National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.6.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
24.06.2011
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց ՀՊՏՀ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը
1 / 5

Հունիսի 24-ին  ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա էին  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը,  կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պատգամավորներ, ՀՊՏՀ դասախոսներ, ուսանողներ, ծնողներ: 
  
Շնորհավորելով բակալավրերին` ԱԺ նախագահը, ով նաեւ այս բուհի շրջանավարտ է, ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է մասնակից լինել մեր երկրի լավագույն եւ ավանդույթներ ունեցող բուհերից մեկի` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ավարտական դիպլոմների հանձնման արարողությանը:

Երիտասարդները մշտապես եղել  ու մնում են հասարակության շարժիչ ուժը եւ որպես քաղաքականապես ակտիվ մաս, եւ որպես ավելի ճկուն ու թարմ մտածելակերպ, նոր աշխարհայացք ունեցողներ, եւ որպես նախաձեռնություններ ցուցաբերողներ: Երիտասարդ սերունդն ունի պատասխանատվություն լինել ավելի խելացի, ավելի լավը:

Պետությունների ու հասարակությունների փոխհարաբերություններում, արժեքների գնահատման համակարգերում փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ավելի արագացված տեմպերով ու օրեցօր կատարելագործվող մեթոդներով, երիտասարդությանը մղում են նոր գործելակերպի եւ կենսաձեւի: Ժամանակակից տեխնոլոգիաները դարձել են զարգացման գործընթացների առաջնորդն ու ուղեկիցը: Այս պարագայում չափազանց կարեւոր է որակյալ կրթության եւ հիմնավոր գիտելիքի դերը, որոնք հնարավորություն կտան ցուցաբերել ավելի կշռադատված մոտեցում, ընդունել որոշումներ եւ վստահությամբ նայել ապագային:

Մեզանում մշտապես հարգանք են վայելել ու վայելում գիտելիքն ու կրթությունը: Որակյալ մասնագետը գնահատվում է ցանկացած հասարակությունում, առավել եւս երբ բարձր է տվյալ բուհի վարկանիշը: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այն կրթօջախն է, որ միշտ էլ աչքի է ընկել բարձրակարգ կադրերով, պրոֆեսորադասախոսական կազմով, գիտական պոտենցիալով, եւ, իհարկե, շրջանավարտներով, ովքեր զբաղված են թե պետական համակարգում, թե մասնավոր հատվածում` Հայաստանում ու արտերկրում: 
  
Սիրելի շրջանավարտներ,

տնտեսագետի մասնագիտությունն այսօր պահանջված է  ոչ միայն մեր երկրում, այլեւ ողջ աշխարհում: Դուք մեծ հնարավորություն ունեք, որպեսզի ստացած կրթությունը եւ բուհի դիպլոմը նպաստեն ձեր հնարավորություններն ու կարողությունները  լավագույնս իրացնելուն, ձեր անձնական հաջողություններին, կարիերային եւ ամենակարեւորը` երկրի առաջընթացին: Դուք պետք է պատասխանատու լինեք ոչ միայն ինքներդ ձեր, այլեւ երկրի ու ժողովրդի առաջ, պատրաստ լինեք  հայրենիքին ծառայելու զենքով, մտքով ու ստեղծարար աշխատանքով: Մենք այլ ճանապարհ չունենք, քան զարգանալը եւ միաժամանակ, պահպանել մեր դեմքն ու արժանապատվությունը: Պիտի կարողանանք դա անել գործնական քայլերով` զերծ մնալով չարախոսությունից, անհանդուրժողականությունից:

Հին խոսք է`  գիտելիքը մարդուն կշիռ է տալիս, իսկ արարքը` փայլ: Եւ այսօր շատ կարեւոր է, որ ձեզ գրավի ոչ թե արտաքին փայլը, այլ` գիտելիքը: Պետք է ոչ միայն տիրապետել գիտելիքների, այլեւ դրանք  կիրառել կյանքում:

Շնորհավորում եմ բոլորիդ` բուհն ավարտելու առթիվ եւ մաղթում  բարի երթ դեպի նոր կյանք»:

2010-2011 ուսումնական տարում ՀՊՏՀ-ն ավարտել են 1144 ուսանող` տնտեսագիտական 22 մասնագիտություններով: Շրջանավարտներից 84-ը արժանացել է գերազանցության` կարմիր դիպլոմի։ Նրանցից հինգին դիպլոմները հանձնեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ուսանողներին ուղղեցին եւ դիպլոմներ հանձնեցին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը,  կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am