National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.05.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Էկվադորի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Ռոսանա Ալվարադոյի գլխավորած պատվիրակությանը
1 / 4

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 27-ին ընդունել է Էկվադորի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի առաջին տեղակալ Ռոսանա Ալվարադոյին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներ, Էկվադորի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիա Աուգուստա Կալյե Անդրադեին, Ֆրանսիսկո Վելասկո Անդրադեին, Խուան Էդուարդո Մենեսես Դելգադոյին եւ Մեհմետ Դոգանին: Էդուարդ Շարմազանովը ցավակցություն է հայտնել պատվիրակության անդամներին Էկվադորի ժողովրդին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ եւ խնդրել իր եւ ՀՀ ԱԺ-ի զորակցությունը հայտնել Էկվադորի ժողովրդին:

Ողջունելով հյուրերի առաջին այցը Հայաստան՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է Հայաստանի եւ Էկվադորի միջեւ կապերի ամրապնդումն ու տարբեր ոլորտներում համագործակցության խթանումը, այդ համատեքստում առանձնապես կարեւորել միջխորհրդարանական հարաբերությունների սերտացումը: Երկուստեք անհրաժեշտ է համարվել երկու խորհրդարաններում ձեւավորել պատգամավորական բարեկամական խմբեր: Այս համատեքստում ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանն արդյունավետ համագործակցում է Լատինական Ամերիկայի մի շարք երկրների հետ եւ հույս է հայտնել, որ տիկին Ալվարադոյի ղեկավարած պատվիրակության այցը նպաստավոր կլինի նաեւ հայ-էկվադորական համագործակցության ընդլայնման համար:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երախտագիտություն է հայտնել հյուրերին՝ նախապես Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելելու համար: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին՝ Էդուարդ Շարմազանովը կարեւորել է ցեղասպանությունների միջազգային դատապարտումը, ինչը, նրա գնահատմամբ՝ կարեւոր նախապայման է նման ծանրագույն ոճրագործությունների կրկնության կանխարգելման համար:

ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաեւ տարածաշրջանային անվտանգության հարցերին եւ այս համատեքստում խոսել ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական իրադարձություններից՝ ներկայացնելով ադրբեջանական զինուժի կողմից հայ զինվորականների եւ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացված վայրագություններն ու խոշտանգումները, որոնք հիշեցնում են մարդկության համար այսօր չարիք դարձած ԴԱԻՇ-ի կամ ժամանակին՝ Օսմանյան Թուրքիայի ձեռագիրը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Ադրբեջանին իր գործողություններում ակնհայտ աջակցություն է ցուցաբերել Թուրքիան, որը ոչ միայն հերքում է ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանությունը եւ չի ցանկանում առերեսվել իր պատմության հետ, այլեւ այսօր էլ շրջափակման մեջ է պահում Հայաստանը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը խնդրի լուծումը տեսնում են բացառապես խաղաղ ճանապարհով, ի տարբերություն Ադրբեջանի, որը մշտապես հանդես է գալիս ռազմատենչ հռետորաբանությամբ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այս համատեքստում դրվատանքով է խոսել Չիլիի խորհրդարանի մասին, որն օրեր առաջ դատապարտել է Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի նկատմամբ: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ Էկվադորի խորհրդարանը նույնպես խնդրի վերաբերյալ կարտահայտի իր վերաբերմունքն ու հստակ գնահատականը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ պատվիրակության ղեկավար Ռոսանա Ալվարադոն իր եւ պատվիրակության անունից նշել է, որ խիստ տպավորված են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցից եւ որեւէ մեկը չի կարող անտարբեր մնալ տեսածի նկատմամբ: Ռոսանա Ալվարադոն կարեւորել է ցեղասպանությունների դատապարտումն ու անընդունելի համարել հատկապես ժխտողական քաղաքականությունը: Տիկին Ալվարադոն, ինչպես նաեւ Էկվադորի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիա Աուգուստա Կալյե Անդրադեն իրենց խոսքում կարեւորել են ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը՝ այն համարելով կարեւորագույն սկզբունք նաեւ Էկվադորի համար: Նա տեղեկացրել է, որ իրենք, որպես խորհրդարանականներ, կարտահայտեն իրենց դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am