National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.9.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
27.09.2010
Խորհրդարանական լսումներ «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ
1 / 2

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով ԱԺ  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրեց խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվեց ՀՀ կառավարության հեղինակած եւ առաջին ընթերցմամբ ընդունված «Հանրակրթության մասին» եւ «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:

Բազմաթիվ պատգամավորներից բացի, քննարկմանը մասնակցում էին հասարակական եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների, շարժումների ներկայացուցիչներ, մտավորականներ եւ լրագրողներ:

Բացելով լսումները` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական   հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը ներկաներին հորդորեց հաշվի առնելով օրինագծերի շուրջ ծավալված հասարակական աննախադեպ ակտիվությունը` զգուշություն ցուցաբերել կարծիքներ եւ տեսակետներ արտահայտելիս: Արտակ Դավթյանը ներկաներին առաջարկեց  ներկայացնել առաջարկներ, քանի որ բոլորն էլ քաջատեղյակ են մինչ քննարկումը հնչած տեսակետներին:

Բացման խոսքով ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը.

«Այսօրվա լսումների թեման վերաբերում է մեզ համար ամենազգայուն ու խոցելի հարցերից մեկին` հանրակրթությանը, որը նույնիսկ մերօրյա  գլոբալիզացվող աշխարհում, կազմակերպվում, եւ պետք է կազմակերպվի ազգային հենքի վրա:  Բնականաբար, հայոց լեզվի պահպանության, ազգային լեզվամտածողության ու հայեցի դաստիարակության միջոցով ազգապահպանության եւ հայապահպանության հարցը մշտապես պետք է մնա որպես պետության հոգածության գերակա խնդիր:

Սակայն, միասնական կրթական տարածք լինելու մարտահրավերները որքան ճանապարհներ են բացում մեր առջեւ, այնքան էլ պահանջում են դռներ բացել այլընտրանքների համար:

Հարցն այնքան նուրբ է, որ պահանջվում է բազմակողմանի դիտարկում:  Մեր առջեւ խնդիր է դրված. պահպանել ազգային նկարագիրը, լեզուն, ժառանգականությունը, խուսափել հերթական ձուլման, օտարացման ռիսկերից,  մյուս կողմից   չսահմանափակել միջազգային համագործակցությունը, սերունդներին կրթելու փորձի փոխանակումը, կրթության կազմակերպման հարցում լինել ճկուն, արագ արձագանքման ընդունակ եւ մրցունակ:

Այս առումով, օրենսդրական փաթեթը հանգամանորեն քննարկվել է ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանի եւ կոալիցիոն գործընկերների հետ: Հաշվի  առնելով  օտար լեզվով հանրակրթական ծրագրերի իրականացման հարցի օրենսդրական կարգավորման շուրջ արտահայտված հանրային բազմակարծությունը, հայեցի լեզվամտածողության ձեւավորման ձգտումը եւ ցանկություն ունենալով հասնել որակյալ ազգային կրթության համաչափ զարգացմանը`առաջարկվում է վերանայել երկրորդ ընթերցման ներկայացված օրինագծերը` հիմք ընդունելով հետեւյալ մոտեցումները:

1.       Հարցը կարգավորել միայն «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու միջոցով` օրենսդրական նախաձեռնության փաթեթից հանելով «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը,

2.       «Հանրակրթության մասին» օրենքում սահմանել «այլընտրանքային կրթական ծրագիր»,  «հեղինակային կրթական ծրագիր», «փորձարարական կրթական ծրագիր», «միջազգային կրթական ծրագիր» հասկացությունները,

3.       Պահպանել այլընտրանքային կրթական ծրագիր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնադրման սահմանափակումը եւ մարզային քվոտավորման սկզբունքը:

Այլընտրանքային ու միջազգային ծրագրերով կրթությունը պետք է կառուցվի ձեւավորված հայեցի լեզվամտածողության հենքի վրա:

Անկախ հանրակրթական ծրագրից եւ ուսումնական հաստատության ձեւից, հայ մարդու եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պետք է պարտադիր լինի եւ համապատասխանի պետական կրթական չափորոշչի պահանջներին, ինչպես սահմանված է օրենքում:  Կարծում եմ, սա կարող է սփյուռքահայության համար հնարավորությունների դաշտ ստեղծել`  հայրենիքում կրթություն ստանալու եւ աստիճանաբար  հայեցի կրթության անցնելու համար:

Կարեւորում եմ այն հանգամանքը, որ պետությունը չի կարող ստեղծել, հիմնադրել միջազգային ծրագրերով  դպրոցներ եւ պետական միջոցները չեն դրվում այդ ծրագրերի վրա: Այսինքն, 1400 հանրակրթական դպրոց շարունակում են գործել բացառապես հայեցի  հենքով։

Կարծում եմ առաջընթացի ցանկացած ձգտում կարող է արդարացված լինել, եթե տեսանելի են հեռանկարներն ու հետեւանքները:  Համոզված եմ, որ այսօրվա քննարկումները առաջին հերթին հենց միտված կլինեն դրանց բացահայտմանը»:
 

Օրինագծերի փաթեթի  վերաբերյալ հիմնական զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ  կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Շնորհակալություն հայտնելով խորհրդարանին կատարված աշխատանքի համար, նա տեղեկացրեց, որ առաջին ընթերցմամբ փաթեթի ընդունումից հետո կատարվել է բավականաչափ աշխատանք, մասնավորապես, փոխվել են ձեւակերպումները,  գաղափարները, մոտեցումները, սակայն վերջնական նպատակը եղել եւ մնացել է նույնը` Հայաստանի հանրակրթության ոլորտում  ապահովել մոդելային ծրագրային բազմազանություն, միջազգային լավագույն փորձը ներմուծել հանրապետություն, ինչպես նաեւ հիմք ստեղծել միջազգային այլընտրանքային հեղինակային փորձարարական ծրագրերի գործունեության համար եւ հարստացնել  հանրակրթական դաշտը:

ԿԳ նախարարը տեղեկացրեց, որ բազմաթիվ առաջարկներ են ստացել խորհրդարանական խմբակցություններից, ԱԺ գլխադասային հանձնաժողովից:

Քննարկումների արդյունքում փաթեթից հանվել է  «Լեզվի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունը: Փոփոխություններ կառաջարկվեն միայն  «Հանրակրթության մասին» ՀՀ  օրենքում:

Օրինագծի ընդունման դեպքում նախատեսվում է բացել տասնմեկ այլընտրանքային դպրոց, որոնցից երկուսը ստեղծվելու են որպես ոչ պետական ուսումնական հաստատություններ եւ գործելու են Դիլիջանում եւ Ջերմուկում` յոթերորդ դասարանից, մնացած ինը ստեղծվելու են միջպետական եւ միջկառավարական համաձայնագրերի հիման վրա եւ իրականացնելու են միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրեր: Նախատեսվում է, որ նշված այլընտրանքային դպրոցներում ուսուցումը բացի հայագիտական առարկաներից, իրականացվելու է օտար լեզուներով:

 Առաջին դպրոցի բացումն, ըստ նախարարի, հավանաբար կկատարվի 2012-13 թվականներին:

ԿԳ նախարարը պատասխանեց մասնակիցների բազմապիսի հարցերին, որոնք երբեմն դուրս էին գալիս քննարկվող օրինագծի շրջանակներից:

Ներկաներին առավելապես մտահոգում էին կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները եւ բացթողումները: Ելույթներ ունեցան պատգամավորներ, մտավորականներ եւ հասարակական շարժման ներկայացուցիչներ. վերջիններս հիմնականում առաջարկում էին շրջանառությունից հանել օրինագիծը եւ հանրակրթական դպրոցներում բարձրացնել օտար լեզուների ուսուցման որակը:

   ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ հնչեցված մտահոգություններին եւ տվեց պարզաբանումներ: Նա պատրաստակամություն հայտնեց համագործակցել գլխադասային հանձնաժողովի հետ  եւ գտնել ընդունելի իրավական ձեւակերպումներ:

Ամփոփելով լսումները` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը նշեց, որ թեեւ ավարտվել է գրավոր առաջարկներ ներկայացնելու ժամանակահատվածը, այնուամենայնիվ հնարավորություն կընձեռվի դրանք ներկայացնել եւ հնչեցված մոտեցումները հաշվի առնելով` լրամշակել օրինագիծը:
 
 
 
 
 
 
 


27.09.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն
Սեպտեմբերի 28-ին եռօրյա պաշտոնական այցով Շվեյցարիայի  Համադաշնություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի նախագահ Արա Բաբլոյանը, Ա...

27.09.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը խորհրդարանական լսումների ժամանակ
«Խորհրդարանական լսումների հարգելի մասնակիցներ Այսօրվա լսումների թեման վերաբերում է մեզ համար ամենազգայուն ու խոցելի հարցերից մեկին` հանրակրթությանը, որը նույնիսկ մերօրյա  գլոբալիզացվող աշխարհում, կազմակերպվում, եւ պետք է կազմակերպվի ազգային հենքի վրա:  Բնականաբար, հայոց լեզվի պահպանության,...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS