National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.3.2016

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
23.03.2016
Միջազգային սեմինար՝ նվիրված կիբերանվտանգության ոլորտի խնդիրների քննարկմանը
1 / 5

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ մարտի 23-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպվել էր միջազգային սեմինար «Կիբերանվտանգության ոլորտի զարգացումը Հայաստանի Հանրապետությունում. հատվածային կարգավորումներից դեպի ռազմավարություն» թեմայով: Սեմինարին հրավիրված էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, հեռահաղորդակցական ընկերությունների, ՓՄՁ-ների, գիտահետազոտական հաստատությունների եւ բուհերի, հասարակական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մինչ սեմինարի մեկնարկը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են երեկ Բրյուսելում տեղի ունեցած ահասարսուռ ահաբեկչությունների պատճառով զոհվածների հիշատակը:

Ողջունելով սեմինարի մասնակիցներին՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին եւ ԵԱՀԿ երեանյան գրասենյակին՝ միջոցառմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար: Նա նշել է, որ սեմինարը կիբերանվտանգության ոլորտի մի շարք ուղղություններով միջազգային եւ ներպետական փորձը համադրելու, անվտանգության այդ բաղադրիչի առաջնային հարցերի վերաբերյալ համատեղ քննարկում կազմակերպելու եւ հնարավոր լուծումներ ուրվագծելու նպատակ ունի: Կորյուն Նահապետյանը նշել է, որ հանձնաժողովը նախկինում եւս ոլորտի խնդիրները քննարկման առարկա է դարձրել, կիբերանվտանգության ոլորտում օրենսդրության կատարելագործման նպատակով ստեղծել է աշխատանքային խումբ: Հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել, որ կիբերանվտանգության ոլորտը մեր պետության անվտանգության համակարգի ամրապնդման տեսանկյունից առանձնակի կարեւորություն ունի եւ հավելել, որ որքան արագ զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, նույնքան արագ աճում են մարտահրավերներն ու սպառնալիքները: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովման, անձնական տվյալների եւ տեղեկատվության հուսալի պաշտպանության, ոլորտի ռիսկերի կանխարգելման գործնական մեխանիզմների մշակման ուղղությամբ: Գնահատելով ոլորտում իրականացվող աշխատանքը՝ պարոն Նահապետյանը կարծիք է հայտնել, որ կիբերանվտանգության ոլորտի միջոցառումները մեզանում կրում են հատվածական բնույթ, ուստի պետական մակարդակով միասնական ռազմավարական մոտեցման անհրաժեշտություն կա:

Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը ողջույնի խոսքում կարեւորել է սեմինարի կազմակերպումը եւ ընդգծել երկրների միասնական պայքարը կիբերհանցագործություն սպառնալիքի դեմ:

Բացման խոսքում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Բեռնհարդ Ֆրանկլն ընդգծել է, որ նման միջոցառման կազմակերպումը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները կարեւորում են ոլորտի խնդիրների բարձրաձայնումը: Նրա խոսքով՝ կիբերհանցագործությունները սպառնալիք են պետությունների զարգացման համար եւ գործուն քայլեր են անհրաժեշտ դիմակայելու այդ չարիքի դեմ: Նա տեղեկացրել է, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը 2005 թվականից կիբերհանցագործությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցում է ՀՀ ոստիկանության հետ եւ պատրաստ է այսուհետ եւս աջակցել ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում: Այս համատեքստում նա առանձնակի կարեւորել է ԱԺ մշտական հանձնաժողովի դերը:

«Կիբերանվտանգության հիմնախնդիրները եւ ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայի շրջանակում ելույթ են ունեցել Շվեյցարիայի պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության եւ սպորտի նախարարության Մելանի գործառնական եւ տեղեկատվական կենտրոնի ղեկավար Մարկ Հենաուերը եւ Միացյալ Թագավորության ներքին գործերի գերատեսչության կիբերհանցավորության քաղաքականության ստորաբաժանման ղեկավար Ֆայզա Թայաբ Ջոունսը: Նրանք խոսել են կիբերանվտանգության սպառնալիքների եւ կիբերհանցավորության վերաբերյալ, կիբերռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերից, մեկնաբանել կիբերհասկացությունները, ներկայացրել կիբերհանցագործությունների դեմ պայքարում իրենց երկրների ռազմավարությունը, փորձն ու մարտահրավերները: Անդրադարձ է կատարվել նաեւ կիբերհանցագործությունների վիճակագրական տվյալներին, տեղեկատվական համակարգչային տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված հանցագործություններին, հեռահաղորդակցության միջոցներով պատշաճ ու անվտանգ աշխատելու վերաբերյալ հասարակությանն իրազեկելու անհրաժեշտությանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել է մեր երկրում կիբերանվտանգության հիմնախնդիրներին եւ հանրության իրազեկվածությանը: Նա ընդգծել է, որ Հայաստանն այս ոլորտում ունի իր առանձնահատկությունները: Փորձագետն իր մտահոգությունն է հայտնել անձնական տվյալների արտահոսքի, անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հանրության իրազեկվածության պակասի, կրթական համակարգում ծրագրերի թարմացման հետ կապված: Պարոն Մարտիրոսյանն այս համատեքստում կարեւորել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության գործունեությունը, որը Հայաստանում ստեղծվել է 2015 թվականին:

Մեր երկրում կիբերանվտանգության ոլորտի համակարգային եւ ինստիտուցիոնալ հիմնախնդիրների վերաբերյալ ելույթ է ունեցել ՀՀ ազգային անվտանգության ծառայության բաժնի պետի տեղակալ Արսեն Գաբրիելյանը: Նա նշել է, որ թեպետ մեր երկրում իրականացվում են նպատակաուղղված միջոցառումներ տվյալների եւ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանության ուղղությամբ, այդուհանդերձ դրանք դեռեւս կրում են տեղային եւ մասնակի բնույթ, չեն լուծում ոլորտի բոլոր խնդիրները: Հայաստանում դեռեւս ընդունված չէ կիբերանվտանգության ապահովման ուղղությամբ միասնական քաղաքականություն, իսկ օրենսդրությամբ սահմանված նորմերը չեն ներառում կարգավորման ենթակա հասարակական հարաբերությունների ողջ շրջանակը:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման, զարգացման եւ վիճակագրության վարչության նախագծերի իրականացման բաժնի մասնագետը ներկայացրել է ինտերնետային բանկային ծառայության եւ ՀՀ գնումների համակարգի անվտանգության ապահովման ոլորտում առկա խնդիրներն ու սպառնալիքների նվազեցման մեխանիզմները:

Սեմինարի երկրորդ մասում քննարկվել են կիբերանվտանգության ոլորտում ռազմավարությանը եւ իրավական շրջանակի մշակմանը վերաբերող խնդիրներ: Թեմայի շրջանակում ելույթ են ունեցել Մարկ Հենաուերը եւ Ֆայզա Թայաբ Ջոունսը: Պարոն Հենաուերը ներկայացրել է մի շարք երկրներում կիբերանվտանգության ներդրման փորձերը, իսկ տիկին Ջոունսն անդրադարձել է ազգային առանձնահատկությունների վրա հիմնված ռազմավարության մշակման խնդիրներին:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը խոսել է ՀՀ-ում կիբերանվտանգության ռազմավարության մշակման հիմնադրույթների վերաբերյալ: Նրա գնահատմամբ՝ ՏՏ ոլորտում ճիշտ քարոզչության իրականացման եւ հստակ տեղեկատվության ներկայացման խնդիր կա: Նա անդրադարձել է կրթության ոլորտում համապատասխան մասնագետների պատրաստման եւ վերապատրաստման խնդրին, կարեւորել կրթական համակարգի մոտարկումը տեղեկատվական համակարգին եւ կիբերանվտանգությանը, վերլուծական եւ կրթական կենտրոնների ստեղծումը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այս հարցում համագործակցում է վերազգային կազմակերպությունների հետ: Պարոն Տարասյանի համոզմամբ՝ ռազմավարության մշակման հարցում համակարգված մոտեցում է անհրաժեշտ:

ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կիբերանվտանգության բաժնի ղեկավար Արման Գրիգորյանը ներկայացրել է կիբերանվտանգության ռազմավարության մշակման հարցում ինստիտուտի իրականացրած աշխատանքները եւ հետազոտությունները, իսկ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման եւ իրավական վերլուծությունների վարչության պետ Բագրատ Ղազինյանն անդրադարձել է առկա իրավակարգավորումները ռազմավարության հետ համաձայնեցնելու խնդիրներին եւ նոր օրենսդրական մեխանիզմների մշակման գործընթացին:

Սեմինարի երրորդ մասում քննարկվել են կիբերանվտանգության ոլորտում կառավարման եւ համակարգման հիմնախնդիրները, որոնց վերաբերյալ եւս ելույթ են ունեցել միջազգային փորձագետներ Մարկ Հենաուերը եւ Ֆայզա Թայաբ Ջոունսը: Զեկուցողներն անդրադարձել են կիբերճգնաժամին եւ դրա դեմ արձագանքման պետական արդյունավետ մեխանիզմներին, կիբերանվտանգության գործողությունները համակարգող մարմնի ստեղծման անհրաժեշտությանը, կիբերսպառնալիքների նվազեցման հարցում պետության բոլոր օղակների համագործակցված աշխատանքի կարեւորությանը եւ այդ շրջանակում ներկայացրել Անգլիայի ու Շվեյցարիայի փորձը:

Այնուհետեւ Հայաստանում կիբերանվտանգության ոլորտի կառավարման եւ համակարգման խնդիրներն է ներկայացրել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական Արթուր Թունյանը:

Հարցուպատասխանի ձեւաչափում միջազգային փորձագետները եւ զեկուցողները մտքեր են փոխանակել տեղեկատվության անվտանգության, բանկային եւ տեղեկատվական բազաների վրա հաքերային հարձակումների դեմ պայքարի, անձնական տվյալների պաշտպանության, կիբերանվտանգության չափորոշիչների մշակման, կիբերանվտանգության ռազմավարության մեթոդաբանության եւ ռիսկերի ու ոլորտի այլ հիմնախնդիրների վերաբերյալ:

Ամփոփելով սեմինարի արդյունքները եւ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն արդյունավետ է համարել սեմինարի անցկացումը կիբերանվտանգության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները բարձրաձայնելու տեսանկյունից: Ընդգծելով, որ կիբերանվտանգության ոլորտը մեր ազգային անվտանգության կարեւորագույն բաղկացուցիչն է եւ գերակայություն է կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության ապահովման տեսանկյունից՝ պարոն Նահապետյանը նշել է, որ ոլորտում լուծման կարիք ունեցող բազմաթիվ խնդիրներ կան: Նա եւս մեկ անգամ փաստել է, որ մեր երկիրն այս բնագավառում միասնական ազգային ռազմավարության կարիք ունի: Նա կարեւորել է կրթական արդյունավետ համակարգի ձեւավորումը, անդրադարձել իրավական հստակեցման անհրաժեշտություն ունեցող որոշ խնդիրների: Կորյուն Նահապետյանը նշել է, որ նման քննարկումները շարունակական են լինելու:


23.03.2016
Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Գեղամ Գրիգորյանի մահվան կապակցությամբ
ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի անժամանակ մահվան մասին: Գեղամ Գրիգորյանը հայ ու համաշխարհային օպերային արվեստի իսկապես փայլուն դ...

23.03.2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Լեհաստանի դեսպանին
Մարտի 23-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն: Ողջունելով դեսպանին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հայ-լեհական հարաբերություննները զարգանում են բնականոն հունով եւ դեռ խորացման ներուժ ...

23.03.2016
«Հայ-իտալական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները» թեմայով քննարկում
ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խումբը ՀՀ-ում նշանակալի ներդրում ունեցող իտալական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ մարտի 25-ին՝ ժամը 12:00-ին, Ավշարի գինու գործարանում կազմակերպում է «Հայ-իտալական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարները» թեմայով քննարկում: Միջոցառումը ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am