National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.4.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30
 
07.04.2016
Ազգային ժողովն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 10

Ապրիլի 7-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է աշխատանքը՝ քվեարկությամբ ընդունելով նախորդ օրը քննարկված օրինագծերը: Վավերացվել է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը:

Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ կանանց եւ աղջիկներին շնորհավորանքներ են հղել ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանովը եւ Հերմինե Նաղդալյանը: Էդուարդ Շարմազանովը, Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնի առթիվ առանձնահատուկ շնորհավորելով հայ մայրերին, երախտիքի խոսքեր է հղել նրանց եւ նշել, որ ինչպես ցույց են տվել շփման գծում վերջին զարգացումները՝ որդիներով է պետք ճանաչել մայրերին. մայրերին, ովքեր առյուծածին են եւ հայրենապաշտ, ովքեր կարողացել են դաստիարակել հերոս որդիներ: ԱԺ փոխնախագահը մասնավորապես նշել է. «Ցանկանում եմ բոլորիս անունից խոնարհվել եւ շնորհակալություն հայտնել հայ մայրերին, ովքեր մեզ տվել են նման հերոս որդիներ»:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, շնորհավորելով տոնի առթիվ, նշել է. «Այսօր մեր առաջին մաղթանքը մեկն է՝ խաղաղություն, որը մենք ոչ թե փնտրում ենք, այլ պարտադրում, եւ այդ իրավունքը մեզ տվել է մեր բանակը: Ու, բնականաբար, նվիրվածության ու սիրո բոլոր խոսքերը նույն հասցեատերն ունեն. ուզում եմ կին, նաեւ տղամարդ պատգամավորների անունից մեծարման եւ սիրո խոսք ասել՝ ուղղված մեր հերոս զինվորների մայրերին, քույրերին, զինվորների կանանց, սիրած աղջիկներին: Սիրելիներս, մենք խոնարհվում ենք յուրաքանչյուրիդ առաջ, մեծարում ձեզ եւ աղոթում մեր բոլոր զինվորների համար, աղոթում, որ մեր երկրում եւ աշխարհում լինի խաղաղություն եւ այդ խաղաղությունը վերջնական լինի: Մայրությունը լինի երջանիկ մայրություն եւ որդիները տուն վերադառնան»:

Խորհրդարանն այնուհետեւ քննարկել է 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների առաջացման եւ կարգավորման /վերացման/ ժամանակ օգնության ցուցաբերման հարցում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ եւ այլ գերատեսչությունների՝ փոխգործակցության կազմակերպման կանոնակարգի հաստատման մասին» արձանագրությունը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը, ով տեղեկացրել է, որ արձանագրության նպատակը ԱՊՀ արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակների կարգավորման /վերացման/ ժամանակ իրադրության կանխատեսման ընթացքում ԱՊՀ սահմանապահ եւ այլ գերատեսչությունների գործողությունների համակարգման, համատեղ միջոցառումների իրականացման ապահովումն է, ինչը բխում է 1996 թվականի մայիսի 17-ի «ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմաններում ճգնաժամային իրավիճակի առաջացման դեպքում սահմանապահ զորքերի համագործակցության մասին» համաձայնագրի հետագա իրականացման պահանջներից:

Համաձայնագրի վերաբերյալ պատգամավորները հարցեր են ուղղել հիմնական զեկուցողին, որոնք հիմնականում վերաբերել են տեղեկատվական օժանդակություն ստանալուն, ներկա իրավիճակում համաձայնագրի վավերացման նպատակահարմարությանն ու հրատապությանը, արձանագրության փոփոխությանը, փաստաթուղթն ստորագրած երկրներին, նրանց պարտավորություններին, ճգնաժամային իրավիճակ հասկացությանը եւ այլն:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը քննարկվել է հանձնաժողովում եւ ստացել դրական եզրակացություն: Ըստ նրա՝ այսօր այս համաձայնագիրը կարող է դրական ազդեցության ունենալ Հայաստանի համար, ուստի նա գործընկերներին առաջարկել է կողմ քվեարկել փաստաթղթին:

Խորհրդարանը քննարկել է նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ 2014 թվականի նոյեմբերի 20-ին Աշգաբադում ստորագրված «Բելառուսի Հանրապետությունում Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ ներկայացուցչության հիմնման, արտոնությունների եւ իմունիտետների մասին» համաձայնագիրը, որը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Համաձայնագրով Բելառուսի Հանրապետությունը համաձայնում է, որ իր տարածքում հիմնվի ԱՊՀ կանոնադրական եւ այլ մարմիններում ՀՀ ներկայացուցչություն: Սահմանվում են հիմնման եւ գործունեության պայմանները:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել 2013 թվականի հուլիսի 30-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, որի վավերացման պարագայում կողմերը կհամագործակցեն գաղտնի տեղեկատվության պաշտպանության ոլորտում՝ իրենց պետությունների ազգային օրենքներին եւ կանոնակարգերին համապատասխան:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի հոկտեմբերի 16-ին Երեւանում ստորագրված «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը:

Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 40 մլն դրամ ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի ֆինանսավորման համար: Վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից արտոնյալ ժամկետը՝ 10 տարի, տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով: Արամ Հարությունյանի խոսքով՝ ծրագրի նպատակը Հայաստանի տարածքում ոռոգման համակարգերի արդիականացումն է, ոռոգման համակարգերի արդյունավետության, ոռոգվող հողերի մակերեսի եւ ջրօգտագործողների միավորումների տեխնիկական հագեցվածության բարձրացումը:

Հարակից զեկույցում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունն է ներկայացրել հանձնաժողովի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը:

Համաձայնագրի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները: Լեւոն Դոխոլյանը, Միքայել Մելքումյանը, Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը եւ Վահե Էնֆիաջյանը: Չժխտելով մեր երկրի զարգացման հարցում գյուղատնտեսության ունեցած ռազմավարական նշանակությունը եւ ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի դերը՝ պատգամավորներն անդրադարձել են արտաքին պարտքեր կուտակելու նպատակահարմարությանն ու վտանգներին, վարկային միջոցների արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաեւ ոռոգման համակարգի խնդիրներին: Իր ելույթում Հեղինե Բիշարյանը տեղեկացրել է, որ ՕԵԿ խմբակցությունն օրենսդրական առաջարկի հարցում ձեռնպահ է քվեարկելու:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Արամ Մանուկյանը: Անդրադառնալով վարկերի արդյունավետությանը՝ նա նշել է, որ վարկային միջոցները մեր երկրում կամ ճիշտ չեն օգտագործվում կամ կոռուպցիայի աղբյուր են հանդիսանում եւ առաջարկել է ռազմավարական նշանակության վարկերից բացի այլ վարկեր այլեւս չվերցնել:

Եզրափակիչ ելույթում Արամ Հարությունյանն անդրադարձել է պատգամավորների առաջարկներին եւ ներկայացրել իր դիտարկումները:

Այնուհետեւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆելիքս Բաշոյանը ներկայացրել է «2012 թ. մայիսի 30-ին Աշգաբադում ստորագրված «Երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի եւ երկրի հեռահար խորաչափման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների փոխգործակցության մասին» 1992 թ. հոկտեմբերի 9-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը, որով որոշակի փոփոխությունների են ենթարկվում երկրաբաշխության, քարտեզագրության, կադաստրի եւ երկրի հեռահար խորաչափման միջպետական խորհրդի կառուցվածքը, կազմը, գործառույթները, խորհրդի անդամների իրավունքները եւ պարտականությունները սահմանող դրույթները:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Երկրորդ ընթերցումով եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է կառավարության հեղինակած «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը խորհրդարանին փոխանցել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Այնուհետեւ Վախթանգ Միրումյանն առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցության շրջանակում հարկային եւ մաքսային առանձին հարաբերություններ կարգավորող եւ գործող իրավական ակտերում փոփոխությունների կատարման անհրաժեշտությամբ: Պարոն Միրումյանը նշել է, որ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ՀՀ ներքին սպառման համար ներմուծվող եւ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկվում է այդ ապրանքների մաքսային արժեքի հիման վրա եւ պետական բյուջե է վճարվում ներմուծելիս` ՀՀ կառավարության սահմանած կարգով, ինչպես նաեւ վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացնելով համապատասխան մաքսային մարմնին: Փաթեթով առաջարկվել է նաեւ, որ ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից ՀՀ ներմուծվող եւ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկի ներմուծողը` արտացոլելով այն ներմուծման հարկային հայտարարագրում, որոնք պետական բյուջե են վճարվում մինչեւ այդ ապրանքները ներմուծելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում կկարգավորվեն ԵԱՏՄ անդամ պետություններից ՀՀ ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար բնապահպանական վճարի հաշվարկման եւ վճարման հարցերը:

Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշել է, որ օրենսդրության համապատասխանեցման խնդիր է լուծվում եւ առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել:

Առաջին ընթերցման ընթացակարգով Վախթանգ Միրումյանը քննարկման է ներկայացրել նաեւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման արդյունքում ակնկալվում է բնապահպանական եւ բնօգտագործման վճար վճարողներին հնարավորություն ընձեռել համապատասխան հաշվարկ-հաշվետվությունները ներկայացնել նաեւ էլեկտրոնային եղանակով:

Հարակից զեկույցում Միքայել Մելքումյանն ընդգծել է, որ օրենքի նախագիծը միտված է վարչարարության կատարելագործմանը եւ տնտեսվարողների համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ քառօրյա նիստերում:

Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը:


07.04.2016
ԱԺ պատգամավորների գործուղումներ
«Եվրասիական տնտեսական հեռանկար» միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար ապրիլի 7-9-ը Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն) կգործուղվի ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը: ...

07.04.2016
Ազգային ժողով են այցելել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները
Ապրիլի 7-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակում Ազգային ժողով են այցելել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները, ովքեր ներկա են գտնվել ԱԺ նիստին եւ հետեւել խորհրդարանի օրինաստեղծ գործունեությանը: Ապագա լրագրողների հետ հանդիպել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքու...

07.04.2016
«Պառլամենտական սերունդ» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ Ազգային ժողովին իրենց ուղերձը միջազգային հանրությանը փոխանցելու խնդրանքով
«Պառլամենտական սերունդ» հասարակական կազմակերպությունը զորակցություն է հայտնում Արցախի գործընկերներին եւ ժողովրդին: Արդեն երեք օր շարունակ Ադրբեջանը սանձազերծել է ռազմական արկածախնդիր արշավ՝ չխորշելով խաղաղ բնակավայրերի ռմբակոծություններից, դպրոցների թիրախավորված կրակահերթերից եւ զոհերի մարմինների հր...

07.04.2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Նարիշկինի հետ
ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 7-ին հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ, ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: Կողմերը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ...

07.04.2016
Հանդիպում ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը ապրիլի 6-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի «Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի Խորհրդատվական կոմիտեի անդամների հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայ...

07.04.2016
Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ մայրեր, շնորհավորում եմ ձեզ Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Այսօր ոչ միայն տոնական, այլեւ խոնարհումի եւս մեկ օր է ընտանիքի, ազգի ու հայրենիքի հանդեպ ձեր անշահախնդիր սիրուն եւ նվիրումին, որոնց շնորհիվ ընտանիքը դառնում է տուն...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am