Նոյեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովում կայացել է Միջխորհրդարանական միության 135-րդ վեհաժողովի աշխատանքներին նվիրված մամուլի ասուլիս: Հոկտեմբերի 23-27-ը Ժնեւում տեղի ունեցած նիստերի մանրամասները լրագրողներին ներկայացրել է կառույցում մեր երկրի խորհրդարանի պատվիրակության անդամ Կարինե Աճեմյանը: Նշենք, որ վեհաժողովի աշխատանքներին մասնակցել է նաեւ ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանը: Ինչպես նշել է Կարինե Աճեմյանը, աշխատանքներն ընթացել են հագեցած օրակարգով եւ ներառել են արդի մարտահրավերներին վերաբերող առանցքային հարցեր: Դրանք հիմնականում առնչվել են Սիրիայում տիրող պատերազմական իրավիճակին, կոնֆլիկտների ժամանակ մարդու իրավունքների պաշտպանությանը, միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովմանը, ինչպես նաեւ աշխարհում ժողովրդավարական արժեքների տարածմանը: Կարինե Աճեմյանը, կառույցում լինելով նաեւ Խաղաղության եւ անվտանգության հարցերով բյուրոյի անդամ, եվրոպական երկրների ներկայացուցիչների առջեւ հանդես է եկել ելույթով եւ ներկայացրել Ադրբեջանի կողմից սանձազերծած ապրիլյան քառօրյա պատերազմի մանրամասներն ու նրանց կողմից կատարված անմարդկային վայրագությունները: Պատգամավորը ժնեւում խոսել է նաեւ մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներից, կանանց դերի ու քաղաքականության մեջ նրանց ներգրավվածությունից: Աժ պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է նաեւ փորձագիտական քննարկման:
Կարինե Աճեմյանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաեւ հանդիպում Շվեդիայի պատվիրակության հետ, որն ընթացել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Ժնեւում բազմաթիվ են եղել նաեւ խորհրդարանականների ոչ պաշտոնական հանդիպումները, որտեղ մեր երկիրը ներկայացնող պատգամավորները խոսել են Հայաստանի արտաքին քաղաքականության համար առանցքային հարցերի շուրջ եւ եւս մեկ անգամ եվրոպացի գործընկերներին ներկայացրել ԼՂ խնդրի կարգավորմանն ուղղված մեր երկրի դիրքորոշումն ու Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը:
Տեղեկացնենք, որ Միջխորհրդարանական միության վեհաժողովին անդամագրված է 170 երկիր: