National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.9.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
29.09.2010
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական այցը Շվեյցարիայի Համադաշնություն

Սեպտեմբերի 29-ին շարունակվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Շվեյցարիա : Պատվիրակության կազմում են ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը եւ  Շվեյցարիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Շարլ Ազնավուրը:

Առաջին հանդիպումը Շվեյցարիայի Համադաշնության նորընտիր փոխնախագահ, արտաքին գործերի նախարար տիկին Միշլին Կալմի-Ռեյի հետ էր : Հանդիպման սկզբում Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց տիկին Կալմի-Ռեյին սեպտեմբերի 22-ին Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահ ընտրվելու կապակցությամբ :

ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է Շվեյցարիայի Համադաշնության  հետ հարաբերությունների համակողմանի զարգացումը, մասնավորապես միջազգային տարբեր խնդիրների լուծման հարցերում Շվեյցարիայի միջնորդական դերակատարությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում մեծ է նաեւ շվեյցարահայության դերը : ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունները գնահատում են Շվեյցարիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը, որը նպատակաուղղված է Հայաստանում սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացմանը: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Շվեյցարիայի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացմանն ուղղված հայկական կողմի նախաձեռնությանը : Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ պայմանավորվածություն է եղել  հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, սակայն թուրքական կողմը առաջ է քաշել մի շարք նախապայմաններ, որոնք անընդունելի են հայկական կողմի համար:  ԱԺ նախագահը նշեց, որ հաշվի առնելով Թուրքիայի խորհրդարանում ողջամիտ ժամկետներում արձանագրությունների վավերացման ուղղությամբ անհարկի ձգձգումները` Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը ետ կանչեց արձանագրությունները Հայաստանի խորհրդարանի օրակարգից` պահպանելով սակայն արձանագրությունների տակ դրված հայկական կողմի ստորագրությունը եւ դրանով իսկ հարգելով միջնորդների բարձր հեղինակությունը:

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարի համոզմամբ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող կիսատ մնալ:   «Շվեյցարիան վճռական է գործընթացը առաջ մղելու հարցում»,- եզրափակեց տիկին Կալմի-Ռեյը : Նա բարձր գհահատեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլը` այն համարելով  քաղաքական խիզախություն :

ԱԺ նախագահը կարեւորեց Հայաստանում Շվեյցարիայի  դեսպանության հիմնումը, ինչը նոր լիցք կհաղորդի Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ բազմակողմ հարաբերությունների եւ համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը : Կողմերը կարեւորեցին հարցի խաղաղ բանակցային ճանապարհով լուծումը : 

ԱԺ նախագահի հաջորդ հանդիպումը Շվեյցարիայի Համադաշնության Պետությունների խորհրդի նախագահ տիկին Էրիկա- Ֆորստեր Վանինիի հետ էր :

Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ նմանությունները եւ փոխադարձ համակրանքը հանդիսանում են այն հիմքը, որի վրա պետք է զարգանան մեր ժողովուրդների բարօրությանն ու բարգավաճմանը միտված հարաբերությունները: ԱԺ նախագահը գոհունակությամբ փաստեց, որ երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները շարունակում են զարգանալ բավական դինամիկ, ձեւավորվել է բովանդակալից եւ բավականին ընդգրկուն օրակարգ: Ձեւավորված է քաղաքական երկխոսության կայուն համակարգ : Հայ-շվեյցարական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ վերապահելով  խորհրդարանական կապերին`  Հովիկ Աբրահամյանը նշեց,  որ հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունների առավել սերտացման համար կարեւոր է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Նա գոհունակություն  արտահայտեց վերջին տարիներին միջխորհրդարանական կապերի խորացման կապակցությամբ: Այս առումով ընդգծվեց 2007 թ. նոյեմբերի ՇՀ Ազգային խորհրդի նախագահ տիկին Քրիստին Էգերսզեգի-Օբրիստի պաշտոնական այցը Հայաստան, ինչը միջխորհրդարանական հարաբերությունների աշխուժացման հիմք հանդիսացավ եւ  2008 թ. հոկտեմբերին Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական խմբի այցը Հայաստան, որը նոր որակ եւ լիցք հաղորդեց խորհրդարանական կապերին: Դա պայմանավորված էր նաեւ շվեյցարական խորհրդարանական խմբի կազմով, որում ընդգրկված են ինչպես  Շվեյցարիայի հիմնական քաղաքական կուսակցությունների գործող նախագահներ եւ փոխնախագահներ, այնպես էլ ՇՀ Դաշնային ժողովի խորհրդարանական տարբեր հանձնաժողովներում ընդգրկված պատգամավորներ, ինչպես նաեւ խորհրդարանի նախկին երկու նախագահներ:

Տիկին Էրիկա- Ֆորստեր Վանինին բարձր գնահատեց ՀՀ ԱԺ նախագահի այցը Շվեյցարիա, որը կխթանի երկկողմ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով : Նա անհրաժեշտ համարեց  միջխորհրդարանական կապերի հետագա զարգացումը եւ այդ համատեքստում առանձնացրեց բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը : Նա շեշտեց, որ կանի հնարավորը, որ հայ-շվեյցարական գործակցությունը ավելի զարգանա եւ ամրապնդվի:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` Շվեյցարիայի Սենատի նախագահը նշեց, որ իր երկիրը կշարունակի միջնորդական առաքելությունն ուղղված հարաբերությունների կարգավորմանը : Նա կարեւոր համարեց տարածաշրջանում անվտանգության, խաղաղության եւ կայունության հաստատումը :

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս :

Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Շվեյցարիայի  Ազգային խորհրդի նախագահ տիկին Պասկալ Բրուդերեր Ուիսի հետ:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց հրավերի եւ ջերմ ընդունելության համար եւ նշեց, որ  ուրախ է հյուրընկալվել մի երկրում, որը, գտնվելով Եվրոպայի սրտում, հավասարակշռության յուրատեսակ խորհրդանիշ է ոչ միայն Եվրոպայում, այլեւ ողջ աշխարհում: Շվեյցարիան  իր չեզոք, անկողմնակալ քաղաքականության շնորհիվ  միշտ գտնվում է համաշխարհային գործընթացների կենտրոնում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ինքը եկել է մի տարածաշրջանից, որտեղ նման հավասարակշիռ ու չափավոր պահվածքի անհրաժեշտություն կա, որտեղ, ցավոք, հանդուրժողականության պակաս է զգացվում:

ԱԺ նախագահը շեշտեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում  եվրաինտեգրումն առաջնահերթություններից է եւ գիտակցում ենք, թե ինչ մարտահրավերներ են կանգնած մեր պետության առջեւ, որոնց դիմագրավելու հարցում ժողովրդավարությունն ամենաուժեղ  զենքն է` հատկապես հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը եւ տարածաշրջանում առկա խնդիրները: Նա նշեց, որ շվեյցարական փորձը շատ կարեւոր է մեր երկրում ընթացող բարեփոխումների համատեքստում` մասնավորապես ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության առումով:

Հովիկ Աբրահամյանը իր երախտագիտությունը հայտնեց Շվեյցարիայի խորհրդարանի կողմից 2003թ. դեկտեմբերին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, նշելով` պատահական չէ, որ մարդկության դեմ ոճրագործությունների, ներառյալ ցեղասպանությունների ուրացումը Շվեյցարիայում հետապնդվում է օրենքով:

Նրա համոզմամբ` երկու երկրների խորհրդարանները կարեւոր դեր ունեն Հայաստանի ու Շվեյցարիայի միջեւ քաղաքական երկխոսությունը զարգացնելու եւ ամրապնդելու գործում։ Նշվեց, որ խորհրդարաններում գործող բարեկամության պատգամավորական խմբերի ծավալած ակտիվ եւ արդյունավետ գործունեության արդյունքում միջխորհրդարանական համագործակցությունը բավականին  զարգացել է: ԱԺ նախագահը կարեւոր համարեց Շվեյցարիայի ու Հայաստանի խորհրդարանների միջեւ փոխգործակցության խորացումը, փոխայցերը եւ միջազգային կառույցներում համագործակցությունը, քանի որ  խորհրդարանական դիվանագիտությունն իր վճռորոշ դերն ունի միջպետական հարաբերությունների խորացման ու ամրապնդման գործում:

Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահը շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ նախագահին իր հրավերը ընդունելու եւ Շվեյցարիա այցելելու համար եւ ընդգծեց, որ Հովիկ Աբրահամյանի այցը մեծապես կնպաստի Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ գործակցության զարգացմանը : Նա անհրաժեշտ համարեց երկու երկրների խորհրդարանների միջեւ հարաբերությունների ամրապնդումը, որի համար լավ հիմք են դրել բարեկամական խմբերը :  ՇՀ Ազգային խորհրդի նախագահը նշեց, որ Շվեյցարիայի իշխանությունները եւ ժողովուրդը կարեւորում են Հայաստանի հետ հարաբերությունների առավել զարգացումը եւ խորացումը :

Տիկին Պասկալ Բրուդերեր Ուիսը նույնպես նշեց, որ Շվեյցարիան շահագրգիռ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում եւ կանի հնարավորը, որպեսզի  գործընթացը շարունակվի : Տիկին Ուիսը կարեւոր համարեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում : Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանը եւս ԼՂ հիմնախնդրի կարգավորումը տեսնում է միայն Մինսկի խմբի ձեւաչափում, իսկ Ադրբեջանի կողմից պարբերաբար հնչող ռազմատենչ հայտարարությունները եւ հրադադարի խախտումները չեն նպաստում հարցի կարգավորմանը եւ բանակցային գործընթացին :

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը, քանի որ բոլոր նախադրյալները կան զարգացնելու փոխգործակցությունը նաեւ այս ոլորտում :

ԱԺ խորհրդարանական պատվիրակությունը շրջայց կատարեց  Շվեյցարիայի խորհրդարանի շենքում, մասնակցեց երկու պալատների նիստերին, արժանացավ  ջերմ ընդունելության:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը գրառումներ կատարեց պատվավոր հյուրերի գրքում :
 

ՀՀ  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի  խորհրդարանում  մասնկացեց  «Զբոսաշրջություն. ներուժ Հայաստանի համար» թեմայով զեկույցին, որը ներկայացրին «ԹայգերԴեվ Սուիսս» ընկերության  եւ Գարավենտա ընկերության ներկայացուցիչները : Նրանք ներկայացրին Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագիրը եւ Տաթեւի ճոպանուղու կառուցումը :

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւորեց նման ծրագրերի իրականացումը եւ նշեց, որ մեր երկիրը թեպետ տարածքով փոքր է եւ զուրկ նավթային եւ գազային ռեսուրսներից, սակայն, Հայաստանը եւ հայ ժողովուրդը, ինչպես շվեյցարացիրները, աչքի են ընկել իրենց մարդկային ռեսուրսներով, որոնց շնորհիվ հաջողվել է առաջընթաց արձանագրել սոցիալական եւ տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում:  Նշվեց, որ Հայաստանն իր համար չափանիշ վերցնելով զբոսաշրջության բնագավառում շվեյցարական փորձը եւ մատուցած ծառայությունների բարձր որակը` սերտորեն համագործակցում է Շվեյցարիայի հետ :ԱԺ  նախագահը կարեւորեց տարածքների համաչափ զարգացումը :

Նույն օրը ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց  Շվեյցարիայի Ազգային խորհրդի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ տիկին  Քրիստա Մարկվալդերին : Կողմերը կարեւորեցին միջխորհրդարանական կապերի զարգացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում, փոխգործակցությունը երկու խորհրդարանների հանձնաժողովների մակարդակով եւս, փոխայցելությունները :Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին :
 


29.09.2010
Խորհրդարանական լսումներ «Աղբահանությունը եւ սանիտարական մաքրումը ՀՀ համայնքներում» թեմայով
Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցան խորհրդարանական լսումներ «Աղբահանությունը եւ սանիտարական մաքրումը Հայաստանի Հանրապետության համայնքներում» թեմայով:  Լսումներին մասնակցում էին պատգամավորներ, հասարակակ...

29.09.2010
Հանդիպում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում
Սեպտեմբերի 29-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն ընդունեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամներ Կորյուն Առաքելյանին, Հայկ Քոթանյանին, Արամ Մելքոնյանին եւ Արմեն Մկրտչյանին: Հանդիպման ընթացքում կողմե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am