National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
4.3.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
04.03.2010
Հայաստան է ժամանել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությունը
1 / 4

Երկօրյա  այցով Հայաստանում  է գտնվում Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությունը:

Մարտի 4-ի առավոտյան Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատվիրակության անդամները  ծաղկեպսակ դրեցին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում,  այցելեցին  Ցեղասպանության թանգարան, իսկ Ազգային ժողովի այգում  ծաղիկներ դրեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Նույն օրը  Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների  պալատի փոխնախագահ Վոյցեկ Ֆիլիպի գլխավորած պատվիրակությունը  մի շարք հանդիպումներ ունեցավ ՀՀ Ազգային ժողովում:

Առաջին հանդիպումը ՀՀ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի հետ էր: Հանդիպման ժամանակ քննարկվեցին միջպետական, մասնավորապես միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությանը, եվրաինտեգրման գործընթացներին վերաբերող հարցեր:

ԱԺ փոխնախագահը, բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության եւ Չեխիայի Հանրապետության քաղաքական երկխոսության մակարդակը, նշեց, որ ժամանակն է  երկու երկրների միջեւ զարգացնելու նաեւ տնտեսական հարաբերությունները, մի ոլորտ, որտեղ չիրականացված մեծ հնարավորություններ կան:

Պարոն Վոյցեկ Ֆիլիպը, կարեւորելով տնտեսական հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ  հայ պաշտոնակցի առաջարկը,  համագործակցության ուղղությունները քննարկելու եւ կոնկրետ քայլեր ձեռնարկելու համար տնտեսական հարցերով զբաղվող ԱԺ պատգամավորներին հրավիրեց Չեխիայի Հանրապետության խորհրդարան:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների վավերացմանը:

Պարոն Նիկոյանի գնահատմամբ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը անհարկի ձգձգելու, ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապելու, Հայոց եղեռնի միջազգային ճանաչման գործընթացները խոչընդոտելուն միտված Թուրքիայի  քաղաքականությունը ոչ մի կապ չունի արձանագրությունների բովանդակության հետ, որտեղ խոսք անգամ չկա որեւէ նախապայմանի մասին:

Քննարկվեցին նաեւ Եվրամիության «Արեւելյան գործընկերության» ծրագրին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ տարածաշրջային խնդիրներին առնչվող այլ հարցեր:

Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամները  հանդիպեցին  ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ։

Նաիրա Զոհրաբյանը հյուրերին ներկայացրեց հանձնաժողովի գործառույթները` նշելով, որ հանձնաժողովը երեք հիմնական խնդիր ունի` հարաբերություններ Եվրամիության, Եվրախորհրդի հետ եւ  հայրենի օրենսդրության մոտարկումը  եվրաչափորոշիչներին:

Տիկին Զոհրաբյանը կարեւորեց Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները` Եվրամիությունը դիտարկելով որպես տնտեսական, քաղաքական խոշոր ուժային կենտրոն: Կողմերը մանրամասնորեն քննարկեցին Արեւելյան գործընկերության չորս պլատֆորմների ուղղությամբ կատարվող աշխատանքները: Հանձնաժողովի նախագահը փաստեց, որ անվտանգ եւ կայուն տարածաշրջան ունենալու համար պետք  է ունենալ բնականոն հարաբերություններ բոլոր հարեւան պետությունների  հետ, նշելով, որ Ադրբեջանը հետեւողականորեն խոչընդոտում է գործընկերության կարեւոր բաղադրիչներից մեկին` գործընկեր երկրների միջեւ հարաբերություններին:

Անդրադառնալով հայ-չեխական հարաբերություններին` տիկին Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է առավել զարգացնել երկկողմ հարաբերությունները Չեխիայի հետ` խորացնելով համագործակցությունը տարբեր բնագավառներում, այդ թվում նաեւ խորհրդարանական փոխգործակցությունը: Տիկին Զոհրաբյանը կարեւորեց Չեխիայի օժանդակությունը` եվրոչափորոշիչներին ՀՀ օրենսդրության մոտարկման խնդրում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց գործնական հիմքերի վրա դնել երկու  խորհրդարանների եվրաինտեգրման հանձնաժողովների միջեւ փոխգործակցությունը:

Հանձնաժողովի նախագահը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի  փոխխոսնակի ուշադրությունը հրավիրեց Չեխիայի կառավարության կողմից վերջին երկու տարում հայ ուսանողների կրթաթոշակը կրճատելու եւ այդ քվոտաները Ադրբեջանին տրամադրելուն, ակնկալելով, որ խնդիրը կքննարկվի Չեխիայի կառավարությունում:

Պարոն Ֆիլիպը հանձնաժողովին աջակցելու պատրաստակամություն հայտնեց եւ նկատեց, որ այն մեծ դեր ունի  եվրոպական արժեքների տարածման գործում:

Զրուցակիցներն անդրադարձան Եվրամիություն-Հայաստան համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն առնչվող հարցերի եւ ԼՂ հիմնահարցին:

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատվիրակությանն ընդունեց նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Ողջունելով հյուրերի այցը ՀՀ Ազգային ժողով` պարոն Ռուստամյանը կարեւորեց երկու բարեկամ երկրների խորհրդարանների համագործակցությունը` մատնանշելով երկկողմ կապերի առավել ակտիվացման անհրաժեշտությունը, ինչը արդյունավետ կարող է լինել քաղաքական, տնտեսական, առեւտրային եւ մշակութային ոլորտներում համագործակցության առումով: Միջխորհրդարանական կապերի ակտիվացման համատեքստում պարոն Ռուստամյանն անդրադարձավ նաեւ հանձնաժողովների մակարդակով արդեն ձեւավորված համագործակցությանը, ինչը նպաստում է համատեղ ծրագրերի արդյունավետ կենսագործմանը: Նա հույս հայտնեց, որ այցը նոր ազդակ կլինի հայ-չեխական բարեկամության ամրապնդման համար: Հանձնաժողովի նախագահը արժեւորեց երկու երկրների միջեւ տնտեսության զարգացմանը միտված համաձայնագրերի վավերացումը: Անդրադառնալով նաեւ առաջիկայում ընդունվելիք համաձայնագրերին` պարոն Ռուստամյանը այս հարցում կարեւորեց հանձնաժողովների փոխգործակցությունը իրավապայմանագրային դաշտում: Նրա համոզմամբ` երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը եւ տնտեսական կապերը ընդլայնելու մեծ ներուժ կա, ինչը, սակայն, լիարժեք չի օգտագործվում: Խոսելով եվրաինտեգրման գործընթացից` Արմեն Ռուստամյանը նշեց, որ Եվրոպային ինտեգրումը մեր երկրի արտաքին քաղաքականության գերակայություններից է`  այս առումով օգտակար համարելով չեխական  փորձը:

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահը նույնպես կարեւորեց քաղաքական, միջխորհրդարանական եւ առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը, համագործակցությունը իրավապայմանագրային դաշտում: Պարոն Ֆիլիպի խնդրանքով Արմեն Ռուստամյանն անդրադարձավ նաեւ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին: Նա եւս մեկ անգամ համոզմունք հայտնեց, որ արձանագրությունները պետք է միտված լինեն միայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ սահմանի բացմանը ու Թուրքիայի կողմից նախապայմաններ առաջ քաշելու հնարավորություններ չպետք է ունենան:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am