National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.7.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
04.07.2010
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելել էր Տավուշի մարզ

Հուլիսի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այցելել էր Տավուշի մարզ: Նրան ուղեկցում էին Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, Տավուշի մարզից պատգամավորներ Միքայել Վարդանյանը, Գագիկ Մելիքյանը, Հակոբ Հակոբյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը,  եւ պաշտոնատար այլ անձինք:

Մարզկենտրոն Իջեւանում ՀՀ Ազգային ժողովի նախագահը մասնակցեց  «ՍՕՍ-Մանկական գյուղի» բացման պաշտոնական արարողությանը: 2010թ. լրանում է  «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ստեղծման  20 տարին: Այս իրադարձությանը  զուգադիպել էր նաեւ Իջեւանում կառուցված նոր «ՍՕՍ-Մանկական գյուղի» գործունեության մեկնարկը: Դրան մասնակցելու համար Հայաստան էր ժամանել «ՍՕՍ-Քինդերդորֆ Ինտերնացիոնալ»-ի պատվիրակությունը` կազմակերպության նախագահ Հելմուտ Կուտինի գլխավորությամբ:

Այսօր աշխարհի շուրջ 130 երկրում  կա 500 «ՍՕՍ-Մանկական գյուղ», ուր ապրում է միակողմանի կամ երկկողմանի ծողազուրկ 78000 երեխա: 1988թ. Սպիտակի  ավերիչ երկրաշարժից հետո 1990թ. վերոնշյալ կազմակերպությունը Կոտայքի մարզի Կոտայք գյուղում կառուցեց ՍՕՍ- մանկական առաջին գյուղը, որտեղ բնակություն հաստատեցին երկրաշարժի հետեւանքով որբացած երեխաները: 2002թ. «ՍՕՍ-Քինդերդորֆ Ինտերնացիոնալ»-ի եւ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության միջեւ հուշագիր կնքվեց, որի համաձայն Տավուշի մարզի Իջեւան քաղաքում կառուցվեց նաեւ ՍՕՍ-մանկական երկրորդ գյուղը: Իջեւանյան գյուղը նախատեսված է 3-18 տարեկան 91 երեխայի համար: Նախնական տվյալներով այն արդեն 18 բնակիչ ունի: Գյուղի շինարարության ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2.5 մլն ԱՄՆ դոլար:

Իջեւանի «ՍՕՍ-Մանկական գյուղի» բացման պաշտոնական արարողությունը  վերածվել էր ջերմ արարողության` մեծերի ու փոքրերի, պաշտոնյաների ու շարքային քաղաքացիների միախառնված ուրախությամբ: Ինչպես նշեց «ՍՕՍ-մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Եսայանը.«Մենք վկա ենք մի բացառիկ իրողության, որը տարբեր ազգերի, հազարավոր մարդկանց բարեգործական ջանքերը մեկտեղել է: Դրա արդյունքն էլ այս համալիրն է»: Իրենց շնորհավորանքի ու շնորհակալության խոսքերն ուղղեցին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը,  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Հայաստանում ԳԴՀ դեսպան Հանս -Յոխեն Շմիդտը, ուրիշներ, բարձր գնահատելով «ՍՕՍ-Քինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպության մարդասիրական առաքելությունը:

«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս առաքելությանը: Մեր երեխաները միշտ էլ եղել են իշխանությունների ուշադրության կենտրոնում»,- իր խոսքում նշեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա ուրախալի համարեց, որ կան կազմակերպություններ, որոնք փորձում են օգնել երեխաներին. «ՀՀ իշխանությունները բարձր են գնահատում  Հելմուտ Կուտինի ղեկավարած  «ՍՕՍ- Քինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպության գործունեությունը»: Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում երկարատեւ մարդասիրական բարեգործական առաքելության, հսկայական ավանդի եւ ներդրումների համար Հայաստանի Հանրապետությունում գործունեության քսանամյա հոբելյանի առթիվ «ՍՕՍ-Քինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպության նախագահ Հելմուտ Կուտինը ՀՀ ԱԺ նախագահի հրամանով  պարգեւատրվեց  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով: Հովիկ Աբրահամյանն այն անձամբ հանձնեց «ՍՕՍ-Քինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպության նախագահին:

Շնորհակալություն հայտնելով պարգեւի համար` Հելմուտ Կուտինը նշեց.«Սա ինձ համար ամենագեղեցիկ օրերից մեկն է: Ինձ համար ԱԺ մեդալին արժանանալը մեծ  պատիվ է»:  Նա ԱԺ նախագահին եւ պատգամավորներին կոչ արեց տարեկան մեկ անգամ խորհրդարանի նիստերն անցկացնել մանկական գյուղում:
 
Հովիկ Աբրահամյանն իր կողմից խոստացավ , որ խորհրդարանական աշնանային նստաշրջանում ԱԺ նախագահի նախաձեռնությամբ անցկացվող «Բաց դռեր» ծրագրի շրջանակներում ՍՕՍ- մանկական գյուղի երեխաները կհրավիրվեն մասնակցելու ԱԺ նիստի: Խորհրդարանի ղեկավարը պատրաստակամություն հայտնեց մասնակցել մանկական գյուղի զարգացման ծրագրին: Արդեն մանկական գյուղի բնակիչների հետ զրույցի ժամանակ երեխաները ԱԺ նախագահից հեռուստացույց ու դաշնամուր խնդրեցին: Հովիկ Աբրահամյանը սիրով խոստացավ կարճ ժամկետում կատարել խնդրանքը: Ազգային ժողովի նախագահը պատրաստակամ էր հետագայում եւս աջակցել երեխաներին:

Իջեւանյան մանկական գյուղը կառուցվել է ֆրանսիական ՍՕՍ-մանկական գյուղերի կողմից: Ֆրանսիական ՍՕՍ-մանկական գյուղերի ներկայացուցիչ Պիեռ Լեգրանն առաջարկեց, որ երեխաները կնքահայրեր  ունենան, ինչին եւս ԱԺ նախագահը դրական արձագանքեց:

Բացման արարողության պաշտոնական մասից հետո Հովիկ Աբրահամյանը շրջեց մանկական գյուղի տարածքում, ծանոթացավ երեխաների կենսապայմաններին, եղավ բնակության համար նախատեսված մասնաշենքերում: ԱԺ նախագահը  անկաշկանդ մթնոլորտում զրուցեց մանկական գյուղի բնակիչների հետ, իսկ հանպատրաստից ստեղծված բարեկամությունը  «վավերացվեց»  համատեղ լուսանկարով:

Տավուշի մարզ այցելության շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եղավ Հաղարծին եկեղեցական համալիրում: Շարժայի էմիր, շեյխ Սուլթան բեն Մուհամմադ ալ Քասիմի տրամադրած շուրջ 5 մլն ԱՄՆ դոլարի միջոցներով այստեղ վերանորոգման աշխատանքեր են իրականացվում: ՀՀ Ազգային ժողովի նախագահը կանգնած է այդ ծրագրի ակունքներում. մի քանի տարի առաջ, երբ Հովիկ Աբրահամյանը զբաղեցնում էր փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, անձամբ էր հանդիպել Շարժայի էմիրի հետ, դրել ծրագրի հիմքերը: Խորհրդարանի ղեկավարը շրջեց եկեղեցական համալիրում, ծանոթացավ կատարված եւ կատարվող աշխատանքներին, տեղեկացավ ծրագրի ընթացքին, իր կողմից աջակցելու պատրաստակամություն հայտնեց:

 Հաղարծին այցն ավարտվեց խորհրդանշական մոմավառությամբ ու համալիրի հինավուրց կամարների ներքո հնչած աղոթքով:
 
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am