National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.3.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
18.03.2013
Ազգային ժողովը սկսեց հերթական քառօրյան
1 / 9

Ազգային ժողովը մարտի 18-ին սկսեց հերթական քառօրյան՝ օրակարգում ունենալով 56 հարց եւ 15 միջազգային պայմանագիր:

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկությամբ պատգամավորները նախ հաստատեցին գարնանային նստաշրջանի օրակարգում առաջարկվող լրացումների եւ հետաձգումների մասին որոշումները, ապա նաեւ մարտի 18-21-ի չորսօրյա նիստերի օրակարգը:

Մինչ քննարկումներն սկսելը խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց դեռ նախորդ քառօրյայում քննարկված մի քանի օրինագծեր եւ համաձայնագրեր:

Առաջին նիստում պատգամավորներն անդրադարձան երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար ներկայացված մի քանի նախագծերի:

«Քաղաքացիական ծառայության մասին» եւ «Համայնքային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու կառավարության նախաձեռնությունը, քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի ներկայացմամբ, ուղղված է համակարգի բարելավմանն ու կատարելագործմանը: Այս կարծիքին է նաեւ գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, որի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը: Նշվեց, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել:

Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը խորհրդարանին առաջարկեց փոփոխություններ կատարել նախ «ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին», ապա նաեւ «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքներում: Առաջին ընթերցումից հետո առաջին նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել՝ առաջարկներ չեն եղել: Երկրորդը խմբագրվել է «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի առաջարկով: Խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ նախագծերն ամբողջությամբ ընդունելու համար պատրաստ համարելով:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ներկայացրեց «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» կառավարության նախաձեռնությունը: Գործադիրն առաջարկում է պետական մասնակցությամբ ընկերությանը նույնպես տալ արտահանման ֆինանսավորման ապահովագրությամբ զբաղվելու հնարավորություն: Նորաստեղծ ընկերությունն իրավասու կլինի իրականացնել վարկի, երաշխիքի տրամադրման եւ ֆինանսական վնասների դասերով ապահովագրություն՝ օրենքով նախատեսված լիցենզիայի հիման վրա: Արտահանման ֆինանսավորման ապահովագրական կազմակերպությունների ստեղծումը, նախարարի խոսքերով, համահունչ է կառավարության որդեգրած՝ Արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը եւ կնպաստի արտահանման ծավալների ավելացմանը: Նախարարն արտահանողներին աջակցելու կարեւոր գործիք համարեց արտահանման վարկավորման ապահովագրության ներդրումը, միաժամանակ հույս հայտնեց, որ կնվազեն արտահանման ֆինանսնավորման տոկոսադրույքներն ու կընդլայնվի բանկերի համար արտահաման ֆինանսավորման ծածկույթը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը ներկայացրեց հարցի վերաբերյալ հանձնաժողովի ձեւավորած դրական եզրակացությունը՝ նշելով, որ որոշ դրույթներ հստակեցման կարիք ունեն:

Մտքերի փոխանակության ընթացքում օրինագծի վերաբերյալ իրենց տեսակետները հայտնեցին պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Գուրգեն Արսենյանը, Հովհաննես Մարգարյանը եւ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը:

Ողջունելի համարելով կառավարության նախաձեռնությունը՝ Միքայել Մելքումյանը նկատեց, որ նախագծի ներկայացումը թեեւ փոքր-ինչ ուշացած, սակայն անհրաժեշտ քայլ է: Պատգամավորը նշեց, որ նախագծի քննարկման արդյունքում ի հայտ են եկել մի շարք հարցեր, որոնք պարզաբանման եւ հստակեցման կարիք ունեն:

Գուրգեն Արսենյանը եւս կարեւորելով կառավարության նախաձեռնությունը՝ նշեց, որ անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի տնտեսվարող ձեռնարկությունները հնարավորություն ունենան մեծացնել արտադրությունը եւ դուրս գալ արտաքին շուկա:

Հովհաննես Մարգարյանի կարծիքով՝ ներկայացված նախագծով կառավարությունը գործնական քայլեր է անում՝ զարգացնելու համար արտահանման ոլորտը: Պատգամավորը ներկայացրեց արտահանման զարգացմանը նպաստող իր առաջարկը՝ արտահանվող արտադրանքի որոշ քանակ ազատել հարկումից:

ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանն արտահերթ ելույթում նկատեց, որ 2011 թվականի նոյեմբերին ՀՀ կառավարությունը ներկայացրել էր արտահանման զարգացման վերաբերյալ հայեցակարգ, եւ այսօր այդ ուղղությամբ նախանշված հստակ քայլեր են արվում: Դրանցից մեկն, ըստ նրա՝ ներկայացված նախագիծն է: Նշելով, որ այն բարենպաստ եւ բեկումնային ազդեցություն է ունենալու տնտեսության զարգացման ու արտահանման խթանման վրա, այնուամենայնիվ, Հերմինե Նաղդալյանը որոշ խնդրահարույց հարցեր է տեսնում նախագծում: Ըստ նրա՝ անհրաժեշտ է մշակել եւ նախագծում ամրագրել հստակ մեխանիզմներ, որոնք կբացառեն բանկերի կողմից տնտեսվարողների նկատմամբ հնարավոր խտրական վերաբերմունքը, կոռուպցիոն ռիսկերը:

Եզրափակիչ ելույթում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշեց, որ աշխատանքային խումբը կմշակի եւ մինչեւ նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կներկայացնի օրինագծի լրամշակված եւ ընդունելի տարբերակ:

Այնուհետեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերին եւ տեխնիկական կանոնակարգերին վերաբերող օրենսդրական փոփոխության նպատակը ՀՀ գործող օրենքներին անհամապատասխանությունների վերացումն է եւ դրանց գործողության ապահովումը: Փաթեթի մաս կազմող «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի որոշ հասկացություններ էլ առավել կմոտեցվեն ԵՄ նմանատիպ հասկացություններին: Նախատեսվում է նաեւ պետական տուրքի գանձում, որն իրականացնելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Նա, համեմատելով խորհրդային տարիների պետական վերահսկողությունը տնտեսության նոր պայմաններում գործող մեթոդների հետ, ընդունելի համարեց ներկայացված օրինագծերի փաթեթով հարցի լուծումը՝ միաժամանակ արդարացի համարելով մարդու կենսապահովման եւ առողջության հետ անմիջապես կապ ունեցող արտադրանքի (սննդամթերք, դեղորայք) պետական վերահսկողությունը:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպման եւ անցկացման, ընտրական օրենսգրքի խախտումների, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունը:

Նախքան հիմնական զեկուցողին ձայն տալը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքով կոնկրետ սահմանված չէ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ նման հաղորդագրության ներկայացման ընթացակարգ, այլ միայն նման պահանջ սահմանված է ՀՀ ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածով: Հաշվի առնելով 2008 թվականին նման հաղորդագրությամբ Ազգային ժողովում հանդես գալու նախադեպը՝ նա առաջարկեց լսել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի զեկուցումը, ապա հարցերով ամփոփել քննարկումը:

ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արծվիկ Մինասյանը, Ռուբիկ Հակոբյանը, Արամ Մանուկյանը, տարբեր կանոնակարգային մեկնաբանություններ տալով խնդրին, առաջարկեցին հնարավորություն տալ նաեւ պատգամավորներին՝ արտահայտելու իրենց դիրքորոշումը:

ԱԺ նախագահը հավաստիացրեց, որ ինքը չի խուսափում հարցի քննարկման նման ընթացակարգից, բայց որպեսզի չխախտվեն կանոնակարգային պահանջները, ճիշտ համարեց հարցի քննարկումն սկսել իր առաջարկած տարբերակով, այնուհետեւ համատեղ քննարկումից եւ կանոնակարգային պահանջը հստակեցնելուց հետո առաջնորդվել կանոնակարգով, հատկապես, որ հարցի քննարկումը ժամանակային առումով հնարավոր չէ ավարտել, եւ հարկ կլինի շարունակելու հաջորդ օրը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանգամանորեն ներկայացրեց հաղորդագրությունը՝ անդրադառնալով հանձնաժողովի ընդունած նորմատիվ որոշումներին, կազմակերպված մասնագիտական դասընթացներին, հանրային իրազեկման ու հրապարակայնության խնդիրներին, թեկնածուների առաջադրմանն ու գրանցմանը, նախընտրական քարոզչությանը, քվեարկությանն ու դրանց արդյունքների ամփոփմանը, վերահաշվարկին, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում խախտումների վերաբերյալ գրառումներին, դիմում-բողոքների քննարկմանը, դատարան ներկայացված հայցադիմումներին, ընտրությունների արդյունքների բողոքարկմանն առնչվող հարցերին:

Նշվեց նաեւ, որ թեեւ նոր ընտրական օրենսգիրքն էական առաջընթաց է արձանագրել ընտրական իրավահարաբերությունների կարգավորման բնագավառում, այնուամենայնիվ, ընտրական գործընթացը կարգավորող առանձին նորմեր եւ ինստիտուտներ ունեն կատարելագործման անհրաժեշտություն: Նա առաջարկեց վերանայել եւ հստակեցնել, թե արդյոք թեկնածուն իրավունք ունի չբացել նախընտրական հիմնադրամ: Նրա տեղեկացմամբ՝ ընտրական օրենսգրքում լուծված չէ նաեւ նախընտրական հիմնադրամների հաշվեհամարների վրա կալանք դնել-չդնելու հարցը, օրենսգիրքը չի պատասխանում այն հարցին, թե պատասխանատվության ինչ միջոց պետք է կիրառվի կամ պե՞տք է կիրառվի այն դեպքում, երբ պայմանագրային պարտավորությունները քվեարկության օրվանից հետո գերազանցում են հիմնադրամում առկա մնացորդը: ԿԸՀ-ն առաջարկում է նաեւ ընտրական օրենսգրքից հանել ընտրողների անձը հաստատող փաստաթղթերը դրոշմակնքելու ինստիտուտը, ինչպես նաեւ ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդում ներկայացնողներին ազատել քրեական պատասխանատվությունից: Առաջարկվում է նաեւ մանրամասն ուսումնասիրել դիտորդական առաքելությունների կողմից ներկայացված եզրակացություններում առկա առաջարկները եւ, ըստ անհրաժեշտության, կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ:

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց նաեւ ԱԺ պատգամավորների հարցերին:

Հաղորդագրության քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի՝ մարտի 19-ի նիստում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am