Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի եւ Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորիի համատեղ մամուլի ասուլիսը:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ Դանիլո Աստորիի հետ բավականին երկար զրուցել է Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի մասին: Ըստ նրա` վերջին տարիներին շատ է խոսվում այն մասին, թե ովքեր չեն ընդունում ցեղասպանության փաստը, մասնակից են դառնում ցեղասպանությանը: Խորհրդարանի նախագահը, դատապարտելով այդ երեւույթը եւ թուրքական իշխանության դիրքորոշումը, նշել է, որ Թուրքիան նոր սերնդին Հայոց ցեղասպանության մասնակիցը դարձնելու իրավունք չունի: Պարոն Սահակյանը հույս է հայտնել, որ առաջիկայում Թուրքիան կընդունի Հայոց ցեղասպանությունը, սակայն դա այժմ այդքան էլ իրատեսական չի համարել:
Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին նշել է, որ ոգեւորված է Հայաստանի ջերմ ընդունելությամբ, ինչը վկայում է երկու երկրների միջեւ առկա բարեկամական ու լավ հարաբերությունների մասին: Ըստ Սենատի նախագահի` այդ հարաբերությունների սկիզբը դրվել է դեռեւս 1920 թ.-ին, երբ Ուրուգվայն աջակցել է Հայաստանի անդամակցությանն Ազգերի լիգային: Այնուհետեւ հայ-ուրուգվայական հարաբերությունները թեւակոխել են շատ կարեւոր փուլ, երբ Ուրուգվայը 1965 թ.-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ 1991թ.-ին` Հայաստանի Հանրապետության անկախությունը:
Դանիլո Աստորին վստահեցրել է, որ իրենք ցանկություն ունեն շարունակելու Հայաստանի հետ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ բնագավառներում, որոնք էլ ավելի կամրապնդեն երկկողմ հարաբերությունները:
Որպես փոքր երկիր` Ուրուգվայը կողմնակից է հակամարտությունների խաղաղ եւ արդար ճանապարհով լուծմանը, պաշտպանում է այդ արժեքները եւ ցանկանում ունենալ լավ հարաբերություններ աշխարհի բոլոր երկրների հետ: Անդրադառնալով Ուրուգվայի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը` պարոն Աստորին նշել է, որ իրենց երկիրն աշխատում է այդ ուղղությամբ:
Երկու երկրների խորհրադարանների նախագահները պատասխանել են նաեւ լրագրողների հարցերին: