National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
23.10.2017

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
23.10.2017
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր են գումարել
1 / 7

Հոկտեմբերի 23-ին նիստեր են գումարել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արմեն Աշոտյանի նախագահությամբ հոկտեմբերի 23-ին կայացած նիստում քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին», «Տիեզերական տարածություն արձակված օբյեկտների գրանցման մասին» կոնվենցիան վավերացնելու մասին», «Միջազգային ծովային կազմակերպության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքների նախագծերին:

Հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը նշել է, որ օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում կապահովվեն «Լուսնի եւ այլ երկնային մարմինների վրա պետությունների գործունեության կարգավորման մասին» համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը, ըստ որի Հայաստանը կկարողանա մասնակցել միջազգային տիեզերական հետազոտություններին, ինչպես նաեւ կօգտագործի սեփական 2 ուղեծիրը, կունենա սեփական արբանյակներ:

«Միջազգային ծովային կազմակերպության մասին» կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:

Ըստ հիմնական զեկուցողի՝ օրենքի նախագծի ընդունման արդյունքում կապահովվեն «Միջազգային ծովային կազմակերպության մասին» կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը, ինչպես նաեւ Հայաստանը կունենա սեփական դրոշով նավ, որը կնպաստի ծովային բեռնափոխադրումներ իրականացնելու գործընթացին:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդես են եկել հարցադրումներով:

Վերոնշյալ օրենքների նախագծերը կընդգրկվեն ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ նույն օրը հրավիրված նիստում քննարկել է ոստիկանության եւ պաշտպանության ոլորտներին վերաբերվող մի շարք հարցեր:

ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերը, ոստիկանության կողմից մարդու ֆիզիկական եւ հոգեկան անձեռնմխելիության խախտման արգելքն ամրագրելու, ինչպես նաեւ օրենքում առկա ձեւակերպումները ՀՀ նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով: Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանության կողմից նախաձեռնվել են «Ոստիկանության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծի մշակման աշխատանքներ, որոնք ուղղված են լինելու ոստիկանության ծառայողների կողմից մարդու հոգեկան եւ ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ հնարավոր ոչ իրավաչափ միջամտությունները բացառող առավել ամբողջական կարգավորումներին, ներկայացված նախագծով առաջարկվող փոփոխությունները վերաբերում են նշված իրավունքի պաշտպանությանն ուղղված զուտ հիմնարար սկզբունքների ամրագրմանը:

Նախագծով առաջարկվում է նաեւ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում կատարել լրացում՝ հնարավորություն ստեղծելով հաշվառել եւ վարել ԴՆԹ քարտադարաններ:

Օրինագծի ընդունմամբ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը կհամապատասխանեցվի ՀՀ նոր Սահմանադրությանը:

Հարակից զեկույցում ՀՀ ԱԺ պատգամավոր, մշտական հանձնաժողովի անդամ Ալիկ Սարգսյանը խոսելով օրինագծի կարեւորության մասին` նշել է, որ օրենքի նախագծի ընդունումը բխում է բոլորի շահերից:

Հանձնաժողովը քննարկման արդյունքում օրինագծին տվել է դրական եզրակացություն` ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

«Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը քննարկման է ներկայացրել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` նշելով, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված գործող «Պաշտպանության մասին» ու «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» ՀՀ օրենքների վերանայման անհրաժեշտությամբ, որի շրջանակներում նպատակահարմար է գտնվել նշված օրենքները, ինչպես նաեւ «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» ՀՀ օրենքը միավորել եւ դրանցով կարգավորվող հարաբերությունները սահմանել մեկ օրենքի տեսքով:

Գործող «Պաշտպանության մասին» ու «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» ՀՀ օրենքներում սահմանված ՀՀ պաշտպանության եւ զորահավաքային նախապատրաստության ու զորահավաքի հետ կապված հարաբերությունները սահմանվել են ՀՀ կիսանախագահական կառավարման համակարգի շրջանակներում? համապատասխան գործընթացների կազմակերպման եւ ապահովման ուղղահայացը կառուցելով ՀՀ Նախագահի` որպես գերագույն գլխավոր հրամանատարի, իրավասությունների հիման վրա: ՀՀ Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել համապատասխան գործընթացները սահմանել խորհրդարանական կառավարման համակարգին համապատասխան: Բացի այդ, նշված օրենքներով, ինչպես նաեւ «Պաշտպանության նպատակով տրանսպորտային միջոցների օգտագործման մասին» ՀՀ օրենքով կարգավորվող հարաբերությունները միավորվել են մեկ օրենքում` այն տրամաբանությամբ, որ զորահավաքային նախապատրաստությունը (խաղաղ ժամանակ) եւ զորահավաքը (պատերազմի ժամանակ) հանդիսանում են պետության պաշտպանության կազմակերպման անբաժանելի մաս, պաշտպանության կազմակերպման եւ պաշտպանությանը մասնակցության գործընթացում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական իրավական ձեւից կազմակերպությունների, պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների գործունեությունը ներառում է նաեւ զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի շրջանակներում իրականացման ենթակա գործողությունների համալիրը:

Օրինագծով կարգավորվում են ՀՀ պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, անկախ կազմակերպական իրավական ձեւից կազմակերպությունների, զինված ուժերի եւ այլ զորքերի գործունեությունը, ՀՀ պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի անցկացման հետ կապված հարաբերությունները:

ՀՀ պաշտպանությունը կազմակերպվում եւ իրականացվում է պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների եւ քաղաքացիների ընդգրկվածության, օրինականության, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգման, զինված ուժերի գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության սկզբունքների հիման վրա:

Դրույթներից մեկով սահմանվել են պաշտպանության ոլորտում ՀՀ ԱԺ լիազորությունները: Ըստ այդմ ՀՀ Ազգային ժողովը ՀՀ կառավարության առաջարկությամբ կարող է ընդունել պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին որոշում:

Օրենքով սահմանված կարգով վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում ռազմական բնույթի միջազգային պայմանագրերը:

Իրականացնում է պաշտպանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական վերահսկողության հետ կապված ՀՀ Սահմանադրությամբ եւ ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված այլ գործունեություն:

Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել խաղաղ եւ պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության ապահովման արդյունավետությունը, նպաստել «Ազգ-բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը:

Պատգամավորների հարցերն առնչվում էին խորհրդարանական համակարգին անցման ժամանակ վարչապետի, պաշտպանության նախարարի, Անվտանգության խորհրդի լիազորություններին, ռազմական դրության ժամանակ զորակոչի անցկացման, տարածքային պաշտպանության եւ այլ խնդիրների:

Պաշտպանության նախարարը բարձրացված բոլոր հարցադրումներին տվել է հստակ պարզաբանումներ:

Օրենքի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի անդամները ներկայացրել էին շուրջ չորս տասնյակ առաջարկություններ, որոնց հիմնական մասն ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից:

Հարակից խոսքում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունը կյանքի կոչվելով` առաջիկա տարիների եւ տասնամյակների համար կսահմանի մեր երկրի պաշտպանության համակարգի իրավական դաշտը, եւ իրավական շատ լուծումներ, որոնք առկա են օրենքի նախագծում, առանցքային նշանակություն կունենան Հայաստանի պաշտպանության համար:

Հանձնաժողովականներն օրենքի նախագծին տվել են դրական եզրակացություն` ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը քննարկման է ներկայացրել նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով կարգավորվում են ՀՀ քաղաքացիների կողմից ՀՀ պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում քաղաքացիների զինվորական ծառայությանը նախապատրաստության, զինվորական ծառայության եւ պահեստազորային պատրաստության կազմակերպման եւ իրականացման, ինչպես նաեւ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների ու զինծառայողներին հավասարեցված անձանց իրավական եւ սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները:

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված գործող «Զինապարտության մասին» եւ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքների վերանայման անհրաժեշտությամբ, որի շրջանակներում նպատակահարմար է գտնվել միավորել նշված օրենքները եւ դրանցով կարգավորվող հարաբերությունները սահմանել մեկ օրենքում: Օրենքի նախագծում ներառվել են նաեւ գործող «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով սահմանվող հարաբերությունները:

Պատգամավորների հարցադրումներն առնչվել են սպորտ վաշտի վերականգնմանը, եղբայրների՝ միեւնույն զորամասում ծառայության անցնելուն, զորակոչիկների բուզհետազոտմանը, տարկետմանը եւ այլ խնդիրների:

ՀՀ պաշտպանության նախարարը հարցերին տվել է հստակ պարզաբանումներ:

Օրենքի նախագծի վերաբերյալ պատգամավորները ներկայացրել էին 11 առաջարկություններ, որոնց հիմնական մասն ընդունվել է:

Հարակից խոսքում մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը նշել է, որ օրենքի նախագիծը հավակնոտ է եւ նույնպես առանցքային նշանակություն է ունենալու ՀՀ զինված ուժերի համալրման եւ մեր երկրի պաշտպանության ամրապնդման գործում:

Քննարկման արդյունքում օրենքի նախագծին ներկայացվել է դրական եզրակացություն՝ ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:



23.10.2017
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը
Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: ՀՀ ԱԺ խորհրդի որոշմամբ լրացումներ են կատարվել «ԱԺ բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» որոշման մեջ, իսկ «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակություննե...

23.10.2017
Ավարտվել է «Ազգային ժողովի գավաթի» խաղարկությունը
«Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում» հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել «Ազգային ժողովի գավաթի» խաղարկության դպրոցականների մրցումների եզրափակիչ փուլի ամփոփումը: Մրցույթին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի, մայրաքաղաք Երեւանի եւ Արցախի Հանրապետության թիմերը: Առաջնության եզրափակիչ փուլի արդյունքներով առաջին տ...

23.10.2017
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է մեքսիկացի պատգամավորների պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 23-ին ընդունել է Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսին, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոյին, Կառլոս Էռնանդես Միրոնին եւ նրանց ուղեկցող անձանց: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ Հայաստան-Մեքսիկա պատգամավորական բարեկամակ...

23.10.2017
Արա Բաբլոյանը պարգեւատրել է Ռաֆայիլ Զինուրովին
Հոկտեմբերի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը միջխորհրդարանական համագործակցության զարգացման բնագավառում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու եւ հայագիտական գործունեություն ծավալելու համար ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հա...

23.10.2017
Հարգանքի տուրք՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Մեքսիկայից Հայաստան ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն, Կառլոս Էռնանդես Միրոնը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀ ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանի ուղեկցությամբ հոկտեմբերի 22-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Մեքսիկացի խո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS