղաքացու բարեմասնությունները, քաղաքացիական փորձառությունն ու սկզբունքայնությունը կնպաստեն Ազգային ժողովի աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար եւ առաջարկեցին իրենց գործընկերներին կողմ քվեարկել թեկնածուի օգտին:

Բարձր գնահատականի խոսքեր հնչեցրին նաեւ ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Արամ Սաֆարյանը եւ Վիկտոր Դալլաքյանը:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանն իր ելույթում նկատեց, որ ոչ միայն կարեւոր են Հրայր Կարապետյանի ունակությունները, այլեւ խմբակցության ղեկավարի պաշտոնում աշխատած տարիներին ցուցաբերած սկզբունքայնությունը, պատասխանատվությունը, խորհրդարանում ընդգրկված տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց հետ աշխատելու կարողությունն ու հստակ գործելակերպը: Նա միշտ պատրաստ է դիմացինի կարծիքը լսելու եւ ընդունելու, եթե իր համոզմունքներին չի հակասում: Ինչքանով է արդյունավետ ՀՅԴ խմբակցության երկու քաղաքական գործիչների` Վահան Հովհաննիսյանի եւ Հրայր Կարապետյանի փոխատեղման հարցը. այդպես որոշել է ՀՅԴ խմբակցությունը, եւ պետք է լավատես լինել: Պարոն Թորոսյանը համոզմունք հայտնեց, որ նրա` մարդկային ու քաղաքական գործչի հատկանիշները կնպաստեն համատեղ արդյունավետ աշխատանքին:

Ելույթներն ավարտվեցին եւ ժամանակավոր վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը տեղեկացրեց, որ ժամանակային գործոնի հաշվառումով քվեարկությունը կկազմակերպվի վաղը: Նա տեղեկացրեց, որ առավոտյան ժամը 11.00-ին  հաշվիչ հանձնաժողովի նիստ կգումարվի, իսկ 12.00-ից հետո անմիջապեա կանցկացվի քվեարկություն:

Ազգային ժողովի նիստը կշարունակվի մայիսի 20-ին, ժամը 12.00-ին:



19.05.2008
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալն Ազգային ժողովում
Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դը Բոյեր-Բուքիքիոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am