National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
19.03.2010
Խորհրդարանական ճեպազրույցները
1 / 6

Մարտի 19-ին լրագրողների համար մարտի քառօրյա նիստերի աշխատանքներն ամփոփեցին ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Ճեպազրույցների հիմնական թեմաներն էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ տնտեսական իրավիճակը Հայաստանում:

«Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով հայ-թուրքական գործընթացներին եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հակահայկական ելույթներին` նշեց, որ «Ժառանգություն» կուսակցությունը  քննադատել է Էրդողանի հայտարարությունը: Զարուհի Փոստանջյանը պատրաստել է փաստաթուղթ, որը ուղարկելու է ԵԽԽՎ բոլոր անդամներին: Փաստաթղթում խոսվում է այն մասին, որ Եվրոպայի խորհրդի անդամ երկրի վարչապետը անընդունելի հայտարարություններով է հանդես գալիս, ինչը խախտում է ԵԽԽՎ կողմից ընդունված բազմաթիվ փաստաթղթեր:

Խոսելով երկրի տնտեսական վիճակից` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նկատեց, որ ապրանքների գների բարձրացումը դժվարացնում է սոցիալապես անապահով խավի վիճակը:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի հակահայկական հայտարարաություններին` ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը անընդունելի համարեցին  նմանատիպ հայտարարությունները: Տիկին Բիշարյանը գտնում է, որ այն պետությունները, որոնք ձգտում են եվրոպական արժեքների, առաջին հերթին պետք է  կարեւորեն իրենց երկրում ապրող փոքրամասնությունների դերը:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը գնաճի հարցը առաջարկեց առաջիկայում քննարկել թե կոալիցիայի շրջանակներում, թե կառավարությունում, քանի որ այն հասարակության բոլոր խավերին է վերաբերում: Հովհաննես Մարգարյանն էլ հավելեց, որ այդ հարցը խորհրդարանում բարձրացվել է, կառավարությունը նպաստառուներին փոխհատուցելու ծրագիր է մշակում, ինքը նամակով դիմել է կառավարությանը` տեղեկանալու, թե ի՞նչ ծրագիր է, ի՞նչ չափով փոխհատուցումներ են լինելու եւ սոցիալական ո՞ր  խավն է ընդգրկվելու այդ ծրագրում:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը Թուրքիայի վարչապետի հակահայկական հայտարարությունների առնչությամբ  ասաց, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահի տակ կորցրեց դիմակը եւ աշխարհը տեսավ, թե ինչ երկրի հետ  գործ ունի: Պարոն Հովհաննիսյանը կոչ արեց Թուրքիայում գտնվող մեր հայրենակիցներին, որոնք այս կամ այն պատճառներով հայտնվել են Թուրքիայում, անհապաղ լքել այդ երկիրը, որովհետեւ պարզ է, որ նման բարձր ատյանից հնչած սպառնալիքը որոշ տարրերի կողմից կարող է ընկալվել որպես հակահայկական գործողությունների ազդանշան:  ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը, գնահատելով հայ-թուրքական գործընթացները, նշեց, որ Թուրքիայում իշխանությունները փոխվում են, բայց ձեռագիրը` ոչ: Նա հավելեց, որ կյանքը ստիպում է, որ առավել ուժգնացնենք  Հայոց ցեղասպանության միջազգային  ճանաչման գործընթացը, քանի որ  Թուրքիան եղել եւ մնում է մեր երկրի անվտանգության համար սպառնալիք:

Դոլարի արժեւորման հարցում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը նկատեց, որ կառավարության վարած դրամի արժեւորման քաղաքականությունը չարդարացվեց: Ըստ պարոն Կարապետյանի` եթե դոլարը  արժեւորվում է, պետք է համապատասխանաբար նաեւ գների քաղաքականության մեջ բարենպաստ իրավիճակ ստեղծվի, ինչը տեղի չունեցավ: ՀՅԴ խմբակցության պատգամավորները գտնում են, որ դրամի կուրսի արհեստական պահպանումից  տնտեսությանը որեւէ օգուտ չեղավ, նույնիսկ լուրջ վնաս հասցվեց: ՀՅԴ  խմբակցության ղեկավարն էլ կարծում է, որ արհեստականորեն արժեւորված դրամի կուրսը զգալի հարված է հասցրել տեղական արտադրողին: 
  
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը նույնպես խոսեց Թուրքիայի վարչապետի հայտարարություններից եւ ցավով նշեց, որ 21-րդ դարում Թուրքիայի վարչապետը հայ ժողովրդի հետ սկսել է խոսել  ոչ թե մեր օրերին հարիր լեզվով, այլ Օսմանյան կայսրության ժամանակների ոգով: Նա նկատեց, որ Թուրքիայի իշխանությունները հետեւողականորեն գնում են ոչ թե Հայաստանի հետ հավասարակշռված հարաբերություններ զարգացնելու  ծրագրով, ինչպես որ հռչակել էին երկու տարի առաջ, այլ անում են արմատական հայտարարություններ: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին` պարոն Սաֆարյանը նշեց, որ ԲՀԿ-ն եղել եւ մնում է Թուրքիայի հետ առանց նախապայմանների եւ ողջամիտ ժամկետներում դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների վերաբացման կողմնակից: Նա անհնար համարեց Հայոց ցեղասպանության հարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններում առուծախի առարկա դարձնելը եւ Լեռնային Ղարաբաղի հարցում միակողմանի փոխզիջումների գնալու թուրքական կողմի պահանջները բավարարելը: Պարոն Սաֆարյանի կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունները, չնայած վերջին շրջանում ստեղծված բարդություններին, դեռ կարգավորվելու եւ բարելավվելու հնարավորություններ ունեն եւ հայ-թուրքական երկխոսությունը շարունակվելու է:

Տիկին Զոհրաբյանը չի կարծում, որ մի երկիր, որը հավակնում է դառնալ Եվրամիության անդամ, ունենալով այդպիսի քաղաքական էլիտա` միջնադարյան ինկվիզիտիայի իր պատկերացումներով կարող է հավակնել եվրոպական մեկ միասնական ընտանիքի անդամը լինելու: Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով դոլարի արժեւորմանը, նշեց, որ ԿԲ-ն այս քաղաքականությունը համարում է առավել արդյունավետ, քան ընդհանրապես դաշտի կարգավորմանն ուղղված քայլեր չձեռնարկելը: Տիկին Զոհրաբյանը, ներկայացնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեսակետը երկրի տնտեսական իրավիճակի վերաբերյալ, ասաց, որ տնտեսական ճգնաժամի դեռեւս չհաղթահարված պայմաններում ուղղակիորեն անթույլատրելի են համարում հարկային որեւէ ճնշման ավելացում, հատկապես փոքր եւ միջին ձեռներեցության վրա: Տիկին Զոհրաբյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անունից  պատրաստակամություն հայտնեց  կոալիցիոն գործընկերների հետ քննարկել այն առաջարկները, որոնք ԲՀԿ-ն համարում է օպտիմալ ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւս, անդրադառնալով Թուրքիայի վարչապետի հայտարարություններին, նշեց, որ եթե Թուրքիան 1915 թ. կատարած ցեղասպանության համար պատիժ կրեր, ապա այսօր Ռեջեփ Թայիփ Էրդողանը նման հայտարարություններ չէր անի: Պարոն Սահակյանը, խոսելով հայ-թուրքական հարաբերություններից, նշեց, որ դրանք դեռեւս դիվանագիտական ճակատում են եւ ոչ թե ազգային-բարեկամական: Ըստ նրա` կան պետական փոխհարաբերությունների գործընթացներ, կա միջազգային հանրությանը հետաքրքրող հայոց  ցեղասպանության խնդիր, որը, ի դեպ, փաստացի ամբողջ աշխարհը ընդունել է:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը, խոսելով  ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հեղինակած շքեղության հարկին առնչվող  օրինագծից, օրինագիծը համարեց ընդունելի, բայց ժամանակավրեպ:
 


19.03.2010
Հանդիպում ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մարտի 19-ին ընդունեց «Արեւելյան գործընկերության» ծրագրի քաղաքացիական ֆորումի հայ ներկայացուցիչներին: Քննարկվեցին Արեւելյան գործընկերության չորս հիմնարար պլատֆորմներին առնչվող հարցերը քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am