National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.1.2009

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
30.01.2009
Գարնանային նստաշրջանից առաջ նիստեր գումարեցին ԱԺ մշտական հանձնաժողովները

Հունվարի 30-ին տեղի ունեցան ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը,  Արտյուշա Շահբազյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի եւ Արման Սահակյանի «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Արմեն Աշոտյանը նշեց, որ միջազգային կազմակերպությունները սահմանել եւ միջազգայնորեն նշում են բազմաթիվ  հիշարժան օրեր` «Մարդու իրավունքների պաշտպանության օրը», «Շրջակա միջավայրի պաշտպանության օրը», «Երիտասարդության օրը», «Ծերերի օրը», «Կոռուպցիայի դեմ պայքարի օրը» եւ այլն։ Հայաստանը, պաշտոնապես անդամակցելով մի շարք միջազգային կազմակերպությունների, մինչ օրս միջազգային օրերը նշում է ոչ պաշտոնապես, այլ քաղաքացիական հասարակության նախաձեռնությամբ։ Օրենքի ընդունմամբ միջազգային օրերը նշելը կկրի պաշտոնական բնույթ։

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց կառավարության դրական եզրակացությունը:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշա Շահբազյանը, կարեւորելով օրինագծի ընդունումը, առաջարկեց հանձնաժողովին դրական եզրակացություն տալ օրինագծին:

Հանձնաժողովը որոշեց դրական եզրակացությամբ օրենքի  նախագիծն ընդգրկել ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը ներկայացրեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Ըստ նրա` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դրույթը, համաձայն որի oրենքի 9 հոդվածով uահմանված` պետական տուրքի վճարումից չեն կարող ազատվել անհատ ձեռնարկատերերը եւ առեւտրային կազմակերպությունները, պետք է հանվի օրենքից: Գործող կարգավորումը, նախարարի կարծիքով, հակասում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածին` «Հավասարություն օրենքի եւ դատարանի առջեւ», որի համաձայն քաղաքացիական գործերով արդարադատությունն իրականացվում է oրենքի եւ դատարանի առջեւ` քաղաքացիների ու իրավաբանական անձանց հավասարության uկզբունքների հիման վրա: Տվյալ դեպքում «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի վերոնշյալ նորմն անհավասարություն է սահմանում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց միջեւ պետական տուրքի գծով արտոնություններից օգտվելիս: Հայաստանի Հանրապետությունը Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու պարտավորություն. առաջարկվող օրենսդրական փոփոխությունը անհրաժեշտ պայման է վերոնշյալ վճռի պահանջները կատարելու տեսանկյունից:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը նշեց, որ փոփոխություններն ու լրացումները ստեղծելու են հավասար պայմաններ դատավարության բոլոր մասնակիցների համար, ուստի ողջունելի եւ ընդունելի է օրինագծի ընդունումը:

Օրենսդրական փաթեթը եւս հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

«ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը եւս առաջին ընթերցման ներկայացրեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Նշվեց, որ դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են դատական կարգադրիչների ծառայության  ոլորտի խնդիրների լուծման, դատական կարգադրիչի զենք կրելու, դատական կարգադրիչների ծառայության միասնական համակարգի ստեղծման անհրաժեշտությամբ: Դատական կարգադրիչների ծառայությունը պետք է ունենա կառավարման ծառայության օպերատիվ կառավարումը եւ լիազորությունների հստակ սահմանազատումը ապահովող համակարգ: ՀՀ հատուկ ծառայությունների փորձը ցույց է տալիս, որ դատական կարգադրիչների ծառայության արդյունավետ կառավարման համար պետք է կիրառել ուղղահայաց ենթակայության սկզբունքը: ՀՀ դատական օրենսգրքով դատական կարգադրիչները կարող են ունենալ ռետինե մահակներ, ձեռնաշղթաներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ: Փաթեթով նախատեսվում է արտաքին պահպանության եւ ներքին անվտանգության գործառույթներ իրականացնող դատական կարգադրիչների զենքի կիրառում, երբ զենք հայտնաբերելիս եւ առգրավվելիս հանդիպեն դիմադրության: Հրազենի առկայությունն առանձին դեպքերում պարտադիր է, հակառակ դեպքում վտանգվում է անձանց կյանքը եւ առողջությունը: Նա նկատեց, որ քրեական գործերով անհրաժեշտ է հատուկ համագործակցություն դատական կարգադրիչների եւ քրեակատարողական հիմնարկների կալանավորներին ուղեկցող խմբի աշխատակիցների միջեւ, ինչը կապահովվի դատական կարգադրիչի լիազորությունների լիարժեք իրականացումը: Պետք է հստակ տարանջատել դատական կարգադրիչների պարտավորությունները քրեակատարողական հիմնարկի ծառայողների պարտավորություններից. վերջիններս պատասխանատվություն են կրում կալանավորի համար, հետեւաբար նրանք պետք է իրականացնեն կալանքի տակ գտնվող անձին առնչվող լիազորություններ, իսկ դատարանի շենքում տեղափոխելիս կալանավորի անվտանգությունը պետք է ապահովեն դատական կարգադրիչները: Անկախ զենք գործադրելու հետեւանքով առողջությանը վնաս պատճառելու կամ մահ պատճառելու դեպքերի մասին դատական կարգադրիչը պարտավոր է հաղորդել դատախազին:

Հարակից զեկուցող ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշա Շահբազյանն ընդգծեց, որ օրինագծի ընդունումը տարբերակում է դատական կարգադրիչների պարտավորությունները քրեակատարողական հիմնարկի ծառայողների պարտավորություններից, հստակեցնում է հարկային եւ մաքսային ծառայությունների, ոստիկանների լիազորությունները:

Հանձնաժողովը որոշեց նախագծերի փաթեթը դրական եզրակացությամբ ընդգրկել ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ պատգամավորներ Ռաֆիկ Պետրոսյանի, Մխիթար Մնացականյանի, Վարդան Բոստանջյանի եւ Արամ Սաֆարյանի հեղինակած «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենդրական նախաձեռնությունն առաջին ընթերցման ներկայացրեց Վարդան Բոստանջյանը: Նախագծում աշխատանքային խումբը լուծել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի եւ ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի անհամապատասխանությունը: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի լրացմամբ լուծվում է նաեւ ուժը կորցրած դրույթները օրենքներում կամ օրենսգրքերում ուժը կորցրած ճանաչելու հարցը` առանց նոր օրենքների ընդունման բարդ գործընթացի:

Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը տեղեկացրեց, որ վիճարկելի հարցերը քննարկվել են եւ ներկայացված է եւ կառավարության, եւ հեղինակների կողմից ընդունելի տարբերակ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտյուշա Շահբազյանը հարակից զեկույցում նկատեց, որ օրենսդրական նախաձեռնության ընդունումը ենթադրում է փոփոխություններ «ԱԺ կանոնակարգ» օրենքում, ուստի նախագծի հեղինակներին առաջարկեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբին ներկայացնել համապատասխան փոփոխությունների փաթեթ:
 
Օրենսդրական նախաձեռնությունը, ստանալով հանձնաժողովի դրական եզրակացությունը, կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ հանձնաժողովի որոշմամբ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց «ՀՀ դրոշի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանի եւ Կարեն Ավագյանի օրինագիծը:

Հանձնաժողովի որոշմամբ հետաձգվեցին «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագծերի, «Կոռուպցիայի կանխարգելման մասին», «Կոռուպցիայի կանխարգելման պետական ծառայության մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող 4 օրինագծերի քննարկումները:

Հեղինակը` Լարիսա Ալավերդյանը, գրավոր դիմել է եւ օրակարգից հանել «Մի շարք օրենքների նախագծերի քննարկման հատուկ կարգի մասին» ՀՀ ԱԺ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:

Օրակարգային վերջին հարցը ԱԺ չորրորդ գումարման չորրորդ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից ավելիից բացակայած պատգամավորների հարցն էր: Քվեարկությամբ նրանց բացակայությունները համարվեցին հարգելի:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի  մշտական հանձնաժողովի   նիստում, Մխիթար Մնացականյանի նախագահությամբ,  առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վիկտոր Դալլաքյանի, Հեղինե Բիշարյանի եւ Լիլիթ Գալստյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում  փոփոխություն  կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Օրինագծերի փաթեթի համահեղինակ Արմեն Աշոտյանի ներկայացմամբ` «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» նախագծի բովանդակային փոփոխությունների կարեւորությունը  կայանում է գործող օրենքի մի շարք բացթողումներով: Ըստ պարոն Աշոտյանի` փաթեթը չի ոտնահարում որեւէ մեկի իրավունքները: Օրինագծերի համահեղինակի կարծիքով` նշված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկները հիմնված են միջազգային իրավունքի եւ փորձի վրա: Նշվեց, որ օրինագիծն արժանացել է Հայ առաքելական եկեղեցու դրական եզրակացությանը:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծով առաջարկվում է քրեական պատիժ սահմանել անձանց իրավունքների կամ անձի  դեմ ոտնձգություն իրականացնելու, ղեկավարելու, աջակցելու եւ հոգեորսությամբ զբաղվելու համար:

Օրինագծերի վերաբերյալ կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը` նշելով, որ կառավարությունը օրինագծի վերաբերյալ մի շարք դիտողություններ եւ առաջարկություններ է արել: Արմեն Աշոտյանի խոսքով` կառավարության դիտողություններն ամբողջովին ընդունելի են:

Օրենսդրական փաթեթը հանձնաժողովի դրական եզրակացութամբ կընդգրկվի ԱԺ գարնանային նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա  նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը հեղինակի` Վիկտոր Դալլաքյանի առաջարկությամբ  մինչեւ 60 օրով հետաձգեց «Անհայտ կորածի մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բռնադատվածների մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթների քննարկումը:

ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը, Հակոբ Հակոբյանի նախագահությամբ,  որոշեց մինչեւ 60 օրով հետաձգել պատգամավորներ Ռա‎ֆիկ Պետրոսյանի, Գալուստ Սահակյանի, Մխիթար Մնացականյանի, Արման Սահակյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Խաչիկ Հարությունյանի եւ Արծրունի Աղաջանյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի քննարկումը:

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը, Արա Բաբլոյանի նախագահությամբ, առաջին ընթերցմամբ քննարկեց «Մարդուն օրգաններ եւ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նախագծով առաջարկվում է ներդնել  ոլորտում տեղեկատվական միասնական համակարգը ապահովող օրգանների դոնորների եւ ռեցիպիենտների ռեեստր, որտեղ կգրանցվեն տեղեկություններ փոխպատվաստված դեպքերի, դոնորությունից հրաժարված անձանց եւ ռեցիպիենտների վերաբերյալ: Ըստ օրինագծի հեղինակ Արա Բաբլոյանի` այս համակարգը հնարավորություն կտա առավել արդյունավետ կառավարել տեղեկությունների հոսքը` նպաստելով փոխպատվաստումների իրականացման վերաբերյալ որոշումների արագ ընդունմանը եւ արձագանքմանը: Իսկ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումը պայմանավորված է նրանով, որ այդ օրենքով է կանոնակարգվում ցանկացած գործունեություն, այդ թվում` օրգանների եւ հյուսվածքների կոմերցիոն գովազդի բացառումը: Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը նշեց, որ կառավարությունը առաջարկում է օրինագծում կատարել որոշ խմբագրական փոփոխություններ:

Հանձնաժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նախագծով  առաջարկվում է ուժը կորցրած համարել օրենքի 7-րդ հոդվածը եւ վերաշարադրել 8-րդ հոդվածը, որոնք սահմանում են օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայմանները եւ նրանց օրգանիզմում ՄԻԱՎ-ի հայտնաբերման հետեւանքները: Ըստ հեղինակի` նախագծով առաջարկվում է նաեւ օրենքում սահմանել այն հետազոտության խմբերը, որոնք պետք է ենթարկվեն պարտադիր հետազոտության` ելնելով միջազգային պահանջներից եւ հանրային առողջապահության հիմնավորումներից, միեւնույն ժամանակ սահմանելով բուժաշխատողների կողմից  խոցելի խմբերի կամավոր հետազոտությունների անհրաժեշտությունը: Առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը ներկայացրեց օրինագծի շուրջ կառավարության առաջարկությունները, որոնք ընդունվեցին հեղինակի կողմից:

Քննարկված օրինագծերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն չորրորդ գումարման ԱԺ 5-րդ նստաշրջանի եւ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովի որոշմամբ մինչեւ 90 օրով հետաձգվեց «Պետական կենսաթոշակային համակարգում անհատական հաշվառման մասին» օրինագծի քննարկումը:

Նիստի վերջում պատգամավորները հաստատեցին 2009 թ. փետրվար-հունիս ամիսների ընթացքում ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը, քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան չորս օրինագիծ, օրակարգում ընդգրկված երեք այլ օրինագծերի քննարկումը հետաձգվեց` հեղինակների առաջարկով:

Կրթության եւ գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը ներկայացնելով երկրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվող «Հանրակրթության մասին», «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, նշեց, որ այն լրամշակվել է, հաշվի են առնվել բոլոր սկզբունքային դիտողությունները: Փոխնախարարն անդրադարձավ նաեւ այն հարցերին, որոնք դեռեւս լուծում չեն ստացել. որպես այդպիսին առանձնացվեց ոչ պետական դպրոցների ֆինանսավորման խնդիրը: Փոխադարձ համաձայնությամբ այս եւ այլ հարցեր կքննարկվեն հանձնաժողովի առաջիկա աշխատանքային նիստի ընթացքում: Որոշվեց օրինագծերի փաթեթի վերաբերյալ անցկացնել երկրորդ խորհրդարանական լսումները:

Օրենսդրական փաթեթը կառաջարկվի ընդգրկելու առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ պատգամավոր Արմեն Աշոտյանի հեղինակած «Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական  կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է  առաջին օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ պարբերությամբ. «Արգելվում է ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող Վրաստանի Հանրապետության Ջավախք նահանգի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափաքանակ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող ՀՀ քաղաքացիների նկատմամբ»: Փաթեթի վերաբերյալ ներկայացվեց կառավարության բացասական եզրակացությունը, ըստ որի` առաջարկվող լրացումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: 

Քննարկման արդյունքում օրենսդրական փաթեթը դրական եզրակացությամբ կառաջարկվի ընդգրկելու ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգում, իսկ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկելը հետաձգվեց մինչեւ 90 օրով:
 
Դրական եզրակացությամբ ԱԺ գարնանային նստաշրջանի օրակարգում կընդգրկվի նաեւ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Արմեն Աշոտյանի, Նաիրա Զոհրաբյանի, Անահիտ Բախշյանի, Լիլիթ Գալստյանի հեղինակած «Գրադարանների մասին» օրենքի նախագիծը:

 ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում դրական եզրակացությամբ  կընդգրկվի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Վարդան Այվազյանի նախագահությամբ, քննարկվեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ըստ բանախոսի` վերջին տարիների ընթացքում ձեւավորվեցին եւ կայացան էներգետիկայի ոլորտի ընկերությունները, էներգետիկական շուկայի մասնակիցները: Դրան զուգահեռ  «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը  ունեցավ իր կարեւոր դերակատարությունը էներգետիկական գիտական հետազոտությունների, նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի մշակման եւ էներգետիկայի ոլորտի խնդիրների եւ հիմնավորումների անկախ, անկողմնակալ եւ պետական պաշտոնական քաղաքականությամբ  ղեկավարվող փորձագիտության իրականացման գործում, ուստի առաջարկվում է ընկերության կարգավիճակը թողնել անփոփոխ` 100% բաժնեմասով պետական սեփականությամբ, եւ ընկերության անունը հանել «Պետական գույքի մաuնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մաuին» ՀՀ օրենքում տեղ գտած ընկերությունների ցանկից:

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը ներկայացրեց «Խաղաղ նպատակով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, որտեղ, ըստ նրա` հստակեցվել են կարգավորող մարմնի իրավասությունները արտակարգ իրավիճակներում. դրանք համապատասխանեցվել են նաեւ «Երկակի նշանակության ապրանքների եւ սարքավորումների արտահանման, ինչպես նաեւ ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման վերահսկողության մասին» ՀՀ օրենքի  պահանջներին, տարանջատվել  է ատոմային էներգիայի օգտագործման անվտանգության տեսակետից կարեւոր օբյեկտի՝  շահագործող կազմակերպության սահմանումը այլ օբյեկտներից, եւ կարգավորվել են այլ հարաբերություններ` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նոր մոտեցումներին ու չափանիշներին համապատասխան:

Անցած տարիների ընթացքում հստակեցվել են ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները, մշակվել եւ գործողության մեջ են դրվել բնագավառի լիցենզավորման կարգերը, անվտանգության վրա ազդող գործունեության բոլոր տեսակների (աշխատանքների) վերաբերյալ  սահմանվել են կարգավորող պահանջներ եւ վերահսկման մեխանիզմներ: Այս իմաստով վերացել է օրենքում «անվտանգության ապահովման տեսակետից կարեւոր աշխատանքների, դրանց ցանկը» հաստատելու եւ այլ  դրույթներ ունենալու պահանջը:

Հանձնաժողովը  երկու նախագծերի, ինչպես նաեւ «ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծի վերաբերյալ տվեց դրական եզրակացություն նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով  ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի գնահատմամբ` նախատեսվում է ՀՀ այցելության մուտքի արտոնագիր տալու համար պետական տուրքի տարբերակված դրույքաչափերի սահմանում` կախված ՀՀ-ում այցելուի գտնվելու ժամկետից, նախատեսվում է նաեւ սահմանել պետական տուրքի տարբերակված դրույքաչափ տարբեր կարգի եւ տեսակի հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման համար, ինչը կնպաստի միջին կարգի հյուրանոցային տնտեսության օբյեկտների  ավելացմանը:

Հանձնաժողովի անդամները  մտահոգություն հայտնեցին համաշխարհային տնտեսական առկա ճգնաժամի պայմաններում հյուրանոցների որակավորման համար նախատեսվող պետական տուրքի գանձման համար, իսկ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն առաջարկեց նախագծում մի փոփոխություն կատարել, որով որակավորումը չափանիշ կդառնա, որ «աստղ» ստացած հյուրանոցները դուրս գան հաստատագրված վճարի համակարգից եւ հարկվեն ընդհանուր հարկման դաշտում, ինչի հետ, սակայն, էկոնոմիկայի փոխնախարարը չհամաձայնեց` պատճառաբանելով, որ այդ փոփոխությունը քննարկվող օրենքին չի վերաբերում:

Խնդիրը արդյունավետ լուծելու համար որոշվեց հարցի քննարկումը հետաձգել մինչեւ 15 օրով:

Հանձնաժողովը հեղինակների առաջարկով հետաձգեց նաեւ հետեւյալ օրինագծերը` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», երկրորդ ընթերցում, մինչեւ 30 օրով, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», երկրորդ ընթերցում,  մինչեւ 60 օրով, «Պետական ոչ առեւտրային  կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», երկրորդ ընթերցում, մինչեւ 60 որով, «նահատման գործունեության մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ  օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիզինգի մասին», մինչեւ 30 օրով, «Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», մինչեւ 30 օրով, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», մինչեւ 30 օրով, «յումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», մինչեւ 60 օրով, «Աղետի գոտու վերականգնման 1989-2007թթ. աշխատանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշում , մինչեւ   60 օրով, «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», մինչեւ 90 օրով, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», մինչեւ 90 օրով, «ույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», մինչեւ 90 օրով, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք», մինչեւ 90 օրով, «Մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին», մինչեւ 90 օրով:

Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը գարնանային նստաշրջանի նախօրեին` հունվարի 30-ին գումարած նիստում, ագիկ Մինասյանի նախագահությամբ, քննարկեց ՀՀ դրամավարկային քաղաքականության ծրագրի` 2008 թ. երրորդ եռամսյակի գնաճի հաշվետվությունը: Օրակարգում ընդգրկված երկու օրենսդրական նախաձեռնություններ հետաձգվեցին 90 օրով:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` մինչ հաշվետվությունը ներկայացնելը, տեղեկացրեց, որ նախատեսում են օրենսդրական փոփոխություն կատարել եւ խորհրդարան ներկայացնել դրամավարկային քաղաքականության ծրագրի  եւ գնաճի տարեկան հաշվետվություն` եռամսյակայինի փոխարեն:  2008 թ. երրորդ եռամսյակը, ԿԲ նախագահի բնորոշմամբ, նշանավորվել է միջազգային ֆինանսական ճգնաժամի խորացմամբ, ինչպես նաեւ տարածաշրջանային` ռուս-վրացական հակամարտությամբ եւ բեռնափոխադրումների խաթարումներով: Նշված ժամանակահատվածն առանձնացել է ապրանքների գների տատանողականությամբ: Նախորդ տարվա երրորդ եռամսյակում, չնայած միջազգային շուկայում որոշ ապրանքատեսակների գների անկմանը, ներքին շուկայում արձանագրվել է պարենային ապրանքների գների բարձր մակարդակ:  Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` գնաճը կազմել է 11,3 տոկոս` ծրագրված  նպատակային 4+/-1,5 տոկոսի պարագայում: 

Պարենային ապրանքների գներն աճել են 12,6 եւ ծառայությունների գները` 10,6 տոկոսով: ԿԲ-ն, այս զարգացումներին համընթաց,  խստացրել է դրամավարկային քաղաքականությունը` բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին տնտեսական աճը, ըստ գլխավոր դրամատան,   կազմել է 13 տոկոս: Արթուր Ջավադյանի ներկայացրած թվերի համաձայն`  2008 թ.  ավելացել են ֆիզիկական անձանցից ստացվող տրանսֆերտները` կազմելով 2 մլրդ 275 մլն. դոլար: 2007 թ.-ին  համադրելի ցուցանիշը կազմել է 1 մլրդ. 742 մլն. դոլար:  ԿԲ նախագահը նաեւ տեղեկացրեց, որ նախորդ տարին հաջողվել է ամփոփել  5,2 տոկոս գնաճի  ցուցանիշով, ինչը  ծրագրվածի սահմաններում է եւ  ամենացածրը հարեւան պետությունների համեմատությամբ:

ԿԲ ներկայացրած հաշվետվությունը կընդգրկվի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում: Այն թե գլխադասային հանձնաժողովի եւ թե լիագումար նիստերում ներկայացվում է ի գիտություն:

Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովը ` հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Մելիքյանի նախագահությամբ անցկացված նիստում դրական եզրակացություն տվեց կառավարության հեղինակած`  «Մթնոլորտային  օդի պահպանության մասին» եւ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ նախատեսող  փաթեթին: Այն խորհրդարանականներին ներկայացրեց բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` նշելով, որ շինարարական աշխատանքների իրականացման դեպքում շրջակա միջավայրի պահպանության նպատակով նախատեսված սահմանափակումները պետք է տարածվեն ոչ միայն իրավաբանական, այլ նաեւ ֆիզիկական անձանց վրա: Մասնավորապես նրանք պետք է պատսպարեն շինարարական հրապարակը, մաքրեն շինհրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը, ավազը կամ շինարարական աղբը տեղափոխեն անթափանց ծածկոցներ ունեցող մեքենաներով  եւ այլն: Բացի նշվածն օրենսդրորեն ամրագրելուց, կառավարությունն առաջարկում է նաեւ պատասխանատվություն սահմանել այն լիցենզառու կազմակերպությունների համար, որոնք կատարում են ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումներ, սակայն  արտանետումների նորմատիվներին համապատասխանության կտրոնը տալիս են կամ առանց չափումների կամ էլ օրենսդրության խախտումներով:  Նշված դեպքերի համար պատասխանատվություն է սահմանվում վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում:  Օրենսգրքում առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել նաեւ ապօրինի ձեռքբերված անտառանյութ տեղափոխելու համար:

Հանձնաժողովի նիստում հաստատվեց նաեւ քաղաքացիների ընդունելության ժամանակացույցը:


  


30.01.2009
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Հունվարի 30-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը` ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի նախագահությամբ: Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին  չորրորդ գումարման ԱԺ հինգերորդ  նստաշրջանի օրակարգի եւ 2009թ. փետրվարի 2-5-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը: Չորրորդ գումարման ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am