National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.9.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
21.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումները Ստրասբուրգում
Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  երկկողմ հանդիպումներ ունեցավ Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահ Էէրո Հեյնյալուոմայի, Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Բարբարա Պրամմերի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ:

Ֆինլանդիայի Հանրապետության Էդուսկունտայի նախագահի  հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջխորհրդարանական համագործակցությանը, տարածաշրջանային զարգացումներին, միջազգային կառույցներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց Սաֆարովի գործին:

ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է սկանդինավյան տարածաշրջանի եւ, մասնավորապես, Ֆինլանդիայի հետ բազմաբնույթ եւ փոխշահավետ համագործակցության հաստատումը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երկու  երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը լավ մակարդակի վրա է, եւ Հայաստանը կարեւորում է Ֆինլանդիայի` որպես բարեկամ երկրի հետ բարձր մակարդակի  քաղաքական երկխոսության շարունակումը: Հայաստանի խորհրդարանի ղեկավարի խոսքով` միջխորհրդարանական կապերը աշխուժացնելու չօգտագործված ներուժ կա եւ  իր ցանկությունն է ակտիվացնել շփումներն ու փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանը Էդուսկունտայի նախագահ Էէրո Հեյնյալուոմային պաշտոնական այցով հրավիրեց  Հայաստան. հրավերը սիրով ընդունվեց:

 Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահը կարեւորեց նման ձեւաչափով հանդիպումները եւ եւս անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, համագործակցությունը միջազգային կազմակերպություններում: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին` Էէրո Հեյնյալուոման Սաֆարովի  փոխանցումը եւ ազատ արձակումը գնահատեց որպես անթույլատրելի եւ աննախադեպ երեւույթ: Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ այդ փաստը վտանգավոր նախադեպ է ստեղծում  Եվրոպայում եւ Հունգարիայի իշխանությունների այդ  քայլը` որպես ԵՄ անդամ երկրի անընդունելի է ու անհասկանալի, իսկ  ԵԽ անդամ Ադրբեջանի  արարքը միջազգային նորմերի եւ եվրոպական իրավունքի խախտում էր` ուղղված տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանն ու լարվածության մեծացմանը:

ՀՀ ԱԺ նախագահ  Հովիկ Աբրահամյանի  հաջորդ  հանդիպումը  Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Բարբարա  Պրամմերի  հետ էր: Ողջունելով տիկին Պրամմերին` պարոն Աբրահամյանը նշեց, որ երկկողմ հարաբերությունների համատեքստում 2012 թվականը հոբելյանական է մեզ համար, քանի որ  այս տարի լրանում է Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսան ամյակը: Նրա խոսքով` Հայաստանը կարեւորում է Ավստրիայի հետ հարաբերությունների զարգացումը տարբեր ձեւաչափերով:  «Հայ - ավստրիական համագործակցությունը մենք դիտում ենք որպես կարեւոր բաղադրիչ Հայաստանի եվրաինտեգրման քաղաքականության ընդհանուր համատեքստում»,- նշեց ԱԺ նախագահը: Պարոն Աբրահամյանը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը այն համոզմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությունը երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարեւոր լծակներից է եւ անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական փոխգործակցության  ակտիվացումը ոչ միայն երկկողմ հարթությունում, այլ նաեւ բազմակողմ, մասնավորապես` Եվրամիության հետ համագործակցության ձեւաչափով:

Ավստրիայի խորհրդարանի նախագահը համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական փոխգործակցությունը նպաստում է միջպետական հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը ու այս համատեքստում անհրաժեշտ համարեց ակտիվացնել շփումները երկու օրենսդիր մարմինների միջեւ:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: Տիկին Պրամմերը շեշտեց, որ Ավստրիան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին:

Նույն օրը  ՀՀ ԱԺ նախագահը հանդիպեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ ` վերջինիս նախաձեռնությամբ:

Շնորհակալութուն հայտնելով հանդիպման համար` ԵԱՀԿ ԽՎ նախագահը բարձր գնահատեց Հովիկ Աբրահամյանի ելույթը համաժողովում: Նա դատապարտեց Սաֆարովի հետ կապված դեպքը` դրական գնահատելով  բանակցային գործընթացից դուրս չգալու Հայաստանի պահվածքը:  Տարածաշրջանային խնդիրների կարգավորման առումով` պարոն Միլյորին կարեւոր համարեց հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը եւ այս համատեքստում առանձնացրեց խորհրդարանների դերակատարությունը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին` ԵԱՀԿ ԽՎ նախագահը կարծիք հայտնեց, որ հիմնախնդիրը պետք է լուծվի մադրիդյան սկզբունքների հիման վրա:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է  համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ, ինչպես նաեւ կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Հովիկ Աբրահմյանը ընդգծեց, որ հայկական կողմը կարեւորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն եւ միակ ձեւաչափ` նշելով, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմքը` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու այդ իրավունքի իրականացումն է:  «Հայաստանը հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով եւ կարեւորում է փոխվստահության մթնոլորտի հաստատումը` բանակցությունները կառուցողական ուղով շարունակելու համար: Իսկ Ադրբեջանի պահվածքը եւ վերջին իրադարձությունները` կապված սաֆարովյան գործի հետ վտանգում են բանակցային գործընթացը եւ սպառնում տարածաշրջանի կայունությանը»,- նշեց ԱԺ նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր եւս:
 


21.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում
Սեպտեմբերի 21-ին Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ելույթ ունեցավ  Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում` «Արդյոք ներկայացուցչական ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է. մարտահրավերներ ազգային խորհրդարաններին» թեմայով: Նշենք, որ համաժողովին մասնակցում են Եվրոպայի խորհրդի ան...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am