National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.7.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
11.07.2011
Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի պաշտոնական այցը Հայաստանի Հանրապետություն
1 / 13

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հուլիսի 11-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությունը:

Մինչեւ պաշտոնական հանդիպումները ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը եւ պատվիրակության անդամները  հարգանքի տուրք մատուցեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին, ծաղիկներ  դրեցին նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Այնուհետեւ տեղի ունեցավ երկու խորհրդարանների նախագահների առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ կապերի ակտիվացմանը, միջխորհրդարանական գործակցության խորացմանը առնչվող  եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

 Առանձնազրույցից հետո Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը մասնակցեցին  երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը:

 Ողջունելով եւ կարեւորելով ուկրաինացի գործընկերոջ այցը Հայաստան` Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց,  որ փոխադարձ այցելությունները եւ խնդիրների  հրապարակային քննարկումները կնպաստեն երկու պետությունների  արդյունավետ  համագործակցությանը եւ փոխգործակցության զարգացմանը: «Խորհրդարանական դիվանագիտությունն  այսօր կարեւոր դեր է խաղում երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում, եւ վստահ եմ, որ Ձեր այցը Երեւան լրացուցիչ խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման եւ ամրապնդման համար,- ասաց ՀՀ ԱԺ նախագահը: «Մենք պետք է նպաստենք մեր խորհրդարանականների միջեւ արդյունավետ համագործակցությանը, եւ պատգամավորական բարեկամության խմբերի աշխատանքի ակտիվացումը:  Բայց ես առաջարկում եմ շարժվել  առաջ եւ բարեկամության խմբերի հիման վրա  ստեղծել Հայաստանի Ազգային ժողովի եւ Ուկրաինայի Գերագույն Ռադայի  միջխորհրդարանական համագործակցության  հանձնաժողով: Կարծում եմ`այս դեպքում մեր երկրների  խորհրդարանները կարող են ավելի արդյունավետ նպաստել մեր երկրների ավելի սերտ միջպետական համագործակցությանը  բոլոր ուղղություններով»,- ասաց Հովիկ Աբրահամյանը` մաղթելով, որ Գերագույն Ռադայի պատվիրակության այցը դառնա մշտական կապի, հանդիպումների, շփումների երկար ճանապարհի միայն սկիզբը` իրականացնելու խորհրդարանների գլխավոր խնդիրը` աջակցել երկու պետությունների հետագա արդյունավետ զարգացմանն ու ժողովուրդների բարեկեցությանն ուղղված իսկապես բարեկամական համագործակցությանը:

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը դրական գնահատելով քաղաքական երկխոսության մակարդակը երկու երկրների միջեւ` նշեց, որ բոլոր պայմանները կան  սերտացնելու հարաբերությունները տարբեր ոլորտներում: Միջպետական հարաբերությունների զարգացման առումով նա բարձր գնահատեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի  պաշտոնական այցը Ուկրաինա:

Պարոն Լիտվինը  ողջունեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` միջխորհրդարանական համագործակցության  հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Գերագույն Ռադայի նախագահը ՀՀ Ազգային ժողովի նախագահին փոխադարձ պաշտոնական այցով  հրավիրեց Ուկրաինա:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը  բարձր գնահատեց հայ - ուկրաինական հարաբերությունները:  Նրա խոսքով` երկու  երկրների  միջեւ ստորագրված ավելի քան յոթանասուն միջպետական պայմանագրերը եւ միջկառավարական համաձայնագրերը ամուր հիմք են բազմակողմանի համագործակցության համար: «Երկկողմ հարաբերություններում կարեւոր տեղ է զբաղեցնում  նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը,- ասաց Հովիկ Աբրահամյանը:- Հայաստանի եւ  Ուկրաինայի խորհրդարանականները հաջողությամբ  համագործակցում են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում,  բայց դեռ չունենք լիարժեք համագործակցություն միջխորհրդարանական այլ կազմակերպություններում, թեեւ վերջերս երեում են  որոշ դրական տեղաշարժեր:

ԱԺ նախագահը նշեց, որ Ուկրաինան Հայաստանի երկրորդ առեւտրային գործընկերն է ԱՊՀ - ում: Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, Հայաստանի եւ Ուկրաինայի  միջեւ ապրանքաշրջանառության ծավալները  2005-2010թթ. ավելացել են յոթանասուն միլիոն դոլարով: «Համոզված եմ, որ հայ - ուկրաինական տնտեսական համագործակցության  միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերսկսումը, բիզնես - ֆորումների կազմակերպումը, եւ, որ ամենակարեւորն է, Նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս Ուկրաինա կատարած այցը եւ նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները հույս են ներշնչում, որ մեր տնտեսությունները մոտ ապագայում կարող են արդյունավետ համագործակցել»,- ասաց Հովիկ Աբրահամյանը` ավելացնելով, որ դրան բավականին կարող են նպաստել երկու երկրների միջտարածաշրջանային համագործակցությունը, առեւտրա - տնտեսական, մշակութային եւ կրթական կապերի զարգացումը:

ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարեւոր համարեց Հայաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների համագործակցության ակտիվացումը միջազգային կառույցներում, մասնավորապես ԵԽԽՎ-ում եւ ԵՎՐԱՆԵՍԹ-ում: Նրա  հետ համամիտ էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, ով ընդգծեց հավասարակշիռ վերաբերմունք դրսեւորելու եւ անկողմնակալ մոտեցումներ ցուցաբերելու անհրաժեշտությունը:

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը նշեց, որ խորհրդարանների միջեւ մշտական համագործակցությունը հնարավորություն կտա հստակեցնել մոտեցումները եւ ճշգրտել դիրքորոշումները:

Անդրադառնալով Ուկրաինայի հայկական համայնքին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այսօր այնտեղ հայկական  սփյուռքը կազմում է շուրջ չորս հարյուր հազար մարդ: «Համոզված եմ, որ ինչպես անցյալում, հայերը ներդնում են իրենց ուժը, տաղանդը եւ հմտությունները ժամանակակից Ուկրաինայի զարգացման մեջ, եւ ես հուսով եմ, որ Ուկրաինայում  հոգատար եւ բարեկամական վերաբերմունքը մեր հայրենակիցների նկատմամբ այսուհետ եւս կշարունակվի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Նվեր Մխիթարյանը նշեց, որ Ուկրաինայի հայ համայնքն իրեն շատ վստահ է զգում եւ երկրի ամենահարգված համայնքներից է:

Խորհրդարանական հանդիպումներից հետո Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ուկրաինացի խորհրդարանականները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, եղան Ցեղասպանության թանգարանում: Վլադիմիր Լիտվինը եղեւնի տնկեց Հիշողության պուրակում:

Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան շարունակվում է:


11.07.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ  Աբրահամյանը ցավակցական  հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովին: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում  մեր խորին ցավակցությունը «Բուլգարիա»  ջերմանավի խորտակման կապակցությամբ, որը մարդ...

11.07.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Է‎ֆթիմիուին
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական հեռագիր է հղել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ  Պետրոս  Էֆթիմիուին: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ ԵԱՀԿ ԽՎ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ մաղթում  հաջողո...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am