Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Կանայք տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման գործընթացներում. զուգակշռված ժողովրդավարության կայացման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդաժողովի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ պատգամավորներ Ռուզաննա Մուրադյանը, Մարգարիտ Եսայանը եւ Նաիրա Կարապետյանը:
Նշենք, որ խորհրդաժողովն իրականացվում է ՀՀ տեղական ինքնակառավարման համակարգի 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում:
Ողջունելով հյուրերին՝ Հերմինե Նաղդալյանը կարեւորել է կանանց մասնակցությունը հասարակական-քաղաքական գործընթացներին, անդրադարձել ՏԻՄ համակարգում կանանց քաղաքացիական եւ քաղաքական մասնակցության հաջողված փորձին, ներկայացրել տեղական ինքնակառավարման համակարգի կատարելագործման պետական քաղաքականությունը: Տիկին Նաղդալյանը կարեւորել է ՏԻՄ համակարգում գենդերային հավասարության պահպանումը՝ ընդգծելով, որ միայն այդ պարագայում է հնարավոր ունենալ ներդաշնակ կառավարում:
«Յուրաքանչյուրիդ մասնակցությունը համայնքային կյանքին մեծ քայլ է դեպի համապետական առաջադիմություն, այն մեր երկրի քաղաքական գործընթացների առավել ժողովրդավարացման հարցում եւս մեկ առաջընթաց քայլ է»,- ասել է ԱԺ փոխնախագահը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղական ինքնակառավարմանը կանանց մասնակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակիցները ներկայացրել են իրենց համայնքների խնդիրները, օրենսդրական լուծում պահանջող բազմաթիվ հարցադրումներ են առաջադրել, որոնք վերաբերել են մասնավորապես «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծին: Նրանք անդրադարձել են նաեւ վերջին ՏԻմ ընտրությունների արդյունքներին եւ ձեռքբերումներին:
ԱԺ փոխնախագահը եւ կին պատգամավորները պատրաստակամություն են հայտնել իրենց լիազորությունների շրջանակում աջակցելու համայնքային կառավարման ոլորտում հմտացած կանանց՝ առկա խնդիրների լուծման հարցում:
Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ մեր երկրում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 20-ամյակի կապակցությամբ երկարատեւ աշխատանքի համար պարգեւատրվել են շուրջ 10 համայնքների ղեկավարներ:
Պարգեւները հանձնել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա շնորհավորել է պարգեւատրվածներին եւ մաղթել արգասաբեր աշխատանք հետագա գործունեության ընթացքում: