Հուլիսի 5-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը ընդունեց ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Բրունո Հալերի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում նշվեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել իր պարտավորությունները կատարել եւ լիարժեք աշխատել ԵԽԽՎ-ում: Անդրադարձ եղավ Մեծ Բրիտանիայի Լինքս կազմակերպության հովանու ներքո կազմակերպված Հարավկովկասյան խորհրդարանական նախաձեռնությանը, որի օրերս Սոֆիայում տեղի ունեցած նիստում Հայաստանը ստանձնել է նախագահությունը: Փոխադարձաբար կարեւորվեցին հանդիպումներն ու քննարկումները Հարավկովկասյան հանրապետությունների խորհրդարանների միջեւ, որոնք կարող են նպաստել փոխըմբռնումին ու համագործակցությանը, ուրեմն նաեւ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Կողմերն անդրադարձան նաեւ Հայաստանում իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններին, նշվեց, որ ընդդիմությունը աշնանային նստաշրջանում պիտի վերադառնա օրենսդրական բնականոն աշխատանքի, եւ որ Եվրոպայի Խորհուրդը տարբեր երկրներում նման պարագաներում կողմերին հորդորում է երկխոսության միջոցով խնդիրը լուծել: Նշվեց, որ Ստրասբուրգում ազգային պատվիրակությունների աշխատանքի լավագույնս կազմակերպման համար նախատեսվում է հոկտեմբերին կազմակերպել սեմինար, որին կարող են մասնակցել ԵԽԽՎ անդամ երկրների, այդ թվում Հայաստանի, պատվիրակության ներկայացուցիչները: Կարեւորվեց նաեւ ՀՀ ԱԺ աշխատակազմի եւ վեհաժողովի քարտուղարության սերտ համագործակցության անհրաժեշտությունը :
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: