National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
22.3.2011

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
22.03.2011
Խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը
1 / 8

Մարտի 22-ին Ազգային ժողովը շարունակեց քառօրա նիստերի աշխատանքը:

Մինչ  օրինագծերի քննարկմանն անցնելը, պատգամավորներն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ողջունեցին Բաց դռների քաղաքականության շրջանակներում Ազգային ժողովում գտնվող Երեւանի Ավան եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դպրոցների բարձր դասարանցիներին:

Այնուհետեւ խորհրդարանը շարունակեց  պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Դավիթ Հարությունյանի, Հովհաննես Սահակյանի,Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Նաիրա Զոհրաբյանի եւ Վարդան Բոստանջյանի հեղինակած «ՀՀ ընտրական օրենսգրքի» եւ հարակից օրինագծերի փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկումը:

Շարունակելով նախորդ օրը կիսատ մնացած ելույթը` «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը տեղեկացրեց, որ աշխատանքային խումբը պատրաստակամ է քննարկել ստացվելիք բոլոր առաջարկները, իսկ «Օրինաց երկիր» խմբակցությունը կողմ է քվեարկելու  քննարկվող «ՀՀ ընտրական օրենսգրքի» եւ հարակից նախագծերի փաթեթին:

ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը օրինագծերի փաթեթի վերաբերյալ  ներկայացրեց Արմեն Ռուստամյանը:

Անդրադառնալով ՀՅԴ խմբակցության եւ կոալիցիոն պատգամավորների ներկայացրած օրինագծերի փաթեթների դրույթներին, պարոն Ռուստամյանը անհրաժեշտ համարեց ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը եւ ընտրությունների  նկատմամբ հանրության վստահության վերականգնումը: Խնդրի լուծման համար կարեւորվեց քաղաքական կամքի դրսեւորումը եւ ազատ, արդար ընտրությունների անցկացում ապահովող օրենսգրքի ընդունումը:

Արմեն Ռուստամյանն անհրաժեշտ համարեց երկու փաթեթների կարեւորագույն դրույթների համադրումը, ինչը  կնպաստի ընդունելի   օրենսգիրք ունենալուն:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության դիրքորոշումը ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը:  Նա տեղեկացրեց, որ ընտրական գործընթացներին առնչվող  ՀՀ  օրենքներում  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը եւս նախաձեռնել էր փոփոխություններ նախատեսող օրինագծեր, սակայն դրանցում եղած բոլոր դրույթներն ընդգրկվել են քննարկվող փաթեթում, ուստի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը աննպատակահարմար է համարել այդ փաթեթի հետագա շրջանառումը:

Ներկայացնելով քննարկվող փաթեթի կարեւորագույն դրույթները` Նաիրա Զոհրաբյանն իրազեկեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ է քվեարկելու կոալիցիայի ներկայացրած փաթեթին:

Արտահերթ ելույթ ունեցավ եւ իր տեսակետներն ու դիրքորոշումը  ներկայացրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Արտահերթ ելույթ ունեցավ  ՀՀ ԱԺ նախագահը: Դիմելով գործընկերներին, Հովիկ Աբրահամյանը  նշեց, որ նոր խմբագրությամբ ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծի նպատակը ընտրական օրենսդրության, ընտրական գործընթացների եւ ընտրական վարչարարության բարելավումն է, որում հաշվի են առնվել մի շարք միջազգային կազմակերպությունների, Վենետիկի հանձնաժողովի եւ հասարակական կազմակերպությունների առաջարկությունները: Նա նշեց, որ գործող ընտրական օրենսգիրքն անցած տարիների ընթացքում բազմիցս փոփոխվել է եւ անհրաժեշտություն է առաջացել ունենալ նոր խմբագրությամբ օրենսգիրք:

Ընտրությունների հրապարակայնության վերաբերյալ  հոդվածի առնչությամբ նշվեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անհատական որոշումներն ընդունվելուց, իսկ նորմատիվ որոշումները` օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո` մեկ օրվա ընթացքում, տեղադրվելու են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում, որով փաստորեն, բարձրացվում է  Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  գործունեության հրապարակայնությունը:

Նույն հոդվածով սահմանվում է, որ «Համապետական ընտրությունների նշանակումից հետո թեկնածուները, կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը` էլեկտրոնային եղանակով` կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում տեղադրելու համար: Սույն կետի դրույթները վերաբերում են նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին:  Այս դեպքում  կտրուկ բարձրացվում է  ընտրողների տեղեկացվածությունը: Նա նշեց, որ նույն հոդվածով սահմանվում է, որ «Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ եւ քվեարկության նախորդ օրը, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը վարող լիազոր մարմինը հրապարակում է Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաեւ յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների թիվը: ԱԺ նախագահը նկատեց, որ այս դրույթի ընդունմամբ կբարձրացվի հրապարակայնության եւ հանրային վերահսկողության մակարդակը: Նա նկատեց, որ բացի այդ,  ընտրական ցուցակների գրանցման ժամկետի ավարտից հետո` 5 օրվա ընթացքում, ներկայացվում է կուսակցության ֆինանսական միջոցների մասին հայտարարագիր, որը հրապարակվում է:

Տեղամասային կենտրոնի վերաբերյալ հոդվածի առնչությամբ ԱԺ նախագահը նկատեց, որ տեղամասային կենտրոնը պետք է ընտրվի այնպես, որ ապահովվի քվեարկության բնականոն ընթացքը: Ընտրական տեղամասում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող համապատասխան շենքերի, շինությունների բացակայության պատճառով, ընտրողների համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով տեղամասային կենտրոնի տեղակայման համար համայնքի ղեկավարը կարող է վարձակալել համապատասխան տարածքներ: ԱԺ նախագահի կարծիքով`այս դրույթով  համայնքի ղեկավարը պարտավորված կլինի տեղամասային կենտրոնի համար ընտրել պատշաճ վայր, որով կապահովի քվեարկության բնականոն ընթացքը:

Նա հստակեցրեց, որ հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված այս առաջարկությունը  համայնքի ղեկավարի համար հանդիսանում է  պարտադիր լիազորություն, որի չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը` հիմք է համայնքի ղեկավարի  լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար: ԱԺ նախագահը նկատեց, որ համաձայն չէ այս դիտարկմանը, քանի որ ճիշտ չի համարում այս դրույթի չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար դադարեցնել համայնքի ղեկավարի լիազորությունները:

ԱԺ նախագահն անդրադարձավ նախընտրական քարոզչության հիմնական սկզբունքների վերաբերյալ հոդվածին, որում ամրագրված է, որ համապետական ընտրությունների նշանակումից ոչ ուշ, քան 20 օր հետո մարզպետը, Երեւանում` Երեւանի քաղաքապետը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում այն դահլիճների եւ այլ շինությունների ցանկը, որոնք թեկնածուներին ու կուսակցություններին տրամադրվում են անվճար: Այդ ցանկը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:

Ըստ ԱԺ նախագահի` այս դրույթով  առավել հրապարակային կդարձվի նախընտրական քարոզչության համար անվճար վայրերի տրամադրման գործընթացը՝ ապահովելով հավասար պայմաններ:

Անդրադառնալով նախընտրական հիմնադրամին վերաբերող  դրույթներին, ԱԺ նախագահը նշեց, որ   նախընտրական հիմնադրամի  համալրմանը,  հիմնադրամի միջոցների օգտագործմանը, նախընտրական հիմնադրամի ծախսերին, խախտումների դեպքում տուգանք կիրառելուն, հիմնադրամներ կատարված մուծումների եւ դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու եւ հիմնադրամի հետ կապված այլ դրույթները կկարգավորեն ինչպես նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման եւ ծախսերի նկատմամբ վերահսկողությունը, այնպես էլ՝ կուսակցությունների ֆինանսական գործունեության նկատմանբ վերահսկողությունը:

Պարոն Աբրահամյանը նշեց, որ քվեարկության նախապատրաստման վերաբերյալ  հոդվածում ամրագրված է, որ ընտրողների գրանցման եւ քվեաթերթիկներ եւ քվեարկության ծրարներ հատկացնող անդամների աշխատասեղանների միջեւ նախատեսվում է աշխատատեղ մեկ վստահված անձի համար: Այս դրույթը կապահովվի վերահսկողության արդյունավետ իրականացումը: ԱԺ նախագահն անդրադարձավ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կազմավորելու կարգին, նկատեց, որ   ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ունի 7 անդամ: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորում եւ հանձնաժողովի անդամներին նշանակում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը` 5 տարի ժամկետով: Հանձնաժողովի կազմում առնվազն մեկ անդամ պետք է ունենա իրավաբանական կրթություն, առնվազն մեկը պետք է կին լինի: ԱԺ նախագահը նկատեց, որ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում քվեարկության կազմակերպումը հնարավորություն կտա ՀՀ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողներին եւ նրանց հետ արտերկրում բնակվող ընտրելու իրավունք ունեցող ընտանիքի անդամներին մասնակցել համապետական ընտրություններին: Նա նկատեց, որ չխախտելով քվեարկության գաղտնիության սկզբունքը քվեարկության ընթացքը վստահված անձանց, դիտորդների, ԶԼՄ ներկայացուցիչների կողմից  լուսանկարահանելու կամ տեսանկարահանելու վերաբերյալ դրույթը  կապահովի առավել հրապարակայնություն եւ հանրային վերահսկողություն:  ԱԺ նախագահը նշեց, որ այս դրույթը հստակեցման կարիք ունի: Հովիկ Աբրահամյանի խոսքով  ընտրողների ցուցակում քվեարկողի ստորագրության դիմաց հանձնաժողովի անդամի` ստորագրության փոխարեն  անհատական կնիք դնելու դրույթը կբարձրացնի հանձնաժողովի անդամի պատասխանատվությունը եւ վերահսկելի կդարձնի նրա աշխատանքը: Անդրադառնալով  Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ առաջադրելը վերաբերյալ դրույթին` նշվեց, որ ըստ օրիանգծի  կուսակցության  ընտրական ցուցակի առաջին տասնյակում պետք է լինի  առնվազն մեկ կին, իսկ ցուցակի 11-րդ համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով հնգյակում (11-15, 11-20, 11-25 եւ այդպես շարունակ` մինչեւ ցուցակի ավարտը) առնվազն 20 տոկոսը պետք է լինեն կանայք: Ըստ ԱԺ նախագահի` այս դրույթը կապահովի  կանանց ներգրավածությունն օրենսդիր մարմնում:

Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուներ առաջադրելու վերաբերյալ հոդվածում ամրագրված դրույթը, որը վերաբերում է ՏԻՄ ընտրություններում թեկնածուներ առաջադրելու կուսակցությունների իրավունքին, ԱԺ նախագահի  կարծիքով կխթանի կուսակցությունների գործունեությունը համայնքներում եւ կավելացնի կուսակցությունների դերակատարությունը:

ԱԺ նախագահը մասնավորապես նշեց, որ  հստակեցվել են նաեւ ընտրությունների ամփոփման եւ ընդունված որոշումների բողոքարկման ժամկետները,  ամրագրվել է, որ ընտրական հանձնաժողովների արձանագրություններում առանձին տողերով նշվում է ընտրողների ընդհանուր թիվը եւ յուրաքանչյուր լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների եւ քվեարկության մասնակիցների թիվը:

Ընդհանուր առմամբ, ընդունվել են Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի համատեղ եզրակացության մեջ նշված բոլոր առաջարկությունները` բացառությամբ մատների թանաքոտման:

Ընդունվել են նաեւ կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների շուրջ 140 առաջարկ:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ նախագծի փաթեթում ներառված են  նաեւ փոփոխություններ մի շարք օրենսգրքերում եւ օրենքներում, որոնց, ինչպես նաեւ ընտրական օրենսգրքի նախագծի  վերաբերյալ առաջարկությունները   կներկայացնի  նաեւ գրավոր: Նա առաջարկեց, որ   նախագծի 11-րդ հոդվածից անհրաժեշտ է հանել 2-րդ մասը,  քանի որ այն հակասում է ՀՀ Սահմնադրության  23-րդ հոդվածի 2-րդ մասին, համաձայն որի` «Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով»:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ նախագծի 40-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է 15 թեկնածուներ, որոնցից 7-ը` Հանրապետության Նախագահի կողմից նշանակվում են ԿԸՀ-ի անդամ: Այդ կերպ նախագիծը նպատակ ունի հասնել մասնագիտական հանձնաժողովի ձեւավորմանը` կուսակցությունների ազդեցությունից զերծ: Նկատի ունենալով, որ Մարդու իրավունքների  պաշտպանը, Փաստաբանների պալատի նախագահը եւ Վճռաբեկ դատարանի նախագահը ներկայացնում են հնգական անդամներ, ուստի առաջարկվում է յուրաքանչյուր հնգյակից պարտադիր նշանակել  2 թեկնածու, իսկ մեկը`  հայեցողությամբ:

Ըստ ԱԺ նախագահի` նախագծի 53-րդ հոդվածի 2-րդ նախադասությունը անհրաժեշտ է շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն ընտրությունների հետ կապված միջոցառումներում ապահովում է հասարակական կարգը եւ անվտանգությունը, աջակցում է հանձնաժողովներին` սույն օրենսգրքով նախատեսված  հանձնաժողովների լիազորությունների իրացմանը խոչընդոտող հանգամանքները վերացնելով»:

ԱԺ նախագահն առաջարկեց  նախագծի 63-րդ հոդվածի 3-րդ մասի «զինամթերք» բառը  փոխարինել «ռազմամթերք» բառով, ինչը համահունչ կլինի  «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

ԱԺ նախագահը նշեց, որ  նախագծի 87-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դրույթը «... ընտրված Նախագահը կարող է ձերբակալվել կամ կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ» հակասում է Սահմանադրության 56.1-րդ եւ 57-րդ հոդվածներին:

Հովիկ Սբրահամյանի խոսքով  օրինագծի 121-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դրույթը «..., ընտրված պատգամավորը կարող է ձերբակալվել, կալանավորվել կամ նրա նկատմամբ դատական կարգով պատասխանատվության ենթարկելու հարց հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ» հակասում է Սահմանադրության 66-րդ հոդվածին համաձայն որի. « … Պատգամավորին չի կարելի որպեu մեղադրյալ ներգրավել, կալանավորել կամ նրա նկատմամբ դատական կարգով վարչական պատաuխանատվության ենթարկելու հարց հարուցել` առանց Ազգային ժողովի համաձայնության: Պատգամավորին չի կարելի ձերբակալել առանց Ազգային ժողովի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ձերբակալությունն իրագործվում է հանցագործության կատարման պահին: Այu դեպքում անհապաղ տեղեկացվում է Ազգային ժողովի նախագահը»:

Ամփոփելով ելույթը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու ներկայացված օրինագծին առաջին ընթերցմանը

Ամփոփիչ ելույթում օրինագծերի փաթեթի հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը նշեց, որ քննարկման ընթացքում հնչած առաջարկներից շատերն օգտակար են եւ քննարկումից հետո հավանաբար կընդգրկվեն փաթեթում:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը գործընկերների քննարկմանը ներկայացրեց այլընտրանքային կարգով քննարկվող «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի հեղինակներն են ՀՅԴ խմբակցության պատգամավորներ Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Արտյուշ Շահբազյանը եւ Արա Նռանյանը: Պարոն Մինասյանը նշեց գործող  ՀՀ Ընտրական օրենսգրքի թերությունները եւ առաջարկվող փոփոխությունները: Նա մասնավորեցրեց, որ օրինագիծը մշակվել է ՀՀ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների համատեղ սկզբունքային առաջարկությունների հիման վրա, որոնք ուղարկվել են նաեւ Վենետիկի հանձնաժողով;

Նա նշեց, որ ընտրական օրենսդրության խնդիրների վերաբերյալ առկա են բազմաթիվ հարցադրումներ, որոնք իրենց  արտացոլումն են գտել ԵԽԽՎ բանաձերում, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներում, ՀՀ ԱԺ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում եւ այլն:

Ըստ հիմնական զեկուցողի` նախատեսվում է ՀՀ ԱԺ 100 տոկոս համամասնական ընտրակարգի սահմանում, ընդդիմադիր եւ իշխանական խմբակցությունների հավասար թվով մասնակցության սկզբունքի հիման վրա ընտրական հանձնաժողովների ձեւավորման նոր կարգ, ինչպես նաեւ` տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների կողմից արձանագրված խախտումների վերաբերյալ արագ արձագանքելու պարտականության սահմանում, վերահսկելի, բազմակի քվեարկությունների եւ լցոնումների բացառման նպատակով ընտրական գործընթացի կազմակերպման, քվեարկության եւ քվեարկության արդյունքների հաշվառման մեխանիզմների կատարելագործում, կանանց ներգրավվածության մեծացում ընտրացուցակներում մինչեւ 30 տոկոս եւ այլն:

Հեղինակների համոզմամբ, ներկայացված փոփոխությունների ընդունումը կնպաստի, որպեսզի բացառվեն բազմակի եւ վերահսկելի քվեարկությունները, քվեարկության արդյունքների հաշվառման եւ բողոքարկման անկատար համակարգը,  նախընտրական հավասար քարոզչության ապահովման մեխանիզմի անկատարությունը:

Առաջարկվում է տեսանկարահանել քվեարկության եւ հաշվարկի ողջ ընթացքը, ինչի նպատակով առաջարկվում է բոլոր տեղամասերում ամրացնել տեսախցիկներ, որոնք կֆիքսեն քվեատուփը, քվեախցիկները եւ քվեաթերթիկների հանձնման սեղանները: Տեսաձայնագրելու իրավունք է վերապահվում նաեւ վստահված անձանց, դիտորդներին եւ ԶԼՄ ներկայացուցիչներին` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումը ներկայացրեց Արա Սիմոնյանը:

Նա նկատեց, որ հանձնաժողովը դրական է համարել այլընտրանքային օրինագծի առկայությունը, սակայն դրանում կան մտահոգիչ դրույթներ:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը եւս մատնանշելով օրինագծում առկա մտահոգիչ դրույթները, նշեց, որ ՀՀ կառավարության տեսակետը ՀՅԴ  խմբակցության ներկայացրած այլընտրանքային տարբերակի  վերաբերյալ բացասական է:

Օրինագծի քննարկումը կշարունակվի մարտի 23-ին:

Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ Կանոնակարգի համաձայն տրամադրվեց պատգամավորների հայտարաւրություններին:


22.03.2011
Ոչ միայն աշակերտներն են այցելում խորհրդարան, այլեւ պատգամավորներն են գնում դպրոցներ
Մարտի 22-ին Ազգային Ժողովում անցկացված հերթական «Բաց դաս»-ի «օրակարգը» համահունչ էր խորհրդարանական հերթական քառօրյային եւ այսօրվա միջազգային անցուդարձին. խորհրդարանում հյուրընկալված` մայրաքաղաքի Ավան եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների դպրոցների աշակերտների հետ  հանդիպմանը Ազգային ժողովի նախ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am