National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.6.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
16.06.2011
Ավարտվեց «Իրականություն դարձնել ամենախոցելի երեխաների իրավունքները» տարածաշրջանային խորհրդարանական եռօրյա համաժողովը
1 / 5

Հունիսի 16-ին Հայաստանի Մարիոթ Արմենիա հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում շարունակվեցին   ՀՀ Ազգային ժողովի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի եւ Միջխորհրդարանական միության կազմակերպած «Իրականություն դարձնել ամենախոցելի երեխաների իրավունքները» թեմայով Կենտրոնական եւ Արեվելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային խորհրդարանական եռօրյա համաժողովի աշխատանքները, որին մասնակցում էին տարբեր երկրներ եւ միջազգային կազմակերպություններ ներկայացնող ավելի քան 100 պատվիրականեր, ԱԺ պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, փորձագետներ:

Եռօրյա տարածաշրջանային խորհրդարանական համաժողովում մասնակիցները քննարկեցին երեխաների` մասնավորապես ամենախոցելի խմբերի երեխաների իրավունքների պաշտպանությանը, այդ ոլորտում առկա ձեռքբերումներին եւ մարտահրավերներին առնչվող մի շարք հարցեր:

Ներկայացվեցին երեխաների իրավունքներին առնչվող միջազգային եւ տարածաշրջանային օրենսդրական դաշտը, հատուկ ուշադրություն դարձվեց տարածաշրջանային եւ միջազգային մոնիթորինգային գործընթացներում խորհրդարանների դերակատարությանը եւ առկա  տեղեկատվության աղբյուրներին, գործիքներին եւ մեթոդներին, որոնց միջոցով մոնիթորինգի է ենթարկվում երեխաների իրավունքների ոլորտում առկա իրավիճակը:

Համաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում էին  վաղ մանկության զարգացմանն ուղղված խորհրդարանական նախաձեռնությունները, երեխաների պաշտպանությունը տարբեր բռնություններից վաղ մանկության շրջանում:

 ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանի առաջարկով ցուցադրվեց տեսանյութ,  որը ներկայացնում էր խնամքի հատուկ կարիք ունեցող երեխաների առօրյան հանրապետության վերականգնողական կենտրոններում:

Համաժողովի եզրափակիչ փաստաթղթի նախնական տարբերակը  ներկայացրեց ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Նա նշեց այն քայլերն ու քաղաքականությունը, որոնք պետք է նպաստեն երեխաների իրավունքների պաշտպանության ավելացմանը, նրանց նկատմամբ կիրառվող տարբեր բռնությունների կանխարգելմանը,  կարողությունների զարգացմանը վաղ մանկության շրջանում:

Մասնավորապես կարեւորվեց երեխաների խնամքի կազմակերպումը խնամատար ընտանիքներում, ընտանեկան տիպի հաստատություններում:

 Տիկին Գալստյանը համաժողովի մասնակիցներին առաջարկեց ներկայացնել իրենց դիտողություններն ու առաջարկները, որոնք ըստ անհրաժեշտության կներառվեն փաստաթղթի նախագծում: Փաստաթղթի լրամշակված տարբերակը կքննարկվի Միջխորհրդարանական միության վեհաժողովում:

Թեմայի շրջանակներում ելույթ ունեցող պատվիրակները դրական արտահայտվելով ներկայացված նախագծի վերաբերյալ, երեխաների լիարժեք զարգացման հարցում կարեւորեցին ընտանեկան կամ ընտանեկան տիպի խնամքը, երեխաներին բռնությունից պաշտպանող օրենքների, քաղաքականությունների եւ ծառայությունների առկայությունը: Մի շարք երկրների պատվիրակներ անհրաժեշտ համարեցին բյուջետային հատկացումների մեծացումը, երեխաների իրավունքների պաշտպանի առկայությունը, ինչպես նաեւ` խորհրդարանական վերահսկողության ապահովումը երեխաներին իրավունքների պաշտպանության ոլորտում:

Ամփոփելով քննարկումները` ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ տիկին Լեյլի Մոշիրին շնորհակալություն հայտնեց  ՀՀ Ազգային ժողովի ղեկավարությանը եւ համաժողովի մյուս կազմակերպիչներին` բարձր մակարդակով կազմակերպված        աշխատանքի համար եւ նշեց, որ ՅՈՒՆԻՍԵՖ -ը պատրաստ է շարունակել համագործակցությունը ԿԱԵ եւ ԱՊՀ երկրների հետ  եւ նպաստել խնդիրների կարգավորմանը:

Համաժողովի աշխատանքը ամփոփվեց մամուլի ասուլիսով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am