ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում մարտի 22-ին հյուրընկալեց Երեւանի պետական, Հայ-ռուսական սլավոնական եւ «Գլաձոր» համալսարանների մի խումբ ուսանողների:
Ողջունելով համալսարանականներին` ԱԺ փոխնախագահը նրանց հորդորեց լինել անկաշկանդ` խոստանալով նույնքան անկեղծ լինել:
Երիտասարդներին առավելապես հետաքրքրում էին նախընտրական գործընթացները, ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու նախադրյալները, նախընտրական ցուցակներ կազմելու հիմքերը, դրանցում կանանց ներգրավվածության աստիճանը:
Ուսանողուհիներից մեկը հետաքրքրվեց, թե ԱԺ փոխնախագահը կարեւորում է արդյոք խորհրդարանում կանանց թվի մեծացումը, եւ ինչքանով է արդարացված կատարողական արվեստի, սպորտի եւ այլ ոլորտների ներկայացուցիչների առկայությունը օրենսդիր մարմնում: Պարոն Շարմազանովը նկատեց, որ խորհրդարանը ոչ միայն քաղաքական մարմին է, այլեւ ներկայացուցչական, որտեղ պետք է տեղ ունենան եւ իրենց ոլորտների խնդիրները ներկայացնեն հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչները: Անդրադառնալով ընտրական ցուցակներում կանանց թվի մեծացման հարցին, պարոն Շարմազանովն ասաց, որ ինքը դեմ է ցանկացած քվոտավորմանը եւ արհեստական բաժանումներին, քանի որ հայկական միջավայրում կինը, մայրը մշտապես ունեցել են իրենց ուրույն, կարեւոր դերակատարությունը:
Ուսանողները ԱԺ փոխնախագահին նաեւ նախընտրական եւ հետընտրական գործընթացներին վերաբերող հարցեր ուղղեցին: Անդրադառնալով վերոնշյալ գործընթացներում հանդիպող բացասական երեւույթների պատճառներին, պարոն Շարմազանովը ներկայացրեց նաեւ վերջին տարիներին հանրապետությունում արձանագրված ձեռքբերումները, բազմակարծության ապահովմանն ուղղված քայլերը, բացասական երեւույթներն արմատախիլ անելու իշխանության ջանքերը:
ԱԺ փոխնախագահը ժողովրդավարական երկիր կառուցելու գործում մեծապես կարեւորեց քաղաքացիական հասարակության ակտիվությունը, իր քվեին տեր կանգնելու հաստատակամությունը եւ ընտրողի այն գիտակցումը, որ յուրաքանչյուր քվեն որոշիչ է:
Ամփոփելով զրույցը եւ շնորհակալություն հայտնելով ուսանողներին հետաքրքիր հարցադրումների համար, պարոն Շարմազանովը նկատեց, որ ի դեմս նրանց, տեսնում է անկախության սերնդին` նոր մտածողությամբ եւ քաղաքացիական կեցվածքով: