ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 20-ին շարունակվեցին «ՀՀ 2011 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց 2011 թ. առողջապահության ոլորտի բյուջետային հատկացումները` իրազեկելով, որ ՀՀ 2011 թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի ծախսերը (առանց ՀՀ առողջապահության նախարարության պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) կազմում են 61453.1 մլն դրամ: Ծախսերի աճը ՀՀ 2010 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ կազմում է 7243.0 մլն դրամ կամ 13.4 տոկոս: Տեղեկացվեց, որ 2011 թ. պետական բյուջեի նախագծով «Արտահիվանդանոցային ծառայություններ» խմբի գծով նախատեսվում է 23884.4 մլն դրամ: ՀՀ 2010 թ. համապատասխան ցուցանիշի նկատմամբ ծախսերն աճել են 2851.1 մլն դրամով: ՀՀ ֆինանսների փոխնախարարը նշեց, որ հիվանդանոցային բուժօգնության գծով ՀՀ 2011 թ. պետական բյուջեի նախագիծը կազմում է 27370.9 մլն դրամ, որը գերազանցում է 2010 թ. համապատասխան ցուցանիշը 6172.4 մլն դրամով կամ աճը կազմում է 29.1 տոկոս: Այդ ավելացման 52.8 տոկոսը կամ մոտ 3261.9 մլն դրամը նախատեսվում է ուղղել «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրին: Սույն ծրագրի գծով նախատեսվում է հիվանդանոցային բուժօգնության մեկ օրվա միջին արժեքի շուրջ 70 տոկոս եւ դեպքերի թվի 6378-ով ավելացում` կապված 2011 թ. նախատեսվող երեխաների բուժօգնության բարեփոխումների ծրագրի իրականացմամբ:
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը մանրամասն ներկայացրեց առողջապահության ծրագրային քաղաքականությանն առնչվող ֆինանսական հատկացումները` տեղեկացնելով, որ 2011 թ. առողջապահության ոլորտի բյուջետային հատկացումների ավելացման ֆինանսավորման բարեփոխումների իրականացման, մատուցված բժշկական ծառայությունների փոխհատուցման բազմաձեւության ներդրման ու զարգացման միջոցով հնարավորինս կբարելավվի բուժօգնության եւ սպասարկան մատչելիությունը, կբարձրացվի բուժոգնության որակը:
Նշվեց, որ 2011թ. ազգաբնակչության մեկ շնչի հաշվով բյուջետային հատկացումները 2010 թ. համեմատ կավելանան շուրջ 2200 դրամով եւ կկազմեն 19300 դրամ:
«Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով նախատեսվել է 2986.9 մլն դրամ 2010թ. 1466.4 մլն դրամի դիմացկամ աճը կազմում է 103.7 տոկոս: «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» ծրագրով նախատեսվել է 8792.0 մլն դրամ` 2010 թ. 8048.5 մլն դրամի դիմաց կամ աճը կազմում է 9.2 տոկոս, «Նեղ մասնագիտացված բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով նախատեսվել է 2862.2 մլն դրամ` 2010 թվականի 2615.4 մլն դրամի դիմաց կամ աճը կազմում է 9.4 տոկոս, «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով նախատեսվել է 60138 դեպք 6858.8 մլն դրամ գումարով` 2010 թ. 52264 դեպքի եւ 5697.0 մլն դրամի դիմաց, իսկ «Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով նախատեսվել է 37738 հիվանդանոցային դեպքի բուժում 6388.0 մլն դրամ գումարով` 2010 թ. 31360 դեպքի եւ 3126.1 մլն դրամի դիմաց:
Տեղեկացվեց, որ հանրային առողջապահական ծառայությունների շրջանակներում նախատեսվում է ութ ծրագրերի իրականացում, այդ թվում` «Հիգիենիկ եւ հակահամաճարակային փորձագիտական ծառայություններ» ծրագիրը, որի գծով նախատեսվել է 1814.6 մլն դրամ` 2010 թ. չափով: Առողջապահական հարակից ծառայությունների եւ ծրագրերի շրջանակներում նախատեսվել է 14 ծրագրերի իրականացում, որոնց մեջ առանձնանում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Առողջապահական համակարգի արդիականացման երկրորդ ծրագիրը` 2238.6 մլն դրամ արժողությամբ` 2010 թ. 3859.9 մլն դրամի դիմաց:
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը նշեց, որ ՀՀ կառավարության 2011թ. բյուջետային քաղաքականությունը հնարավորություն կտա բնակչության առողջության պահպանման ու բարելավման ուղղությամբ ստեղծել կայուն զարգացման նախադրյալներ:
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեց «ՀՀ 2011 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով եվրոպական ինտեգրման ոլորտի ֆինանսավորման ցուցանիշները:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, 2011 թ. Եվրամիության հանձնաժողովից նախատեսվում է ստանալ 52 մլն եվրո պաշտոնական դրամաշնորհներ: Նախատեսվում է ստանալ 65 մլն եվրոյի չափով վարկ: Հատկացվելու է շուրջ 226 մլն դրամ հետեւյալ ծրագրերի գծով` Սեւծովյան փոխադարձ կապ, գիտական եւ գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում եւ զարգացում ծրագրի համար նախատեսվել է 35 մլն դրամ, եվրոպական իրավունքի ինտեգրման կենտրոնին պետական աջակցություն ծրագրի համար` 36 մլն դրամ, Բեռլինի ազատ համալսարանում գործող հայագիտության բաժանմունքում աշխատանքների իրականացման համար` 6.9 մլն դրամ, եվրոպական սպորտի մասին համաձայնագրին անդամակցության համար` 3.2 մլն, աջակցություն հայ մշակույթի միջազգային կենտրոնին` 24 մլն դրամ, արդարադատության նախարարության թարգմանությունների կենտրոն ՊՈԱԿ-ին` 120 մլն դրամ:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց, որ Եվրամիության կողմից Հայաստանին հատկացվող բյուջետային միջոցները նպատակաուղղված են ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացմանը օժանդակելուն: Պարոն Նալբանդյանն իրազեկեց, որ ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների հետ քննարկումների արդյունքում եվրոպական կողմը կազմել է 2011-2013 թթ. ազգային ինդիկատիվ ծրագիրը, որով հատկացումների ծավալը գրեթե կրկնապատկվել է 2007-2010 թթ. ազգային ինդիկատիվ ծրագրի համեմատությամբ: Հաշվի առնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը` Հայաստանը դիմել էր Եվրամիությանը` մակրոֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով, եւ ԵՄ-ն որոշում է ընդունել Հայաստանին տրամադրել 100 մլն եվրո մակրոֆինանսական օգնություն:
ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվեցին ԱԳՆ ֆինանսավորման եւ միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարումների հարցերը:
ՀՀ ?ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ներկայացնելով 2011 թ. արտաքին քաղաքականության գերատեսչության գործունեությունն ապահովող միջոցները, նշեց, որ ԱԳ նախարարության բոլոր ծրագրերի գծով ծախսերը կազմել են 9 մլդ 483 մլն դրամ: ԱԳՆ-ի կողմից շուրջ 17 ծրագիր է իրականացվում: Փոխնախարարը նշեց, որ 163 մլն դրամով ավելացել է ԱԳՆ ապարատի պահպանման ծախսերը: ՀՀ դեսպանությունների եւ ներկայացուցչությունների պահպանման ծախսերը ծրագրավորվել է 6506.6 մլն դրամի չափով, որը 2010 թ. մակարդակը գերազանցում է 274.2 մլն դրամով: Ծախսերի աճը պայմանավորված է 2010 թ. ընթացքում բացված (Ճապոնիա, Իրաք, Քուվեյթ, Ուզբեկստան, Չեխիա, Նիդերլանդներ, Իսպանիա) դեսպանությունների համար 2011 թ. անհրաժեշտ լրացուցիչ գումարների նախատեսմամբ:
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով ոլորտին հատկացվելիք միջոցներին, նշեց, որ ԱԳՆ կենտրոնական ապարատում հաջորդ տարվա բյուջեով նախատեսվել է 10 նոր կցորդի հաստիքների ավելացում, ինչը պայմանավորված է դիվանագիտական ակադեմիայի ստեղծմամբ: Գալիք տարում գումար է հատկացվելու նաեւ ԱԳՆ շենքի վերանորոգման համար: ԱԳՆ պարտավորությունները 2011 թ. պետական բյուջեի նկատմամբ հյուպատոսական գանձումների գծով կազմում է 5 մլն 165 հազար դոլար, ինչը համեմատած 2010 թ. հետ փոքր-ինչ նվազել է: