National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.9.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
07.09.2012
ԱԺ մշտական հանձնաժողովները նիստեր գումարեցին
1 / 6

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում սեպտեմբերի 7-ին Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկվեց հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին հարցը:

Պարոն Նահապետյանի ներկայացմամբ` հանձնաժողովի կանոնակարգը կազմված է 10 գլուխներից, որոնք անհրաժեշտ են հանձնաժողովի աշխատանքները արդյունավետ կազմակերպելու համար: Դրանք ներառում են ընդհանուր դրույթներ, վերաբերում են ենթահանձնաժողովների ու աշխատանքային խմբերի ձեւավորմանն ու գործունեությանը, հանձնաժողովի նիստերի հրավիրման, անցկացման, վարման, հարցերի քննարկման, քվեարկության  կարգերին, հանձնաժողովի նիստի իրավազորությանը, օրակարգի նախագծին, արձանագրությանը, խորհրդարանական լսումներին, հանձնաժողովի հարցումներին, հանձնաժողովի քարտուղարությանը,  առաջարկությունների քննարկմանը, քաղաքացիների ընդունելությանը, հանձնաժողովի գործունեության լուսաբանմանն ու հաշվետվությանը:

Հանձնաժողովի նախագահի տեղեկացմամբ` հանձնաժողովի կանոնակարգի դրույթները բխում են «ԱԺ կանոնակարգ» օրենքից, ու թեեւ այն նախորդ գումարման նույն հանձնաժողովի կանոնակարգի հետ շատ ընդհանրություններ ունի, բայց  կան նաեւ անհրաժեշտ հավելումներ ու հստակեցումներ, որոնք հանձնաժողովի աշխատանքը առավել դյուրացնելու ու արդյունավետ դարձնելու նպատակ ունեն: Մասնավորապես կանոնակարգում ավելացել են հանձնաժողովի գործունեության լուսաբանմանն ու հանձնաժողովի հաշվետվությանը վերաբերող գլուխները:

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը քննարկեց եւ հաստատեց իր գործունեության կանոնակարգը: 
  
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկվեց «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց        ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:

Պետական բնակարանային ֆոնդից բնակարանների անհատույց մասնավորեցումը, որն իրականացվում է գործող օրենքին համապատասխան, թույլ չի տալիս տիրապետել գոյություն ունեցող բնակարանային ֆոնդի մասին ամբողջական տեղեկատվությանը, ինչպես նաեւ իրականացնել միասնական եւ նպատակաուղղված քաղաքականություն. այն լուծումներ է տալիս միայն անհատականացված, եզակի դեպքերի համար:

Իրավական ակտի նպատակն է ապահովել պետական բնակարանային ֆոնդի առկայությունը եւ նպատակային խմբերի միջեւ արդյունավետ բաշխումը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծի վերաբերյալ` նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը քննարկեց եւ նստաշրջանի ու քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն տվեց նաեւ «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2011 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» նախագծին: 
  
Հանձնաժողովը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի, անդրադարձավ նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված, առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունված մի շարք  նախագծեր հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության հարցին:

Հանձնաժողովը նախորդ գումարման խորհրդարանում քննարկված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի, «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի եւ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի` հերթական ընթերցումով քննարկումները նպատակահարմար գտավ, իսկ  «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթի եւ «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի հետագա քննարկումը` ոչ նպատակահարմար:

 Հանձնաժողովը հաստատեց նաեւ իր կանոնակարգը: 
  
  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Դավիթ Հարությունյանի նախագահությամբ քննարկեց  պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի եւ Դավիթ Հարությունյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը քննարկման ներկայացրեց Դավիթ Հարությունյանը: Օրինագծով հեղինակներն առաջարկում են ԱԺ կանոնակարգի 25-րդ հոդվածի 6.1-րդ մասում ամրագրել դրույթ, ըստ որի` եթե խմբակցության, պատգամավորական խմբի անդամների ընդհանուր թիվը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունը, պատգամավորական խումբն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մեկից ավելի մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար: Այդ դեպքում խմբակցությունը, պատգամավորական խումբը յուրաքանչյուր մշտական հանաձնաժողովում կարող է ունենալ ոչ ավելի, քան մեկ պատգամավոր,  իսկ նույն պատգամավորը կարող է լինել  ոչ ավելի, քան երեք մշտական հանձնաժողովի անդամ:

 Օրինագիծն ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում: Հանձնաժողովի որոշմամբ` օրինագծի  երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմամբ քննարկումից հետո  24 ժամվա ընթացքում:

 ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց «Սնանկության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հրապարակային  սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որոնց ընդունման դեպքում ակնկալվում է ապահովել սնանկության վարույթում գտնվող պարտապանի գույքի օտարման ավելի կարճ ժամկետներ եւ պարտապանի դրամական միջոցների տնօրինման արդյունավետության մեծացում:

 Փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

 Հանձնաժողովը Արփինե Հովհաննիսյանի ներկայացմամբ քննարկեց պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Էդուարդ Շարմազանովի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի, Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով հեղինակներն առաջարկում են ՀՀ Սահմանադրությանը  համապատասխանեցնել ՀՀ քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ, ինչպես նաեւ` վերացնել ՀՀ Քրեական օրենսգրքի ընդհանուր եւ հատուկ մասերի մի շարք դրույթների միջեւ առկա  հակասությունները:

Օրինագծի վերաբերյալ կառավարության դրական կարծիքը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Այս օրինագիծը եւս արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանն ու կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

 Պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Էդուարդ Շարմազանովի, Մնացական Մնացականյանի, Ռուզաննա Մուրադյանի, Հերմինե  Նաղդալյանի, Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրինագիծը քննարկման ներկայացրեց Արփինե Հովհաննիսյանը` նշելով, որ հեղինակներն առաջարկում են  ՀՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնել «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ  օրենքը` պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկությունների ցանկի հաստատման մասով:

 Այս օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարությունը առարկություններ չներկայացրեց: Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

 ԱԺ  քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին  եւ դրական եզրակացություն տվեցին «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» պատգամավորներ Գալուստ Սահակյանի եւ Հովհաննես Սահակյանի հեղինակած օրինագծին, որով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ  Վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետը: 
  
  ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը Ստեփան Մարգարյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ դրական եզրակացություն տվեց ՀՀ կառավարության ներկայացրած «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթին, որը կընդգրկվի ԱԺ աշնանային եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Փաթեթը նպատակ ունի հստակեցնել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի գործողության ոլորտները եւ վերացնել  դրույթների միջեւ առկա անհամապատասխանությունները:

Հանձնաժողովը, «ԱԺ կանոնակարգ» օրենքի 53-րդ հոդվածի համաձայն, անդրադարձավ նախորդ գումարման Ազգային ժողովում քննարկված առաջին եւ երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծերի հերթական ընթերցմամբ քննարկելու նպատակահարմարության հարցին:  Նպատակահարմար համարվեց ՀՀ կառավարության հեղինակած «Ֆինանսական համահարթեցման մասին» եւ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթի հերթական քննարկումը, որը, սակայն, հեղինակի առաջարկով հետաձգվեց մինչեւ մեկ տարով: 
 
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի  նախագահությամբ քննարկեց եւ հաստատեց հանձնաժողովի կանոնակարգը: Նոր  աշխատակարգը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը:

Խոսելով հանձնաժողովի առաջիկա ծրագրերի ու անելիքների մասին` Գագիկ Մինասյանը հատկանշական համարեց, որ խորհրդարանական ընտրություններով պայմանավորված` աշնանային նստաշրջան են տեղափոխվել որոշ հարցերի քննարկումներ, այդ թվում` բյուջեի կատարման հաշվետվության լսումները:

Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Գագիկ Ոսկանյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց ՀՀ վերահսկիչ պալատի 2011 թ. տարեկան հաշվետվությունը: Նախորդ տարի կատարած ուսումնասիրությունների արդյունքում խախտումներ են արձանագրել հիմնականում շինարարության ոլորտում. այստեղ հատկանշական են եղել  ծավալային հավելագրումները, գների արհեստական թանկացումները, անորակ աշխատանքն ու նախագծերը: Բանախոսի ներկայացմամբ, չնայած գնումների ոլորտում ընթացող բարեփոխումներին, բազմաթիվ են անարդյունավետ, հակամրցակցային, ոչ հրապարակային ու խտրական հիմքերով կազմակերպված գնման գործընթացները: ՎՊ հաշվետվության համաձայն` խախտումներ շատ են նաեւ գույքահարկի ու հողի հարկման դաշտում. համայնքներում որոշ օբյեկտներ անգամ ընդգրկված չեն հարկման բազայում: ՎՊ ներկայացուցիչը փաստեր ներկայացրեց նաեւ սոցիալական, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում հայտնաբերված խախտումնների ու ոչ արդյունավետ ծախսերի վերաբերյալ: Գագիկ Ոսկանյանը ներկայացրեց այս արդյունքներից բխող առաջարկություններ` ուղղված թե օրենսդիր եւ թե գործադիր մարմիններին: Պատգամավորներն էլ  առաջարկեցին օրենսդրորեն հստակեցնել  ՎՊ ծրագրի եւ հաշվետվության կազմման ձեւաչափը` առավելագույնս ապահովելով փոխկապակցվածությունը:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը պատգամավորների գնահատմանը ներկայացրեց նախ 2011 թ. թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը, ապա 2012 թ. ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիրը: Երկու փաստաթղթերում էլ արտացոլված է, որ ԿԲ-ն առաջնորդվել է գնաճի  նպատակադրման քաղաքականությամբ` մեղմելով արտաքին եւ ներքին գնաճային ճնշումները:  2011 թ. գնաճը  կազմել է 4,7 տոկոս, ծրագրվել էր 4 տոկոս` 1,5 տոկոս տատանման միջակայքով:  Գնաճի վրա էական ազդեցություն է ունեցել հիմնական հումքային եւ պարենային ապրանքների միջազգային գների նվազումը` պայմանավորված  համաշխարհային տնտեսական աճի նվազմամբ եւ եվրագոտում պարտքերի առկայությամբ: Գնաճի նվազումը  նկատելի է եղել հատկապես չորրորդ եռամսյակում: Դրամավարկային պայմանների խստացումը  եւ զսպողական հարկաբյուջետային քաղաքականությունն էլ նպաստել են, որ ներքին միջավայրում չմեծանան գնաճային ճնշումները:

ԿԲ ներկայացուցիչն ընդգծեց, որ 2011 թ. որոշ ժամանակով անհրաժեշտ է եղել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` պայմանավորված մարտ ամսին արձանագրված 11,5 տոկոս գնաճի ցուցանիշով: Ռիսկերը մեղմվելու արդյունքում արդեն երրորդ եռամսյակում դրամավարկային պայմանները թուլացվել են:

Խոսելով 2012 թ. գնաճի ձեւավորման միջավայրի մասին` Ներսես Երիցյանը բնութագրական համարեց եվրագոտու ֆինանսական եւ հարկաբյուջային խնդիրները, որոնք  թե զարգացած եւ թե զարգացող երկրներում տնտեսակա աճի ռիսկեր են պարունակում: Արդյունքում ակնկալվում է 3,1-4,8 տնտեսական աճ: Գնաճը, ԿԲ գնահատականով, կտատանվի 4+/-1,5 տոկոսի սահմաններում:

Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը փաստաթղթերի վերաբերյալ ներկայացրեց  կառավարության եզրակացությունները: Գնաճային ռիսկերը մարտահրավեր են եղել ինչպես ԿԲ-ի, այնպես էլ կառավարության համար. գները զսպելուն զուգահեռ անհրաժեշտ է եղել չխոչընդոտել տնտեսության վերականգնմանը: Փոխնախարարը ներկայացրեց որոշ դիտարկումներ 2012 թ. ծրագրում նշված մի քանի կանխատեսումների վերաբերյալ: Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նկատեց, որ խորհրդարանի ընդունած ՀՆԱ-ի եւ գնաճի երկու կարեւոր ցուցանիշներ ապահովվել են:

Նշված երեք փաստաթղթերն էլ ստացան գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ` քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար: ԱԺ կանոնակարգի համաձայն` այս փաստաթղթերը խորհրդարանն ընդունում է ի գիտություն:

Հանձնաժողովը հաստատեց նաեւ «ՀՀ 2011 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության սեղմագիրը: 
  
  ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի ` սեպտեմբերի 7-ի նիստում Տաճատ Վարդապետյանի նախագահությամբ քննարկվեցին թե նախորդ գումարման խորհրդարանից  փոխանցված եւ թե  նոր նախագծեր:

Պատգամավորներ Վահագն Մախսուդյանը եւ Խաչիկ Հարությունյանը շրջանառության մեջ են դրել «Սեւանա լճի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծ: Պատգամավորները նախատեսում են Սեւանա լճի անմիջական ազդեցության գոտում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման` որպես լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող գործունեության արգելումը: Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը հեղինակներին առաջարկեց այդ դրույթը չտարածել մինչ այդ ՓՀԷԿ կառուցելու լիցենզիա ստացած իրավաբանական անձանց վրա. 8 ՀԷԿ արդեն կառուցված է, 7-ն էլ ստացել են լիցենզիաներ:  Հեղինակները համաձայնեցին առաջարկի հետ, եւ հանձնաժողովի դրական եզակացությամբ հարցը որոշվեց ընդգրկել նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում:

Առաջնորդվելով ԱԺ կոնանակարգի 53-րդ հոդվածով` գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը նպատակահարմար համարեց «Սպառողական կոոպերացիայի մասին»  օրենքում փոփոխություն  կատարելու մասին» կառավարության նախաձեռնությունը  երկրորդ ընթերցման եւ «Բնապահպանական վերահսկողության մասին» նախագիծը` հարակից օրինագծերով, երրորդ ընթերցման ընթացակարգով հետագա քննարկումները:

Հանձնաժողովը հաստատեց աշնանային նստաշրջանի ընթացքում քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը:
 


07.09.2012
Տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը վարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Քննարկվեցին հինգերորդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի օրակարգի մասին եւ սեպտեմբերի 10-13-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի  մասին որոշումների նախագծերը: ԱԺ երկրոր...

07.09.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչները: Ողջունելով դեսպանների այցը Հայաստան` ՀՀ ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ այն լավ հնարավորություն է Հայաստանին առնչվող ...

07.09.2012
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Լատվիայի դեսպանին
Սեպտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Գինտս Ապալսին: Դեսպանը ԱԺ նախագահին փոխանցեց Լատվիայի խորհրդարանի նախագահի պաշտոնական նամակը, որում նա շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ վերընտրվելու կապակցությամբ եւ վերահաստատել իր հրավերը ...

07.09.2012
Տեղեկատվություն
ՀՀ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն իրենց հավատարմագրերը կարող են ստանալ սեպտեմբերի 10-12-ին ԱԺ ընդունարանից /Բաղրամյան 19 / ժամը 10:30-12:00-ն: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am