National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.6.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
17.06.2016
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 10

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 17-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը` քվեարկությամբ վավերացնելով Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ», Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 12-ին ստորագրված «Էներգետիկայի ոլորտի ֆինանսական առողջացման ծրագիր», 2015 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Եվրասիական տնտեսական միության եւ դրա անդամ պետությունների` մի կողմից, եւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության` մյուս կողմից, միջեւ ազատ առեւտրի մասին» համաձայնագրերը, երկրորդ ընթերցմամբ ընդունելով՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Պատգամավորները շարունակել են քննարկել 2012 թվականի նոյեմբերի 7-ին Բաղդադում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրաքի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը:

Համաձայնագրի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:

Այնուհետեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ Նախագահի ներկայացրած 2013 թվականի մայիսի 31-ին Մինսկում ստորագրված «Ազատ առեւտրի գոտու մասին» 2011 թվականի հոկտեմբերի 18-ի պայմանագիրը դրա կողմերի եւ Ուզբեկստանի Հանրապետության միջեւ կիրառելու մասին» արձանագրությունը: Գարեգին Մելքոնյանը տեղեկացրել է, որ արձանագրությամբ հնարավորություն է ստեղծվելու Ուզբեկստանի հետ սահմանել ազատ առեւտրի ռեժիմ: Ըստ փոխնախարարի՝ Ուզբեկստանը միակ երկրին է, որի հետ մինչ այժմ չի եղել ազատ առեւտրի ռեժիմ, որը բխում է ԵՏՄ շրջանակում ազատ առեւտրի համակարգի բալանսավորումից: Գարեգին Մելքոնյանը նշել է նաեւ, որ Ուզբեկստանի հետ մեր երկրի առեւտրի տարեկան շրջանառությունը կազմում է 4 մլն դոլար :

Արձանագրությանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախարարը տեղեկացրել է, որ առաջարկվում է սուբսիդիաների, սուբվենցիաների եւ դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրականացվող գործարքներն (գործառնություններն) ազատել ավելացված արժեքի հարկից, եթե նշված ծրագրերն արժանացել են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ձեւավորված մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը լրացվել է պատգամավորների որոշ առաջարկներով:

Երկրորդ ընթերցմամբ են քննարկվել նաեւ «Հայաստանի Հանրապետության ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններմատուցող ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու եւ «Երեւան Ջուր ՓԲԸ-ին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով, «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի ներկայացմամբ պատգամավորները քննարկել են 2015 թվականի սեպտեմբերի 8-ին ստորագրված «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության հետ կապված գործողությունների համակարգման մասին» պայմանագիրը:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Հայկարամ Մխիթարյանը: Փաթեթով կարգավորվում են փրկարարական ծառայության կազմակերպման եւ անցկացման, փրկարարական աշխատանքների ղեկավարման ու իրականացման, տեղեկատվության հաղորդման կարգը, փրկարարական ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, խրախուսանքները, կարգապահական եւ նյութական պատասխանատվության ու դրանց կիրառման, ինչպես նաեւ ծառայության անցնելու հետ կապված հարցերը:

Կարգավորվում են նաեւ արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտի հանրապետական գործադիր մարմնի համակարգում կամ կառավարման ոլորտում գործող բոլոր փրկարարական ստորաբաժանումների, այդ թվում` պետական ոչ առեւտրային կազմակերպությունների եւ այլ հաստատությունների փրկարարական ստորաբաժանումների կողմից փրկարարական աշխատանքների ղեկավարման ու իրականացման, տեղեկատվության հաղորդման, լիազոր մարմնի ստորաբաժանումների հետ փրկարարական աշխատանքներ իրականացնող մասնագիտացված եւ կամավոր փրկարար ուժերի ղեկավարման հետ կապված հարցերը:

Հայկարամ Մխիթարյանի ներկայացմամբ՝ պատգամավորները քննարկել են նաեւ 2016 թվականի մարտի 18-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի կեցության պայմանների, անձեռնմխելիությունների եւ արտոնությունների մասին» համաձայնագիրը:

ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Գագիկ Թադեւոսյանը պատգամավորների քննարկմանն է առաջին ընթերցմամբ ներկայացրել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է դեսպանություններին, միջազգային կազմակերպություններին, դիվանագիտական կարգավիճակ ունեցող ներկայացուցչություններին եւ հյուպատոսական հիմնարկներին ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու ընթացակարգը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը քննարկման է ներկայացրել 2013 թվականի հունիսի 24-ին Ստրասբուրգում ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան փոփոխող 15-րդ արձանագրությունը: Արձանագրությամբ նախատեսվող փոփոխություններն ուղղված են բարձրացնելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործունեության արդյունավետությունը, հստակեցնելու կոնվենցիայի կիրառման հետ կապված սկզբունքային մոտեցումները: Առաջարկվում է դատավորների թեկնածուների առավելագույն տարիքը սահմանել 65 տարեկանից ցածր՝ հնարավորություն ընձեռելով բարձր որակավորում ունեցող դատավորներին պաշտոնավարելու լիարժեք ինը տարի:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Բեքարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Քննարկվել է 2016 թվականի հունիսի 5-ին Թեհրանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը եւ 2016 թվականի փետրվարի 29-ին Ժնեւում ստորագրված «ՀՀ եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը, որոնք ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հարակից զեկույցում կարեւորել է համաձայնագրերի վավերացումը:

2014 թվականի հուլիսի 9-ին Մոնտեվիդեոյում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության միջեւ համագործակցության մասին» շրջանակային համաձայնագիրը եւս ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Համաձայնագրի նպատակն է երկու պետությունների միջեւ ամրապնդել եւ առավել զարգացնել համագործակցային հարաբերությունները, ինչպես նաեւ խթանել համագործակցությունը երկու պետություններին հետաքրքրող բնագավառներում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը համաձայնագրի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն. այս մասին բարձրաձայնել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Ալեքսանդր Արզումանյանը:

Խորհրդարանը նաեւ քննարկել է 2005 թվականի մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված «Ահաբեկչության կանխարգելման մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (կից առարկությամբ): ՀՀ կառավարությանն առընթեր անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը նշել է, որ կոնվենցիայի նպատակն է մասնակից պետությունների ջանքերն ուղղորդել ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպմանը:

Հարակից զեկույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը խորհրդարանին է փոխանցել հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Այնուհետեւ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախա•իծը: Նշվել է, որ օրենքով պետական պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձի չափը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը: Նախատեսվող կարգավորումը վերաբերում է նաեւ դատավորներին տրվող հավելավճարների չափին: Օրենսդրական փոփոխությունների արդյունքում նոր նշանակվող դատավորներին դասային աստիճաններ չեն շնորհվելու, ուստի դասային աստիճանի համար նրանք չեն կարող հավելավճարներ ստանալ: Իսկ այն դատավորները, ովքեր դասային աստիճաններ են ստացել, հավելավճարներ չեն ստանա, քանի որ դատավորին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը կգերազանցի հիմնական աշխատավարձի 30 տոկոսը:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի նպատակն է օրենքով թույլատրվող հղիության արհեստական ընդհատման գործընթացում սահմանված պահանջների խախտման դեպքերի համար սահմանել վարչական պատասխանատվություն:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Սուքիաս Ավետիսյանը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ փոխոստիկանապետի՝ օրենքների նախագծերի ընդունման արդյունքում իրավակարգավորում կտրվի գործող նախագծերով չկարգավորվող իրավահարաբերություններին. կլրացվեն օրենքի բացերը, նվազագույնի կհասցվեն իրավակիրառ պրակտիկայում հայեցողական լիազորությունների չարաշահման եւ քաղաքացիների իրավունքների անհիմն սահմանափակման ռիսկերը:

Փաթեթի ընդունումը, ըստ նրա, կնպաստի քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանը, քանի որ նախատեսվող նորմերի օրենսդրական ամրագրմամբ կհստակեցվի, առավել կորոշակիացվի իրավակիրառ պրակտիկան, ինչն էլ կնպաստի վարչարարության արդյունավետության բարձրացմանը եւ իրավանորմերի միատեսակ կիրառմանը:

Այնուհետեւ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանն առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Փաթեթով նախատեսված է թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտը կանոնակարգող` Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերի համակարգային վերլուծության իրականացում եւ անհրաժեշտության դեպքում դրանցում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը` ՄԱԿ-ի կոնվենցիաների եւ միջազգային փաստաթղթերի դրույթներին համապատասխան:

Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ վավերացրել եւ ընդունել է արտահերթ նստաշրջանում քննարկված պայմանագրերն ու օրենսդրական նախաձեռնությունները:

Սպառելով օրակարգը` Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը:


17.06.2016
Գալուստ Սահակյանը մասնակցել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 17-ին մասնակցել է ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի օրակարգում ընդգրկված է եղել ՀՊՄՀ-ի ռեկտորի ընտրության հարցը: Բուհի ռեկտորի պաշտոնում առաջադրվել է միա...

17.06.2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպել են բելգիացի պատվիրակի հետ
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, պատվիրակության անդամներ Արմեն Ռուստամյանը եւ Նաիրա Կարապետյանը հունիսի 17-ին հանդիպել են Բելգիայի Սենատի անդամ, ԵԽԽՎ-ում բելգիական պատվիրակության անդամ Պիտ դե Բրայանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հ...

17.06.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հունիսի 17-ին ընդունել է Բելգիայի Սենատի պատգամավոր Պիտ դե Բրայանին, ով Հայաստան այցից հետո լինելու է նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի ղեկավար ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am