National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.6.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
28.06.2016
Խորհրդարանը շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 2

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 28-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ շարունակել են քննարկել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Փաթեթի վերաբերյալ շարունակել են տեսակետներ ներկայացնել ԱԺ պատգամավորները:

Վահրամ Մկրտչյանը, կարեւորելով Ընտրական օրենսգրքի քննարկումների արդյունքում ստորագրված համաձայնագիրը, նկատել է, որ այն կբարձրացնի հանրային վստահությունը: Ստեփան Մարգարյանի խոսքով՝ Ընտրական օրենսգիրքն ամբողջությամբ չի լուծում այն բոլոր մտահոգող խնդիրները, որոնք առկա են եղել: Ըստ նրա՝ օրենսգիրքը վիճելի դրույթներ է պարունակում: Լեւոն Մարտիրոսյանը դրական է գնահատել այն բոլոր փոփոխությունները, որոնք տեղ են գտել Ընտրական օրենսգրքում: Հովհաննես Սահակյանը մանրամասն անդրադարձել է Ընտրական օրենսգրքի շուրջ բոլոր ձեւաչափերով քննարկումներին եւ նշել, որ 4+4+4 ձեւաչափով քննարկումների արդյունքում ՀԱԿ-ի ներկայացրած հինգ առաջարկներից չորսն ընդունվել է:

Ընտրական օրենսգքրի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ՀՀ ԱԺ խմբակցությունները:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների արդյունքում ստորագրված համաձայնագիրն աննախադեպ է գնահատել: Անդրադառնալով չորս հիմնական հարցերի շուրջ ձեռքբերված համաձայնությանը՝ խմբակցության ղեկավարը նկատել է, որ գործընթացի արդյունքը տեսանելի է:

Խմբակցության ղեկավարն անդրադարձել է նաեւ քաղաքական համաձայնության արդյունքում Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները կյանքի կոչելու ֆինանսավորման խնդիրներին:

«Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի կարծիքով, Ընտրական օրենսգրքում եղած բոլոր թերություններն ու խնդիրները պահպանվել են: ՕԵԿ խմբակցության ղեկավարը պատասխանել է նաեւ պատգամավորների քննադատություններին՝ կապված ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների հետ: Հեղինե Բիշարյանը տեղեկացրել է, որ խմբակցությունը կողմ է ԸՕ-ին եւ աջակցելու է, որպեսզի այն կյանքի կոչվի: ՕԵԿ-ը կողմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքին:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշել է, որ Ընտրական օրենսգրքի հիմնական նպատակն ընտրակեղծիքների հաղթահարումն է:

Ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի՝ Ընտրական օրենսգրքի շուրջ իշխանության եւ ընդդիմության ստորագրած համաձայնագիրը կոնսենսուս չէ, այլ կոնսենսուս է ընտրական գործընթացի վերահսկման մեխանիզմների:

Անդրադառնալով ընտրական գործընթացներն իրականացնելու համար միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից տրամադրվող գումարներին՝ Լեւոն Զուրաբյանը նկատել է, որ աջակցության խնդիրը լուծվել է:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների արդյունքում ձեռքբերված համաձայնությանը, նկատել է, որ այն կնպաստի ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը: Նաիրա Զոհրաբյանը նաեւ շնորհակալություն է հայտնել այն քաղաքական ուժերին, որոնց շնորհիվ տեղի է ունեցել Ընտրական օրենսգրքի՝ չորս հիմնական հարցերի շուրջ քաղաքական համաձայնությունը: ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքին:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա անասկանալի է համարել երկարատեւ քննարկված նախագծի վերստին բուռն քննարկումը: Նա տարակուսանք է հայտնել, քանի որ ելույթ ունեցողներից շատերն անդրադարձել են բազմաթիվ այլ հարցերի, բացի Ընտրական օրենսգրքից: Նրա գնահատմամբ՝ ժողովրդավարական ընտրությունների անցկացման համար կարեւոր է քաղաքական կամք, ինչն առկա է, բացի այդ՝ պատրաստակամություն կա շարունակել փաթեթի վերաբերյալ քննարկումները: Պարոն Բաղդասարյանն անդրադարձել է նաեւ դոնոր կազմակերպություններին, 4+4+4 ձեւաչափով քննարկումներին: Նա հույս է հայտնել, որ փաթեթի շուրջ քննարկումները կշարունակվեն, կշարունակվի նաեւ քաղաքական ուժերի կոնսոլիդացիան: Նա տեղեկացրել է, որ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու փաթեթի ընդունմանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը եզրափակիչ ելույթում անդրադարձել է պատգամավորների ելույթներին ւ գնահատականներին, տվել պարզաբանումներ: Նա տեղեկացրել է, որ երկօրյա քննարկումների ընթացքում արված առաջարկներից շատերն ընդունվել են:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մարդու վեարարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Նա նշել է, որ փաթեթը բովանդակային փոփոխություններ չի կրել:

Երկրորդ ընթերցմամբ է քննարկվել նաեւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը: Նա տեղեկացրել է, որ փաթեթը լրամշակվել է, հաշվի են առնվել մի շարք առաջարկներ:

«Հայաստանի Հանրապետության ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու եւ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը քննարկվել է երրորդ ընթերցմամբ:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը: Նա անդրադարձել է հարկային վարչարարության խնդիրներին, բարձրացրել մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ եզրափակիչ ելույթում պարզաբանումներ է տվել Արծվիկ Մինասյանը:

Երկրորդ ընթերցմամբ են քննարկվել նաեւ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը, «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը՝ կից փաթեթով:

Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է ՀՀ Նախագահի կողմից ներկայացված, 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Համաձայնագրի նպատակը տարածաշրջանում հակաօդային պաշտպանության կատարելագործման համար Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծումն է: Նշված համակարգը գործելու է ՀՀ եւ ՌԴ պետական սահմանների շրջանակներում եւ այն /համակարգը/ ստեղծվելու է միայն պատերազմի ժամանակ: Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի զորքերի /ուժերի/ եւ հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի /ուժերի/ համատեղ գործողությունների համակարգումն իրականացնելու է ՌԴ զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը: Ինչ վերաբերում է Հավաքական անվտանգության առանձին շրջանի /Հայաստանի Հանրապետության տարածքի/ հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի /ուժերի/ համատեղ գործողությունների կառավարմանը, ապա այն իրականացնելու է ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը: Համաձայնագիրը կնքվել է 5 տարով: ՀՀ պաշտպանության նախարարությունը նպատակահարմար է համարել համաձայնագրի վավերացումը:

Հիմնական զեկուցողը պատասխանել է պատգամավորների հարցերին եւ մտահոգություններին, տվել պարզաբանումներ: Անդրադառնալով քաղաքացիների մտահոգություններին՝ Արա Նազարյանը նշել է, որ դրանք անհիմն են, քանի որ համաձայնագրի վավերացմամբ Հայաստանի անվտանգությանը որեւէ բան չի սպառնում, հակառակը՝ Հայաստանը կստանա հակաօդային պաշտպանության լրացուցիչ ռեսուսներ:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Համաձայնագրի վերաբերյալ արտահերթ ելույթ է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Խոսելով հայ-ռուսական հարաբերություններից՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են եւ այդ դաշնակցությունը բոլոր երեք նախագահների ժամանակ եղել է առանցքային: Ըստ նրա՝ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի մեծամասնությունը եւս այդ կարծիքին է: Անդրադառնալով փաստաթղթին՝ ԱԺ փոխնախագահն ասել է. «Հայաստանը ստեղծում է միավորված ՀՕՊ համակարգ մի երկրի հետ, որի հետ ունենք դաշնակցային, ռազմավարական խոր հարաբերություններ»: Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն արդարացված են նաեւ սպառազինությունների եւ անվտանգության համակարգի ամրապնդման ոլորտներում եւ դրանք պետք է շարունակվեն: ԱԺ փոխնախագահը նշել է, որ, ի տարբերություն Բելառուսի եւ Ղազախստանի, Հայաստանը ՌԴ-ի հետ ստեղծելու է ոչ թե միասնական, այլ միավորված ՀՕՊ համակարգ, որտեղ ՀՀ զինված ուժերի ՀՕՊ համակարգը պահպանելու է իր ինքնիշխանությունն ու ինքնուրույնությունը եւ ենթարկվելու է Հայաստանի գերագույն հրամանատարին: Նշվել է, որ ՀՀ ՀՕՊ–ը ինքնուրույն կարող է համագործակցել մյուս երկրների ՀՕՊ-երի հետ, ինչը, ըստ Էդուարդ Շարմազանովի, նշանակում է, որ ՀՀ զինված ուժերը սահմանափակված չեն լինելու հակաօդային պաշտպանության համակարգում այլ պետության հետ որեւէ համագործակցություն իրականացնելուց: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ համաձայնագրի վավերացումը բխում է Հայաստանի պետական ու ազգային շահերից, իսկ նման համակարգի ներդնումն ավելի կուժեղացնի ՀՀ-ի հակաօդային պաշտպանությունը եւ ՀՀ-ն էլ՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր պետություն, բնականաբար կօգտվի իր ողջ լիազորություններից եւ կպաշտպանի նաեւ Արցախը: ԱԺ փոխնախագահը կոչ է արել գործընկերներին կողմ քվեարկել համաձայնագրի վավերացմանը:

Փաստաթղթի վերաբերյալ ելույթ են ունեցել նաեւ ԱԺ պատգամավորները:

Թեւան Պողոսյանի կարծիքով՝ Արցախի անվտանգությունը կախված է հայության միասնությունից, այլ ոչ թե որեւէ պայմանագրից: Նա խոսել է պատերազմական իրավիճակի վերաբերյալ ընկալումների մասին եւ այս համատեքստում անդրադարձել պայմանագրով Հայաստանին՝ իր տարածքում գտնվող ցանկացած ՀՕՊ միջոց օգտագործելու հնարավորություններ ընձեռելու մասին: Խաչատուր Քոքոբելյանն իր ելույթում ՀՀ անվտանգության ուժեղացմանը միտված քայլերի շրջանակում անդրադարձել է քառօրյա պատերազմի օրերին ՀՀ ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի կրավորական կեցվածքին: Նա խոսել է նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցության խնդիրների մասին: Էդմոն Մարուքյանն անթույլատրելի է համարել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը եւ այս համատեքստում խոսել Ռուսաստանի նկատմամբ մեր քաղաքացիների շրջանում առաջացած անվստահության մթնոլորտի մասին: Նա վստահության վերականգնման համար կարեւորել է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի դադարեցումը: Վահե Էնֆիաջյանը եւս համաձայնագրին անդրադարձել է ապրիլյան դեպքերից հետո ստեղծված իրադրությամբ: Նա նշել է, որ ԲՀԿ-ում համաձայնագիրը քննարկվել է. մոտեցումը դրական է: Հայկ Բաբուխանյանի գնահատմամբ՝ Հայաստանին առաջարկվում է հսկայական ռեսուրս եւ լրացուցիչ ռազմական հնարավորություններ եւ խնդրին պետք է անդրադառնալ այս համատեքստում, այլ ոչ թե ամբոխահաճո հայտարարություններ անել: Նա նշել է, որ ոլորտի մասնագետների կարծիքով եւս այս փաստաթուղթն անհրաժեշտ է մեր ժողովրդի անվտանգության ապահովման համար: Նիկոլ Փաշինյանը խոսել է համաձայնագրի նպատակահարմարությունից եւ անդրադարձել վիճահարույց կետերին: Միքայել Մելքումյանը կարծիք է հայտնել, որ եւ Հայաստանը, եւ Ռուսաստանը շահագրգռված են այս համաձայնագրի վավերացմամբ, եւ դրա ազդակները տարբեր են: Նրա գնահատմամբ՝ երկրի անվտանգության ապահովմանն ու պաշտպանությանն առնչվող հարցերում բոլորը պետք է լինեն բանակի կողքին: Վահրամ Մկրտչյանի համոզմամբ՝ փաստաթուղթը բխում է մեր երկրի կենսական շահերից եւ ապահովում է համապատասխան ռազմական անվտանգություն ՀՕՊ տիրույթում: Անդրադառնալով հնչած որոշ ընդդիմադիր ելույթներին՝ նա ընդգծել է, որ առանց լուրջ ռազմաքաղաքական եւ տնտեսական դաշինքների, մեր պետությունը չի կարող անվտանգ եւ դինամիկ զարգացման ուղիով ընթանալ: Ռուբիկ Հակոբյանը համաձայնագրի ընդունման նպատակահարմարությանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների ու ԼՂ հիմնախնդրի համատեքստում եւ շահարկում համարել այն տեսակետը, ըստ որի՝ համաձայնագիրն Արցախի դեմ է: Ռուբիկ Հակոբյանը կողմ է համաձայնագրի վավերացմանը: Արտաշես Գեղամյանի կարծիքով էլ փաստաթուղթը վճռական նշանակություն ունի մեր երկրի անվտանգության համակարգը որակապես նոր մակարդակի բարձրացնելու առումով: Նա կարեւորել է համաձայնագրի վավերացումը:

Ազգայի ժողովը հարցի քննարկումը կշարունակի հունիսի 29-ի նիստում:


28.06.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հունիսի 28-ին հանդիպել է ԵԱՀԿ-ի ազգային փոքրամասնությունների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներ Անդրեյ Խանժինի եւ Մարկ Ֆումագալիի հետ: Հյուրերի խնդրանքով տիկին Վարդանյանն անդրադար...

28.06.2016
Հերմինե Նաղդալյանը «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարում բարձրաձայնել է ազգերի ինքնորոշման խնդրի կարեւորության մասին
Հունիսի 26-27-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի է ունեցել «Միասնական Ռուսաստան» կուսակցության 15-րդ համագումարը, որին կուսակցության հրավերով մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության պատվիրակությունը՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հերմինե Նաղդալյանի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am