National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.9.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
10.09.2012
Աշխատանքը սկսեց ԱԺ աշնանային նստաշրջանը
1 / 10

Սեպտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության  հիմնով   ազդարարվեց  հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի բացումը:

Աշնանային նստաշրջանի անդրանիկ նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախ շնորհավորեց հայ շախմատիստներին` երրորդ անգամ օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ:

Խորհրդարանի ղեկավարը պատգամավորներին տեղեկացրեց, որ Ազգային ժողովում Հանրապետության նախագահի մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Դալլաքյանը:

 Աժ նախագահը հայտարարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ: «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի սահմանած կարգով` պատգամավորի լիազորությունները համարվում են դադարեցված, եթե նա 15 օրվա ընցաքում հետ չի վերցնում իր դիմումը:

Խորհրդարանը որոշեց վերահաստատել առաջին նստաշրջանում ձեւավորված ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը: Հովիկ Աբրահամյանը խմբակցություններին առաջարկեց թեկնածուներ առաջադրել նաեւ էթիկայի հանձնաժողովը ձեւավորելու համար:

Աժ նախագահն առաջին նիստում ներկայացրեց նստաշրջանի եւ ընթացիկ քառօրյա նիստերի օրակարգերը, որոնք հաստատելուց հետո պատգամավորներն անցան նախագծերի քննարկմանը:

Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում առաջարկում էին լրացում կատարել: Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ, հաշվի առնելով փոքր  խմբակցությունների առկայությունն այս գումարման խորհրդարանում, առաջարկում են վերանայել 12 հանձնաժողովներում նրանց ներկայացված լինելու կարգը: Հեղինակները հնարավորություն են ստեղծում փոքր խմբակցությունների համար ունենալ պատգամավորներ միաժամանակ երեք մշտական հանձնաժողովներում, եթե  խմբակցության կամ պատգամավորական խմբի անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից: Այսօր նախատեսված է միաժամանակ երկու հանձնաժողովի անդամակցելու հնարավորություն:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանի տեղեկացմամբ` գլխադասային հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն իրենց ելույթներում եւ հարցադրումներում անդրադարձան առաջարկվող երեք հանձնաժողովների աշխատանքներին լիարժեքորեն մասնակցելու  պայմաններ ստեղծելու անհրաժեշտությանը: Արծվիկ Մինասյանը ներկայացրեց երեք խմբակցությունների` ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» առաջարկները` ուղղված նախագծի հեղինակներին: Պատգամավորներն առաջարկում են փոքր խմբակցությունների պատգամավորներին, ովքեր ստիպված են լինելու անդամակցել միաժամանակ երեք հանձնաժողովների եւ ծանրաբեռնված են լինելու, հանձնաժողովների քանակին համապատասխան վճարովի հիմունքներով օգնականներ ունենալու հնարավորություն տալ: Նրանք առաջարկում են հանձնաժողովի նիստերի օրերն ու ժամերը սահմանել այնպես, որ պատգամավորն ունենա երեքին էլ մասնակցելու հնարավորություն: Պատգամավորների կարծիքով` անհրաժեշտ է այս դեպքերում պատգամավորի ձայնն ընդհանուրի մեջ հաշվառել միայն մեկ հանձնաժողովում` նիստին ներկա լինելու օրենսդրական պահանջը չխախտելու համար:

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացնելով` խմբկացության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ իրենք կքվեարկեն` կողմնորոշվելով վերոնշյալ առաջարկների ընդունմամբ: 

Դավիթ Հարությունյանը եզրափակիչ ելույթում պատգամավորի օգնականների թիվն ավելացնելու առաջարկն անընդունելի համարեց` միաժամանակ ընդգծելով փոքր եւ ամենամեծ խմբակցություններին հավասարապես երեք փորձագետ տրամադրելու փաստը: Նրա խոսքերով` իրենք փորձել են ընդդիմության եւ փոքր խմբակցությունների համար հատուկ պայմաններ ստեղծել: Այդուհանդերձ` հանձնաժողովներում պետք է արտացոլվի խորհրդարանի քաղաքական  ուժերի հարաբերակցությունը:

Արտահերթ ելույթում ԱԺ նախագահ եւ նախագծի համահեղինակ Հովիկ Աբրահամյանը  փաստեց, որ  Ազգային ժողովում չկա փոքրամասնությանն անտեսելու ցանկություն, եւ մեղադրանքներն էլ անհիմն են: Խորհրդարանի ղեկավարը  հավաստիացրեց, որ անելու է ամեն ինչ` խորհրդարանի արդյունավետ աշխատանքն ապահովելու, այդ թվում` ընդդիմության նպաստն ու հնարավորությունները մեծացնելու համար: ԱԺ նախագահը նշեց, որ ընտրություններին ստացած ձայների հարաբերակցությամբ պայմանավորված` հնարավոր չէ, որ  բոլոր խմբակցությունները նույն չափով մասնակցեն որոշումների ընդունմանը, փոխարենն ընդդիմությունն ունի կառավարության հետ հարցուպատասխանի  գործընթացում արտահերթ հարցեր տալու լայն հնարավորություններ, իսկ հավասար պայմանների բացակայության մասին տեսակետները հիմնավորված չեն:  Աժ նախագահը հավաստիացրեց, որ հանձնաժողովների նիստերի համար կսահմանվեն այնպիսի օրեր ու ժամեր, որ առավելագույնս ապահովվի պատգամավորների մասնակցությունը: «Արդյունք ունենալու համար ես պատրաստ եմ ցանկացած   համագործակցության»-, նշեց ԱԺ նախագահը` միաժամանակ անընդունելի համարելով պահանջագրերի լեզուն:

Պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Էդուարդ Շարմազանովի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի, Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման  ներկայացրեց  Արփինե Հովհաննիսյանը, նշելով, որ օրինագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաեւ ՀՀ Քրեական օրենսգրքի ընդհանուր եւ հատուկ մասերի դրույթների միջեւ առկա ներքին հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ:  Օրինագծի համահեղինակի խոսքով` օրինագծի ընդունմամբ ակնկալվում է ՀՀ Քրեական օրենսգիրքն առավել համահունչ դարձնել ՀՀ Սահմանադրությանը` բացառելով նաեւ սխալ պատժատեսակների եւ պատժաչափերի նշանակման հնարավորությունը:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ կառավարության դրական կարծիքը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, նշելով, որ փոփոխությունները շատ կարեւոր են:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց  «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, նշելով, որ պատգամավորներից ստացված առաջարկներն ընդունվել են:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ներկայացմամբ խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի նպատակը հատուկ նշանակության սննդամթերքի` ալկոհոլային խմիչքների, ծխախոտի, օրենքի խախտմամբ գովազդելու պարագայում  տուգանքի նշանակումն է: Օրինագծի վերաբերյալ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության  հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկեց  ՀՀ նախագահի ներկայացրած 2011 թվականի հոկտեմբերի 18-ին  Սանկտ-Պետերբուրգում ստորագրված «Ազատ առեւտրի գոտու մասին» պայմանագիրը, որը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Նա տեղեկացրեց, որ պայմանագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանը եւ ՈՒկրաինան: Տիգրան Դավթյանը կարեւորելով պայմանագրի ընդունումը` նշեց, որ այն փոխարինում է 1994 թվականի ապրիլի 15-ի ԱՊՀ պետությունների միջեւ «Ազատ առեւտրի գոտու մասին» համաձայնագրին եւ պայմանագրի կողմ հանդիսացող ԱՊՀ պետությունների միջեւ ներկայումս գործող ազատ առեւտրի մասին երկկողմ համաձայնագրերին: Ըստ էկոնոմիկայի նախարարի` պայմանագիրն էապես կխթանի ՀՀ տնտեսության եւ արտադրության զարգացումը: Այն համահունչ է  եւ մեր երկրի տնտեսությանը, եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Պայմանագրի վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին պատգամավորներ Հրանտ Բագրատյանը եւ  Էդուարդ Շարմազանովը:

ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը նկատեց, որ դեմ չլինելով պայնանագրին, անբավարար է համարում ներկայացված հիմնավորումները:

ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նշելով   պայմանագրի կարեւորությունը ՀՀ տնտեսության զարգացման համար` կոչ արեց կողմ քվեարկել:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց ՀՀ նախագահի ներկայացրած 2010 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու-Յորքում ստորագրված «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների համար միջազգային գիտահետազոտական կենտրոն ստեղծելու մասին» բազմակողմ համաձայնագիրը: Միջազգային գիտահետազոտական կենտրոնի  ընդհանուր նպատակը բարձրորակ հետազոտության արդյունքների  եւ քարոզչության կիրառումն է` միջազգային առեւտրում դեպի ծով ելք չունեցող երկրների հնարավորությունը բարելավելու գործում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը:

Ազգային ժողովի պատգամավորները քննարկեցին նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը:

Ազգային ժողովը քննարկեց  «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

Օրինագծի նպատակն է օրենքի գործողության մարմիններում, համայնքների մասով, հստակություն մտցնելն ու օրենքում առկա անհամապատասխանությունների վերացումը: Օրինագծերի փաթեթի վերջին նախագիծը նպատակ ունի համայնքների ղեկավարների համար սահմանել անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելք:

Պարոն Տերտերյանը ներկայացրեց նաեւ «1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանների սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Բանախոսը տեղեկացրեց, որ նախագծի համաձայն` դիմում ներկայացնելու ժամկետը երկարաձգելու դեպքում մինչեւ 2009 թվականի հունիսի 30-ը բնակարան ստացած փախստականները հնարավորություն կունենան իրենց հատկացված բնակարանների նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2011 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով ներկայացվում էին պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2011 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաեւ պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը` հնարավորություն տալով նաեւ իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին:

Արման Սահակյանը տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակաշրջանում ուղղակի վաճառքի ձեւով մասնավորվել է ծրագրում ընդգրկված 3 ընկերություն, որոնցից երկուսի բաժնետոմսերը վաճառվել են նախօրոք հայտնի գնորդին, իսկ մեկինը` աշխատավորական կոլեկտիվին:

Ազգային ժողովը քառօրյա նիստերի աշխատանքը կշարունակի սեպտեմբերի 11-ին:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am