ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երիտասարդության համաշխարհային եւ Ուսանողության միջազգային տոների միջոցառումների շրջանակում նոյեմբերի 16-ին Հայ-ռուսական սլավոնական համալսարանում կազմակերպել էին մինի ֆուտբոլի մրցապայքար՝ ՀՀ ԱԺ պատգամավորների եւ ուսանողական կառույցների ներկայացուցիչների հավաքականների միջեւ։
ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ միջոցառման հիմնական նպատակն է նմանօրինակ մարզական միջոցառումներով երիտասարդության շրջանում բարձրացնել հետաքրքրությունը սպորտի նկատմամբ, նպաստել առողջ ապրելակերպի զարգացմանը։
ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը կարեւորել է խորհրդարան-երիտասարդական կազմակերպություններ համագործակցությունը եւ սպորտի զարգացումը։
Նշենք, որ խորհրդարանի հավաքականի կազմում խաղադաշտ են դուրս եկել ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Կարեն Ավագյանը, Արմեն Բաբայանը, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ Արմեն Նասլյանը, Սարգիս Քեֆիլյանն ու Էդուարդ Բադոյանը։
Խաղն ընթացել է համառ պայքարում եւ ավարտվել խորհրդարանի հավաքականի հաղթանակով։