Հունիսի 21-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց աշխատանքային այցով Երեւանում գտնվող Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանին:
Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահն իր վստահությունը հայտնեց, որ ԱՄԷ արտգործնախարարի այցը Հայաստան կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Նա կարեւորեց հայ եւ արաբ ժողովրդների միջեւ պատմական ջերմ հարաբերությունները եւ նշեց, որ ջանք ու եռանդ չի խնայի այդ կապերն ամրապնդելու համար:
Զրուցակիցները բարձր գնահատեցին երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակը եւ իրենց գոհունակությունը հայտնեցին այդ առթիվ: Այնուամենայնիվ, նրանք նշեցին, որ անհրաժեշտ է զարգացնել միջխորհրդարանական շփումները եւ կազմակերպել երկու երկրների օրենսդիրների փոխադարձ այցելություններ: Անդրադառնալով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին` կողմերը համաձայնեցին, որ, այդ մարտահրավերը հաշվի առնելով, Երեւանն ու Աբու Դաբին պետք է շարունակեն զարգացնել վերընթաց զարգացող երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությունը եւ փոխադարձ ներդրումների իրականացումը: