National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.6.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
21.06.2011
Աշխատանքը սկսեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը
1 / 2

ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 21-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: ԱԺ պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին արտահերթ նստաշրջանի անցկացման հատուկ ընթացակարգի մասին եւ մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին Ազգային ժողովի որոշումները:

Ազգային ժողովը քննարկեց «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նախագծի կարգավորման նպատակը հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, այլ փաստաթղթերը եւ տեղեկությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու շրջանակն է: Այն վերաբերում է նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 58.35 միլիոն դրամից ավելի ավելացված արժեքի հարկով  հարկվող շրջանառություն ունեցող կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ներկայացրեց «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը:

Բանախոսի գնահատմամբ`  օրենսդրական կարգավորման նպատակը գյուղատնտեսությունում օգտագործվող ներմուծվող ռեսուրսների մատչելիության եւ արտադրական գործընթացների մեքենայացման մակարդակի բարձրացումն է, ճյուղի արդյունավետության բարձրացման համար նախադրյալների ստեղծումը:

Գյուղատնտեսական տեխնիկայի եւ դրանց մասերի,  պարարտանյութերի, թունաքիմիկատների, գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուների ներկրման ժամանակ մաքսային մարմինների կողմից ավելացված արժեքի հարկի չգանձումը, ինչպես նաեւ նշված ռեսուրսների ներքին շրջանառությունը ավելացված արժեքի հարկից ազատումը կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից դրանց ձեռքբերման մատչելիության բարձրացմանը եւ օգտագործման ծավալների ավելացմանը, արդյունքում` գյուղատնտեսության տեխնիկական հագեցվածության, մեքենայացման մակարդակի բարձրացմանը, ագրոտեխնիկական պահանջների կատարմանն ու ճյուղի արդյունավետության բարձրացմանը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող, Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի` նախագծերի այս փաթեթի  ընդունումը հնարավորություն կտա կանոնակարգելով իրավական դաշտը` հստակեցնել պետական ռազմավարությունը, ստեղծել ներդրումների եւ արդյունավետ գործունեության խթան, որի արդյունքում էլ համապատասխան պայմաններ կստեղծվեն մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա կոմունալ թափոնների բացասական  ներգործությունը նվազեցնելու եւ չեզոքացնելու, բնակչության համար հարմարավետ եւ էկոլոգիապես անվտանգ հնարավորություններ ապահովելու համար:

Միեւնույն ժամանակ սույն օրենքի ընդունման արդյունքում լուծվում են  թափոնների մի մասի` աղբի հավաքման եւ տեղափոխման հետ կապված հարաբերությունները, կանոնակարգվում են սակագները, սահմանվում վճարների դրույքաչափերը եւ հավաքագրման մեխանիզմները, ամրագրվում վճարողների եւ ծառայություններ մատուցողների իրավունքներն ու պարտականությունները:

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի եւ դրան կից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ելույթ ունեցավ եւ կոնկրետ առաջարկներ ներկայացրեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ազգային ժողովի նախագահը ուշադրություն հրավիրեց նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի վրա, որը վերաբերում է օրենքի կարգավորման առարկային, եւ որտեղ հստակ ամրագրված է, թէ ինչ հարաբերություններ է կարգավորում եւ ինչ է սահմանում օրենքը` աղբահանության եւ սանիտարական մաքրման կազմակերպման բնագավառում: Նշված  մասը  սահմանում է նաեւ պատասխանատվություն չվճարելու համար, մինչդեռ  օպերատորի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպում պատասխանատվություն սահմանված  չէ: Պարոն Աբրահամյանն առաջարկեց 1-ին մասի «պատասխանատվությունը չվճարելու» բառերից հետո լրացնել   «պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու» բառերը:

 Ազգային ժողովի նախագահը նկատեց, որ օրինագծի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է աղբահանության վճար վճարողների շրջանակը, սակայն անհայտ է մնում, թե  ինչպես պետք է լուծվի հաշվառում ունեցող, սակայն ՀՀ-ում չբնակվող քաղաքացիների հետ պայմանագրային հարաբերությունների հարցը, քանի որ աղբահանության վճարների չկատարման համար պատասխանատվության առաջացման հիմքը տվյալ պայմանագիրն է: Պարոն Աբրահամյանն առաջարկեց նախագծի 6-րդ հոդվածի 1-ին մասի «համայնքի վարչական տարածքում» բառերից հետո ավելացնել «բնակվող» բառը, քանի որ սկզբունքորեն ընդունելի չէ չմատուցված ծառայության դիմաց հատուցում պահանջել, տվյալ դեպքում` համայնքի վարչական տարածքում չբնակվող (եւ, բնականաբար, աղբ չառաջացնող) ֆիզիկական անձից աղբահանության վճարի գանձման մոտեցումը:

Տվյալ առաջարկության հետ կապված, բանախոսի կարծիքով, անհրաժեշտ է նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասի  ա) կետից հանել «ընդ որում, եթե տվյալ հասցեում որեւէ անձ հաշվառված չէ, ապա տվյալ բնակելի շինության կամ բնակարանի համար կարող է հաշվարկվել աղբահանության վճար մեկ բնակչի համար սահմանված դրույքաչափով» բառերը: Նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասում ասվում է, «Աղբի տարբեր տեսակների համար կարող են սահմանվել տարբեր դրույքաչափեր»: Ընդ որում, տարբեր դրուքաչափեր սահմանելիս կարող են հաշվի առնվել նաեւ անշարժ գույքի չափերը, նպատակային կամ գործառնական նշանակությունը, հարկայնությունը, հեռավորությունը աղբավայրից, աղբահանության վճար վճարողների եւ նրանց գործունեության առանձնահատկությունները, ինչը հակասում է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի` «Համայնքի տարածքում բոլոր վճարողների համար uահմանվում են տեղական վճարների միաuնական դրույքաչափեր»: Բացի այդ, տվյալ մոտեցմամբ առաջնորդվելու դեպքում գործնականում կարող է ընդհուպ սահմանվել աղբահանության անհատական դրույքաչափեր, ինչը միանշանակ ընդունելի չէ:    Սրա հետ կապված` ԱԺ նախագահն առաջարկեց        հանել  նախագծի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:

Պարոն Աբրահամյանը ուշադրություն հրավիրեց նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա 1-ին կետի վրա: Այն սահմանում է, որ աղբահանության վճարի հաշվարկողի կողմից սխալ հաշվարկելու արդյունքում պակաս վճարված աղբահանության վճարի գումարները վճարում է աղբահանության վճար վճարողը` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան երեք տարվա համար: Այս մոտեցումը, ըստ նրա, չի կարելի ընդունելի համարել, քանի որ պակաս վճարված աղբահանության վճարի պատասխանատվությունը պետք է կրի դրանում մեղավոր կողմը, տվյալ դեպքում` աղբահանության վճարի հաշվարկողը, իսկ այս դրույթի «հիմնավորման» համար նախագծի 20-րդ հոդվածի 1-ին մասով տրված իրավունքները (ըստ որի` վճարողն իրավունք ունի ինքնուրույն հաշվարկել կատարվող վճարի չափը, ստուգել կատարված հաշվարկների համապատասխանությունն իր հաշվարկների հետ եւ դատական կարգով բողքարկել դրանք) ոչ միայն չի արդարացնում որդեգրած մոտեցումը, այլեւ անհարկի եւ անիմաստ վարչարարության անհրաժեշտություն եւ կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում:                 ԱԺ նախագահն առաջարկեց որդեգրել ամենապարզ մոտեցումը, այն է` հաշվարկը կատարում է համայնքը, ինչը նրա պարտականությունն է, պարտավոր է կատարել ճիշտ հաշվարկ, իսկ սխալ հաշվարկ կատարելու արդյունքում պակաս ստացված վճարի չափով էլ հենց ինքը պետք է կրի պատասխանատվություն` իր բյուջեից ծածկելով պակաս հավաքագրված միջոցների արդյունքում առաջացած դեֆիցիտը: Հենց վերջինս էլ կստիպի կատարել ճիշտ հաշվարկ եւ կզրկի կոռուպցիոն կոնկրետ սխեմաների կիրառման գայթակղությունից:

ԱԺ նախագահի գնահատմամբ` 21-րդ հոդվածի մասերի համարակալումը անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, իսկ ամրագրված 4-րդ մասը հակասում է Սահմանադրության 83.5.-րդ հոդվածի 2-րդ կետին, համաձայն որի` «պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը կարող է սահմանվել բացառապես օրենքով», բացի այդ  նախագծով օպերատորի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար որեւէ   պատասխանատվություն սահմանված չէ: Հետեւաբար, օպերատորի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, ինչը սույն նախագծի հիմքերից մեկն է, պետք է  լրացվի:   Այս առնչությամբ նա առաջարկեց նախագծի 21-րդ  հոդվածի 4-րդ մասը (իրականում պետք է լինի 3-րդ մաս) շարադրել հետեւյալ խմբագրությամբ.   «4.Օպերատորը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար` համայնքի բյուջե վճարելով տուգանք` չկատարված կամ ոչ պատշաճ կատարված աղբահանության յուրաքանչյուր դեպքի համար հիսուն հազար դրամի չափով, եթե օպերատորի եւ համայնքի միջեւ կնքված պայմանգրով ավելի մեծ տուգանք սահմանված չէ:   Տուգանքի վճարումն օպերատորին չի ազատում չկատարված կամ ոչ պատշաճ կատարված պարտավորության կատարումից: Օպերատորի պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է համայնքի ղեկավարը կամ նրա կողմից լիազորված անձը»:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ինչպես հնչեցված, այնպես էլ նախագծում առկա  խմբագրական եւ այլ բնույթի մի շարք թերությունների վերացման նպատակով ինքը առաջարկները  կներկայացնի գրավոր:

ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը տեղեկացրեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նույնպես առաջարկներ ունի, որոնք կներկայացնի գրավոր:

Քննարկվող հարցի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նկատեց, որ ԱԺ նախագահի առաջարկները տարբեր պատգամավորների հնչեցրած հարցադրումների արձանագրումներն են եւ դրանց լուծման արդյունավետ Ճանապարհն են մատնանշում: Նախագիծը բազմիցս քննարկվել եւ լրամշակվել է: Ինչ վերաբերում է դրույքաչափերի սակագներին, պարոն Սահակյանի գնահատմամբ` օրենքի նախագծով  դրանք գրեթե չեն փոխվում եւ բնակչի համար ծանր բեռ չեն առաջացնում: Նա  առաջարկեց ընդդիմախոսներին հարցը չքաղաքականացնել, այլ դրա փոխարեն  ներկայացնել կոնկրետ առաջարկներ, որոնք կքննարկվեն եւ կներառվեն օրինագծում մինչեւ երկրորդ ընթերցում:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, ըստ որի` օրենքի գործողության ժամկետը երկարաձգելով մինչեւ 2011 թ. մայիսի 1-ը, եւս մեկ անգամ հնարավորություն է տրվում մինչեւ 2011 թվականի աշնանային զորակոչը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից:

Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը ներկայացրեց «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը:

Ըստ բանախոսի` առաջարկվում է ընդունել իրավական ակտ, որով հստակ կամրագրվեն ավտոկայանատեղի կազմակերպման, դրանց շահագործման կարգերը, տեխնիկական միջոցներով կահավորման, ավտոկայանատեղի տուրքի վճարման օբյեկտները, տուրքի առավելագույն եւ նվազագույն չափը, տուրք վճարողները, վճարման համակարգը, ավտոկայանատեղի տուրք վճարողների իրավունքները եւ պարտականությունները, ավտոկայանատեղի տուրքի վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը, հսկողության իրականացման կարգը եւ ձեւերը, բռնագանձման, պատասխանատվության կիրառման, տրանսպորտայի միջոցների տարհանման կարգը, ինչպես նաեւ համայնքի ավագանուն եւ համայնքի ղեկավարին հիշյալ ոլորտում վերապահվող լիազորությունները:

Միաժամանակ օրենքի պահանջները խախտողներին պատասխանատվության ենթարկելու նպատակով առաջարկվում է լրացումներ կատարել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում, մասնավորապես` պատասխանատվություն սահմանել «Ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը համայնքային վճարովի ավտոկայանատեղում կայանելու համար օրենքով սահմանված տեղական տուրքը չվճարելու» համար:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:

Ազգային ժողովը արտահերթ նստաշրջանի աշխատանքը կշարունակի հունիսի 22-ին:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am