National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.10.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
19.10.2010
Շարունակվում են բյուջետային քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում
1 / 2

ԱԺ պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային  հարցերի  մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հոկտեմբերի 19-ին շարունակվեցին «ՀՀ 2011 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները` իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների պահպանման ծախսերի համար նախատեսվող ֆինանսավորման կտրվածքով:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ 2011 թ. պետական բյուջեն եկամուտների գծով կկազմի 849,98 մլրդ դրամ, ծախսերի գծով` 998,59 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը) կկազմի 148,61մլրդ դրամ: 2011 թ. պետական բյուջեի նախագծում օրենսդիր, գործադիր եւ դատական   իշխանության մարմինների պահպանման ծախսերի ծրագրավորման ռազմավարական խնդիրը դրանց պահպանման ծախսերի հարաբերական կրճատումն է եղել, ինչը շարունակվելու է նաեւ 2011 թ: Օրենսդիր, գործադիր եւ դատական   իշխանության մարմինների պահպանման ծախսերը հաշվարկվել են` հիմք ընդունելով 16660 հաստիքային միավորների քանակը, որը 2010 թ. համեմատ  պակասել է 260 միավորով: Քաղաքացիական ծառայողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկվել է` պահպանելով 2010 թ. դրույքաչափերի մակարդակը: Աշխատավարձի ֆոնդը ծրագրավորվել է նաեւ հաշվի առնելով վերոնշյալ ծառայողների պաշտոնային դրույքաչափերի նկատմամբ օրենսդրությամբ նախատեսված բնականոն աճերը: ՀՀ վերահսկիչ պալատի եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քաղաքացիական ծառայողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկվել է ելնելով համապատասխան օրենքների պահանջներից: ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների պահպանման ծախսերի ընդհանուր գումարը 2011 թ. պետբյուջեի նախագծում ծրագրավորված  է 55597.3 մլն դրամի չափով, որը 2010 թ. բյուջետային տարվա համար հաստատված ցուցանիշի  նկատմամբ կազմում է 106.3  տոկոս: Աշխատավարձի ֆոնդը գալիք տարվա համար ծրագրավորվել է 31359.2 մլն  դրամի չափով, որը ընթացիկ տարվանից ավելի է 776.0 մլն դրամով: Պետական բյուջեով հատկացումներ են նախատեսվել նաեւ ծառայողական ավտոմեքենաների ապահովագրական վճարների համար:

Պետական կառավարման առանձին ճյուղերում նախատեսված բյուջետային  հատկացումները ներկայացրին ոլորտների պատասխանատուները:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արա Գյուրջյանը տեղեկացրեց, որ ՀՀ Նախագահի աշխատակազմի համար 2011 թ-ին հատկացվելու է 3 մլրդ 448 մլն 801 հզր դրամ:  Նշվեց, որ աշխատավարձերի ավելացում չի սպասվում, բացառությամբ «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հավելավճարների: Ընթացիկ տարվա համեմատ ավելացումներ են նախատեսվել արտասահմանյան շրջագայությունների բաժնում, 100 մլն դրամով ավելացում կա «Ծխելու դեմ պայքարի» պետական ծրագրի գծով:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը ներկայացրեց ԱԺ պատգամավորների եւ աշխատակազմի համար նախատեսվող ծախսերը: Պարոն Ղարիբջանյանը նշեց, որ վարչարարության առումով ԱԺ-ում բավական փոփոխություններ են կատարվել. խորհրդարանում գործող ԱՄՆ զարգացման գրասենյակի եւ ԵՄ գրասենյակի հետ համատեղ իրականացվում են ծրագրեր, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի հետ նույնպես բավականաչափ ծրագրեր են իրականացվել: Հաշվի առնելով բյուջեի հնարավորությունները` փորձ է արվել օգտվել նաեւ միջազգային կառույցների օժանդակությունից: Այս համատեքստում ԱԺ աշխատակազմի ղեկավարը հույս հայտնեց, որ գալիք տարվա առաջին եռամսյակում հնարավորություն կլինի թարմացնել պատգամավորների համակարգիչները: Պարոն Ղարիբջանյանն ընդգծեց, որ վերջին տարիներին շատ է ակտիվացել խորհրդարանական դիվանագիտությունը, ինչը հաշվի առնելով էլ ՀՀ կառավարությունը անցած տարվա համեմատ 2011-ին 106 մլն դրամով ավելացրել է արտասահմանյան գործուղումների, իսկ 15 մլն դրամով էլ ներկայացուցչական ծախսերի գումարը: Նա իրազեկեց, որ գումար է հատկացվել ծառայողական ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության համար, վերականգնվել է տրանսպորտային նյութերի գումարը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ 2011 թ. բյուջեով կապի ոլորտի ավելացումներն ուղղվելու են էլեկտրոնային կառավարման հզորացմանը: Նա ներկայացրեց նաեւ կառավարության աշխատակազմում իրականացվող ծրագրերը եւ բարեփոխումները:

Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը հաղորդեց, որ ԱԱԽ-ի աշխատակազմի պահպանում հոդվածով նախատեսված է հատկացնել 324 մլն 638 հազար դրամ: Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր 2011 թ պետական բյուջեով նախատեսված չեն:

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը տեղեկացրեց, որ քրեակատարողական ծառայության 2011 թ. պահպանման ծախսերը նախատեսվել են 6,660.5 մլն դրամի չափով, որից 5,656.1 մլն դրամն ուղղվելու է ընթացիկ ծախսերի, իսկ 1,004.4 մլն դրամը` ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ֆինանսավորմանը: Նշված ծրագրի գծով ծրագրավորված գումարները 2010 թ. հաստատված բյուջեի նկատմամբ աճել են 1,430.8 մլն դրամով: Աշխատողների աշխատավարձերը եւ հավելավճարները գալիք տարում ծրագրավորվել են 3,261.2 մլն դրամի չափով, որը ընթացիկ տարվա պետական բյուջեի նկատմամբ ավել է նախատեսվել 148.3 մլն դրամի չափով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը նշեց, որ ոլորտի պահպանման ծախսերի համար հատկացվել է 251 մլն 537 հզր դրամ, որը գրեթե չի գերազանցում անցած տարվա ցուցանիշը: Հատկացումների 86.50 տոկոսը տրամադրվելու է աշխատավարձերին:

ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի ղեկավար Աշոտ Եսայանը, ՎՊ աշխատակազմի ղեկավար Հարություն Յավրյանը, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նորա Կարապետյանը, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը եւ ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը եւս ներկայացրին համապատասխան ոլորտների բյուջետային հատկացումները:  

Գագիկ Մինասյանի եւ Հովհաննես Մարգարյանի նախագահությամբ  տեղի ունեցավ ԱԺ ֆինանսավարկային հարցերի եւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որտեղ քննարկվեցին 2011 թվականին ՀՀ պետական բյուջեի նախագծով ՀՀ համայնքների  համար նախատեսված հատկացումները:

Քննարկմանը մասնակցում էին պատգամավորներ, մարզպետներ եւ  ոլորտի ղեկավարներ:

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ 2011 թվականին համայնքներին նախատեսված է հատկացնել մոտավորապես այնքան գումար, որքան 2010 թվականին: Մարզպետարանների պահպանման ծախսերի համար նախատեսված գումարներն էական փոփոխություններ չեն կրել, որոշ համայնքներում ավելացել կամ պակասել են դոտացիաները, ինչը պայմանավորված է «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով:

Պավել Սաֆարյանը նշեց, որ ինչպես պետական մյուս մարմիններում, մարզպետարաններում նույնպես աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում:

ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է ֆինանսական համահարթեցման սկզբունքով  համայնքներին տրամադրել ընդհանուր գումարով 32,416.8 մլն դրա-մի դոտացիաներ` պահպանելով 2010 թվականի մակարդակը: Համայնքների 2009 թվականի բյուջեների եկամուտների կորուստների փոխհատուցման ենթակա ընդհանուր գումարը կազմել է շուրջ 71.3 մլն դրամ, ինչը եւ նախատեսվել է:

ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել են ընդհանուր գումարով շուրջ 165.1 մլն դրամի չափով բնապահպանական սուբվենցիաների հատկացումներ:

Երեւանի քաղաքային համայնքի ծրագրերի իրականացմանն աջակցելու համար ՀՀ 2011 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է շուրջ 6.58 մլրդ դրամ ընդհանուր գումարով սուբվենցիաների հատկացում :

Երեւան համայնքի համար նախատեսված սուբվենցիաները եւ  ղեկավարի պարտադիր եւ պատվիրակված լիազորությունների կատարման համար նախատեսված ֆինանսավորումն ըստ ուղղությունների  ներկայացրեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:  Նա տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ Երեւան համայնքի համար նախատեսվել է հատկացնել 30 մլրդ դրամ, որից աշխատակազմի պահպանման ծախսերի համար կօգտագործվի  577 մլն դրամ, կրթական ծրագրերի իրականացման համար`12 մլրդ 778 մլն դրամ. այստեղ պակասը պայմանավորված է աշակերտների թվի նվազմամբ եւ Երեւան համայնքի ենթակայությունից դուրս եկող 31 ավագ  դպրոցների հանգամանքով:

Արտադրպրոցական դաստիարակության ծառայությունների իրականացման համար կհատկացվի 41 մլն 384 հազար դրամ:

Մշակութային ծրագրերի սուբսիդավորման համար նախատեսվել է հատկացնել 566 մլն, 450 հազար, մետրոպոլիտենի աշխատանքների համար կհատկացվի 1 մլրդ 845 մլն դրամ, ինչը 5 մլն-ով պակաս է ընթացիկ տարվա ֆինանսավորումից:

276 մլն դրամ կհատկացվի Երեւանի էլեկտրատրանսպորտ ՓԲԸ-ի սուբսիդավորման համար: 4 մլրդ 980 մլն դրամ կհատկացվի Երեւանի համաքաղաքային ծախսերի իրականացման նպատակով:

Ներկայացվեցին նաեւ ՀՀ մարզերի համար նախատեսված գումարները: Ըստ այդմ` Արագածոտնի մարզում 2010-ի համեմատ բոլոր ուղղություններով ֆինանսավորման ծավալն ավելացել է, բացի կրթության ոլորտից, ինչը այստեղ եւս պայմանավորված է աշակերտների թվի նվազմամբ: Արարատի մարզպետարանի պահպանման ծախսերի համար նախատեսված ֆինանսավորումը 2009-ի համեմատ կավելանա 18 մլն-ով, 4 մլն-ով կավելանա  Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված  ֆինանսավորումը: 11 մլն-ով կավելանա Գեղարքունիքի մարզի ֆինանսավորումը: Լոռու մարզում 19 մլն-ով կավելանա մարզպետարանի պահպանման համար նախատեսված ֆինանսավորումը, 20 մլն-ով` համայնքին տրվող դոտացիան: Կոտայքի մարզի համար  կհատկացվի մոտավորապես այնքան գումար, որքան 2010 թվականին:Շիրակի մարզի մարզպետարանի պահպանման ծախսերի համար կհատկացվի 10 մլն-ով ավելի գումար, 40 մլն-ով կավելանա դոտացիան: 15 մլն-ով կավելանա Սյունիքի մարզին հատկացվող ֆինանսավորումը, այստեղ նույն պատճառով  պակասել է կրթության ոլորտի ֆինանսավորումը: Վայոց ձորի մարզի բյուջեում կավելանան համայնքին տրվող դոտացիաները: Տաուշի մարզի մարզպետարանի պահպանման ծախսերն ավելացել են 20 մլն-ով, 16 մլն-ով ավելացել են դոտացիաները:

Մարզերի ներկայացուցիչներն իրենց ելույթներում նշեցին, որ ընդհանուր առմամբ գոհ են  մարզերի համար նախատեսված ֆինանսավորման չափից, քանի որ բարձրացված խնդիրները քննարկվել են եւ բավարարվել:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am