National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.10.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
26.10.2016
Շարունակվել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 11

Հոկտեմբերի 26-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է հերթական նիստի աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը եւ վավերացնելով համաձայնագրերը:

Պատգամավորներն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկով ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած եւ նիստի ընթացքին հետեւող Լոռու եւ Շիրակի մարզերի տարբեր համայնքների ուսումնական հաստատությունների աշակերտներին եւ մանկավարժներին:

Պատգամավորները շարունակել են քննարկել 2013 թվականի հոկտեմբերի 2-ին ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը, որի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Կարեն Բեքարյանը:

Այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը քննարկման է ներկայացրել 2006 թվականի նոյեմբերի 28-ին Մինսկում ստորագրված «Քրեական դատավարության մասնակիցների պաշտպանության մասին» համաձայնագիրը՝ կից առարկությամբ: Համաձայնագրի նպատակն է ապահովել քրեական դատավարության մասնակիցների պաշտպանությունն ու անվտանգությունը: Նախատեսվում է, որ պաշտպանության կարիք ունեցող անձի պաշտպանությունը կարող է իրականացվել նաեւ այլ երկրում, եթե դրա կարիքը կա եւ համապատասխան մարմնի կողմից առկա է դիմում: Նշենք, որ այս դեպքում դիմող երկիրն ստանձնելու է որոշակի ֆինանսական բեռ:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի նպատակը մասնագիտական ուսուցման կազմակերպումն է այն անձանց համար, ովքեր ազատազրկված են եղել եւ ավարտել են պատժի կրումը: Պարոն Քրմոյանի խոսքով՝ փաթեթի նպատակը քաղաքացու վերասոցիալականացումն է եւ վերաինտեգրումը, կրկնահանցագործության կանխումը: Պատիժը կրած քաղաքացիներին նախատեսվում է նաեւ այնպիսի արհեստներ սովորեցնել, որպեսզի քաղաքացին ինքը կարողանա հետագայում ապահովել իր զբաղվածությունը:

Հիմնական զեկուցողին ուղղվել են մի շարք հարցեր, որոնցից շատերում պատգամավորները մտահոգություն են հայտնել ծրագրի իրականացման վերաբերյալ, քանի որ երկրում առկա է գործազրկության, աշխատատեղերի խնդիր: Կարծիքներ են հնչել, ըստ որոնց փաթեթն ուտոպիստական է, լի բարի ցանկություններով: Բարձրացվել են նաեւ կալանավորված անձանց խնդիրներին, պահման պայմաններին, հարազատների հետ տեսակցություններին վերաբերող հարցեր:

Գլխադասային՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Վահրամ Մկրտչյանը:

Փաթեթի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորները:

Ողջունելով օրենսդրական նախաձեռնությունը՝ Վահե Հովհաննիսյանը կարեւորել է նախատեսվող փոփոխությունների իրականացումը:

Նաիրա Զոհրաբյանը եւս ողջունել է ոլորտում նախատեսվող փոփոխությունները, սակայն պատգամավորը մտավախություն է հայտնել, թե դրանք արդյունավետորեն կիրականացվեն:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա դատապարտյալների համար դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը՝ նշելով, որ այն հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին ստանալու կրթություն, ձեռք բերելու մասնագիտություն, որպեսզի լիարժեք ազատության մեջ նրանք կարողանան օգտակար լինել իրենց, իրենց ընտանիքին եւ հասարակությանը: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ պետք է զերծ մնալ այն մտածելակերպից, որ դատապարտյալները հասարակության լիարժեք անդամներ չեն: «Իշխանությունն առաջին հերթին պետք է հնարավորություն ստեղծի, որ մեր երկրի այդ քաղաքացիները կարողանան լիարժեքորեն ստանալ մասնագիտություն՝ ինտեգրվելու հասարակությանը»,- ասել է Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ պաշտպանում է նախաձեռնությունը եւ կոչ է անում գործընկերներին կողմ քվեարկել մարդասիրական եւ քրիստոնեական արժեքային համակարգից բխող նախաձեռնությանը:

Հովհաննես Մարգարյանն անհրաժեշտ է համարել համապատասխան միջոցներն ուղղել դատապարտյալների համար աշխատատեղերի ստեղծմանը: Պատգամավորը կարեւորել է պրոբացիոն ծառայությունը եւ նշել, որ կողմ է քվեարկելու փաթեթին:

Միքայել Մելքումյանի կարծիքով՝ դատապարտյալներին վերապատրաստելուց հետո անհրաժեշտ է ապահովել զբաղվածությամբ: Պարոն Մելքումյանը կողմ է քվեարկելու:

Ողջունելով նախաձեռնության գաղափարը՝ Հովհաննես Սահակյանը կարեւորել է ոլորտում հստակ մեխանիզմների մշակումը եւ իրականացումը:

Դրական գնահատելով նախաձեռնությունը՝ Գագիկ Ջհանգիրյանն անհրաժեշտ է համարել առաջինից երկրորդ ընթերցում վերացնել թերությունները:

Մարգարիտ Եսայանը ներկայացրել է փաթեթի վերաբերյալ իր դիտարկումները եւ առաջարկները: Ըստ պատգամավորի՝ ազատազրկման վայրերում գտնվողներին պետք է սովորեցնել պահանջված մասնագիտություններ:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին, տվել պարզաբանումներ:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրինագծերի փաթեթը:

Այնուհետեւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը ներկայացրել է 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբատում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին» 1998 թվականի նոյեմբերի 25-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (կից հայտարարությամբ): Հիմնական զեկուցողը նշել է, որ արձանագրությամբ նախատեսված են որոշակի լրացումներ եւ պարզաբանումներ նշված պայմանագրում կողմերի միջեւ էլեկտրաէներգիայի պլանային եւ արտապլանային վթարային իրավիճակների սահմանումների, ինչպես նաեւ կողմերի էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքի կազմակերպման իրավական, տեխնոլոգիական եւ տնտեսական սկզբունքների վերաբերյալ: Պարոն Գալստյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը նպատակահարմար է գտնում արձանագրության վավերացումը:

Հարցի քննարկումը կշարունակվի հոկտեմբերի 27-ի ԱԺ նիստում:

«ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն` վերջին նիստում ՀՀ կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների հարցերին:


26.10.2016
Բաց դաս խորհրդարանում
ՀՀ Ազգային ժողովի «Բաց դռներ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 26-ին խորհրդարան էին այցելել հանրապետության Լոռու եւ Շիրակի մարզերի տարբեր համայնքների ուսումնական հաստատությունների աշակերտներ եւ մանկավարժներ։ Բաց դասն անցկացրել է ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին ...

26.10.2016
«Մենք ունենք քաղաքական կամք բարեփոխումների շարունակական իրականացման համար». Էդուարդ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 26-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով ավագ խորհրդատու Օլեքսանդր Պավլյուկին: Հյուրը հետաքրքրված էր քաղաքական առաջիկա զարգացումներով, մասնավորապես մեր երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններով, նոր ձեւավորվ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am