National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.6.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
27.06.2013
Միջազգային սեմինար Ազգային ժողովում
1 / 4

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի աջակցությամբ հունիսի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ «Գնումները պաշտպանության ոլորտում» թեմայով միջազգային սեմինար, որին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, միջազգային փորձագետներ, պետական մարմինների, ոստիկանության ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկավ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Նա տեղեկացրեց, որ այս թեմայով առաջին անգամ է անցկացվում սեմինար, ինչը վկայում է պաշտպանության ոլորտում գնումները ավելի ու ավելի թափանցիկ դարձնելու անհրաժեշտության մասին: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ սեմինարի նպատակն է քննարկել պաշտպանական ոլորտի գնումների գործընթացում առկա մարտահրավերները, գնումների արդյունավետությունն ապահովելու ուղիները եւ այդ գործընթացում իրավասու մարմինների դերն ու խորհրդարանի վերահսկողական գործառույթները: Ըստ Կորյուն Նահապետյանի՝ նման միջոցառումները նպաստում են հանձնաժողովի կարողությունների զարգացմանը, լավ հնարավորություն են ստեղծում ծանոթանալու տարբեր երկրների՝ այս ոլորտում ունեցած փորձին:

Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին նշեց, որ ԱԺ մշտական հանձնաժողովի հետ իրենց շարունակական համագործությունը բավական արդյունավետ է ընթանում եւ հույս հայտնեց, որ սեմինարի թեման, պետական մարմինների ու հասարակության համար լինելով արդիական եւ ուշագրավ, միաժամանակ մասնակիցների համար ուսանելի կլինի, քանի որ այս ոլորտում իրենց երկրների ձեռքբերումներն ու միջազգային փորձը կներկայացնեն միջազգային բարձրակարգ փորձագետներ: Նա գոհունակությամբ արձանագրեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը, որպես շահագրգիռ կողմ, քննարկումներին ակտիվորեն է մասնակցում:

Նիդեռլանդների նախկին սենատոր, պաշտպանության նախկին նախարար, Արեւմտաեվրոպական միության նախկին գլխավոր քարտուղար Վիմ Վան Էէկելենն անդրադարձավ պաշտպանության ոլորտում գնումների վերահսկողության գործում խորհրդարանի ունեցած դերին: Նրա գնահատմամբ՝ քանի որ պաշտպանության ոլորտի գնումները մեկ գնորդի շուկա է, այսինքն՝ կառավարությունն է միանձնյա որոշում գնման տեսակն ու ձեւը, ստեղծվում է կոռուպցիոն ռիսկի վտանգ, եւ խորհրդարանական վերահսկողության, հրապարակայնության եւ հաշվետվողականության անհրաժեշտություն է առաջանում: Գնումների արդյունավետությունն ապահովելու համար փորձագետը կարեւորեց գնվող ապրանքի առաջնահերթությունների ճիշտ սահմանումը, մրցակցային գործընթացի ծավալումը, ապրանքի արժեքի ու նրա հետագա շահագործման մատչելիության գործոնը, սարքավորման որակը, շուկայի հնարավորությունների ու պահանջարկի, տնտեսական օգուտների ճիշտ գնահատումը, գնումների գործընթացին խորհրդարանի ներգրավվածությունը, անվտանգության ոլորտի գերատեսչությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ սերտ հարաբերությունների հաստատումը:

Բուլղարիայի պաշտպանության նախկին նախարար Թոդոր Թագարեւը, Ուկրաինայի պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Լեոնիդ Պոլյակովը եւ ՀՀ ՊՆ տնտեսագիտության վերլուծության եւ գնումների փաստաթղթերի ձեւակերպման վարչության պետ Վլադիկ Հովհաննիսյանը խոսեցին պաշտպանության ոլորտի գնումների գործում նախարարությունների դերի մասին: Նրանք ներկայացրին գնումների ոլորտում իրենց երկրների փորձն ու առանձնահատկությունները՝ սկսած բյուջետային հատկացումներից, գնումների պլանավորումից մինչեւ գնումների բուն իրականացումը:

Այնուհետեւ փորձագետներն անդրադարձան գնումների տարբեր փուլերում կոռուպցիոն ռիսկերի բացահայտման խնդրին՝ կոռուպցիոն երեւույթների առկայությունը հատկապես նախկին խորհրդային տարածքներում պայմանավորելով խորհրդարանների վերահսկողության ցածր մակարդակով կամ էլ սահմանափակ իրավասություններով:

Քննարկվեցին նաեւ պաշտպանության ոլորտի կառավարման մշտադիտարկման եւ գնումների հարցերում խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակության դերին, վերահսկողության հարցում համագործակցության հիմնական ոլորտներին, մշտադիտարկման մեխանիզմներին, քաղաքացիական հասարակության ներգրավման ձեւերին առնչվող խնդիրներ:


27.06.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ստրասբուրգում
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգում էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը: Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԵԽԽՎ նախագահ Ժան Կլոդ Մինյոնի հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am