National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
21.10.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Հայաստանում տնտեսագիտական բարձրագույն կրթության 90 եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 80-ամյակներին նվիրված հանդիսավոր նիստին
1 / 2

Հոկտեմբերի 21-ին  Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում նշվեցին Հայաստանում տնտեսագիտական բարձրագույն կրթության 90 եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 80-ամյակները: Հանդիսավոր նիստին  ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ:

Նիստը բացեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ, տնտեսագիտության դոկտոր Յուրի Սուվարյանը, ով անդրադարձավ Հայաստանում տնտեսագիտական բարձրագույն կրթության  սկզբնավորմանն ու հետագա ընթացքին,  ներկայացրեց բուհի անցած ուղին եւ ապագա անելիքներն ու ծրագրերը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Շնորհավորելով հոբելյանների կապակցությամբ`  Ազգային ժողովի նախագահը նշեց, որ  80-ամյակը նշանակալից տարիք է բուհի համար, եւ որպես խորհրդի նախագահի, որպես այս բուհի շրջանավարտի,  իր համար շատ հաճելի է, որ համալսարանը հոբելյանը դիմավորում է արժանապատվորեն` ցուցադրելով ոչ միայն այսօրվան համահունչ ձեռքբերումներ, այլեւ մեծ ներուժ` ապագա հաջողությունների եւ ձեռքբերումների համար:

Հովիկ Աբրահամյանի խոսքերով` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այն բուհն է, որի պատրաստած  մասնագետների պահանջարկ միշտ էլ կա ու կլինի թե տնտեսության մեջ, թե գիտության ասպարեզում, եւ թե պետական կառավարման համակարգում:

Որպես  Հայաստանում գործող ամենախոշոր տնտեսագիտական բարձրագույն ուսումնական հաստատություն, որտեղ սովորում են  ավելի քան 6000 ուսանողներ եւ աշխատում` 650-ից ավելի պրոֆեսորադասախոսական եւ սպասարկող անձնակազմ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դարձել է իսկապես կադրերի դարբնոց մեր երկրի տնտեսական ու քաղաքական համակարգի,  գործարար աշխարհի համար: 
  
Յուրաքանչյուր երկրի համար ժամանակին համընթաց քայլող մասնագետ  եւ կրթված հասարակություն ունենալը կենսական անհրաժեշտություն  է:  Խորհրդարանի ղեկավարի համոզմամբ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը մեծ պոտենցիալ ունի` շարունակելու իր ներդրումն այդպիսի հասարակության կայացման գործընթացում: 
  
Յուրաքանչյուր բուհի համբավն ու անունը ձեւավորվում են տարիներով: Այն կերտում են նաեւ նրա շրջանավարտները, եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այս առումով առաջնակարգ տեղ է զբաղեցնում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այն բուհն է, որն իր պրոֆեսորադասախոսական կազմով կարողանում է  ժամանակակից չափանիշներին ու պահանջներին համապատասխանող գիտելիք մատուցել իր ուսանողին: « Մեր երկրում բանիմաց տնտեսագետների բավական պահանջարկ կա: Ես մաղթում եմ , որ դուք, հարգելի ուսանողներ, մագիստրոսներ ու ասպիրանտներ, հնարավորինս շուտ կարողանաք ձեր ստացած կրթությունն աշխատանքի վերածել, որովհետեւ դա ոչ միայն ձեր անձնական, այլեւ մեր երկրի, ժողովրդի շահերից է բխում,- ասաց ԱԺ նախագահը: -Ես ցանկանում եմ, որ դուք ոչ միայն որակյալ մասնագետներ լինեք, այլեւ լավ մարդիկ, հասարակության օրինակելի անդամներ` իբրեւ ուղեցույց ունենալով փոխադարձ հարգանքը, հանդուրժողականությունն ու համերաշխությունը, ինչի կարիքն այսօր շատ կա»:

Կրթության եւ գիտության զարգացմանը պիտի նպաստի ոչ միայն պետությունը` միջոցներ ուղղելով, այլ նաեւ  գործարար աշխարհը` ներդրումներ անելով գիտության մեջ, խթանելով գիտական հետազոտությունների նկատմամբ պահանջարկը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ գիտության մեջ ներդրումները պետք է շահավետ լինեն, որ շահագրգռեն գործարարին: «Մեզանում այս շահավետության հաշվարկի գործընթացը թերեւս դեռ դանդաղ է կատարվում: Բայց համոզված եմ, որ այն աստիճանաբար արագություն է հավաքելու, քանզի հակառակ դեպքում գիտելիքահենք տնտեսություն ասվածը կարող է մնալ որպես բառախաղ, իսկ մեր տնտեսությունը կհայտնվի համաշխարհային զագացման ճամփեզրին,- ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահը: - Որքան գիտությունը խորը մխրճված լինի տնտեսության մեջ,  այնքան պետությունն ավելի շատ միջոցներ կունենա կրթությանն ու գիտությանը ուղղելու համար»: Այս տեսանկյունից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն այն կրթօջախն է, որ մշտապես զգում է երկրի տնտեսության  ու ժամանակի զարկերակը: ԱԺ նախագահը բարձր գնահատեց նաեւ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի վաստակը. «Այս բուհում աշխատում եւ դասավանդում են մարդիկ, ովքեր գիտակցում են իրենց կոչումն ու առաքելությունը, ովքեր հավատում են, որ  մանկավարժի աշխատանքի ու գիտելիքի արժեքը երբեք չի նսեմանում, ովքեր նաեւ ինչ- որ տեղ էնտուզիաստներ են»: 
  
Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողությանը  եւ ողջ աշխատակազմին ՀՀ Ազգային ժողովի նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը մաղթեց շարունակական հաջողություններ, ժամանակին համընթաց  ձեռքբերումներ, անսպառ եռանդ ու բարեկեցություն: «Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրդ վայելեք ձեր մասնագիտական ձգտումների իրագործման, աշխատելու եւ արդյունքներ ստանալու բերկրանքը: Եւ մշտապես հիշեք, որ բոլորիս  խնդիրն է նախեւառաջ հզորացնել Հայաստանի Հանրապետությունը: Որովհետեւ, Նապոլեոն Բոնապարտի բառերով ասած`սերը դեպի հայրենիք քաղաքակիրթ մարդու առաջին արժանիքն է», - եզրափակեց Հովիկ Աբրահամյանը։ 
  
Շնորհավորանքներին եւ ողջույնի խոսքերին միացավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: 
  
Հոբելյանների կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով համալսարանի  մի խումբ վաստակաշատ ներկայացուցիչներ արժանացան գիտության վաստակավոր գործչի կոչման, Անանիա Շիրակացու մեդալի: Կոչման վկայագրերն ու մեդալները հանձնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Իսկ Ազգային Ժողովի նախագահի կարգադրությամբ Հայաստանում տնտեսագիտական բարձրագույն կրթության 90 եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 80-ամյակների կապակցությամբ, կրթության եւ գիտության բնագավառում ներդրած ավանդի համար բուհի մի խումբ դասախոսներ պարգեւատրվեցին ԱԺ Պատվո մեդալով, որոնք նրանք ստացան անձամբ խորհրդարանի ղեկավարից: Համալսարանի մի խումբ ներկայացուցիչներ էլ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից պարգեւատրվեցին վարչապետի մեդալներով եւ շնորհակալագրերով:

Հանդիսավոր նիստը եզրափակվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  մասին պատմող տեսաֆիլմով եւ համերգային ծրագրով` Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի վաստակավոր անսամբլի եւ համալսարանի շնորհալի ուսանողների մասնակցությամբ:


21.10.2010
Տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:Տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` Գագիկ Մինասյանի նախագահությամբ: «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը քննարկվեց ...

21.10.2010
Շարունակվում են բյուջետային քննարկումները
Հոկտեմբերի 21-ին շարունակվեցին 2011 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկումները ՀՀ ԱԺ  սոցիալական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Նիստը նախագահում էին հանձնաժողովների նախագահներ Հակոբ Հակոբյանը եւ Գագիկ Մինասյանը: Քննարկմանը մասնակ...

21.10.2010
ԵԽ Գլխավոր քարտուղարի հանդիպումները խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ
Հոկտեմբերի 21-ին ՀՀԿ խմբակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւ ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանը Ազգային ժողովում հանդիպեցին Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Նաիրա Զոհրաբյանը պարոն Յագլանդի խնդրանքով ներկայացրեց ԵԽԽՎ վերջին ...

21.10.2010
ԱԺ նախագահը ընդունեց ԵԽ Գլխավոր քարտուղարին
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Ողջունելով ԵԽ Գլխավոր քարտուղարին` Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց նրա այցը Հայաստան  եւ նրա մասնակցությունը Եվրոպայի խորհրդի «Հանուն ժողովրդավարության ապագայի» ֆորումին: ԱԺ նախագահ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am