National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.6.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
29.06.2016
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 10

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 29-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերը:

Պատգամավորները շարունակել են իրենց տեսակետները ներկայացնել ՀՀ Նախագահի կողմից ներկայացված, 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վերաբերյալ:

Նաիրա Զոհրաբյանը մասնավորապես նշել է, որ քննարկվող համաձայնագիրը որեւէ առնչություն չունի այն տեսակետների հետ, որոնք միտումնավոր տարածվում են: Ըստ պատգամավորի՝ համաձայնագիրը հնարավորություն կտա ավելի անվտանգ դարձնել մեր օդային տարածքը: Նա տեղեկացրել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու համաձայնագրին: Խոսրով Հարությունյանը կարեւորել է համաձայնագրի վավերացումը, նկատի ունենալով, որ այն առավել անվտանգ կդարձնի Հայաստանի օդային տարածքը՝ տալով նրան մեծ ռեսուրսներ: Պատգամավորը խոսել է հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունից՝ ընդգծելով նրանց անհրաժեշտ գործակցությունը միմյանց հետ: Զարուհի Փոստանջյանն անընդունելի է համարել նման համաձայնագրի քննարկումը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլյան հայտնի դեպքերից հետո: Տիկին Փոստանջյանը մտահոգիչ է համարել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական սպառազինության վաճառքը, խոսել տարածաշրջանային խնդիրներից: Հրանտ Բագրատյանն անդրադարձել է իր գնահատմամբ համաձայնագրի մտահոգիչ դրույթներին, խոսել Հայաստանի հակաօդային պաշտպանության սկզբնավորումից, որը տեղի է ունեցել 1993 թվականին եւ կարծիք հայտնել, որ համաձայնագրի վավերացումը կարող է աննպաստ լինել Հայաստանի շահերի տեսանկյունից: Գագիկ Մելիքյանն անդրադարձել է ընդդիմադիր գործընկերների ելույթներին՝ նշելով, որ համաձայնագիրը վերաբերում է երկրի հակաօդային պաշտպանությանը եւ դրա վավերացումը բխում է եւ Հայաստանի, եւ Ռուսաստանի շահերից: Պատգամավորը կարեւորել է համաձայնագրի անհապաղ վավերացումը: Գուրգեն Արսենյանն անհրաժեշտ է համարել քաղաքացիների հստակ իրազեկումը եւ նշել, որ համաձայնագրի վավերացումը որոշ չափով կավելացնի Հայաստանի հակաօդային պաշտպանությունը: Պարոն Արսենյանը նույնպես անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին, կարեւորել համաձայնագրի վավերացումը: Արտակ Զաքարյանի խոսքով՝ ՀՕՊ համաձայնագիրը, ռազմաքաղաքական համագործակցության օրինակ է եւ օդային տարածքում ապահովելու է հավասարակշռություն:

Կորյուն Նահապետյանի դիտարկմամբ՝ համաձայնագրով ձեւավորվելու է միասնական համակարգ, որը լուծելու է հավաքական անվտանգության մի շարք խնդիրներ, որոնք բխում են մեր երկրի շահերից:

Արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա անդրադարձել է գործընկերների ելույթներում հնչած տեսակետներին եւ նշել, որ դրանցում արտացոլվել է նաեւ նրանց մտահոգությունն ու սրտացավությունը երկրի նկատմամբ: ԱԺ փոխնախագահը բարձրացրել է հասարակության իրազեկվածության հարցը, հետաքրքրվել, թե արդյոք դա անհրաժեշտ չափով իրականացված է: Տիկին Նաղդալյանը կարեւորել է անվտանգությանը վերաբերող հարցերի քննարկումն այն չափով, որպեսզի այն դուրս չգա թույլատրելիության սահմաններից: ԱԺ փոխնախագահը կարեւորել է մասնագիտական գիտելիքներ պահանջող հարցերի քննարկման ժամանակ փորձառու մասնագետների կարծիքները, անդրադարձել որոշ գործընկերների ելույթներին եւ գնահատականներին: Նրա խոսքով՝ համաձայնագրի առկայությունը չպետք է զարմանք հարուցի, քանի որ այն կապված է անվտանգության խնդիրների հետ հետ: Զարմանալի են, ըստ ԱԺ փոխնախագահի, այն խոսակցություններն ու պատկերացումները, որոնք բարձրաձայնվում են քաղաքական որոշակի ուղղվածություն ունեցող գործընկերների կողմից: Նա նշել է, որ համաձայնագրի վավերացումը բխում է Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցությունից եւ այն տեղավորվում է մեր երկրի անվտանգության ուղեծրում: Նա նույնպես նշել է, որ Հայաստանը, վավերացնելով համաձայնագիրը, կստանա լրացուցիչ ռեսուրսներ՝ երկրի անվտանգության ապահովման գործում: Բացի այդ՝ Հայաստանը չի կորցնելու իր հնարավորությունը՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը հետագայում նույնպես:

Համաձայնագրի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել նաեւ ՀՀ ԱԺ խմբակցությունները:

«Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը յուրաքանչյուր երկրի համար առաջնային է համարել հակաօդային պաշտպանության ստեղծումը: Նա կարեւորել է Հայաստանի հակաօդային պաշտպանության հզորացումը եւ ընդգծել, որ համաձայնագրի վավերացումը կզարգացնի Հայաստանի ՀՕՊ համակարգը, բացի այդ՝ այն կլինի անվտանգության զարգացման հիմքը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձել է այն մտահոգություններին, որոնք բարձրացրել են գործընկերները,: Նա նշել է, որ միակ խնդիրը պայմանագիրը կյանքի կոչելն է: Խմբակցության ղեկավարի դիտարկմամբ՝ ՀՕՊ համաձայնագրով ընդլայնվում են մեր երկրի պաշտպանական հնարավորությունները:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ ցանկացած համաձայնագիր, որը նպաստելու է մեր երկրի անվտանգությանը, քաղաքական մեծամասնությունը հետագայում եւս քննարկելու է: Վահրամ Բաղդասարյանի համոզմամբ՝ համաձայնագրով Հայաստանը չի կորցնում իր ինքնուրույնությունը, այլ մեծացնում է հնարավորությունները, որն այսօր անհրաժեշտություն է:

Եզրափակիչ ելույթում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծումն ընձեռելու է նոր հնարավորություններ, եւ այն բխում է մեր երկրի շահերից:

Պատգամավորներն այնուհետեւ քննարկել են ՀՀ Նախագահի ներկայացրած Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված «Կոտայքի եւ Գեղարքունիքի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 5.5 մլն եվրո գումարի չափով վարկ՝ Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում կոշտ թափոնների կառավարումը բարելավելու նպատակով:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ալավերդյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ Նախագահի ներկայացրած Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2016 թվականի մարտի 22-ին եւ 2016 թվականի ապրիլի 15-ին ստորագրված «Սահմանային անցակետեր եւ ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն. Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում) ֆինանսական պայմանագրի թիվ 3 փոփոխություն» համաձայնագիրը: Ըստ Արմեն Ալավերդյանի՝ փոփոխությամբ նախատեսվում է ավելացնել պայմանագրով տրամադրված վարկի՝ 30.316 մլն եվրո գումարը 534 հազար եվրո գումարով, որն էլ կկազմի 30 մլն 850 հազար եվրո:

Այնուհետեւ «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը խորհրդարանը քննարկել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու նպատակով: ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել է առաջարկների հիման վրա կատարված հիմնական փոփոխությունները: Նշենք, որ առաջարկներ ներկայացրել են ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Արաիկ Հովհաննիսյանը:

Պարոն Հարությունյանը տեղեկացրել է, որ փոփոխությամբ պետք է հատուկ նշում արվի բոլոր այն անձանց անձնագրերի համարների կողքում, որոնց անձնագրերի համարները սարքը չի կարողացել կարդալ, եւ օպերատորը ստիպված ձեռքով է տվյալները մուտքագրել: Դրա նպատակն այն է, որ հետագայում դիտորդները, վստահված անձինք եւ ԶԼՄ-ները կարողանան առավել մեծ ուշադրություն դարձնել այդ անձանց:

Հաջորդ փոփոխությունը վերաբերում է նրան, թե ինչ գործընթացով է իրականացվելու մատնահետքի համադրումը կենսաչափական տվյալների հետ: Առաջարկվում է կրկնակի մեքենայական ստուգում. սարքն օգտագործվելու է երկու տվյալ կարդալու համար՝ փաստաթղթի համարը եւ մատնահետքը:

Կատարվել են նաեւ հստակեցման նպատակ ունեցող որոշ շտկումներ: Նախագծի՝ ուժի մեջ մտնելու ժամկետներին վերաբերող Նիկոլ Փաշինյանի առաջարկը չի ընդունվել:

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն իր ելույթում անդրադարձել է որոշ գործընկերների ելույթներում հնչած տեսակետներին:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշել է, որ կառավարության ներկայացուցչի հետ իրենք աշխատել են, բոլոր դրույթները բազմիցս քննարկվել են: Ըստ նրա՝ փաթեթը համապատասխանում է ձեռք բերված քաղաքական համաձայնությանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը նշել է, որ առանցքային հարցերի շուրջ փոխհամաձայնություն է ձեռք բերվել, եւ ինքն ընդհանուր առմամբ գոհ է ներկայացված փաստաթղթից:

Եզրափակիչ ելույթում Դավիթ Հարությունյանն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել փաթեթին:

Այնուհետեւ խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ oրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մաuին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն: Այդ համատեքստում անհրաժեշտություն է առաջացել գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես, անասնաբուծության ենթաոլորտում, իրականացնել համապատասխան օրենսդրական փոփոխություններ: Ըստ հիմնական զեկուցողի` առաջարկվող օրենսդրական կարգավորումը քաղաքացիների եւ տնտեսավարող սուբյեկտների համար առաջարկելու է տոհմանյութի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին տոհմանյութի հավաստագրման կամավոր սկզբունք եւ դրա տեսակից կախված հավաստագրման ժամկետներ. արդյունքում կնվազեցվեն այդ սուբյեկտների կողմից կատարվող ծախսերը: Նա նշել է, որ առաջարկվում է օրենքի 4-րդ հոդվածուվ ամրագրել, որ ՀՀ կառավարությունը սահմանում է տոհմանյութի հավաստագրման ժամկետները` տեսակից կախված, 3-րդ գլուխը լրացնել տոհմանյութի հավաստագրման վերաբերյալ նոր հոդվածով, որով կսահմանվի, որ ՀՀ-ում օգտագործվող տոհմանյութը հավաստագրվում է կամավոր հիմունքներով:

Արմեն Եղիազարյանն առաջին ընթերցմամբ նաեւ ներկայացրել է «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Նա նշել է, որ առաջարկվող հիմնական փոխոխությունները հնարավոր կդարձնեն կրճատել բիզնես գործընթացների ընթացքում տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող ծախսերը: Առաջարկվող փոփոխություններից հետո ծախսերը կկրճատվեն մոտ 49.4%-ով` կազմելով 3,510,715,000 ՀՀ դրամ:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են նաեւ «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ oրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Առաջարկվում է գործակալության կողմից որեւէ որոշում կայացնելուց հետո հայտատուին /դիմումատուին որոշման մասին էլեկտրոնային կապի միջոցներով ծանուցման համար սահմանել 3 աշխատաքային օր` ներկայիս 5, իսկ որոշ դեպքերում 10 աշխատանքային օրվա փոխարեն: Իսկ վկայագրի, ինչպես նաեւ վկայագրի կրկնակի հանձնման համար սահմանել 5 աշխատանքային օր` գործող մեկ ամսվա եւ 10 օրվա փոխարեն: Քաղվածքների տրամադրման համար սահմանել 3 աշխատանքային օր:

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւս քննարկվել է առաջին ընթերցմամբ: Հիմնական զեկուցող Արմեն Եղիազարյանը նշել է, որ օրինագծի ընդունման արդյունքում հայտարարությունը, գործունեության դադարեցման եւ վերսկսման դիմումները, տեղեկությունները հնարավոր կլինի հարկային մարմին ներկայացնել նաեւ Էլեկտրոնային եղանակով` հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի Էլեկտրոնային հաշվետվությունների բաժնի միջոցով: Նշենք, որ բացառապես հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակներ իրականացնողներն այլեւս չեն ներկայացնի շահութահարկի հաշվարկ: Արդյունքում կվերացվեն օրենքում առկա տեխնիկական թերություններն ու անհամապատասխանությունները:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են նաեւ «Ինկասացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենը տեղեկացրել է, որ ներկայում ինկասացիոն կազմակերպության մասնագիտացված աշխատակիցների որակավորման եւ մասնագիտական համապատասխանության վկայականը տրվում է երեք տարի ժամկետով, որից հետո էլ երկարաձգվում հինգ տարով, սակայն երկարաձգման համար անձը քննություն չի հանձնում, եւ վկայականի երկարաձգումը ձեւական բնույթ է կրում: Ուստի կառավարության ներկայացուցիչն առաջարկել է այսուհետ վկայականը տրամադրել անժամկետ:

Առաջին ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը: Գործող օրենքով սահմանված է պետական տուրք` գյուտի ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողության դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար, սակայն ԽՍՀՄ հեղինակային վկայագրեր այժմ չկան: Հիմնական զեկուցողն առաջարկել է ուժը կորցրած ճանաչել գյուտի` ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողության դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար նախատեսված պետական տուրքը:

«Գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը եւս քնարկվել է առաջին ընթերցմամբ: Գործող օրենքում հստակ սահմանված չեն գործընթացի ժամկետները եւ հնարավոր է օրենքով կարգավորվող բիզնես գործընթացների մի մասն իրականացնել ավելի կարճ ժամկետում: Հետեւաբար առաջարկվել է օրենքում հստակեցնել եւ կրճատել ժամկետները: Պարոն Եղիազարյանի խոսքով` ակնկալվում է կոնկրետ գործողությունների կատարման ժամկետները հստակեցնելու հետ մեկտեղ բարելավել նաեւ բիզնես գործունեություն ծավալելու պայմանները:

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է հստակեցնել օրենսգրքում առկա հակասությունները եւ պարզեցնել հողերի օտարման գործընթացը, մասնավորապես` կայացած համարել 1 գնորդով աճուրդը կամ մրցույթը: Առաջարկվում է կրճատել նաեւ համայնքի ղեկավարի կողմից հողերը լիազոր մարմնի հայտի ստացման պահից օգտագործման տալու չհիմնավորված ժամկետը` մեկ ամսից իջեցնելով 15 օր: Ըստ Արմեն Եղիազարյանի` առաջարկվող օրենսդրական կարգավորումը քաղաքացիների եւ գործարարների համար առաջարկելու է առավել կարգավորված եւ հստակեցված գործընթացներ, որոնց ընթացքում կպաշտպանվեն նրանց իրավունքները:

Արմեն Եղիազարյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է նաեւ «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողի խոսքով` առաջարկվում է ներդնել օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյան, ինչպես նաեւ սերտիֆիկացման մարմին` օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավատարմագրում իրականացնող միջազգային կազմակերպությունների կողմից հավատարմագրված կազմակերպություն:

Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկել են «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագիծը: Ըստ հիմնական զեկուցողի` առաջարկվում է կառավարությանը տալ ՀՀ պետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության, հետգնման եւ մարման կարգերի հաստատման, իսկ լիազոր մարմնին` պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի մասնակիցների վարքագծի գնահատման եւ ընտրության կարգի սահմանման իրավասությունները: Նախատեսվող փոփոխությունը պայմանավորված է գործող օրենքում տեղ գտած անկատարությունների վերացման անհրաժեշտությամբ, ինչի հետեւանք է հանդիսանում առայսօր պետական գանձապետական պարտատոմսերի առաջնային շուկայի ընտրության չափանիշների բացակայությունը:

ՀՀ կառավարության հեղինակած «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրել է նույնպես ներկայացրել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն»-ի տնօրեն Արմեն Եղիազարյանը: Ըստ նրա՝ առաջարկվում է սելեկցիոն նվաճման հայտի նախնական փորձաքննության ժամկետը սահմանել մեկ ամիս, սահմանել, կրճատել կամ հստակեցնել լիազոր մարմնի կողմից իր որոշումները հայտատուին հայտնելու ժամկետը եւ կարգը, սելեկցիոն նվաճումներին վերաբերող տեղեկությունները հրապարակել նաեւ լիազորված մարմնի պաշտոնական կայքում:

Արմեն Եղիազարյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է նաեւ «Փրկարար ուժերի եւ փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Տեղեկացվել է, որ լիազոր մարմնի հայտով կամավոր փրկարարների` արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում փրկարարը կազատվի աշխատանքային պարտականություններից պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար: Նշվել է, որ օրացուցային տարվա ընթացքում մինչեւ 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարները կփոխհատուցվեն պետության կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ չափով:

Ազգային ժողովը կշարունակի աշխատանքը հունիսի 30-ին:


29.06.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է խորհրդարան այցելած ուսանողների հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունիսի 29-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի հայ բանասիրության եւ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետների, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Ողջունելով ուսանողն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am