National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.9.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.09.2008
ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչն Ազգային ժողովում

Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերին: Հանդիպմանը ներկա էր ԵԱՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Աշոտ Հովակիմյանը:

Ողջունելով հյուրին` Աժ նախագահը գոհունակություն հայտնեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պես բարդ խնդրով ԵԱՀԿ-ում շարունակելու է զբաղվել մի մարդ, որ քաջածանոթ է հարցին:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերի գնահատմամբ` այցելության պահը տարածաշրջանի համար շատ բարդ է` լինելով Գորիում պարոն Լենմարկերը վերստին համոզվել է, որ պատերազմը երբեք չի կարող լինել հակամարտության կարգավորման միջոց: Նա գտնում է, որ վրաց-օսեթական կարճատեւ պատերազմի պատճառները պարզելու համար անհրաժեշտ է ստեղծել միջազգային դիտորդներից կազմված հանձնաժողով, որը կուսումնասիրի իրավիճակը եւ ամենակարեւորը` կկանխի հնարավոր կրկնությունը: Երկու շաբաթից Տորոնտոյում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովում պարոն Լենմարկերը պետք է զեկույց ներկայացնի հակամարտության վերաբերյալ: Նրա գնահատմամբ` ճիշտ պահն է, որ տարածաշրջանի երեք երկրները միասին աշխատեն: Անդրադառնալով տարածաշրջանային տնտեսական ծրագրերում (երկաթուղային հաղորդակցության, նավթի եւ գազի խողովակաշարերի) Հայաստանի շրջանցմանը եւ այդ քայլերը սխալ համարելով` պարոն Լենմարկերը հույս հայտնեց, որ այդ ամենը կշտկվի: Նա բարձր գնահատեց Հայաստանի վարած քաղաքականությունը տարածաշրջանում եւ հավաստեց հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի իր ակնկալիքը` երկու երկրների ‎ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու նպատակով Թուրքիայի նախագահի առաջին անգամ Հայաստան կատարելիք այցից:

Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը եւս գտնում է, որ որեւէ նպատակով չի կարելի պատերազմի վերսկսկում թույլ տալ, այնուհանդերձ պատերազմներ վերսկսվում են: Նա բացառում է հակամարտությունների ռազմական լուծումների արդյունավետությունը եւ ցավով է նշում, որ երբեմն քաղաքական գործիչները հայտարարում են, թե միջազգային իրավունքը լիովին չի կարգավորում այս կամ այն հակամարտություն լուծումը, իրականում, սակայն, միջազգային իրավունքը հստակ արձանագրում է լուծումները, պարզապես տաբեր պետություններ` իրենց շահերից ելնելով այդ իրավունքի որոշ դրույթներ շրջանցում են կամ իրենց ձեռնտու հատվածն են ներկայացնում: Աժ նախագահը գտնում է, որ տարածաշրջանի երեք երկրները պետք է լուրջ հետեւություններ անեն կատարվածից: Նա ցանկություն հայտնեց, որ պարոն Լենմարկերի նախապատրաստելիք զեկույցում տեղ գտնի Հարավային Կովկասում ինտեգրման գաղափարը:
 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերություններին. պարոն Լենմարկերի գնահատականով Հայաստանը պատմական հնարավորություն ունի օգնել Թուրքիային, որտեղ այսօր շատ հզոր ուժեր ուզում են երկիրը դարձնել ժամանակակից եվրոպական  երկիր, բայց հանդիպում են երկու դժվարությունների: Լինելով մուսուլմանական երկիր` Թուրքիայում պետությունը եւ կրոնը չեն տարանջատում, գործող կառավարությունը, որի անդամները հավատացյալներ են, այդ ցանկանում է եւ դա շատ կարեւոր է եվրոպական քաղաքակրթությանը մոտենալու տեսակետից: Թուրքիան պետք է ուժ գտնի հաղթահարելու իր անցյալը` ընդունելով ցեղասպանության փաստը եւ իր ցանկությամբ դառնա Եվրամիության անդամ` երբ երկրում հաստատվեն այն բոլոր չափանիշները, որ համընդհանուր նորմ են ԵՄ անդամ երկրներում` մարդու պաշտպանված իրավունքները, ժողովրդավարությունը, չկոռումպացված հասարակությունը եւ այլն: Այս առումով` պարոն Լենմարկերը կարեւորում է հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը, որի առաջին քայլը պիտի լինի Թուրքիայի կողմից միակողմանի փակված սահմանի բացումը: Նա ընդգծեց հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հոգեբանական ազդեցությունը Թուրքիայում, որը թույլ չի տա ազգայնական ուժերին գերիշխանություն ունենալ եւ հնարավորություն կտա Թուրքիային իսկապես եվրոպական երկիր դառնալ:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, թե Հայաստանը միշտ հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման, բայց նախապայմաններ դնում  է թուրքական կողմը: Այնուամենայնիվ` այսօր վաղվան հույսով նայելու ժամանակն է: Տարածաշրջանում տարբեր երկրների շահերի լուրջ բախումներ կան, բայց համագործակցության առաջին շահագրգիռը պետք է լինեն տարածաշրջանի երկրները` խաղաղություն, անվտանգություն ու բարեկեցություն հաստատելու համար:

Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ պարոն Լենմարկերը եւս մեկ անգամ ընդգծեց, որ վրաց-օսեթական պատերազմը վկայեց, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով չի կարող կարգավորվել, պետք է լինի խաղաղ լուծում` կողմերի փոխհամաձայնությամբ: Նա հիշատակեց եվրոպական երկրների փորձը, երբ միմյանց հետ դաժան պատերազմներ մղած երկրները կարողացել են համագործակցության ուղիներ գտնել:  

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի համոզմամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ քննարկումներում հաճախ կոպիտ սխալ է արվում` շրջանցելով հակամարտության երրորդ եւ ամենակարեւոր կողմը` Լեռնային Ղարաբաղին ու իր ժողովրդին, որն ամենաշահագրգիռ կողմն է, որովհետեւ խոսքն իր ազատությանն է վերաբերում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:

Տարածաշրջանային այցի շրջանակներում  Հայաստանում գտնվող ԵԱՀԿ ԽՎ նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերը սեպտեմբերի 5-ին Ազգային ժողովում հանդիպեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին:

 Ողջունելով հյուրերին` պարոն Ռուստամյանը ներկայացրեց իր գնահատակնները  տարածաշրջանային զարգացումների շուրջ:  Նրա խոսքով տարածաշրջանում նոր  իրավիճակ է ստեղծվել եւ Հայաստանը իր մոտեցումները եւ հարաբերությունները փորձում է պահպանել նույնը, որովհետեւ այն ճանապարհը, որով Հայաստանը ընթանում էր  հակամարտությունների կարգավորման ամբողջ տրամաբանության մեջ ճիշտ էր եւ պետք է շարունակվի:  Պարոն Ռուստամյանը նշեց, որ հակամարտությունները իրարից տարբերվում են եւ դրանց լուծումները պետք գտնվեն դրանց տարանջատման ճանապարհով: Հակամարտությունը կունենա իր լիրաժեք լուծումը, երբ միջազգային համապատասխան գործընթացը հասնի իր ավարտին: Այդ առումով կես ճանապարհին գտնվող հակամարտությունների կարգավորման գործընթացների մեջ Հայաստանը ձեռնպահ է մնացել ինքնուրույն գործողություններ կատարելուց, այլ միշտ փորձել է իր պահվածքով նպաստել, որպեսզի  կարգավորման գործընթացը, միջազգային բանակցային գործընթացը չխանգարվի, այլ դառնա առավել արդյունավետ:  Անդրադառնալով  Հայաստանի կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի  ճանաչման հնարավորությանը, պարոն Ռուստամյանը նշեց, որ եթե Հայաստանը մինչեւ այժմ չի ճանաչել  նույնիսկ Ղարաբաղի անկախությունը, Կոսովոյի անկախությունը, բնականաբար տրամաբանական չի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը ճանաչելը:  Ստեղծված իրավիճակում Հայաստանը հենվելու է 2 մոտեցումների վրա. ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացների մեջ, որոնք կնպաստեն հարցի խաղաղ ճանապարհով կարգավորմանը եւ չկատարել այնպիսի քայլեր, որոնք կավելացնեն եղած  լարվածությունը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին, պարոն Ռուստամյանը  նշեց, որ Հայաստանը ձգտելու է հասնել նրան, որ խաղաղ կարգավորման ճանապարհից շեղում տեղի չունենա:  Հայաստանը հանդես է  գալու նախաձեռնությամբ, որ հակամարտության կողմերը` Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղը ստորագրեն փաստաթուղթ, որով կբացառվի ուժի կիրառումը: Պարոն Ռուստամյանի համոզմամբ` Մինսկի խմբի գործընթացը պետք է շարունակվի, որովհետեւ ձեւաչափի փոփոխությունը կարող է հանգեցնել լուրջ լարվածության: Արմեն Ռուստամյանի խոսքով Մինսկի խմբի համանախագահող երկրները` Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան այս կամ այն կերպ ճանաչել են Կոսովոյի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը:
            
Պարոն Ռուստամյանը ողջունեց Թուրքիայի  «Կովկասյան տուն» նախաձեռնությունը`  միեւնույն ժամանակ նշելով,  որ 3+2 ձեւաչափով /Հարավկովկասյան երկրներ եւ Ռուսաստան ու Թուրքիա/ հնարավոր չէ հասնել տարածաշրջանային լիարժեք համագործակցության, առանց Իրանի մասնակցության: Նրա համոզմամբ   ճիշտ է 3+3 ձեւաչափը:

Համաձայն լինելով  պարոն Ռուստամյանի մոտեցումներին, պարոն Լենմարկերը  նշեց, որ հակամարտությունները պետք է լուծվեն միայն խաղաղ ճանապարհով ` ապահովելով տարածաշրջանային անվտանգությունը: Նրա համոզմամբ անթույլատրելի են էթնիկ զտումները, մարդիկ  պետք է իրավունք ունենան ապրելու իրենց տարածքներում: Այս առումով անհրաժեշտություն է միջազգային դիտորդների ներկայությունը եվ Հարավային Օսիայում եւ Աբխազիայում, որպեսզի ճշմարտությունը ապահովվի, քանի որ պատերազմների ժամանակ առաջին տուժողը ճշմարտությունն է: Պարոն Լենմարկերը ողջունեց Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու նախաձեռնությունը` նշելով, որ Գյուլը շահագրգիռ է բարելավելու Հայաստանի հետ հարաբերությունները եւ սա լինելու է թեկուզ փոքր, բայց առաջին քայլը հարաբերությունների զարգացման համար:

Հանդիպմանը քննարկվեցին այլ հարցեր եւս:

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերը հանդիպեց նաեւ  ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ  Ազգային ժողովի պատվիրակության հետ` պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանի եւ անդամների` Արմեն Աշոտյանի, Խաչիկ Հարությունյանի, Լարիսա Ալավերդյանի հետ:

Պարոն Լենմարկերը նշեց, որ մտահոգված է Վրաստանում տեղծված իրադրությամբ: Նրա գնահատմամբ` բնականաբար`  հարեւան երկրում ծագած հակամարտությունը   բարդություններ է առաջացնում տարածաշրջանի եւ Հայաստանի համար: 

Անդրադառնալով Վրաստան կատարած այցին, նա կարեւոր համարեց էթնիկ զտումների բացառումը: Պարոն Լենմարկերը գտնում է, որ անհրաժեշտ է ստեղծել անկախ եւ անաչառ հանձնաժողով, որը կքննի, թե ինչպես է սկսվել պատերազմը, ուստի կարեւոր է միջազգային դիտորդների ներկայությունը:   Խոսելով հակամարտությունների մասին, պարոն Լենմարկերն անթույլատրելի համարեց դրանց կրկնությունը եւ հարցերը ռազմական ճանապարհով լուծելու ճանապարհի ընտրությունը: Որպես տարածաշրջանային համագործակցության ստեղծման կառուցողական քայլ` նա նշեց սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղին Թուրքիայի նախագահի ներկայությունը եւ նրա ժամանումը Հայաստան:
  
Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ արձանագրելով իր լավատեսությունը, պարոն Լենմարկերը հույս հայտնեց, թե հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո կարող է ի հայտ գալ հարցի խաղաղ լուծման նոր խթան: 

Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման, տարածաշրջանային հակամարտությունների  վերաբերյալ իրենց տեսակետները ներկայացրին ԱԺ պատգամավորները:  Անդրադառնալով միջազգային իրավունքում ընդունված տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքներին, պատգամավորները զուգահեռներ անցկացրին տարբեր հակամարտությունների միջեւ, վերահաստատեցին, որ անընդունելի են համարում հարցերը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած ուղի, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղից ժամանակ առ ժամանակ հնչում են պատերազմի վերսկսման կոչեր:  Նշվեց նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը էականորեն տարբերվում է  այլ հակամարտություններից, քանի որ պետք է հաշվի առնել, որ դեռեւս խորհրդային կայսրության փլուզման պահից Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքնորոշված է եղել եւ ինքնորոշման գործընթացի բոլոր քայլերը կատարել է օրենքի համաձայն: Ըստ նրանց, պետք է նաեւ հաշվի առնել, որ Լեռնային Ղարաբաղը բռնի է կցվել Ադրբեջանին, եւ ոչ թե ժողովուրդն է ինքնորոշվել:

ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամները հույս հայտնեցին, որ պարոն Լենմարկերի նշանակումը իբրեւ ԵԱՀԿ նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ` կնպաստի հարցի կարգավորմանը:   
  
ԵԱՀԿ ԽՎ նախագահի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ    Գյորան Լենմարկերը խորհրդարանում հանդիպեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հետ:

Ներկայացնելով  ՀՅԴ տեսակետները եւ անդրադառնալով Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ճանաչմանը, պարոն Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանը այդ պետությունները չի ճանաչել այն պարզ պատճառով, որ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը եւ  Կոսովոն:  Պատճառը պարզ է, որովհետեւ ըստ Վահան Հովհաննիսյանի, բոլոր հակամարտությունները ունեն տարբեր ծագումնաբանություն, տարբեր պատճառներ, տարբեր ընթացք են ունեցել եւ հարցերը կարգավորման տարբեր փուլերում են:  Խմբակցության ղեկավարը նշեց, որ հարգանքով են վերաբերում Մինսկի խմբի համանախագահներին եւ նրանց ներկայացրած երկրներին` Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, եւ բարձր գնահատելով նրանց ջանքերը,  մեր կողմից չենք ուզում անել որեւէ քայլ, որը կարող է բանակցային գործընթացին խանգարել: Այդ իսկ պատճառով  Հայաստանը դեռեւս ԼՂ-ն չի ճանաչել: Մեր  երկրի դիրքորոշումը կտրուկ կփոխվի, եթե Ադրբեջանի կողմից շարունակվեն ագրեսիվ հայտարարությունները, կամ, առավել եւս, եթե ոտնձգություններ լինեն: Քանի դեռ Հայաստանը  Ղարաբաղը չի ճանաչել, ապա նմանատիպ տարածաշրջան  ճանաչելու խնդիր  մեր առջեւ դրված չի,  որովհետեւ մենք սա դիտում ենք միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում:

Անդրադառնալով Վրաստանում ստեղծված իրավիճակին` պարոն Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ Վրաստանի ներքին իրավիճակը վրացական իշխանությունների թույլ տված երկու սխալի հետեւանք են: Վրաստանը պատմականորեն ձեւավորվել է որպես բազմազգ երկիր, Վրաստանի հզորությունը, կայունությունը,  անվտանգությունը եւ բարգավաճումը  միշտ հենվել է վրաց թագավորների շրջահայացության, խոհեմության եւ հանդուրժողականության վրա: Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո, վրացական առաջնորդները` սկսած Գամսախուրդիայից մինչեւ այժմ որդեգրել են Վրաստանը` վրացիների համար կարգախոսը, ինչը, բնականաբար, խրտնացրել է ազգային փոքրամասնություններին, որոնց մի մասն էլ փորձել է զենքի ուժով անջատվել Վրաստանից: Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ հայկական Ջավախքը մնացել է վրացական պետականությանը հավատարիմ:  Նրա խոսքով` Վրաստանի նկատմամբ տարածքային պահանջ Հայաստանը չունի, սակայն մենք մեր վրացի բարեկամներին խորհուրդ ենք տալիս, որ Ջավախքի օրինակով նրանք կարող են ցույց տալ, որ քաղաքականությունը փոխվել է: Վրաստանը, որ ստորագրել է  ազգային փոքրամասնությունների մասին եվրոպական խարտիան, կարող է Ջավախքին ինքնավարություն տալ տարբեր ձեւերով, օրինակ  մշակութային ինքնավարություն, հայերենը ճանաչելով Ջավախքում որպես  ռեգիոնալ լեզու: Այս առումով Վրաստանը ավելի գրավիչ կդառնա նաեւ այլ ազգային փոքրամասնությունների համար, որոնք կարող են կոնֆեդերատիվ Վրաստանում տեսնել իրենց ապագան: 

Գյորան Լենմարկերի այն հարցին` որքանով  է հնարավոր Ադրբեջանի նախագահական ընտրություններից  հետո բանակցային գործընթացում կտրուկ առաջընթացի հնարավորությունը,  Վահան Հովհաննիսյանը պատասխանեց , որ դա կախված է երկու կողմերի, եւ նախեւառաջ Ադրբեջանի կողմից իրավիճակի իրատեսական  գնահատումից: ՀՅԴ առաջարկել է, ինչը պաշտպանել են նաեւ Հայաստանի իշխանությունները,  Ադրբեջանի հետ ստորագրել չհարձակվելու մասին պակտ:  Նրա համոզմամբ, պետք է երաշխիքներ լինեն, որ հարցը լուծվելու է խաղաղ ճանապարհով:   Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ Ղարաբաղի հսկողության տակ գտնվող բոլոր տարածքները ազատագրվել են որպես անվտանգության գոտի եւ որպես այդպիսիք երաշխավորում են Ղարաբաղի անվտանգությունը: Մինչեւ չլինի հարյուր տոկոսանոց այլ երաշխիք, օրինակ ԼՂՀ  ճանաչում, ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչում եւ ապահով միջազգային երաշխիքներ, որեւէ բանակցություններ փոխզիջումների մասին հնարավոր չեն:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցին անդրադառնալով` պարոն Հովհաննիսյանն ասաց, որ   սկսած 11-րդ դարի  Ալփ Արսլանի արշավանքից,  Գյուլը  առաջին թուրք առաջնորդն է, որ գալիս է  Հայաստան որպես հյուր: Մենք հայերս հյուրերին ընդունում ենք որպես հյուր, բայց դա չի նշանակում, նշեց պարոն Հովհաննիսյանը,  որ նախորդ թուրք առաջնորդների  արածների համար պատասխանատվության բեռը Գյուլի ուսերից ընկնում է: Այսօրվա թուրք ղեկավարությունը պատասխանատվություն է կրում նախորդ առաջնորդների արածի համար այնքան, մինչեւ չի ճանաչի ցեղասպանությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային խնդիրներին առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:



05.09.2008
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը
Սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը` ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի նախագահությամբ:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին  չորրորդ գումարման ԱԺ չորրորդ  նստաշրջանի օրակարգի եւ 2008թ. սեպտեմբերի 8-11-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերը: Չորրորդ գումարման ԱԺ ...

05.09.2008
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Սեպտեմբերի 5-ին կայացան ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը:   ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում,  Արա Բաբլոյանի նախագահությամբ, օրակարգում ընդգրկված «Պետական կենսաթոշակային համակարգում անհատական հաշվառման մասին», «Ավելացված արժեքի  հարկի մասին» ՀՀ օրենք...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am