National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.6.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.06.2009
Հարկային փաթեթի քվեարկությունը հետաձգվեց

Ազգային ժողովի քառօրյա նիստը հունիսի 10-ին սկսվեց քվեարկություններով: 

Պատգամավորներն ընդունեցին նախորդ օրը քննարկված օրակարգային բոլոր հարցերը: Հարկային օրենքներում փոփոխություններ նախատեսող` կառավարության շրջանառած օրենսդրական փաթեթի քվեարկությունը, ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանի առաջարկությամբ, հետաձգվեց մինչեւ 15 օրով: Նիստը նախագահող` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ միասնաբար  է որոշվել  հետաձգել քվեարկությունը, եւ որ դա պայմանավորված է խորհրդարանական խմբակցությունների եւ գործադիր իշխանության կողմից փաթեթը մեկ անգամ  եւս քննարկելու եւ մտահոգությունները վերացնելու  անհրաժեշտությամբ:

Խորհրդարանի ղեկավարը պատգամավորներին առաջարկեց երրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունել իր հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին»  եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը: Նախագծերի վերաբերյալ նոր առաջարկներ չեն ստացվել:

«Ավելացված արժեքի հարկի մասին» եւ «Շահութահարկի մասին» օրենքներում լրացումներ կատարելու կառավարության նախաձեռնությունը, ինչպես ներկայացրեց ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, առաջին ընթերցումից հետո փոփոխությունների չի ենթարկվել: Հարակից ելույթում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական  հանձնաժողովի փոխնախագահ Արծվիկ Մինասյանը, վերահաստատելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նկատեց, որ նախագիծը բարելավվել է դեռեւս մինչեւ առաջին ընթերցում անցնելը` հանձնաժողովում քննարկումների արդյուքնում:

Ֆինանսների փոխնախարարը խորհրդարանի հաստատմանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» 1995 թ. ապրիլի 10-ին Սոֆիայում ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:  Փաստաթղթի ընդունումը նա պայմանավորեց երկու երկրների օրենսդրական փոփոխություններին համահունչ համաձայնագիրը վերանայելու  անհրաժեշտությամբ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը արձանագրության վերաբերյալ ներկայացրեց հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանը:

Ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Հունանյանը պատգամավորներին առաջարկեց  երկրորդ ընթերցմամբ ընդունել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու  մասին» օրինագիծը: Կառավարության առաջարկով նախագծի վերջնական տարբերակում որոշ լրամշակումներ են կատարվել: Մասնավորապես սահմանվել է, որ ոստիկանությունում ծառայությունը  կազմակերպվելու է նաեւ ռոտացիոն սկզբունքով: Իսկ որպես ռոտացիա է դիտարկվել ոստիկանության միեւնույն ստորաբաժանման ներսում ոստիկանության ծառայողների տեղափոխումը հավասարազոր պաշտոններում` երեք տարին մեկ անգամ պարբերականությամբ: Նախորդ քննարկման ժամանակ այս առաջարկությամբ հանդես էր եկել նաեւ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը: Խորհրդարանի  պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը դրական է գնահատել այս փոփոխությունը: Հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանի կարծիքով` այն որոշակիորեն կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազմանը: 
  
«Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, փոխոստիկանապետի ներկայացմամբ, նպատակ ունի կանխել  պետհամարանիշների աճուրդի սակարկություններին մասնակցել-հաղթելու, սակայն համարանիշերը ձեռքբերելուց հրաժարվելու դեպքերը:  Պրն. Հունանյանի տեղեկացմամբ`  գրանցվել են նմանատիպ դեպքեր, երբ գինը բարձրացվել է  եւ համարանիշը ձեռք չի բերվել, ինչի հետեւանքով մնացած մասնակիցները նույնպես զրկվել են դրանք ստանալու հնարավորությունից: Կառավարությունն առաջարկում է  աճուրդին մասնակցելու համար նախատեսված նախավճարի չափն ավելացնելու հնարավորություն` մեկնարկային գնի 5 տոկոսից հասցնելով մինչեւ մեկնարկային գնի չափ: Հիմնական զեկուցողը հիմնավորեց, որ  աճուրդի` արդեն զգալի նախավճարը կորցնելու հեռանկարն իրենց իրավունքները չարաշահող  մասնակիցներին զերծ կպահի նշված գործելակերպից: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ներկայացնելով հանձնաժողովի տեսակետը, համաձայնեց նախավճարի բարձրացմամբ   այդօրինակ երեւույթները կանխելու եւ աճուրդի ընթացքը ձախողումից ապահովագրելու մոտեցման հետ: Սակայն առաջարկեց  հարցը կարգավորել ոչ թե կառավորության որոշմամբ, այլ օրենսդրորեն: Այս տեսակետը արտահերթ ելույթում պաշտպանեց նաեւ   ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նա այն կարծիքին է, որ  նախավճարի չափը չպետք է պայմանավորել աճուրդային գնով, այլ պետք է սահմանել  հաստատված վճար: Սակարկությունների անբարեխիղճ  մասնակիցներին, խորհրդարանի փոխնախագահի խոսքերով, կարելի է պատժել տուգանքով:  Նա առաջարկեց բարձրացված հարցին անդրադառնալ առաջին ընթերցմամբ օրինագիծն ընդունելուց հետո: Պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց նախագծում ամրագրել նախավճարի թե նվազագույն եւ թե  առավելագույն սահմանները:   Ռաֆիկ Պետրոսյանն իր ելույթում կառավարության ձեւակերպումները համարեց ընդունելի եւ առաջարկեց դրանք  չփոխել: Ստյոպա Սաֆարյանի` ամբիոնից հնչեցրած տպավորությամբ, նախագիծը նպատակ ունի ոչ թե կարգավորել աճուրդի գործընթացը, այլ լրացուցիչ ֆինանսական մուտքեր ապահովել: Եզրափակիչ ելույթում Հովհաննես Հունանյանը  վերահսատատեց նախավճարների խնդրին կառավարության որոշմամբ անդրադառնալու դիրքորոշումը` հայտնելով առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկները քննարկելու պատրաստակամություն:

Փոխոստիկանապետը ներկայացրեց մեկ այլ` «Զենքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային ծառայության  մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկային  ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ործադիրն առաջարկում է զենքի շրջանառությունը սահմանափակելու նպատակով ոստիկանության պետին,  պաշտպանության նախարարին եւ ազգային անվտանգության ծառայության տնօրենին վերապահել զենքով միայն  իր ոլորտի ծառայողին պարգեւատրելու իրավունք: Զուգահեռաբար մաքսային, հարկային եւ փրկարար ծառայությունների ղեկավարներին կարգելվի զենքով պարգեւատրել իրենց աշխատակիցներին:   Խորհրդարանի  պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը հանձնաժողովի անունից ողջունեց զենքի տարածումը կանխելուն ուղղված այս միջոցառումը: ործող օրենքով զենքով պարգեւատրում կատարելու իրավունք ունեն հանրապետեւթյան Նախագահը եւ վարչապետը: Հանձնաժողովի նախագահն առաջարկեց նման լիազորություն վերապահել նաեւ ԱԺ նախագահի համար, կամ էլ միայն ՀՀ Նախագահին օժտել դրանով: 

Շուրջ երեք տասնյակ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել  «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախաձեռնությունը, որը նիստում ներկայացվեց երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Մինչ այդ, նախագծի համահեղինակ Ռոբերտ Թովմասյանն առաջարկեց երկու հոդված  ընդունել առաջին ընթերցմամբ:  Կառավարության հետ համատեղ աշխատանքի արդյունքում որոշվել է սահմանել  ավտոտրանսպորտային միջոցների գազալցման   գործունեության հաստատագրված վճարի նվազագույն ամսական չափ, որը  յուրաքանչյուր կայանի համար Երեւանում չի կարող պակաս լինել 1,5 մլն., հարակից մարզերում` 1,125 մլն. եւ այլ վայրերում` 900 հազար  դրամից:  Հիշեցնենք, որ պատգամավորներն առաջարկում են գազալցակայաններում հաստատագրված վճարի չափը պայմանավորել ոչ թե խողովակների քանակով, այլ գազի ծավալներով: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, ի դեմս Վարդան Այվազյանի, ներկայացրեց դրական եզրակացություն: Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ  Արմեն Ալավերդյանը հարակից ելույթում ողջունեց հաստատագրված վճարի նվազագույն չափը նախագծում ամրագրելու եւ հարկային մարմնի ներկայացուցչի համար ստեղծված` գազի հաշվիչի տվյալները ձեռքբերելու եւ հաշվիչի վրա կապարակնիք դնելու հնարավորությունը: Արտահերթ ելույթում խորհրդարանի փոխնախագահ Սամվել Նիկոյանը հարկի նվազագույն շեմ ամրագրելու   մոտեցումը ազատական տնտեսությանն ու շուկայական պայմաններին ոչ բնորոշ գնահատեց:   Քննարկվող տարբերակը համարելով ժամանակավոր լուծում` Սամվել Նիկոյանը  նկատեց, որ 2010 թ.  անցում է կատարվելու գազալցակայանների հարկման առավել արդյունավետ   համակարգի: 

Օրակարգային հաջորդ` «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին»    օրինագիծը պատգամավորների դատին ներկայացրեց մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: Առաջին ընթերցումից հետո պատգամավորներ Լիլիթ Գալստյանի եւ Վիկտոր Դալլաքյանի 44 առաջարկությունների հիման վրա նախագիծը, ըստ հիմնական զեկուցողի, բարելավվել է: Լրամշակված տարբերակի վերաբերյալ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության  եւ սպորտի հարցերի մշտական  հանձնաժողովի դրական տեսակետը ներկայացրեց հանձնաժողովի անդամ եւ առաջարկների հեղինակ Լիլիթ Գալստյանը: Նա որպես կարեւոր ձեռքբերում նշեց ոչ մշակութային ժառանգության  պահպանումը բյուջեում արտացոլելու` նախագծով նախատեսված նորմը:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը օրենսդիր մարմնին ներկայացրեց երկու նախագիծ: «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» առաջարկով գործադիրը  նախատեսում է օրենսգիրքը համալրել նոր ձեւակերպմամբ եւ   ջրօգտագործման թույլտվության ժամկետի երկարաձգման հայտի գնահատման ժամանակ հաշվի առնել նաեւ կառավարության  կողմից իրականացվող ծրագրերը` դրանց պահանջները դիտարկելով որպես նախապայման: Աժ գյուղատնտեսական եւ բնապահպանական մշտական հարցերի հանձնաժողովը հարցին տվել է դրական եզրակացություն, որի մասին նիստում հայտարարեց հանձնաժողովի անդամ Միշա Ստեփանյանը:

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների  նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը  ներկայացվեց երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Ինչպես նշեց բնապահպանության նախարարը` գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ նախագծում շրջապատի վրա վնասարկար ազդեցություն ունեցող կազմակերպությունների ցանկում ներառվել է նաեւ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն, որի բնապահպանական վճարներից մասհանումները նույնպես կատարվելու են առանձին տողով եւ արտացոլվելու տվյալ համայնքի բյուջեում:  ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը այս նախագծին եւս, հանձնաժողովի անդամ Բագրատ Սարգսյանի ներկայացմամբ, տվել է դրական եզրակացություն:

ԱԺ կանոնակարգի սահմանած կարգով` քառօրյայի երրորդ օրվա վերջին նիստը տրամադրվեց պատգամավորների եւ կառավարության անդամների միջեւ հարցուպատասխանին:


     
       




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am