National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.9.2014

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
26.09.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 3

Սեպտեմբերի 26-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների հերթական նիստերը:

Հովհաննես Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվել եւ եզրակացություններ են ստացել մոտ մեկ տասնյակ օրենսդրական նախաձեռնություններ:

Պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի, Արփինե Հովհաննիսյանի, Ռուզաննա Մուրադյանի եւ Մարգարիտ Եսայանի հեղինակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել է համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը: Նա նշել է, որ առաջարկվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ այդ գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում եւ լուծում է կոլեգիալ՝ հինգ դատավորի կազմով:

Արփինե Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ հանձնաժողովը քննարկել է պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Մարգարիտ Եսայանի, Արփինե Հովհաննիսյանի եւ Ռուզաննա Մուրադյանի մշակած «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: Զեկուցողն իրազեկել է, որ օրինագիծը միտված է պաշտպանելու քաղաքացիների իրավունքները: Օրինագծի ընդունման դեպքում քաղաքացիներն իրավունք կստանան գործի վարույթը կարճելու մասին դատարանի որոշումը բողոքարկել՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի բողոքարկման կանոններով:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկել եւ դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ ՀՀ դատախազական մարմինները եւ օրենքով ստեղծված մշտական գործող մարմինները կազատվեն ՀՀ պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը եւ կից օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանը: Նա նշել է, որ նախագիծը նպատակ ունի ՀՀ վարչական եւ քաղաքացիական դատավարություններում ներդնել կոլեկտիվ հայցերի ինստիտուտը: Նախագծերի ընդունման դեպքում խմբային հայցով դատարան դիմելու իրավունք կունենան առնվազն 30-ը գերազանցող հայցվորները, եթե հայցը հարուցված է միեւնույն պատասխանողի դեմ եւ եթե հայցի հիմքն ու առարկան նույնն են:

Վերոնշյալ նախագծերից բացի, դրական եզրակացություն է ստացել նաեւ պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Կարինե Աճեմյանի եւ Էդուարդ Շարմազանովի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը նպատակ ունի պաշտպանելու քրեական գործով տուժողների եւ միաժամանակ որպես քաղաքացիական հայցվոր հանդես եկող անձանց իրավունքները, որոնց պատկանող եւ քրեական գործով իրեղեն ապացույց ճանաչված գույքը հակասահմանադրական մեկնաբանությամբ նորմ կիրառած դատական ակտի հիման վրա բռնագրավվել է հօգուտ պետության՝ որպես հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» եւ «Շարժական գույքի նկատմամբ իրավունքների գրանցման մասին» նախագծերը՝ կից փաթեթներով: Վերոնշյալ բոլոր օրենսդրական նախագծերը դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանի, Արամ Մանուկյանի, Նիկոլ Փաշինյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Լեւոն Զուրաբյանի եւ Հրանտ Բագրատյանի հեղինակած նախագիծը: Հեղինակների կարծիքով՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ հակասում են ՀՀ Սահմանադրությանը եւ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքին, ուստի հեղինակները նախաձեռնել են որոշ փոփոխություններ: Քվեարկության արդյունքում օրինագիծը չի ստացել հանձնաժողովի դրական եզրակացությունը: Դրական եզրակացություն չի ստացել նաեւ պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Թեւան Պողոսյանի եւ Ալեքսանդր Արզումանյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հեղինակներն առաջարկում են ԱԺ լիագումար նիստերը ներկայում գործող քառօրյայի փոխարեն դարձնել եռօրյա եւ դրանք անցկացնել երկու շաբաթը մեկ՝ երեք շաբաթը մեկ գումարվող նիստերի փոխարեն:

ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի նախագծերի օրակարգերում ընդգրկվելու համար դրական եզրակացության է արժանացել մեկ այլ՝ պատգամավոր Թեւան Պողոսյանի «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որով նա առաջարկում է օրենքում ամրագրել, որ ԱԺ դռնբաց նիստերը, մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովների դռնբաց նիստերը, խորհրդարանական լսումներն ուղիղ եթերով հեռարձակվում են Ազգային ժողովի ինտերնետային կայքում, որն իրականացնում է ԱԺ աշխատակազմը: Քննարկման արդյունքում համաձայնություն ձեռքբերվեց, որ օրենքի ընդունման դեպքում՝ մինչեւ տարեվերջ, նշված նիստերը եւ լսումները ԱԺ ինտերնետային կայքում կտեղադրվեն հաջորդ օրը՝ տեսաձայնագրումից հետո:

Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 2014 թվականի հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարարության միջեւ Լիբանանում Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի շրջանակներում համագործակցության եւ աջակցության մասին» տեխնիկական համաձայնագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշել է, որ համաձայնագրի դրույթների համաձայն՝ ՀՀ զինված ուժերի հետեւակային դասակը մինչեւ 30 զինծառայողի եւ 2 սպայի կազմով հատկացվելու է Լիբանանում Միավորված ազգերի ժամանակավոր ուժերի իտալական զինված ուժերի ստորաբաժանմանը: Նաեւ սահմանվում են հայկական զորախմբի զինծառայողների կարգավիճակը, նրանց կազմը, առաջարդված խնդիրներն ու գործառույթները, գտնվելու ժամկետը, ֆինանսավորման հարցերը եւ այլն:

Քննարկված համաձայնագիրը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի վավերացմանը:

Նիստում ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց իր հեղինակած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» որոշման նախագիծը: Քննարկումից հետո հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի առաջարկով հեղինակը համաձայնեց հետաձգել որոշման նախագծի քննարկումը մինչեւ մեկ տարի ժամկետով:


26.09.2014
Տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ի ԱԺ ...

26.09.2014
ՀՀ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը քննարկվել է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 26-ին Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ գյուղատնտեսության եւ ՀՀ բնապահպանության նախարարությունների կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ուղղությամբ ՎՊ կատարած վերահսկողության արդյունքները: ...

26.09.2014
Տեղեկատվություն
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11.30-ին, ՀՀ Ազգային ժողովի 334 սրահում տեղի կունենա պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետություն մեկնած ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության մամուլի ասուլիսը: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Տաճատ Վարդապետյանը եւ Արծվիկ Մին...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am