National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
27.1.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03
04 05 06 07 08 09 10
11 12 13 14 15 16 17
18 19 20 21 22 23 24
25 26 27 28 29 30 31
 
27.01.2010
ԱԺ մշտական հանձնաժողովները գումարեցին հերթական նիստերը
1 / 3

Հունվարի 27-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների  հերթական նիստերը:

Արտակ Դավթյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան մի խումբ օրինագծեր: Մի շարք օրինագծերի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվեց:

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Արա Ավետիսյանի ներկայացմամբ հանձնաժողովը քննարկեց  «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Նախնական մասնագիտական /արհեստագործական/ եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որոնցում նախատեսվող փոփոխությունների նպատակը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ստեղծման կապակցությամբ կրթական օրենսդրությունում  առաջացող հակասությունների վերացումն է: Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի  օրակարգի նախագծում:

Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Վահան Հովհաննիսյանի, Արծվիկ Մինասյանի, Արա Նռանյանի, Ռուզաննա Առաքելյանի, Արտյուշ Շահբազյանի «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց համահեղինակ Լիլիթ Գալստյանը, նշելով, որ  առաջարկվում է «Գովազդի մասին» ՀՀ Օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում ավելացնել նոր հոդված, ըստ որի` մշակութային ծառայություններ իրականացնող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը թատերահամերգային, մասսայական միջոցառումների, փառատոների, համերգային հյուրախաղերի գովազդում, զանգվածային տեղեկատվության բոլոր` էլեկտրոնային, տպագիր կամ արտաքին գովազդի միջոցներում պարտադիր տեղեկություններ պետք է նշեն գովազդատուի, ձեռնարկի բովանդակության, վայրի, ժամանակի, համերգային կատարումների ձայնային առանձնահատկությունների / կենդանի կատարում կամ ձայնագրություն /ֆոնոգրամա/ մասին: Կենդանի կատարման կամ ձայնագրության մասին տեղեկությունը չպետք է լինի գովազդի ողջ ծավալի, տարածքի կամ բովանդակության 7 տոկոսից պակաս:

 Տիկին Գալստյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ օրինագծերի վերաբերյալ կառավարության կարծիքը դրական է, եթե հաշվի առնվի կառավարության առաջարկը` օրինագծերում ամրագրել դրույթ վարչական իրավախախտումների վերաբերյալ, ինչն օրինագծերի հեղինակներն ընդունելի են համարում: Այս օրենքների նախագծերը եւս հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն  ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:

«Գրադարանային գործի մասին» մայր օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Սամուելյանը: Օրինագծի նպատակն է կարգավորել տեղեկատվական, մշակութային եւ կրթական գործունեության բնագավառում գրադարանային համակարգի ստեղծումն ու զարգացումը: Տիկին Սամուելյանը տեղեկացրեց, որ օրինագծի մշակման ընթացքում ուսումնասիրվել է 15 երկրների գրադարանային գործը կարգավորող օրենսդրությունը: Հեղինակների համաձայնությամբ կմիավորվեն ՀՀ կառավարության եւ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի, Լիլիթ Գալստյանի հեղինակած օրինագծերը:

Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում:  Քննարկվեցին նաեւ հանձնաժողովի հետագա աշխատանքին վերաբերող հարցեր:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկեց «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՅԴ խմբակցության պատգամավորների հեղինակած օրենքի նախագիծը, որի ընդունման նպատակն է առավել նպատակային դարձնել բռնադատվածներին պետական աջակցության մեխանիզմը: Հիմնական զեկուցող Արծվիկ Մինասյանը նշեց, որ գործող օրենքը այդպիսի հիմնական աջակցություն դիտում է արտոնյալ պայմաններով վարկ տրամադրելը, մինչդեռ այդ միջոցները չեն ապահովում բնակարանի ձեռք բերում, պատշաճ վերանորոգում կամ անավարտ բնակարանի շինարարության ավարտ:

«Պետական կենսաթոշակների մասին» եւ հարակից  55 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը եւս քննարկվեց առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը նշեց, որ օրինագծի ընդունմամբ ՀՀ կենսաթոշակային համակարգի կառուցվածքն ու բաղադրիչները կհամապատասխանեցվեն կենսաթոշակային բարեփոխումների տրամաբանությանը: Աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի իրավունք տվող նվազագույն ստաժը գործող օրենքով սահմանված 5 տարվա փոխարեն կսահմանվի 10 տարի, անցում է կատարվելու կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի, ծերության սոցիալական կենսաթոշակի իրավունքը սահմանվելու է ՀՀ բնակության իրավունք ունենալու ժամանակահատվածի համար, կոդիֆիկացվելու է պետական բյուջեից վճարվող կենսաթոշակների նշանակումը եւ վճարումը կանոնակարգող օրենսդրությունը:

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով գործադիրը նպատակ ունի հստակեցնել աշխատանքային հարաբերությունների ծագման, կարգավորման մեխանիզմները եւ դրանք համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությամբ ու ԱՄԿ-ի կոնվեցիաներով եւ Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայով ամրագրված դրույթների պահանջներին: Կառավարությունն առաջարկում է գործատուի եւ աշխատողի միջեւ կնքել բանավոր եւ գրավոր աշխատանքային պայմանագրեր. բանավոր պայմանագիրը նպատակ ունի նվազեցնել աշխատանքի ընդունվելու ժամանակ տարվող փաստաթղթային ձեւակերպումները` սահմանելով, որ աշխատանքային պայմանագիրը կնքվում է բանավոր, եթե այն բովանդակում է միայն աշխատանքային օրենսգրքով սահմանված նվազագույն պայմանները, բացառությամբ աշխատավարձի չափի, հակառակ դեպքում` պայմանագիրը կնքվում է գրավոր: Հստակ սահմանվում են աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում վճարվող արձակման նպաստի չափերը` կախված տվյալ գործատուի մոտ աշխատողի անընդմեջ աշխատանքային ստաժից. որքան շատ է աշխատանքային ստաժը, այնքան մեծ է վճարվող գումարը:

Քննարկված օրինագծերը ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կընդգրկվեն ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

Մինչեւ 15 եւ 30 օրով հետաձգվեցին 8 օրենսդրական փաթեթների եւ օրինագծերի քննարկումները:

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստում Ռաֆիկ Պետրոսյանի նախագահությամբ քննարկեց մեկ  օրինագիծ:

ՀՀ կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ ընտանեկան օրենսգրքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Օրինագծի նպատակն է վերացնել օրենքի նորմերի միջեւ ներքին հակասությունները,   տարաբնույթ ընթերցումներն ու անհստակությունները եւ օրենքի կիրառման ընթացքում բացահայտված գործնական խնդիրները: Ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում առկա խնդիրների լուծման, բնակչության սպասարկման ոլորտում մատուցվող ծառայությունների որակի եւ արդյունավետության բարելավման հանգամանքներով:

Քննարկված օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի գարնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովի որոշմամբ մինչեւ 90 օրով հետաձվեց «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում  փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի քննարկումը, մինչեւ 60 օրով` «Անհայտ կորածի մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ու «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» ՀՀ օրինագծերի քննարկումը, իսկ մինչեւ 30 օրով` «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բռնադատվածների մասին» եւ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի քննարկումը:


27.01.2010
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները հանդիպեցին ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ
Հունվարի 27-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Դավիթ Հարությունյանը, Նաիրա Զոհրաբյանը, ինչպես նաեւ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը հանդիպեցին ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մեվլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպումը նախաձեռնել էր հայկական պատվիրակությունը: Հանդիպման...

27.01.2010
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական կուսակցություն», «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» խմբակցությունների հայտարարությունը
ՀՀ Ազգային ժողովի ղեկավարության ուշադրությունն ենք հրավիրում ԵԽԽՎ նորընտիր նախագահ Մովլութ Չավուշօղլուի` ս.թ. հունվարի 26-ին ադրբեջանական «APA» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցին, որում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նորընտիր նախագահը հանդես է եկել կանխակալ տեսակետներով Լեռնայ...

27.01.2010
Շնորհակալագրեր` Բանակի օրվա առթիվ
Հունվարի 27-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալագրեր եւ  դրամական պարգեւներ հանձնեց  ՀՀ զինված ուժերում երեք որդի ունեցող 11 ընտանիքների` Բանակի օրվա կապակցությամբ: Հայոց բանակի 18-րդ տարեդարձի նախօրեին խորհրդարանը հյուրընկալել էր  զինծառայողների ծնողներին, փոխվարչապ...

27.01.2010
ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց Իրանի արտգործնախարարին
Հունվարի 27-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթաքիին, որը Երեւանում է գտնվում հայ-իրանական կապերի կոորդինացման միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրին եւ նրա ղեկավարած պատվի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am