National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.5.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
19.05.2008
ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալն Ազգային ժողովում


Մայիսի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դը Բոյեր-Բուքիքիոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ ԵԽԽՎ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, կարեւորելով այն աջակցությունը,  որ Եվրախորհրդին անդամության յոթ տարիներին Հայաստանը բազմիցս  ստացել է տարբեր առիթներով, անդրադարձավ այն քայլերին, որոնք կատարվում են ԵԽԽՎ 1609 բանաձեւի կատարման ուղղությամբ: Նշվեց, որ ԵԽԽՎ-ի հետ հիանալի համագործակցության օրինակ են նաեւ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ քննարկումները, երբ մեկ ամսում Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հնարավոր եղավ առաջարկների շուրջ համաձայնություն ձեռք բերել եւ արդեն խորհրդարանում քննարկվում են այդ առաջարկությունների հիման վրա կատարված փոփոխությունները: Պարոն Թորոսյանը նշեց նաեւ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել  ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման մասին (հունիսյան քառօրյայի ընթացքում), որը արտախորհրդարանական ուժերի. հասարակական ու միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ կհետաքննի մարտյան իրադարձությունների պատճառները: Կարեւորվեց այդ հանձնաժողովի խնդիրների եւ լիազորությունների որոշարկումը: Աժ նախագահն անդրադարձավ նաեւ ԵԽԽՎ 1601 բանաձեւում արձանագրված ընդդիմության իրավունքներին, նշելով, որ դրանցից 27-ից 22-ը ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով արդեն իսկ կան, իսկ երկուսը պահանջում են սահմանադրական փոփոխություններ, մնացած երեքի շուրջ նախապատրաստվում է օրենքի նախագիծ: Նշվեց նաեւ, որ ՀՀ նախագահը պատրաստվում է ստեղծել հանրային խորհուրդ, որը ԵԽԽՎ-ի առաջարկած կարեւոր հարթակ կարող է դառնալ ընդդիմության հետ երկխոսության նպատակով:  ԱԺ նախագահը հիշեցրեց, որ 8 քրեական գործեր արդեն քննվել են, որոնց արդյունքում մեղադրվողները ազատ են արձակվել` հետագայում որեւէ հանցագործություն չկատարելու պայմանով: ԱԺ նախագահը ընդգծեց, որ ինքը լիովին կիսում է այն տեսակետը, ըստ որի ծանր, քրեորեն պատժելի հանցագործություններ կատարածները պարտադիր պիտի պատժվեն, սակայն մարդիկ չպիտի պատժվեն սոսկ իրենց արտահայտած տեսակետների ու գաղափարների համար: ԱԺ նախագահն իրազեկեց նաեւ, որ ընտրական օրենսդրության եւ գործընթացների բարելավման նպատակով Աժ-ում ստեղծվել է աշխատանքային խումբ` կուսակցությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ընդգրկումով: Պարոն Թորոսյանը նշեց, որ մարտյան իրադարձությունները, որոնց հետեւանքով տասը զոհեր եւ 200-ից ավելի  վիրավորներ են եղել, չպետք է կապել ընտրությունների հետ. նախագահական ընտրությունները միջազգային դիտորդների կողմից ստացել են իրենց գնահատականը, արդյունքները բողոքարկվել են Սահմանադրական դատարանում, որի որոշումը նույնպես արդեն եղել է: ԱԺ նախագահը անընդունելի համարեց այն գնահատականը, որ ոստիկանությունը ուժ է կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ` նշելով, որ Ֆրանսիայի դեսպանատանը հարող տարածքում, իհարկե, կային խաղաղ ցուցարաներ, բայց միանշանակորեն կային նաեւ մետաղե ձողերով, նռնակներով ու մոլոտովյան կոկտեյլներով զինված մարդիկ,  որոնք հասել են մինչեւ Մաշտոցի պողոտա, ավերածություններ են արել եւ կատարած հանցագործություններ համար պիտի պատժվեն: Ամեն ինչ պետք է արվի, որ նման իրադարձություններ չկրկնվեն:

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դը Բոյեր-Բուքիքիոն նշեց, որ Եվրախորհւդում մշտապես լավ իրազեկված են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին եւ ամեն կերպ ջանում են սատարել Հայաստանին, նա գոհունակություն հայտնեց, որ ԱԺ-ում արագորեն անդրադարձել են «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններին: Տիկին Բոյեր-Բուքիքիոյի գնահատականով` մարտյան իրադարձությունների հետաքննության համար ստեղծվող հանձնաժողովը պետք է լինի անկախ, վայելի հասարկության վստահությունը եւ գործի թափանցիկ: Նա կարեւորեց տեղի ունեցածի պատճառների վերհանումը, ուստի անհրաժեշտ համարեց նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը: Օգտակար համարվեց նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ խորհրդակցությունը` փորձագետների ներգրավման նպատակով: ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալն անդրադարձավ նաեւ կալանավորվածների հարցին` նշելով, որ այդ հարցը քննարկել է արդարադատության նախարարի հետ եւս, եւ խնդրեց համապատասխան ատյաններին փոխանցել` ճիշտ կլինի կալանքից ազատ արձակել նրանց, ովքեր ազատության մեջ չեն խոչընդոտի գործի քննությանը: Տիկին Բոյեր-Բուքիքիոյի կարծիքով` պետք է քննվի նաեւ իրավապահ մարմինների գործողությունների իրավաչափության հարցը:
 
ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ ՀՀ նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ այդ հարցում ընդգծվել է, որ եթե հետաքննությունը պարզի որեւէ մեկի նկատմամբ հանիրավվի խիստ պատժամիջոցի կիրառումը, մեղավորները կպատժվեն: Աժ նախագահը վստահեցրեց, որ գործերը քննվում են ամբողջությամբ, նաեւ տիկին Բոյեր-Բուքիքիոյի հարցը, թե  որքանով են իրավաչափ իրավապահների գործողությունները: Նա հույս հայտնեց, որ, թեեւ մեծ ծավալի աշխատանքի անհրաժեշտություն կա, բայց  ամբողջական պատկերը հետաքննության արդյունքում  կպարզվի:
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:
     




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am