Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը հուլիսի 2-ին հանդիպեց Եվրամիության Թվինինգ ծրագրի խմբի ղեկավար Սերգեյ Սկոկովին եւ ծրագրի փորձագետ Լոթար Գուինդլինգին:
Բնապահպանության նախարարության հետ համագործակցաբար նախատեսվում է բնապահպանության ոլորտում ներդնել համալիր թույլտվությունների համակարգ` համապատասխանեցնելով այն ԵՄ չափանիշներին: 1996 թ. ԵՄ-ն ընդունել է «Շրջակա միջավայրի աղտոտման համալիր կանխարգելման եւ հսկման» հրահանգներ, որոնք էլ հիմք են հանդիսացել տարբեր երկրներում միասնական թույլտվություն սահմանելու համար: Փորձագետները վստահեցնում են, որ այս տարբերակը պարզեցնում է գործընթացը եւ տնտեսվարողներին ազատում ավելորդ քաշքշուկից: Խմբի ղեկավարը նշեց, որ համակարգն արդեն հաջողությամբ ներդրվել է մի շարք երկրներում, այդ թվում եւ հարեւան Վրաստանում: Համակարգի ներդրման համար հյուրերը կարեւոր համարեցին գործադիր եւ օրենսդիր մարմինների միասնական տեսլականն ու համատեղ ջանքերը` խորհրդարանի բնապահպանության հարցերով զբաղվող հանձնաժողովը դիտարկելով որպես գործընթացի հաջող մեկնարկի կարեւոր օղակ: Համակարգի ներդրման համար անհրաժեշտ են նաեւ օրենսդրական փոփոխություններ:
Խաչիկ Հարությունյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, հանձնաժողովի կողմից աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Նա համալիր թույլտվությունների համակարգի ներդրումը կարեւորեց նախ առանձին թույլտվությունների դեպքում հնարավոր հակասությունները վերացնելու, ապա նաեւ տնտեսվարողների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու եւ կուռուպցիոն ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից:
Փորձագետ Լոթար Գուինդլինգի պատկերացմամբ` համակարգը պետք է ներդնել քայլ առ քայլ` ապահովելով նախ նորմատիվ անհրաժեշտ դաշտ, կատարելով ինստիտուցիոնալ փոփոխություններ եւ այնուտեհեւ հզորացնելով կարողությունները: