National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
9.6.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
09.06.2009
ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը

Հունիսի 9-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը: Բացելով նիստը` ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ խմբակցության ցուցակով պատգամավորի մանդատ է ստացել Վաչագան Խուրշուդյանը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ կառավարության ներկայացրած եւ նախորդ օրը քննարկված հարկային փոփոխությունների վերաբերյալ փաթեթի քվեարկությունն այսօր չի կազմակերպվի, քանի որ դեռեւս քաղաքական քննարկումներ են ընթանում:

Խորհրդարանը շարունակեց քննարկել ՀՀ կառավարության ներկայացրած «ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը», որի վերաբերյալ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:

Հաշվետվության վերաբերյալ դիրքորոշումը ներկայացրեց «Ժառանգություն» խմբակցությունը: Ըստ Անահիտ Բախշյանի` խմբակցությունը դեմ է քվեարկելու հաշվետվությանը, քանի որ կարծում են, որ պետական միջոցները չեն ծախսվել արդյունավետ եւ  նպատակային, իսկ պետական  բյուջեի կատարումից ժողովրդի  սոցիալական վիճակի բարելավում չի արձանագրվել:

«ՀՀ 2008 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության վերաբերյալ» հնչած տեսակետների կապակցությամբ  եզրափակիչ ելույթում պարզաբանումներ ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը, նշելով, որ տեղին չէ խոսել պետական միջոցների վատնման մասին եւ անդրադառնալով պետական միջոցների ոչ արդյունավետ ծախսման վերաբերյալ հնչած քննադատությանը, նկատեց, որ յուրաքանչյուր ծախսված միջոցի համար ներկայացվել են աղյուսակներ եւ հավելվածներ, որոնք ցույց են տալիս ծախսված գումարների արդյունավետությունը:

Հաշվետվության քննարկումից հետո տեղի ունեցավ քվեարկություն, որի արդյունքում այն ընդունվեց:

Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն առաջին ընթերցման ընթացակարգով ներկայացրեց  իր հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, նշելով`որ դեռեւս Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելիս  ընդգծել էր մի շարք հայեցակարգային խնդիրներ, որոնց լուծումն անհրաժեշտ է Ազգային ժողովի սահմանադրական լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու համար: Այդ խնդիրների շարքում նա կարեւորել  է նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի  գործունեության  արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը` աշխատակազմի իրական պրոֆեսիոնոլիզմի  ապահովումը, ինչին  էլ միտված է  օրենսդրական նախաձեռնությունը:Պարոն Աբրահամյանը նկատեց, որ  նախաձեռնությունը հնարավոր էր ներկայացնել ավելի վաղ, սակայն փորձել է գործնականում համոզվել, թե ինչ խնդիրներ  են առկա եւ որոնք են դրանց արդյունավետ լուծման ուղիները: Նա նշեց, որ այս ընթացքում զերծ է մնացել նաեւ աշխատակազմում կառուցվածքային փոփոխություններ կատարելուց  նույն պատճառաբանությամբ:

Պարոն Աբրահամյանը նշեց, որ նախագծով առաջարկվող փոփոխությունները ներդաշնակ են Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր պետական ծառայության համակարգում առկա լուծումներին, որոնց  նպատակն է ոլորտում ապահովել միասնականություն եւ ապահովել մեկ համակարգից մյուսին ներդաշնակ անցում կատարելու գործուն մեխանիզմներ: Նա նշեց, որ փոփոխությունները բխում են նաեւ միջազգային առաջավոր փորձից: Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել ԱԺ գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված ԱԺ մշտական հանձնաժողովների եւ խմբակցությունների առաջարկությունները, որոնք ներկայացնելու համար ԱԺ նախագահը դիմել  էր  նրանց: Նշվեց, որ ներկայացվել են բավական սկզբունքային եւ  ընդունելի առաջարկներ:  Բացի այդ, նախագծի վերջնական տարբերակը եւս ներկայացվել է  ԱԺ բոլոր խմբակցություններին:

Հիմնական զեկուցողը նշեց, որ «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքն ընդունվել է 2002 թվականին: Օրենքում առ այսօր որեւէ փոփոխություն չի կատարվել: Քանի որ ներկայացված նախագիծը առաջարկում է հայեցակարգային եւ սկզբունքային նոր լուծումներ, հստակեցումներ եւ ճշգրտումներ, ուստի այն ներկայացվել է նոր խմբագրությամբ, այլ ոչ թե օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու տեսքով:

Գործող օրենքը նախատեսում է մեխանիզմ, որի համաձայն ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այն համալրվում է փակ, եւ հետո միայն բաց մրցույթի միջոցով: Բացի այդ, օրենքը նույնիսկ բաց մրցույթում հաղթող ճանաչված անձանցից առավելություն է տալիս  պետական ծառայության առավել բարձր դասային աստիճան, առավել երկար  ստաժ կամ այլ առավելություններ ունեցող անձանց, ինչն, ըստ էության, Ազգային ժողովի աշխատակազմը  փաստացի վերածում է փակ մարմնի: Այդպիսով, թափուր պաշտոնների համալրումը կատարվում է միայն առկա ռեսուրսների հաշվին` գրեթե հնարավորություն չստեղծելով կադրերի ներհոսքի համար: Նախագծով փակ մրցույթի ինստիտուտը հանվել է եւ որպես թափուր պաշտոնների համալրման եղանակ  նախատեսվել է բաց մրցույթը: Բացի դրանից, որոշ դեպքերում օրենքը թույլ է տալիս նշանակումներ կատարել արտամրցութային կարգով, որն արդեն բռնել է ժամանակի քննությունը պետական ծառայության այլ օղակներում: Նախագծով մրցույթի ընթացքում հարցազրույցի  փուլ անցկացնելը դարձել է օրենքի պարտադիր պահանջ, ի տարբերություն գործող կարգի, երբ հարցազրույց անցկացվում էր ըստ անհրաժեշտության, իսկ գործնականում կարելի է ասել, չի անցկացվել, ինչն  ըստ էության մրցույթը կատարվել է միայն թեստեր լրացնելու միջոցով: Մինչդեռ հարցազրույցը մասնակցի գիելիքները եւ կարողությունները պարզելու եւ ճիշտ ընտրություն կատարելու լավագույն մեխանիզմներից է: Նախագծով կրտսեր խմբի պաշտոնների համար բարձրագույն կրթությունը դարձել է պարտադիր պահանջ, ի տարբերություն գործող կարգի, երբ չի պահանջվում աշխատանքային ստաժի եւ փորձի որեւէ չափանիշ, իսկ կրթության մասին ընդհանրապես չի նշվում: Ըստ օրինագծի հեղինակ Հովիկ Աբրահամյանի` սա հնարավորություն կընձեռի ԱԺ աշխատակազմում ներգրավել որակյալ կադրեր:

Նախագծով լուծում է տրվել մեկ այլ կարեւոր խնդրի եւս. հստակեցվել է, որ Ազգային ժողովի պատգամավորների վճարովի հիմունքներով աշխատող օգնականները, աշխատակազմի  ղեկավարի խորհրդականները եւ օգնականները, Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի փորձագետները (մաuնագետները) չեն համարվում պետական ծառայողներ: Այդ անձանց աշխատանքային ստաժը համարվել է պետական կառավարման ոլորտի  ստաժ, ինչը նշանակում է, որ նրանք իրենց հետագա մասնագիտական գործունեության ընթացքում որեւէ խոչընդոտի չեն հանդիպի հանրային ծառայության այս կամ այն օղակում աշխատելու առումով:Ըստ պարոն Աբրահամյանի`  սա գործուն մեխանիզմ է խմբակցությունների, ինչպես նաեւ պատգամավորների ձեռքում առավել որակյալ կադրեր ընտրելու համար, քանի որ խմբակցությունում կամ որպես պատգամավորի  օգնական աշխատելու ընթացքը համարվելու է պետական համակարգ մուտք գործելու անհրաժեշտ  ստաժ, ի տարբերություն գործող կարգի, երբ վերջիններիս ստաժը նրանց  թույլ չի տալիս հետագայում աշխատել որեւէ պետական մարմնում: Նախագծում նախատեսվել է կադրերի կարճաժամկետ ռեզերվի ինստիտուտը, որպես պետական ծառայողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմ: Օրինակ, հաստիքների կրճատման հետեւանքով պաշտոնից ազատված անձինք համալրում են կադրերի կարճաժամկետ ռեզերվը եւ համարվում են պետական ծառայողներ, այդ ժամանակահատվածը /առավելագույնը 6 ամիս/ հաշվարկվում է որպես պետական ծառայության ստաժ: Ռեզերվում գտնվող անձը կարող է զբաղեցնել նաեւ պետական ծառայության պաշտոն: Նախագծով սահմանվել են նաեւ պետական ծառայության հիմնական սկզբունքները, Աշխատակազմում պետական ծառայության պաշտոնների դասակարգման, պետական ծառայության դասային աստիճանների, պետական ծառայության պաշտոնի նշանակման, պետական ծառայողների ատեստավորման եւ վերապատրաստման, պետական ծառայողների իրավական վիճակի, պետական ծառայության կառավարման եւ ղեկավարման մարմինների, ինչպես նաեւ դրանց հետ կապված այլ հարաբերություններ:

Նախագծից բխում է մեկ տասնյակից ավել այլ իրավական ակտերի` ԱԺ նախագահի որոշումների ընդունման անհրաժեշտություն, ինչով էլ պայմանավորված է նախագիծը երեք ընթերցմամբ քննարկելու եւ ընդունելու հանգամանքը: Պարոն Աբրահամյանը հույս հայտնեց, որ  մինչեւ աշնանային նստաշրջանի սկիզբը կավարտվեն  օրենքից բխող բոլոր կանոնակարգումները եւ պատրաստ կլինեն  աշխատակազմի արդյունավետ  գործունեությունն ապահովող անհրաժեշտ իրավական հիմքերը:

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, ապա առաջարկվում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, ղեկավարի առաջին տեղակալի, տեղակալներից մեկի պաշտոնները համարել հայեցողական պաշտոններ, ինչը համապատասխանում է աշխատակազմի ղեկավարին  օրենսդրությամբ տրված լիազորությունների բնույթին, ինչպես նաեւ պետական կառավարման ոլորտում առկա մոտեցումներին: Մասնավորապես հայեցողական են համարվում ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի, նրա առաջին տեղակալի, տեղակալներից մեկի եւ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնները:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Արտյուշ Շահբազյանը, նշելով, որ ներկայացված լրացումները անհրաժեշտ  են, եւ դրական մոտեցում է փակ  մրցույթների վերացումը, ինչը հնարավորություն կտա  որակապես բարձրացնել խորհրդարանի  աշխատակազմի աշխատանքը:

Քննարկումից հետո օրինագիծը դրվեց քվեարկության եւ ընդունվեց միաձայն: Օրինագիծը քննարկվեց նաեւ երկրորդ ընթերցմամբ: Օրինագծի հեղինակ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ժամանակահատվածում գրավոր առաջարկներ չեն ստացվել, իսկ բանավոր առաջարկները կքննարկվեն հայեցակարգային քննարկումների ժամանակ:

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պատգամավորների քննարկմանը ներկացրեց «ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագիրը/ գնաճի հաշվետվություն, 2009 թվականի առաջին եռամսյակ/ : Անդրադառնալով խնդրին` պարոն Ջավադյանն ասաց, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն իր ազդեցությունն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա եւ առաջիկայում գնաճի ցուցանիշները մնալու են բարձր: Նախատեսվում է, որ ՀՆԱ-ն կնվազի 3 տոկոսով, կանխատեսվում է  հետագագնաճ: Տնտեսական անկումը նախատեսվում է 5,8 տոկոս,տարվա երկրորդ կիսամյակում կուժեղացվեն հակաճգնաժամային քայլերը, ինչի արդյունքում կանխատեսվում է, որ այն բարերար ազդեցություն կունենա տնտեսության վրա:

ԱԺ ֆինանսավարկային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ներկայացրեց հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Ապա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, նշելով, որ ընդունվել են բոլոր առաջարկությունները: Այս օրինագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց համահեղինակ Նաիրա Զոհրաբյանը: Այս օրինագծի վերաբերյալ եւս գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Պատգամավորները երրորդ ընթերցմամբ քննարկեցին «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» օրենքի նախագիծը, որի առնչությամբ առաջարկներ չէին եղել:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկեց ՀՀ Նախագահի ներկայացրած «ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատություններում եւ ուսումնական կենտրոններում ՀՀ զինված ուժերի անձնակազմի ուսուցման մասին» արձանագրությունը, որի վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Շիրակ Թորոսյանը:

«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրեց համահեղինակ Հովհաննես Մարգարյանը, նշելով, որ բոլոր գրավոր առաջարկներն ընդունվել են: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը օրինագծի վերաբերյալ դրական էր:

«Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրեց համահեղինակ Արա Բաբլոյանը: Ըստ զեկուցողի`փոփոխություններով  համապատասխանեցվում են օրենքներում առկա հակասությունները, ինչպես նաեւ` սահմանվում հիվանդ անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմները: Օրինագծի վերաբերյալ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Մկրտիչ Մինասյանը:

Երկրորդ ընթերցմամբ պատգամավորները քննարկեցին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոփություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը:  Նա տեղեկացրեց, որ  փոփոխություններով մեծացվում են տնտեսական հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ կիրառվող տուգանքներն ու սանկցիաները: Նա տեղեկացրեց, որ առաջարկություններ չեն ստացվել:  Այս օրինագծին եւս ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն:

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց  «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» օրենքների նախագծերի փաթեթը, նշելով, որ առաջարկվող փոփոխությունը տեխնիկական է : Այս օրինագծի վերաբերյալ եւս ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանն առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց  նաեւ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Օրենսգրքի երկու հոդվածներում  առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է մեծացնել այն անձանց նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, ովքեր այլ անձանց մղել են սեռական շահագործման: Օրինագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը խորհրդարանի քննարկմանն առաջին ընթերցմամբ ներկայացրեց «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որի  ընդունումը պայմանավորված է Երեւան քաղաքի կարգավիճակի  փոփոխությամբ:

Օրինագծի վերաբերյալ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր:

Վերջին նիստի մեկ ժամը ԱԺ կանոնակարգի համաձայն հատկացվեց պատգամավորների հայտարարություններին:

   

     
  
 


09.06.2009
Հովիկ Աբրահամյան. «Հուսով եմ, որ հայ-իտալական համագործակցությունը կշարունակի վերընթաց զարգանալ»
Հունիսի 9-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասիմո Լավեցո Կասինելիին` Երեւանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց դեսպան Լավեցո Կասինելիին...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am