National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
14.11.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
14.11.2017
ՀՀ Ազգային ժողովը հերթական նիստն է գումարել
1 / 7

Նոյեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է նոյեմբերի 14-ին գումարվող հերթական նիստերի օրակարգը՝ կատարելով լրացումներ:

Պատգամավորները ողջունել են ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի պետական հումանիտար- տեխնիկական քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախագիծը նպատակ ունի պարզեցնել կենսաթոշակային ոլորտում իրականացվող վարչարարությունը եւ հստակեցնել օրենքի դրույթները:

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ» կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը նույնպես առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել Արտեմ Ասատրյանը: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2013թ. դեկտեմբերի 12-ին եւ ուժի մեջ է մտել 2014թ. հուլիսի 1-ից: Օրենքի ընդունմամբ պետական իշխանության բոլոր մարմիններում ներդրվել է վարձատրության միասնական համակարգ: Համակարգով ամբողջությամբ կանոնակարգվել են պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի սահմանման, սոցիալ-աշխատանքային հիմնական երաշխիքների տրամադրման, ինչպես նաեւ բազային աշխատավարձի որոշման մեխանիզմները:

Օրենքի կիրառման երկու տարիների ընթացքում արձանագրվել են հարցեր, որոնց լուծումը օրենքի որոշ դրույթների առավել հստակեցում է պահանջում: Միաժամանակ վեր են հանվել խնդիրներ, որոնք կապված են պետական ծառայության մի տեսակից մեկ այլ տեսակի անցնելու դեպքում ծառայողների վարձատրության խնդիրների կանոնակարգման հետ: Նախագծով համապատասխանեցվում եւ հստակեցվում են կատարողականի եւ հաշվետվության հիման վրա պետական ծառայողների պարգեւատրման սկզբունքները:

Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի կարգավորումները սահմանված են օրենքով, սակայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ հարկադիր ծառայողի արտաժամյա ծառայության համար հավելավճարի չափը եւ վճարման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Ընդ որում, վերջինս օրենքի համաձայն հանդիսանում է ոչ թե հավելավճար, այլ հավելում:

Արտեմ Ասատրյանն այնուհետեւ առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է սոցիալական աջակցության ոլորտում ձեւավորել ընտանիքի սոցիալական գնահատման նոր համակարգ:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման հասցեականությանեւ իրականացվող ծրագրերի ծախսարդյունավետության մեծացում:

«Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես քննարկման է ներկայացվել առաջին ընթերցմամբ, որը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նախարարի խոսքով՝ նախագիծը նպատակ ունի ապահովել մանկահասակ երեխա ունեցող մայրերի՝ հնարավորինս շուտ աշխատանքի վերադառնալու հնարավորությունը: Մասնավորապես՝ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձը՝ մինչեւ երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում, ունի երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության իրավունք` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է երեխայի համար վարձվող դայակի՝ պետության կողմից մասնակի վճարվելուն: Եզրափակիչ ելույթում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ ժողովրդագրական առումով ծրագիրը կնպաստի բազմաթիվ խնդիրների լուծմանը, նախադպրոցական կրթության ցանցի հաստատությունների ավելացմանը, հավաստագրված դայակների ինստիտուտի կողմից երեխաների խնամքի կազմակերպմանը: Արտեմ Ասատրյանի խոսքով՝ այս նախագծի ընդունմամբ ծնողը դառնում է գործատու եւ ստանում իր կողմից տրված գումարի 50 տոկոսի չափով փոխհատուցում:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով ներկայացրել է պետական նպաստները եւ կենսաթոշակները ստանալու կարգի հետ կապված փոփոխությունները: Նախարարի խոսքով՝ երբեմն այդ գործընթացները օբյեկտիվ պատճառներով ձգձվում են, եւ նախագծի նպատակն է դյուրացնել նպաստների եւ կենսաթոշակների ստացման կարգը:

Հարակից զեկուցող Հակոբ Հակոբյանը նշել է, որ հարցը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն:

Եզրափակիչ ելույթում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավորների հարցադրումներին, հստակեցրել է կենսաթոշակի իրավունք եւ կենսաթոշակի ստացման իրավունք հասկացությունները:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ: Այն ներկայացրել է ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: Փոխնախարարը նշել է, որ այս օրինագծում միավորվել են մի քանի օրենքներ. նա հիմնական շեշտադրումն արել է նախագծով առաջարկվող նորամուծություններին:

Հարակից զեկուցող, ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկություններ չեն եղել: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է հանձնաժողովի կողմից ընդունված առաջարկություններին, մասնավորապես տարկետման իրավունքին վերաբերող առաջարկությանը, որով մշակույթի, սպորտի եւ գիտության բնագավառում նշանակալի ձեռքբերումներ ունեցող երիտասարդները կօգտվեն այդ իրավունքից: Ըստ Կորյուն Նահապետյանի՝ պետք չէ հակադրության մեջ դնել զինուժի համալրման եւ գիտության զարգացման հարցերը:

Նախագծի փաթեթի վերաբերյալ ելույթ են ունեցել պատգամավորները:

ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանն անդրադարձել է մի խումբ ուսանողների կողմից այսօր հայտարարված հացադուլին՝ հորդորելով նրանց դադարեցնել հացադուլը, վերադառնալ իրենց բնականոն կյանքին եւ ուսումնառությանը: Տիկին Եսայանի խոսքով՝ եթե ասելիք կար նախագծի վերաբերյալ, պետք է ասվեր, քանի որ իշխանությունների կողմից հարգալից վերաբերմունք է եղել ուսանողների բողոքի նկատմամբ: Պատգամավորի ձեւակերպմամբ այս օրենքը չի խանգարելու գիտության զարգացմանը: Հայկ Բաբուխանյանը նշել է, որ մեր երկրում կարեւորագույն հարցերի քննարկումը պետք է զերծ մնա օտարերկրյա ազդեցություններից: Պարոն Բաբուխանյանի կարծիքով՝ ուսանողների բողոքի կազմակերպումը, ըստ իր աղբյուրների, ֆինանսավորվում է օտարերկրյա ՀԿ-ների կողմից: Վարդան Բոստանջյանն օրինագծի վերաբերյալ նշել է, որ ցանկացած քաղաքացի պարտավոր է ծառայել իր երկրի անվտանգության եւ պաշտպանության գործին, սակայն երիտասարդների ձայնը պետք է լսելի լինի: Պարոն Բոստանջյանը նույնպես կոչ է արել երիտասարդներին դադարեցնել հացադուլը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի կարծիքով՝ այս օրինագծով պետությունը կատարում է վիրահատական միջամտություն, սակայն պետք է իրազեկել հանրությանը, որ օրինագծի ընդունումից հետո բոլոր օղակներում ապահովվելու է թափանցիկությունը: Միքայել Մելքումյանը կոչ է արել խորհրդարանին՝ հետամուտ լինել Ազգային ժողովում ընդունված օրենքների կիրառմանը, մասնավորապես, այս օրինագծով կարգավորվող տարկետման իրավունքի հետ կապված հետագա զարգացումներին: Նիկոլ Փաշինյանն իր ելույթում խոսել է ազգ-բանակ գաղափարախոսության մասին, անդրադարձել որոշ պաշտոնյաների՝ բանակում ծառայության հարցին: Անդրադառնալով նախագծի կարեւորությանը՝ նա իր մտահոգությունն է հայտնել, որ այսպիսի կարեւոր օրինագծի քննարկմանը պաշտպանության նախարարը ներկա չէ:

Արտահերթ ելույթով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ այս օրինագիծն ունի հանրային մեծ հետաքրքություն: Այս օրերին անթույլատրելի ձեւով հակադրվում են անվտանգության ու գիտության խնդիրները, սակայն առանց կայացած պաշտպանական համակարգ ունենալու՝ հնարավոր չէ խոսել մրցունակ կրթության մասին: Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ շատ է խոսվում տարկետման իրավունքի վերացման մասին, սակայն տարկետման իրավունքը նախագծով չի վերացվում, այլ հստակեցվում են մոտեցումները: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» ծրագրերի կարեւորությունը: Այս նախագծով բարձրացվում է նաեւ սոցիալական արդարության եւ հավասարության հարցը, որը շատ կարեւոր է հասարակության համար: Պարոն Շարմազանովի խոսքով՝ ՀՀ իշխանությունները միշտ պատրաստ եղել լսելու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կարծիքը. ուսանողներին առաջարկվել է ընդգրկվել աշխատանքային խմբում, մասնակցել փոփոխությունների մշակմանը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կոչ է արել կողմ քվեարկել օրինագծին՝ չհակադրելով կրթության եւ անվտանգության խնդիրները:

Իրենց տեսակետներն են հայտնել ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: 

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ այս նախագիծը միտված է կայուն ու կանոնակարգված բանակ ունենալուն: Խոսելով տարկետման իրավունքի մասին՝ նա խնդրել է ուսումնասիրել վերջին 10-15 տարվա վիճակագրական տվյալները: Տարկետման իրավունքից օգտված շատ երիտասարդներ այդպես էլ գիտնականներ չեն դարձել: Վահրամ Բաղդասարյանի կարծիքով՝ այն երիտասարդը, ով գիտությամբ զբաղվելու ցանկություն ու ջիղ ունի, անկախ ամեն ինչից՝ կզբաղվի գիտությամբ: Նա նշել է, որ ՀՀԿ խմբակցությունը ողջունում է այս նախագիծը:

Հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանն իր խոսքում նշել է, որ հանձնաժողովի քննարկմանը ոչ մի առաջարկ չի ներկայացվել: Նա հորդորել է ԱԺ ամբիոնը չօգտագործել այլ նպատակներով, այլ օգտվել պատգամավորի իրավունքներից եւ եթե կան մտահոգություններ, թող բարձրաձայնվեն: Բարձրագույն կրթության խնդիրներն այս նախագծով չեն լուծվում. այդ համակարգում կան լրջագույն խնդիրներ: Հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է, որ ինքը հանդիպել է «Հանուն գիտության զարգացման» շարժման կազմակերպիչ երիտասարդների հետ, զրուցել, տվել պարզաբանումներ:

Եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արտակ Զաքարյանը, ով նշել է, որ այս օրենքի նախագիծը տարկետման իրավունքը վերացնելու մասին չէ. համալիր լուծում են ստանում շատ խնդիրներ: Արտակ Զաքարյանի խոսքով՝ օրինագծի նպատակը կրթությանը վնասելը չէ՝ ամեն գնով տանելով ծառայության: Նպատակն է սեղմել այն խողովակները, որոնցով խուսափում են ծառայությունից: Պարոն Զաքարյանը կոչ է արել երիտասարդներին դադարեցնել հացադուլը: Նա խորհրդարանին առաջարկել է երկրորդ ընթերցմամբ ընդունել օրինագիծը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը նույնպես ներկայացրել է Արտակ Զաքարյանը: Փոխնախարարի խոսքով՝ այս նախագծով ապահովվում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների իրացումը պաշտպանության ոլորտում, նորովի սահմանվում են պաշտպանություն, պաշտպանության ոլորտ, զորահավաք եւ այլ հասկացություններ:

Հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանը նշել է, որ նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում: Պարոն Նահապետյանի խոսքով՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության առաջարկությունները չեն ընդունվել, քանի որ դրանք չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրության որոշ հոդվածների:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության տեսակետը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ խմբակցության ներկայացրած առաջարկների փաթեթը վերջ կդնի իրենց կողմից առաջարկներ չներկայացնելուն առնչվող խոսակցություններին: Ըստ նրա՝ եղել են նաեւ բանավոր առաջարկներ:

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը երկրորդ ընթերցումով քննարկման է ներկայացրել «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանի առաջարկներն ընդունվել են գործադիրի կողմից:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը նշել է, որ հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն. նախագիծը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «ՀՀ Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նշվել է, որ նախագծի նպատակն առկա կարգավորումները նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելն է: Ներմուծվել է ֆինանսական կայունության գաղափարը, ԿԲ կառավարման մարմինների նշանակման կարգն ու պայմանները համապատասխանեցվել են Սահմանադրության նոր պահանջներին, մրցակցային եւ վիճակագրության ոլորտներում պետական մարմինների հետ համագործակցության սկզբունքներն են հստակեցվել, բարեփոխվել են ԿԲ ներքին աուդիտի կարգավորումները: Առաջարկվում է ԿԲ դրամավարկային քաղաքականության ծրագիրը ներկայացնել առաջիկա 12 եռամսյակների համար, այլ ոչ թե 12 ամիսների, ինչն առավել կանխատեսելի կդարձնի ԿԲ գործունեությունը դրամավարկային քաղաքականությունն իրականացնելիս:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

ՀՀ ԱԺ պատգամավոր Հրայր Թովմասյանի գնահատմամբ՝ ներկայացված փոփոխությունները համահունչ են ՀՀ նոր Սահմանադրությանը, դրանք ուղղված են նպաստելու Կենտրոնական բանկի լիազորությունների արդյունավետ իրականացմանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը բովանդակային խնդիրներ է տեսնում նախագծում: Նրա խոսքով՝ համոզիչ չէ, որ 63 ձայնով ընտրված ԿԲ ղեկավարությունը կլինի անկախ եւ գործառույթների բովանդակության մեջ որեւէ փոփոխություն կլինի:

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է առաջին ընթերցման ընթացակարգով:

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ օրենքի նախագծի ընդունմամբ ՀՀ սահմանամերձ բնակավայրերում օրենքով նախատեսված սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը կշարունակվի մինչեւ 2021 թվականը՝ գործող 2018 թվականի հունվարի 1-ի փոխարեն: Նախատեսվում է սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնել սահմանամերձ 25 համայնքում ընգրկված 37 բնակավայրերում: Սոցիալական աջակցության ծրագիրն իրականացնելու համար 2015 թվականից սկսած յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվել է 928, 871.2 հազ. դրամ գումար:

ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է հաշվարկային տարում մինչեւ 360 խորանարդ մետր ծախսված բնական գազի սակագնի 50 տոկոսի չափով գումարային փոխհատուցում, հաշվարկային տարում մինչեւ 1440 կՎտ/ժ ծախսված էլեկտրաէներգիայի սակագնի 50 տոկոսի չափով գումարային փոխհատուցում: Ընդ որում՝ բնական գազի սպառող չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիայի սպառող համարվող ընտանիքների համար տրամադրվում է տարեկան մինչեւ 180 խորանարդ մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան լրացուցիչ գումարի չափով էլեկտրաէներգիայի սակագնի փոխհատուցում: Նախատեսվում է ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսի փոխհատուցում, սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության եւ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի եւ այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարների փոխհատուցում:

ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց հարցադրումներում կարեւորել են սահմանամերձ համայնքներում հիմնարկ-ձեռնարկություններին, դպրոցներին ու մանկապարտեզներին պետական աջակցություն տրամադրելը, սահմանամերձ համայնքների բնակչության զբաղվածության հարցի կարգավորումը, ներդրումների իրականացումը, գործարարության զարգացման համար քայլերի իրականացումը: Առաջարկվել է վերանայել «սահմանապահի» կարգավիճակ ստացած համայնքների ցանկը:

Օրվա վերջին նիստում «ՀՀ ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն ՀՀ ԱԺ պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:



14.11.2017
Բաց դասեր ՀՀ Ազգային ժողովում
ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում նոյեմբերի 14-ին խորհրդարան են այցելել Երեւանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջի դասախոսները եւ ուսանողները: Հյուրերը շրջել են խորհրդարանի շենքում, հետեւել նիստերի աշխատանքին: Արդեն ավանդական դարձած բաց դասը վարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ողջունել...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS