National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.10.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
08.10.2015
Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 3

Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Պատգամավորները ողջունել են ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան այցելած Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին եւ դասախոսներին:

Խորհրդարանը շարունակել է քննարկել Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թ. գործունեության մասին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը:

Հաղորդման վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Ռուզաննա Մուրադյանը, Զարուհի Փոստանջյանը, Հովհաննես Մարգարյանը, Արամ Մանուկյանը, Լեռնիկ Ալեքսանյանը եւ Արտակ Դավթյանը: Ելույթներում անդրադարձ է կատարվել Հանրային հեռուստառադիոընկերության մշակութային, ուսումնական ծրագրերին եւ բովանդակությանը, դրական է գնահատվել կրթական, դաստիարակչական հաղորդումների ավելացումը, կարեւորվել է հեռուստաընկերության դերը անհատի դաստիարակության եւ ձեւավորման հարցում, բարձր է գնահատվել հայրենական ֆիլմեր ցուցադրելու մոտեցումը, անհրաժեշտ է համարվել միջազգային հարթակներում աշխատող պատգամավորների ելույթները լուսաբանելու համար լրացուցիչ ռեսուրսների հատկացումը: Նշվել է նաեւ, որ Հանրային հեռուստառադիոընկերությունն առանցքային դերակատարում ունի հասարակական կյանքի զարգացման գործում: Նաեւ կարծիք է հնչել, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը չի տրամադրում անաչառ, սպառիչ եւ հավաստի տեղեկություններ: Առաջարկ է հնչել միջոցներ հատկացնել արխիվային նյութերի թվայնացման համար:

Արտահերթ ելույթով հանդես է եկել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա՝ յուրաքանչյուր ոք ցանկանում է, որ հեռուստառադիոընկերությունը, ռադիոն եւ հեռուստաընկերությունը հնարավորինս ամբողջական ներկայացնեն հանրության պատկերը: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ բոլոր ուղղություններով Հանրային ռադիոընկերությունը արձանագրել է առաջընթաց: Բարձր գնահատելով Հանրային ռադիոյի աշխատանքները՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ թե մշակութային, թե կրթական, եւ թե լրատվական ծրագրերը բավականին բաց են, հրապարակային են, բազմաբովանդակ եւ ապահովում են բազմակարծություն:

Անդրադառնալով որոշ պատգամավորների այն տեսակետներին, թե Հանրային հեռուստառադիոընկերության լրատվական հաղորդումները չեն ապահովում բազմակարծություն, ԱԺ փոխնախագահը վստահեցրել է, որ այդ ամենը սուբյեկտիվ ընկալման հարց է եւ, իր կարծիքով, Հ1-ը կարողանում է այդ բազմակարծությունն ապահովել:

Խոսելով մշակութային, հոգեւոր եւ կրթական հաղորդումներից՝ Էդուարդ Շարմազանովը կարծիք է հայտնել, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը պետք է իրականացնի նաեւ կրթական գործառույթ: ԱԺ փոխնախագահը որակի առումով ընդգծել է «Հայ ասպետ», «Արվեստանոց», «Հայադարան» հաղորդումները եւ հորդորել է այդ հաղորդումները ցուցադրել շատ ավելի դիտելի ժամերի:

Կարեւորելով հոգեւոր, եկեղեցական ծրագրերի ցուցադրումը՝ Էդուարդ Շարմազանովն առաջարկել է Մայր Աթոռի օժանդակությամբ հաջորդ տարվանից Հանրային հեռուստառադիոընկերությամբ ցուցադրել Հայ Առաքելական եկեղեցու պատմության մասին հաղորդում:

Էդուարդ Շարմազանովը համաձայնել է Նաիրա Զոհրաբյանի տեսակետի հետ եւ որպես ԱԺ փոխնախագահ՝ առաջարկել է 2016 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ քննարկել եւ առաջարկներ գտնել, որպեսզի Հանրային հեռուստառադիոընկերությունը կարողանա կարեւորագույն միջազգային խորհդաժողովներում եւ միջազգային ֆորումներում տրամադրել օպերատոր եւ լրագրող՝ խորհրդարանի ներկայացուցիչների խոսքը լսելի դարձնելու համար ոչ միայն արտասահմանում, այլ նաեւ Հայաստանում:

Հաղորդման վերաբերյալ տեսակետներ են ներկայացրել նաեւ ԱԺ խմբակցությունները:

ՕԵԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Նա խոսել է այն մասին, թե ինչպիսին պետք է լինի Հանրային հեռուստառադիոընկերությունը: Հեղինե Բիշարյանը նշել է, որ Հանրայինի ծրագրերը պետք է դասակարգվեն: Նա անհրաժեշտ է համարել Հանրային հեռուստառադիոընկերությամբ բազմաթիվ լեզուներով արբանյակային ծրագրերի ցուցադրումը: Խմբակցության ղեկավարը կարեւոր է համարել, որ հեռուստառադիոընկերությունը լինի այլակարծության ալիք:

ՀԱԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով՝ Հանրային հեռուստաընկերության առաջնային առաքելությունը, ըստ գործող օրենսդրության, հանրությանը քաղաքական կյանքի եւ իրավիճակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության մատուցումն է, որը հեռուստաընկերությունը բավարար չափով չի իրականացնում: Նա նաեւ նշել է, թե ընդդիմության ներկայացուցիչներին բավարար չափով եթերաժամանակ չի հատկացվում:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա անդրադարձել է գործընկերների ելույթներում հնչած տեսակետներին եւ նկատել, որ Հանրային հեռուստաընկերությունը հավասարապես լուսաբանում է թե ընդդիմության, թե իշխանության գործունեությունը: Խմբակցության ղեկավարն անհրաժեշտ է համարել ավելացնել կրթական եւ մանկապատանեկան հաղորդաշարերը հեռուստաընկերության եթերում, քանի որ, ինչպես նշել է նա, երիտասարդներն սկսել են չճանաչել մեր մշակույթի ներկայացուցիչներին եւ ազգային արժեքներին, փոխարենը՝ շատ լավ ճանաչում են սերիալների հերոսներին:

Եզրափակիչ ելույթ է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուբիկ Հակոբյանը: Բարձր գնահատելով Հանրային հեռուստաընկերության կատարած աշխատանքը՝ նա ներկայացրել է նաեւ իր արձանագրած բացթողումներն ու թերությունները:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը եզրափակիչ ելույթում շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման եւ առաջարկների համար: Նա պատրաստակամություն է հայտնել քննարկելու բոլոր առաջարկները:

Խորհրդարանն այնուհետեւ սկսել է քննարկել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2014 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ներկայացրել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը: Ըստ այդմ՝ 2014 թվականին ՀՀ ում գործել է 98 հեռուստաընկերություն, որից 44-ը՝ վերգետնյա, 54-ը՝ մալուխային: Գործել է 20 ռադիոընկերություն: 2014 թվականի ընթացքում հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթն իրականացնելու նպատակով կատարել է հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ծրագրերի 2100 եւ տարածքային սփռում իրականացնող հեռուստառադիոընկերությունների ծրագրերի 1860 օրերի ուղղակի դիտարկումներ:

Հանձնաժողովն ստացել եւ ուսումնասիրել է հեռուստառադիոընկերությունների հաշվառման մատյանների տվյալները, վարել է դրանց տեղեկատվական բազան, իրականացրել է իր ուղղակի դիտարկումների եւ ընկերությունների կողմից տրամադրվող տեղեկատվության համադրում, ինչպես նաեւ հեռուստառադիոծրագրերի հեռարձակման օրինականությունը հավաստող փաստաթղթերի ուսումնասիրություն:

Գագիկ Բունիաթյանին ուղղվել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերել են հանձնաժողովի ընդհանուր բյուջեին, տրամադրվող լիցենզիաներին, հանձնաժողովի գործունեությանը, գովազդների որակին, աղանդների քարոզչությանը, ՀՀ եւ ԼՂՀ համապատասխան հանձնաժողովի համագործակցությանը եւ այլն:

Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը դրական է գնահատել կառույցի գործունեությունը եւ ի գիտություն է ընդունել հաղորդումը: Նրա խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների՝ հաշվետվությունը հստակ ձեւակերպել է հանձնաժողովի գործունեությունն ու աշխատանքի առանձնահատկությունը: Տիկին Աճեմյանն ընդգծել է, որ հեռուստատեսությունն արագ զարգացող ոլորտ է՝ հավելելով, որ մեր երկրում հեռուստատեսային ծրագրերի բազմազանություն կա: Նա կարեւորել է փորձի փոխանակումն այս ոլորտում՝ ընդգծելով, որ հանձնաժողովն ակտիվ համագործակցում է եվրոպական երկրների եւ միջազգային կառույցների հետ: Այս համատեքստում նա առանձնակի կարեւորել է ոլորտում ԼՂ-ի հետ համագործակցությունը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար խորհրդարանը քննարկել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Էլինար Վարդանյանի հեղինակած օրինագիծը, որը ներկայացրել է Միքայել Մելքումյանը: Հարցի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը խորհրդարանին փոխանցել է հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

«2014 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցը քննարկման է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա նշել է, որ օրենսդրական լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ կան եւ հույս է հայտնել, որ դրանք խորհրդարանի եւ կառավարության համատեղ ջանքերի շնորհիվ առաջիկայում լուծում կստանան: Խոսելով օրենսդրական լուծում պահանջող խնդիրների մասին՝ պարոն Անդրեասյանը դրանց շարքում առանձնացրել է պետպատվերով տրամադրվող դեղորայքի որակի անբավարար լինելը, պետության կողմից բուհերին հատկացված անվճար տեղերի տրամադրմանն առնչվող խնդիրները, խնամակալության եւ հոգաբարձության մարմնին կից գործող հանձնաժողովների գործունեության ոչ հստակ կարգավորումը, դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճենների ու դատարանների մատչելիության ապահովման հարցը, բնակելի շենքերի տարածքներում տեղակայված գիշերային ակումբների գործունեությունը, պալիատիվ (ամոքիչ) խնամքի տրամադրման գործընթացի կազմակերպումը եւ այլ հարցեր:

Պարոն Անդրեասյանին հարցերով դիմելու համար հերթագրվել է 10 պատգամավոր:

Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ հաջորդ նիստերում:

Խորհրդարանն ավարտել է քառօրյա նիստերի աշխատանքը:


08.10.2015
ԱԺ նախագահը ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի հանդիսավոր նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 8-ին ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի հիմնադրման մեկամյակին եւ քննչական կոմիտեի աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Խորհրդարանի ղեկավարը ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կոմիտեի շենքում, ծանոթացել կառույցի ...

08.10.2015
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի մամուլի ասուլիսը
Ազգային ժողովում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի մամուլի ասուլիսը` «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի անցկացումը Երեւանում» թեմայով: ԱԺ պատգամավոր, Ֆրանկոֆոնիա...

08.10.2015
Բաց դաս Ազգային ժողովում
Հոկտեմբերի 8-ին ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում խորհրդարան էին այցելել Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներն ու դասախոսները: Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ողջունելով ուսանողներին, ներկայացրել է խորհրդարանի գործունեությունը, անդրադարձել երկրի տնտեսությանը վերաբերող մի...

08.10.2015
Տեղի կունենան խորհրդարանական լսումներ
ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ 334 սրահում կազմակերպում է «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» թեմայով խորհրդարանական լսումներ:...

08.10.2015
Տեղեկատվություն
ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված հարգելի լրագրողներ, տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 9-ի ճեպազրույցները տեղի կունենան ԱԺ 330 սրահում: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am