National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
25.10.2010
Ազգային ժողովը հերթական քառօրյա նիստերի աշխատանքը սկսեց վերակառուցված դահլիճում
1 / 17

Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստն սկսվեց նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերի  հաստատումով, որից հետո ԱԺ պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նախորդ քառօրյայի վերջին նիստում քննարկված 13 օրինագծեր եւ վավերացրին 7 միջազգային պայմանագրեր:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նախորդ նիստում ընդհատված «Վայրի կենդանիների միգրացվող տեսակների պահպանության մասին» կոնվենցիան եւ երրորդ ընթերցման ներկայացված «Հսկիչ նշանների միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» եւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Նիկոլայ Առուստամյանը ներկայացրեց «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որի նպատակն է վերացնել ՀՀ դատական օրենսգրքի եւ «Դատական ծառայության մասին» ՀՀ  օրենքի միջեւ եղած   հակասությունը եւ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի ու առանձնացված ստորաբաժանումների ֆինանսավորումը 2011 թվականի պետական բյուջեում ներկայացնել առանձին տողով:

Ազգային ժողովը քննարկեց նաեւ «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ առաջարկված փոփոխությունների համար հիմք են ծառայել ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ հաստատված Կայուն զարգացման ծրագրի այն դրույթները, որով  նախատեսվում է դատավորների եւ դատախազների աշխատավարձերի պարբերաբար բարձրացում` հաշվի առնելով նրանց գործունեության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման, ինչպես նաեւ նրանց համար սոցիալական երաշխիքների ապահովման սկզբունքի արդյունավետ իրացման եւ վերջին հաշվով դատավորների, դատախազների արժանապատիվ աշխատանք ապահովող աշխատավարձերի մակարդակի սահմանման անհրաժեշտությունը:

ՀՀ վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյանի քրեական, քաղաքացիական, վարչական դատարանների դատավորների պաշտոնային դրույքաչափերի   հաշվարկման մեխանիզմը սահմանված է ՀՀ դատական օրենսգրքով, որի համար որպես ելակետային հաշվարկման հիմք է ընդունվում ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնային դրույքաչափը, որը կազմում է 220000 դրամ:

«Դատախազության մասին» ՀՀ  օրենքի  համաձայն` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը կազմում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափի եւ դրա նկատմամբ հաշվարկվող քառորդ չափով հավելավճարի գումարի 95 %-ը, իսկ մյուս դատախազների պաշտոնային դրույքաչափերը որոշվում են` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ ավելի ցածր տոկոսներ սահմանելով` կախված պաշտոնների հիերարխիկ համակարգում իրենց գրաված դիրքից:

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը օրենքով սահմանելու, ինչպես նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի աշխատավարձի հետ կապը վերացնելու անհրաժեշտությունից ելնելով`  նպատակահարմար է համարվում գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափը սահմանել յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով:

Հաշվի առնելով «ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի առանձին հոդվածով  ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի դատավորի  եւ ՀՀ գլխավոր  դատախազի պաշտոնային դրույքաչափը սահմանելու հանգամանքը, ինչպես նաեւ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2010 թվականի հուլիսի  8-ի «ՀՀ 2011-2013  թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին»   որոշմամբ սահմանված դատավորների եւ դատախազների աշխատավարձերի չափաքանակները`  առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ օրենքների ժամանակավոր նորմատիվ իրավական ակտ սահմանող դրույթները:

Բանախոսը հավելեց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման եւ կայուն տնտեսական զարգացման ապահովման արդյունքում, երբ հնարավոր կդառնա իրականացնել հանրային ծառայողների վարձատրության համակարգային բարեփոխումներ, այդ շրջանակներում կվերանայվեն նաեւ դատավորների եւ դատախազների աշխատավարձերի սահմանման մեխանիզմները:

Գլխադասային` ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ներկայացնելով օրենսդրական նախաձեռնության բուն էությունը եւ  պատասխանելով ելույթ ունեցած պատգամավորների մտահոգությանը, նկատեց, որ   քննարկվող հարցով պայմանավորված, օրենսդիր մարմինը բոլորովին էլ իր իրավասությունը գործադիրին չի զիջում, քանի որ պետական բյուջեն, որով պետք է կարգավորվի դատավորի եւ դատախազի աշխատավարձը, հաստատում է Ազգային ժողովը եւ, ի վերջո, չի կարելի քաղաքական մեծամասնությունը բաժանել օրենսդիր եւ գործադիր մարմինների, քանի որ գործադիր մարմին ձեւավորում է խորհրդարանական  քաղաքական մեծամասնությունը:

ԱԺ պատգամավորները քննարկեցին նաեւ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է 2011 թվականին նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 32500 դրամ:

Առաջարկվում է նաեւ սահմանել նվազագույն ժամային տարիֆային դրույքի հաշվարկման մեխանիզմը` առողջապահական, հոգաբարձության, խնամակալության,  մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, կապի եւ աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների համար: 
  
Քննարկվեց  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի,  պատգամավորներ Գալուստ Սահակյանի եւ Ռաֆիկ Պետրոսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որը ներկայացրեց օրինագծի համահեղինակ Ռաֆիկ Պետրոսյանը:

Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն շահագրգռել տրանսպորտային միջոցով խախտում կատարած եւ օրենքով սահմանված կարգով տուգանված անձանց` վարչական տուգանքը վճարել հնարավորինս սեղմ ժամկետներում` գործը չհասցնելով դատական ատյանին: Մյուս կողմից` անհրաժեշտ է հստակեցնել եւ որոշ համաչափություն ապահովել տուգանքի եւ դրա նշանակման նպատակի կամ մոտիվացիայի միջեւ, քանի որ նման համաչափության բացակայությունը հանգեցնում է նշանակված տուգանքների համատարած չվճարմանը, եւ արդյունքում` ժամկետանց պարտավորությունների կուտակմանը:

Նախագծով առաջարկվում է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել իրավախախտում կատարած եւ օրենքով սահմանված կարգով տուգանված անձանց համար` տեղում կամ 3 օրվա ընթացքում տուգանքը վճարելու դեպքում տուգանքի չափը 50 տոկոսով կրճատելու,  30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը կրկնապատկելու,  60 oրվա ընթացքում տուգանքը չվճարելու դեպքում տուգանքի չափը եռապատկելու եւ միայն այդ տուգանքի վճարումից չարամտորեն խուսափողների նկատմամբ կիրառել դատական կարգով տուգանքի բռնագանձման  մեխանիզմը` այդ կերպ  դատարանին հնարավորություն ընձեռելով  վճարման ժամկետ  uահմանել առավելագույնը մեկ տարի ժամկետով կամ  տուգանքը վճարել մաu առ մաu` նույն ժամկետում, uահմանելով տուգանքի վճարման ժամանակացույց: Այս դեպքում է, որ հաշվի է առնվում  վարչական պատասխանատվության առանցքային` արդարության, կատարված արարքին համապատասխան պատասխանատվության միջոցի համաչափության, տույժի անհատականացման եւ տարբերակման սկզբունքները, քանի որ տուգանքը` որպես տույժի տեսակ, պատասխանատվության միջոց կիրառվում է` նպատակ ունենալով կանխել ինչպես   իրավախախտողի, այնպեu էլ այլ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը եւ ոչ թե  գումարի հավաքագրումը:

 ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը, ներկայացնելով գլխադասային հանձնաժողովի դրական տեսակետը, նկատեց, որ նախագիծը լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում իրավախախտում կատարած եւ օրենքով սահմանված կարգով տուգանված անձանց համար` կարճ ժամանակում տուգանքը վճարելու դեպքում նվազեցնելու տուգանքի չափը, ինչը կարագացնի տուգանքի վճարման գործընթացը` գործը չհասցնելով դատական ատյանին:

ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի գնահատմամբ` այս օրինագիծը բխում է ֆիզիկական անձանց շահերից, ու թեեւ նվազեցնելու է բյուջե կատարվելիք  ֆինանսական հոսքերը, բայց   կնպաստի վարչական տուգանքը  հնարավորինս սեղմ ժամկետում վճարելուն եւ կնվազեցնի ժամկետանց պարտավորությունների կուտակումը:

ԱԺ պատգամավորները սկսեցին քննարկել «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որով առաջարկվում է  նախատեսել մեխանիզմ, որով վարչական դատարանի ակտերը հնարավոր է բողոքարկել վերաքննության կարգով` վերաքննիչ դատարանում:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի` հոկտեմբերի 26-ի նիստում:
 
 
 
 
 


25.10.2010
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկվեց «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին...

25.10.2010
Ցուցահանդես Ազգային ժողովում
Հոկտեմբերի 25-ին ԱԺ կանաչ սրահում բացվեց հայ  գեղանկարիչ Էդվարդ Սասունի անհատական ցուցահանդեսը: Էդվարդ Սասունը, ում համար տարին հոբելյանական է` լրանում է նրա  55-ամյակը, ծնվել է Թալինի շրջանի Շղարշիկ գյուղում, մտավորականների ընտանիքում: Ավարտել է ԵՊՀ-ի տնտեսագիտական կիբեռնետիկայի ֆակուլտետ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am