ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական, նորահայտ մարտահրավերների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Ջեյմի Շիին:
Ողջունելով հյուրերին` Կորյուն Նահապետյանը բարձր է գնահատել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացումը եւ նշել, որ այդ հարաբերությունները խորացնելու հարցում առկա է երկուստեք պատրաստակամություն: Գործընկերային հարաբերությունների շրջանակում պարոն Նահապետյանն առանձնացրել է մասնավորապես միջազգային խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցությունը. Հայաստանը շարունակում է աջակցել իր խաղաղապահ զորքերով Կոսովոյում Կոսովոյի Ուժեր/KFOR առաքելությանը, ինչպես նաեւ Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը: Նա հավելել է, որ այդ հանձնառությամբ մեր երկիրն իր ուրույն մասնակցությունն է բերում միջազգային անվտանգության ապահովմանը:
Բարձր գնահատելով Հայաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունների ներկա մակարդակը՝ Կորյուն Նահապետյանը նշել է, որ հանձնաժողովն առանձնապես կարեւորում է բոլոր այն միջոցառումների իրականացումը, որոնք խորհրդարանական ձեւաչափով ընդգրկված են Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակում:
Ջեյմի Շին ներկայացրել է իր տեսակետը 2017-2018 թթ. ԱԳԳԾ նոր փաստաթղթի, դրա իրականացման, խորհրդարանական ձեւաչափով միջոցառումների կենսագործման հարցում ՆԱՏՕ-ի դերակատարության վերաբերյալ:
Քննարկվել են նաեւ ՆԱՏՕ-ի հետ ինստիտուցիոնալ, ժողովրդավարական եւ պաշտպանական բարեփոխումների բնագավառներում փոխգործակցության մակարդակին վերաբերող հարցեր: