National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.6.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.06.2009
Ավարտվեց չորրորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի վերջին քառօրյան

Հունիսի 11-ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ներկայացմամբ: Տեղեկացվեց, որ «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածից նպատակահարմար է հանել «ինքնահսկում կամ արտադրական հսկում» հասկացությունը` այն ավելի ընդգրկուն սահմանելով «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին» ՀՀ օրենքով: Պարոն Հարությունյանը նշեց, որ անհրաժեշտություն է առաջացել իրավաբանական անձանց կողմից ինքնահսկման իրականացմանը ներկայացվող պահանջներն ու կարգը սահմանել օրենքով:  Ինքնահսկման նպատակն է  համալիր միջոցառումների միջոցով կանխարգելել կամ նվազեցնել շրջակա միջավայրի վրա տվյալ կազմակերպության ունեցած վնասակար ազդեցությունները եւ բնական ռեսուրսների գերշահագործումը: Օրինագծի չափորոշիչների համաձայն կորոշվի եւ կհաստատվի պարտադիր ինքնահսկում իրականացնող այն կազմակերպությունների ցանկը, որոնց գործունեությունը զգալի ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա: Նախարարը տեղեկացրեց, որ կազմակերպություններն ինքնահսկում պետք է իրականացնեն մթնոլորտ եւ ջրային ռեսուրսներ կատարվող արտանետումների ու արտահոսքերի, հողերի աղտոտման եւ արտադրության պրոցեսում առաջացող թափոնների նկատմամբ, ինչպես նաեւ ջրային ռեսուրսների օգտագործման եւ օգտակար հանածոների արդյունահանման նկատմամբ: Օրինագծում ամրագրված են նաեւ ինքնահսկման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման եւ ժամանակակից մեթոդներով հանրությանը տեղեկացման մեխանիզմները ու ինքնահսկման գործընթացի նկատմամբ բնապահպանական վերահսկողությունը: Ինքնահսկում իրականացնող կազմակերպություններին հնարավորություն է տրվում երկու տարվա ընթացքում ստեղծել անհրաժեշտ պայմաններ ինքնահսկման համակարգի ներդրման ու գործընթացն սկսելու համար:

Ներկայացնելով ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը` Խաչիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ օրենսդրական փաթեթը քննարկվել է հանձնաժողովում եւ երկու հասարակական կազմակերպությունների հետ: Նշվեց, որ հանձնաժողովը, սկզբունքային առարկություն չունենալով ինքնահսկման մեխանիզմի ներդրման հարցում, ձեւակերպումների խմբագրման 50 առաջարկներ ունի, որոնք առաջինից երկրորդ ընթերցում կներկայացնի օրենսդրական նախաձեռնության հեղինակներին:

Հարցի առնչությամբ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորները: Վարդան Բոստանջյանը եւ Արծրունի Աղաջանյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, գտնում են, որ պետք է ինքնահսկման մեխանիզմներ տեղադրեն ոչ միայն սահմանափակ թվով ձեռնարկություններ, այլ շրջակա միջավայրի մաքրության եւ մարդու առողջության հետ առնչություն ունեցող բոլոր տնտեսվարող կազմակերպությունները: Ըստ պարոն Բոստանջյանի` սխալ է կազմակերպություններին ինքնահսկման համակարգի ներդրման համար երկու տարվա տեւական ժամանակ տրամադրել, պետք գործընթացն արագացնել: Ռաֆիկ Պետրոսյանի համոզմամբ` օրենսդրական փաթեթը միտված է ՀՀ Սահմանադրության` շրջակա միջավայրի պահպանությանը եւ մարդու իրավունքներին ու շահերին վերաբերող դրույթների իրականացմանը: Պարոն Պետրոսյանը կարեւորեց վերահսկողության եւ լրացուցիչ պատասխանատվության մեխանիզմների կիրառումը: Վարդան Այվազյանը եւ Հերմինե Նաղդալյանը, դեմ չլինելով կառավարության առաջարկին, գտնում են, որ այն վերանայման կարիք ունի: Վարդան Այվազյանը համոզված է, որ ներկայումս գործող մեխանիզմները լիարժեք են օրենքը խախտող կազմակերպություններին պատասխանատվության ենթարկելու համար: Պարոն Այվազյանն առաջարկում է լիազոր մարմնին տալ լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ, օրենքով սահմանել շրջակա միջավայրը առավել աղտոտող կազմակերպություններին եւ ստիպել նրանց ամեն օր լիազոր մարմնին ներկայացնել աղտոտման վերաբերյալ կազմակերպության ցուցանիշները: Հերմինե Նաղդալյանը դիմեց ԱԺ ղեկավարությանը` տնտեսվարող կազմակերպությունների հետ քննարկումներ կազմակերպելու խնդրանքով` հասկանալու համար, թե նրանք պատրա՞ստ են արդյոք առաջարկվող փոփոխություններին:

ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց Վարդան Բոստանջյանը: Քանի որ ներկա ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ինքնահսկման մեխանիզմի տեղադրումը ծախսատար է եւ չեն կարող իրականացնել շատ տնտեսվարող կազմակերպություններ, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանն առաջարկեց ձեռնարկություններում տեղադրել շրջակա միջավայրի կեղտոտման ցուցանիշն արտահայտող մեխանիզմ: Պարոն Բոստանջյանն առաջարկեց կողմ քվեարկել օրինագծին եւ առաջինից երկրորդ ընթերցում ներկայացնել առաջարկներ:

Եզրափակիչ ելույթներում ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը եւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը անդրադարձան պատգամավորների հարցադրումներին եւ մտահոգություններին` հավաստիացնելով, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում պատգամավորների առաջարկների հիման վրա օրենսդրական փաթեթը կլրամշակվի:

Հարցի քննարկումից հետո կազմակերպվեց քննարկված օրինագծերի քվեարկությունը: Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը ու «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ու «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթները: Երկրորդ ընթերցմամբ օրենսդիրներն ընդունեցին «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին», «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Երրորդ ընթերցմամբ ընդունվեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Պատգամավորները քվեարկությամբ վավերացրին նաեւ 2008 թվականի դեկտեմբերի 10-ին Սոֆիայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» 1995 թվականի ապրիլի 10-ին Սոֆիայում ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն առաջին ընթերցման ընթացակարգով պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նշվեց, որ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, ամրագրելով ՀՀ ԳԱԱ իսկական եւ թղթակից անդամներին ցմահ պատվովճար տրամադրելու դրույթը, չի ճշգրտում տրամադրման պայմանները: Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ հանրապետությունից երկարատեւ բացակայող եւ առանց կանոնադրական պարտավորությունները կատարելու պատվովճարի հատկացում պահանջող ՀՀ ԳԱԱ իսկական եւ թղթակից անդամների թիվը էապես աճել է: Օրինագծով առաջարկվում է պատվովճար հատկացնել գիտական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնող, ինչպես նաեւ Հայաստանից դուրս մինչեւ երեք ամիս ժամկետով ծառայողական գործուղման մեկնած  ՀՀ ԳԱԱ իսկական եւ թղթակից անդամներին:

Հարակից զեկույցում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, տեղեկացրեց, որ հարցը քննարկվել է խորհրդարանական հանձնաժողովում, ԳԱԱ նախագահի եւ ոլորտին քաջատեղյակ այլ անձանց հետ: 

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցող ԱԺ պատգամավորների կարծիքը մի հարցում միանշանակ էր` չպետք է բյուջետային խնայողություններ կատարել գիտության բնագավառի մշակներին պատվովճարից զրկելու հաշվին, ինչը, ըստ պատգամավորների, բարոյական չէ: Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ` անպայման պետք է պահպանվի ՀՀ կողմից պատվիրակված ՀՀ ԳԱԱ իսկական եւ թղթակից անդամների պատվովճարը, քանի որ վերջիններիս պետությունն է գործուղել արտերկիր` ձեռք բերած փորձը եւ գիտելիքները ի նպաստ պետության գործադրելու նպատակով: Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ եթե պատվովճարը երախտիքի ու հարգանքի արտահայություն է, ապա պետք է տրվի գիտնականին անկախ նրա գտնվելու վայրից: Արծվիկ Մինասյանը եւ Լիլիթ Գալստյանը գտնում են, որ խնդրին հայեցակարգային լուծումներ  են պետք, ոչ թե իրավիճակային: Տիկին Գալստյանի համոզմամբ` ճիշտ կլինի սոցիալական խնդիրները լուծել գիտության ոլորտի բյուջետային հատկացումների մեծացման ճանապարհով եւ ոչ թե պատվովճարները կրճատելով: Արծվիկ Մինասյանն անդրադարձավ պատվովճար եւ հավելավճար հասկացություններին` նշելով, որ պատվովճարի սահմանումը չպետք է կապել գիտական գործունեության հետ, այն կարգավիճակից բխող հասկացություն է: Պատգամավորները առաջարկեցին կառավարությանը շտապողականություն չցուցաբերել օրենքի նախագծի ընդունման հարցում, քննարկումների արդյունքում կատարելագործել եւ լրամշակել այն:

Երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեց «Հանրակրթության մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը` ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ներկայացմամբ: 

Ազգային ժողովն ավարտեց հունիսի 8-11-ի քառօրյա նիստերի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց չորրորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանի փակումը եւ  ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ավարտվեց չորրորդ գումարման Ազգային ժողովի հինգերորդ նստաշրջանը: 


11.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Հուսով եմ, որ Էստոնիան կշարունակի ակտիվորեն նպաստել եվրոպական ընտանիքին ինտեգրվելուն եւ դրա չափանիշներին համապատասխանելուն ուղղված Հայաստանի ջանքերին»
Հունիսի 11-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Երեւանում պաշտոնական այցով գտնվող Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաետին:Ողջունելով հյուրին` Հայաստանի խորհրդարանի նախագահը կարեւորեց նրա պաշտոնական այցը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում ինչպես ուղղակի, այդպես ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am