National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.5.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.05.2013
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 3

Մայիսի 15-ին ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկվեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Նախարարի խոսքով՝ օրենքի նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է 2013 թվականի հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելով, որով վերանում է պարտադիր սոցիալական ապահովության վճարը, հետեւաբար նաեւ սոցիալական ապահովության վճարների հաշվարկման օբյեկտ համարվող եկամուտը:

Հիմնական զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց նաեւ նախագծի կարգավորման առարկան, ըստ որի`սահմանվում է, որ ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար հիմք հանդիսացող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է եկամտային հարկի հաշվարկման օբյեկտ համարվող եկամտից, իսկ գործատուն նպաստը վճարում է տվյալ ամսվա համար հաշվարկված եկամտային հարկի հաշվին, հաջորդը` եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտավորությունից, ապա նպաստի՝ ՀՀ պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վարձու աշխատողին նշանակում եւ վճարում է լիազոր մարմինը՝ հաշվի առնելով, որ այդ գործատուները ազատված էին իրենց վարձու աշխատողների համար պարտադիր սոցիալական ապահովության վճարներից, ինչպես նաեւ ժամանակավոր անաշխատունակություն առաջանալու օրվա դրությամբ սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափում հաշվառվում է նաեւ նվազագույն ամսական աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը:

Հանձնաժողովը օրենքի նախագծին տվեց դրական եզրակացություն ՝ ընդգրկելու ԱԺ երրորդ նստաշրջանի եւ մայիսի 20-23-ի քառօրյա նիստերի օրակարգում:

Այնուհետեւ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ տեքստը փոփոխության չի ենթարկվել, միայն ՀՀ օրենքով հարկվող, գործունեության տեսակներ համարվող անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող մասնակիցը պարտավոր է ամսական կատարել կուտակային վճար ոչ թե 1000, այլ 5000 դրամի չափով, որը համարվում է օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված կուտակային վճարի գծով վերջնական պարտավորություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ ներկայացված օրենքի նախագծին տվեց դրական եզրակացություն՝ ԱԺ մայիսի 20-23-ի քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու համար:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը:

Նա տեղեկացրեց, որ «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանվում է մասնագիտական ուսումնասիրման նպատակով անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանցից եւ անշարժ գույքի գնահատողներից գնահատման հաշվետվություններ պահանջելու լիազոր մարմնի իրավասությունը, սակայն այդ պահանջը չկատարելու դեպքում որեւէ պատասխանատվություն նախատեսված չէ: Օրենսդրության այս բացը թույլ է տալիս անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց եւ գնահատողներին լիազոր մարմնի օրինական պահանջը չկատարել եւ դրա համար որեւէ պատասխանատվության չենթարկվել: Հստակ սահմանված չէ նաեւ լիազոր մարմնի պահանջի դեպքում գնահատման հաշվետվությունները ուսումնասիրման նպատակով լիազոր մարմնին տրամադրելու գնահատման գործունեություն իրականացնող անձանց եւ գնահատողների պարտականություն նախատեսող դրույթը:Նախագծերի ընդունմամբ կլուծվեն վերը ներկայացված խնդիրները:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը ներկայացրեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2012 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրինագիծը: Նա տեղեկացրեց, որ հաշվետվությունը չի նախատեսում քաղաքականության փոփոխություն: Օրենքի նախագիծը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2012 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը? հնարավորություն տալով նաեւ իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին:

Հանձնաժողովը քննարկված օրինագծերի վերաբերյալ դրական եզրակացություն տվեց՝ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերին եւ «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթին:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ հերթական նիստում քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացված երկու օրենսդրական փաթեթի, որոնք կընդգրկվեն ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, տեղեկացնելով, որ ստացվել է մեկ առաջարկ, որը չի ընդունվել:

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2012 թվականի գործունեության մասին» հաղորդումը ներկայացրեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը:

Նա նշեց, որ հաշվետու տարում հանրապետությունում գործել է 96 հեռուստաընկերություն եւ 20 ռադիոընկերություն: Հանձնաժողովը ստացել է 746 գրություն, պատասխանվել է 475-ին: ՀՀ քաղաքացիներից եւ կազմակերպություններից ստացվել է 20 դիմում-բողոք, որոնցում հեռուստադիտողներն անդրադարձել են հեռուստաընկերությունների հաղորդումներին, սերիալներին, հայոց լեզվի աղճատմանը, անբարեխիղճ գովազդ հեռարձակելուն եւ այլն, որոնց պատասխանել են համաձայն ՀՀ օրենքների: Նշված, ինչպես նաեւ եթերում առկա այլ բացասական երեւույթներին իրենց հարցադրումներում անդրադարձան պատգամավորները:

Այս, ինչպես նաեւ եթերի այլ հարցեր քննարկելու համար ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն առաջիկա աշնանը նախատեսում է անցկացնել խորհրդարանական լսումներ:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Հանրային հեռուստառադիոընկերության 2012 թվականի գործունեության վերաբերյալ» Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը, որը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց խորհրդի անդամ Ստեփան Զաքարյանը: Նա նշեց, որ անցած տարում Հանրային հեռուստառադիոընկերությունը իրականացրել է նախատեսված բոլոր ծրագրերը եւ դաշտում ապահովել առաջատար դիրք: Իրականացվել, եւ այժմ էլ շարունակվում են տեխնիկական միջոցների համալրումն ու վերազինումը, ինչպես նաեւ ՝ հաղորդումների որակի բարձրացմանն ուղղված քայլերը:


15.05.2013
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Ընտանիքի օրվա կապակցությամբ
Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի օրվա առթիվ: Որպես տոն՝ այն մեզանում ընդամենը երկու տարեկան է, փոխարենը չափազանց հարուստ պատմություն ու ավանդույթներ ունի: Մեր ազգային հիմնասյուներից մեկը՝ ընտանիքը գալիս է դարերի խորքից ՝ որպես օջախի, հոգեկան ջերմության, սիրո, հարգանքի եւ հավատ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am