National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.9.2015

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
28.09.2015
Սանկտ-Պետերբուրգում կայացել է Կանանց առաջին եվրասիական համաժողովը
1 / 7

Սեպտեմբերի 24-25-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Կանանց առաջին եվրասիական համաժողովը, որը նվիրված էր ԱՊՀ տարածքում սոցիալական ապահովության եւ կայուն զարգացման, հանուն առաջընթացի ու վստահության միջազգային համագործակցության, փոփոխվող տնտեսության, քաղաքականության մեջ կանանց հնարավորությունների եւ մասնակցության ընդլայնման, սոցիալական ինտեգրման խնդիրներին:

Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում մեկնարկած համաժողովին մասնակցել են տարբեր երկրների խորհրդարանների պատգամավորներ, գործադիր մարմինների, գործարար համայնքի, գիտակրթական եւ ոչ կառավարական կազմակերպությունների, կանանց միջազգային շարժման ազդեցիկ ու հեղինակավոր բազմաթիվ գործիչներ:

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների` միջխորհրդարանական վեհաժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի պաշտոնական հրավերով Կանանց եվրասիական համաժողովի աշխատանքներին Հայաստանից մասնակցում էր պատվիրակություն` ՀՀ ԱԺ եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ:

Կանանց հայկական պատվիրակության կազմում էին ինչպես խորհրդարանական տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Ռուզաննա Մուրադյանը, Լյուդմիլա Սարգսյանը, այնպես էլ հասարակական, լրատվական, առողջապահական, մշակութային ոլորտների ականավոր կին գործիչներ` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, Երեւանի քաղաքապետարանի ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանը, «Համալսարանական կրթությամբ կանանց» ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը, «Գոլոս Արմենիի» ռուսալեզու թերթի գլխավոր խմբագիր Ֆլորա Նախշքարյանը, Երեւանի շտապ բուժօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը, Արամ Խաչատրյան համերգասրահի գլխավոր տնօրեն Ռոզա Սիրունյանը եւ այլք, ովքեր իրենց ելույթներով եւ ակտիվ մասնակցությամբ ներգրավվեցին համաժողովի տարբեր թեմատիկ քննարկումներին:

Համաժողովի հագեցած օրակարգը ներառել է լիագումար նիստեր, բանավեճեր, կլոր սեղաններ, ցուցահանդեսներ, հումանիտար եւ բարեգործական նախագծերի շնորհանդեսներ:

Տավրիկյան պալատի Դումայի սրահում սեպտեմբերի 24-ին մեկնարկած «Կանայք արդի աշխարհում. համագործակցության նոր հորիզոններ» խորագրով լիագումար նիստի բացմանը, որը վարել է ՌԴ-ի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես կարեւորել է կանանց սոցիալական, մշակութային եւ քաղաքական ակտիվությունը ժամանակակից կյանքում, բարձրացրել եվրասիական տարածքում գենդերային հավասարության օրենսդրական ապահովման, քաղաքական կյանքում կանանց մասնակցության, իշխանության մարմիններում նրանց ներկայացվածության, կանանց նկատմամբ բռնության եւ սոցիալական անբարեկեցության դեմ համատեղ պայքարի կարեւորությանն առնչվող խնդիրներ:

Հերմինե Նաղդալյանը հատկապես ներկաների ուշադրությունն է հրավիրել եւ փոխանցել իր անհանգստությունը` պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանում եւ Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինուժի շփման գծում լարվածության աճով, եւ որպես մայր, կին՝ կոչով դիմել դադարեցնելու գործողությունների ծավալումը.

«Հավասարապես տառապում են եւ հայ, եւ ադրբեջանցի կանայք, մայրեր եւ երեխաներ»,- նշել է Հերմինե Նաղդալյանն իր ելույթում` ընդգծելով, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել խաղաղության եւ իրավիճակը չսրելու քաղաքականությամբ, մինչդեռ հարեւան երկրում ամենեւին էլ դրա ականատեսը չենք:

Կանանց եվրասիական համաժողովի մասնակիցները հիմնականում կարեւորել են Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ պետությունների եւ Շանհայի համագործակցության կազմակերպության ինտեգրացիոն գործընթացների խորացումը` համաժողովի ակտուալությունը պայմանավորելով Եվրասիական տարածքում կանանց դերի մեծացմամբ, ինչպես նաեւ ներքին եւ միջազգային խնդիրներով:

Քանի որ ոչ բոլորն են կարողացել ելույթ ունենալ, ուստի չհնչած ելույթները կզետեղվեն համաժողովի կայքում եւ կտպագրվեն պատրաստվող գրքում: Հայաստանյան պատվիրակության բոլոր անդամները ելույթներ են ունեցել եւ մասնակցել քննարկումներին:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է կանանց ներգրավվածությանը՝ աշխարհի ընդհանուր անվտանգության եւ կայունության ապահովման գործում, ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն իր հերթին ընդգծել է կանանց դերի կարեւորությունը քաղաքականության եւ կառավարման մեջ` այն համարելով հասարակության կայուն զարգացման գործոն, իսկ ՀՀ փոքր ՀԷԿ-երի միության նախագահ Նաիրա Նահապետյանը մասնակիցների ուշադրությունը հրավիրել է կանանց տնտեսական գործունեության, ձեռնարկատիրության եւ փոքր բիզնեսի աջակցմանն ուղղված ծրագրերի անհրաժեշտության վրա:

Ադրբեջանցի պատվիրակներն անհաջող փորձեր են կատարել սրել իրավիճակը՝ մեղադրանքներ հնչեցնելով, որոնց պատասխանը հնչեցվել է մեր պատվիրակների կողմից բոլոր չորս բանավիճային հարթակներում:

Համաժողովի չորս թեմատիկ բաժանմամբ քննարկումների ընթացքում մեր պատվիրակները բարձրացրել են ինչպես տնտեսական, առողջապահական, մշակութային առաջնահերթություն ներկայացնող խնդիրներ, այնպես էլ տարածաշրջանային իրադրության, վտանգված խաղաղությանը, սահմանային իրավիճակի ամենօրյա դարձած սրացումներին առնչվող հարցեր:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, հանդես գալով որպես Կանանց եվրասիական համաժողովի` «Կանայք եւ իշխանությունը. աշխարհի կայուն զարգացման օրակարգ» թեմայով բանավիճային հարթակի համակարգող՝ ներկայացրել է իր դիտարկումները` կապված անձի իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության, բռնության բոլոր տեսակների դեմ պայքարի, սոցիալական ապահովման, կրթության, առողջապահության, զբաղվածության առաջնայնության հիմնախնդիրների հետ:

«Մենք հասկանում ենք, որ մեր պետության մեջ կանանց հոգսերն ու չլուծված խնդիրները քիչ չեն, առաջնահերթ է այնպիսի պայմանների ստեղծումը, որպեսզի կանայք կարողանան լիարժեք իրացնել իրենց հնարավորությունները ընտանեկան եւ մասնագիտական կյանքի համատեղման ճանապարհով»,- իր ելույթում կարեւորել է ԱԺ փոխնախագահը` միաժամանակ նշելով, որ Հայաստանի կառավարությունը հնարավոր ամեն ինչ անում է այդ խնդիրների լուծման համար:

«Եվրասիական միության քաղաքական կյանքում կանանց ակտիվ մասնակցությունը առարկայական անհրաժեշտություն է: Մեր հասարակությունը չի կարող ներդաշնակորեն զարգանալ եւ առաջադիմել, եթե այնտեղ ցածր է կնոջ դերը», - ընդգծել է ԱԺ փոխնախագահը՝ հավելելով, որ քաղաքականության մեջ տղամարդկանց եւ կանանց համագործակցությունն ավելի լիակատար եւ ներկայացուցչական ժողովրդավարության աղբյուր է:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Սերբիայի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ուզբեկստանի, Կիրգիզիայի պատվիրակությունների եւ նրանց ղեկավարների հետ:

Սեպտեմբերի 24-25-ը ընթացած Կանանց առաջին եվրասիական համաժողովն իր աշխատանքն ավարտել է եզրափակիչ փաստաթղթի ընդունմամբ, որտեղ համաժողովի մասնակիցները միահամուռ ընդգծել են խաղաղության եւ անվտանգության, կանանց դերի բարձրացման, կայուն զարգացման գլոբալ նպատակների իրագործման, Միավորված ազգերի կազմակերպության 2015 թվականից հետո ընկած ժամանակահատվածում զարգացման ոլորտում նոր օրակարգի իրականացման, պետական կառավարմանը եւ բոլոր մակարդակի ընտրություններում, հասարակական-քաղաքական կյանքում, ինչպես նաեւ տնտեսության զարգացման եւ արդիականացման մեջ կանանց համակողմանի եւ երաշխավորված մասնակցության անհրաժեշտությունը:

Համաժողովի մասնակիցները պարգեւատրվել են «Կյանքի ծառ» միջազգային մրցանակով եւ Կանանց եվրասիական համաժողովի պարգեւով:



28.09.2015
Տեղի է ունեցել Բյուջետային ծրագրերի ոչ ֆինանսական ցուցանիշների բարելավման աշխատանքային խմբի երկրորդ նիստը
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ ԱՄՆ ՄԶԳ Ազգային ժողովին աջակցման ծրագրի (ՀԱԺԱԾ) ու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) համատեղ աջակցությամբ սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել Բյուջետային ծրագրերի ոչ ֆինանսական ցուցանիշների մշակման ու բարելավման...

28.09.2015
Գալուստ Սահակյանն ընդունել է բուժքույրական համագումարի մասնակիցներին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի բուժքույրական միջազգային երրորդ համագումարի մասնակիցներին: Նշենք, որ համագումարի մասնակիցները Հայաստան են ժամանել աշխարհի տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Կանադայից, Լիբանանից, Էստոնիայից, Իրանից, Վրաստանից, Սաուդյան Արաբիայից,...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am